Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Անցած շաբաթավերջին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա ձեւաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Խնդիրն այն է, որ Փաշինյանը համաձայնել էր հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցության պայմանով, ինչին Ալիեւը կտրականապես դեմ է. «Սա նշանակում է, որ բրյուսելյան հանդիպումը տեղի չի ունենա»,- նախօրեին՝ նոյեմբերի 25-ին, Բաքվում ընթացող միջազգային համաժողովում հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նա ընդգծել է, որ «հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշում» որդեգրելու բերումով Ֆրանսիան այլեւս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, ուստիեւ հետագա բանակցությունների համար պետք է փնտրել այլ միջնորդ եւ համապատասխան հարթակ:
Մեկնաբանությունը
Ամենայն հավանականությամբ՝ «այլ միջնորդ» ասելով՝ Ալիեւը նկատի ունի իր «ավագ եղբայր» Էրդողանին: Ի՛նչ փույթ, թե պարզ տրամաբանությունը հուշում է, որ քառակողմ ձեւաչափով հանդիպումները շարունակելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Բրյուսելում, հետեւաբար այնտեղ էլ պիտի տեղի ունենա շարունակությունը, ընդ որում՝ նույն ձեւաչափով եւ մասնակիցների նույն կազմով: Ադրբեջանի ղեկավարը ոչ մի հիմք չունի եզրակացնելու, թե Մակրոնի մասնակցության պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը «խաղաղության բանակցությունները տապալելու» դիտավորություն ունի:
Փոխարենը Ալիեւը խնամքով թաքցնում է իր ակնհայտ դիտավորությունը՝ խաղաղության անվան տակ դյուրացնել Ադրբեջանի կազմում Արցախի ընդգրկման գործընթացը եւ մեկընդմիշտ փակել շուրջ 35 տարի չարչրկվող արցախյան թեման՝ օգտվելով նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաանհաջող, ամենաապիկար կառավարության պատեհությունից: Ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության մասին եւ ամեն Աստծո օր կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ եւ այգիներում խաղաղ աշխատանքով զբաղված մարդկանց վրա: Խոսել խաղաղության մասին, եւ սահմանի մեկ տասնյակից ավելի հատվածներում 4-5 կմ խորանալ ՀՀ ինքնիշխան տարածքում ու ամրանա՞լ:
Ադրբեջանի նախագահը չի հասկանում կամ չի ուզում հասկանալ, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր խոչընդոտը ոչ թե Փաշինյանն է կամ՝ Մակրոնը, այլ Արցախի չլուծված խնդիրը եւ այնտեղ հնուց անտի բնակվող հայերի ճակատագիրը, որոնց սպառնում է ցեղասպանության վտանգը: ԼՂ տարածքում ստատուս քվոն իր օգտին փոխելու Ադրբեջանի փորձերը, Արցախի բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին պարբերաբար թիրախավորելու մարտավորությունը, ԼՂՀ տարածքից Պաշտպանության բանակը դուրս բերելու՝ ադրբեջանական կողմի համառ պահանջները ամենեւին էլ այդ երկրի խաղաղասիրական մտադրությունների մասին չեն խոսում:
Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման չեղարկմամբ Ադրբեջանի ղեկավարը, կամա թե ակամա, բանակցությունները տանում է փակուղի: Չի բացառվում, որ իր ուզածն էլ դա է, քանզի բանակցությունների պատուհանը փակելով՝ նա բաց է պահում հավանական ռազմական գործողությունների պատուհանը, որոնց Ալիեւը անթաքույց պատրաստվում էր հետպատերազմյան երկու տարիների ողջ ընթացքում: Դա արտահայտվում է պետբյուջեում ռազմական ոլորտին հատկացվելիք ծախսերի էական մեծացմամբ, արդիական զենք-զինամթերքի, զինտեխնիկայի ձեռքբերմամբ, մարտական դիրքերի լավարկմամբ եւ դաշնակիցների հետ զորավարժանքների անցկացմամբ:
Հայաստանի պարագայում 2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ օրս կարելի է կորսված ժամանակ համարել՝ դա շատերը գիտեն, առավել եւս՝ Ալիեւը, որի՝ ՀՀ-ին ուղղված հոխորտանքները ժամանակ առ ժամանակ հորդում են՝ ինչպես առատության եղջյուրից: Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված լարվածության խորապատկերին փակուղային իրավիճակը քաղաքական շատ մեկնաբաններ ու փորձագետներ դիտարկում են որպես պատերազմի նախերգանք: Քաղմեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ այս իրավիճակում ավելի մեծ է ռազմական նոր էսկալացիայի հավանականությունը: «Ադրբեջանն ուղղակի համարում է, որ կարող է ռազմական ճանապարհով ավելին ստանալ»,- համոզմունք է հայտնում Բաղդասարյանը:
Այն բանում, որ բանակցությունների ձախողումը մեծացնում է նոր բախումների վտանգը, համոզված է նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա, երբ դիվանագիտական գործընթացը պատային է դառնում, ռազմական գործողությունների հավանականությունն ինքնին աճում է: «Եթե սրան գումարենք առաջնագծում նկատելի՝ հրադադարի պայմանակարգի խախտումները, տեղեկատվական գրոհները, ֆեյքային արշավները, որոնք ըստ էության, ռազմական գործողությունների պատրաստություն են հիշեցնում, ապա պատկերը կամբողջանա՝ իրադարձությունները բավական վատ սցենարով են զարգանում»,- «Ազատության» հետ զրույցում ասել է փորձագետը:
Դիտորդների մեծ մասը վստահ է, որ՝ չնայած ՀՀ իշխանությունների լավատեսական պնդումներին, մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը դժվար թե գլուխ գա: Եվ սա այն դեպքն է, երբ շատերը չգիտեն էլ՝ վա՞տ է, որ գլուխ չգա, թե՝ ավելի լավ, որ չստացվի ընդհանրապես: Քանի դեռ իրավիճակը շտկված չէ:
Հ.Գ. Երբ այս մեկնաբանությունն արդեն պատրաստ էր թողարկման, Փաշինյան-Ալիեւ բազմակողմ հանդիպումների թեմայով դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում ուշագրավ բացահայտում արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պնդելով, թե ս.թ. հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ դրանից հետո անհիմն են մեղադրանքները, թե Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից: Լավրովի խոսքով` դեռեւս տասը տարի առաջ է Մոսկվան առաջարկել կարգավիճակի հարցը թողնել ապագային:
Այս մոտեցումը, ըստ նրա, կենսունակ էր նաեւ 44-օրյա պատերազմից հետո` ՌԴ միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում: Հենց այդ հիմքով էլ Մոսկվան այդ կետը ներառել է խաղաղության պայմանագրի իր տարբերակում, որն այս գարնանը ներկայացվել էր կողմերին: Սակայն Պրահայում ստորագրված փաստաթղթից հետո, ինչպես հայտնել է Լավրովը, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչը նշանակում է ԼՂ-ն վերադարձնել Ադրբեջանին:
Այս բացահայտումից հետո ՀՀ իշխանությունները քար լռություն էին պահպանում, բայց Արցախը չուշացրեց իր արձագանքը: ԼՂՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդես եկավ պարզաբանմամբ, որ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում. 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը՝ նախկին ԼՂԻՄ-ի, Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի վերամիավորման ճանապարհով։ Բաբայանը հիշեցնում է, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին միջազգային իրավունքի նորմերին եւ խորհրդային օրենսդրությանը խիստ համապատասխան անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ ԼՂՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ արտահայտվեց ԼՂՀ անկախությանը։ «Հետեւաբար, երբ մենք խոսում ենք Ալմա-Աթայի հռչակագրի մասին, անհրաժեշտ է ամբողջական պատկեր ներկայացնել։ Այդ պահին Արցախը Ադրբեջանի կազմում չէր։ 1988-ից Արցախը դե ֆակտո դուրս եկավ Ադրբեջանի վերահսկողությունից, իսկ 1991-ին՝ արդեն դե յուրե»,- արձանագրում է Արցախի ԱԳ նախարարը։
Շաբաթվա ամենաքննարկվողներից մեկն էլ նոյեմբերի 26-ին Լոռու մարզում պարեկների կողմից քաղաքացիներին ծեծի ենթարկելու մասին հրապարակումների շուրջ թեման էր, որի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ էր պահանջել ՀՀ ոստիկանությունից: Ինչպես հայտնել են ՄԻՊ գրասենյակից, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օմբուդսմենի հավաստմամբ՝ հաջորդիվ պարզաբանումներ է պահանջելու քրեական վարույթի վերաբերյալ եւ ուշադրության կենտրոնում է պահելու քրեական վարույթի ընթացքը՝ բազմակողմանի, ամբողջական եւ անաչառ քննության ապահովման նպատակով։ Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էր, ըստ իրեն դիմած քաղաքացիների ահազանգի, տարածել արտառոց դիպվածի որոշ մանրամասներ:
Մեկնաբանությունը
Բնականաբար՝ աղմուկի վրա պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ ոստիկանությունը, բայց ներկայացնելով բոլորովին այլ, շինծու պատկեր, որից, ինչպես ասում են, անգամ եփած հավի ծիծաղը կգար: Դե, ոստիկանությանը կարելի է հասկանալ. այդ կառույցը՝ ի դեմս Վահե Ղազարյանի, ով Նիկոլ Փաշինյանի դպրոցական տարիների ընկերն է, իսկ այսօր՝ նրա ամենահավատարիմ զինակիցը, հո չէ՞ր թողնելու, որ «ջրի երես» դուրս գար պարեկային ծառայության կատարած խայտառակությունը՝ մի նոր ուժային, որին Փաշինյանն ամեն առիթով փառաբանում է, հպարտանում պարեկների «անբասիր աշխատանքով» եւ, իհարկե, հարկատուներիս փողերով շռայլորեն վարձատրում նրանց:
Քաղաքացիներն ահազանգել էին, որ Փաշինյանի ավտոշարասյան համար ճանապարհ բացող պարեկները դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների, որոնցից ոմանք կոտրվածքներ են ստացել։ Նրանք, ըստ ահազանգի, նաեւ արցունքաբեր գազ են կիրառել, իսկ միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը՝ ոչնչացրել: Այս առնչությամբ մտահոգներին ոստիկանությունից հանգստացրել են, թե ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով կատարված նյութերը պահպանվել են: Եվ ի՛նչ… մենք էլ պիտի հավատանք ծառայողների նկարահանած կամ նրանց մոտ պահպանվող այդ տեսանյութերի՞ն: Համաձայնվեք, որ սա գառը գայլին պահ տալու պես մի բան է:
Միջադեպի հակիրճ նկարագրությունը՝ ըստ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի. Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պարեկային ծառայությունը փորձել է ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար եւ այդ ընթացքում վեճի է բռնվել մի տարեց քաղաքացու հետ, ով պարզապես խնդրում էր իր հետ հարգանքով խոսել: Խոսակցությանը միջամտել է տարեց քաղաքացու որդին, ապա դեպքի վայրում հավաքվել են պարեկային ծառայության ավելի մեծ թվով աշխատակիցներ՝ մեկ տասնյակից ավելի, եւ բռնություններ կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ` օգտագործելով նաեւ արցունքաբեր գազ: Բռնության հետեւանքով 2 քաղաքացի` այդ թվում տարեց քաղաքացու անչափահաս թոռը, կոտրվածքներով ու բազմաթիվ այլ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նույն պահին էլ ոչնչացվել են միջադեպը տեսագրած սարքերի նյութերը:
Դեպքից 3 օր անց «168.am»-ին հաջողվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոնում զրուցել պարեկների գործողություններից ամենաշատը տուժած 33-ամյա Ռադիկ Ավետիսյանի հետ: Պարեկների կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով Ռադիկն ունի ձախից 6-9-րդ կողերի կոտրվածքներ, սալջարդեր, մարմնի վրա բազում վերքեր. «Ձեռնաշղթաները դնելուց հետո գլխիս խփել, քցել են ասֆալտին ու սկսել հարվածել»,- ասում է նա։ Հետո պատմում է, թե ինչպիսի դաժանությամբ էին 3 հոգով ծեծում 17-ամյա եղբայրորդուն, արցունքաբեր գազ փչում տեսողության խնդիր ունեցող տղայի աչքերին՝ սպառնալով, որ մանկական գաղութ են ուղարկելու: «Ոստիկանության բաժանմունքից երեխուն կոմայի մեջ են բերել հիվանդանոց»,- շեշտում է Ռադիկը:
Զարմանալի զուգադիպությամբ՝ ամենադժնի միջադեպերը, չգիտես ինչու, գրեթե միշտ Փաշինյանի անվան հետ են առնչվում: Նրա շարասյան վարորդներից մեկը խփում, տեղում սպանում է հղի կնոջը եւ չի դատվում: Եռաբլուրի ճանապարհը նրա այցի համար բացող եւ 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին այդտեղից հեռացնող կարմիր բերետավորները բիրտ ուժ են կիրառում իրենց զավակների գերեզմաններին այցելած տարաբախտ հայրերի ու սեւազգեստ մայրերի նկատմամբ՝ վայրագորեն քաշքշելով, ծեծելով, նվաստացնելով եւ բերման ենթարկելով վերջիններիս: Դա մոտ երկուսուկես ամիս առաջ էր, այսօրվա պես դարձյալ հանրային դժգոհությունների ալիք էր բարձրացել:
Այն ժամանակ եւս,- դա սեպտեմբերի 21-ին էր,- Քննչական կոմիտեն ստիպված եղավ կրքերը հանդարտեցնելու համար ինչ-որ բան ձեռնարկել, եւ զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկելու առնչությամբ նախաձեռնվեց պաշտոնական անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով քրեական վարույթ: Դրանով տուժողի կարգավիճակ էին ստացել զոհվածների ծնողները, իսկ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ ցայսօր չկա: Կարելի է վստահ լինել, որ նույն ելքն է սպասվում նաեւ Լոռիում պարեկների գործողությունների առթիվ նախաձեռնված քրեական վարույթին:
Թե՛ պարեկների եւ թե՛ կարմիր բերետավորների գործողությունների առանցքում Նիկոլ Փաշինյանի շահն է, հետեւաբար՝ նշյալ խմբերից ոչ մեկն իր արժանի պատիժը չի ստանա, ինչպես որ անպատիժ մնաց մայրացող կնոջը մահացու վթարի ենթարկած վարորդը: Իսկ ինչ վերաբերում է նախաձեռնվող քրեական վարույթներին՝ դրանք պարզապես ժամանակ շահելու ծուղակ են, որի ընթացքում հասարակությունը հասցնում է հանդարտվել ու մոռանալ ե՛ւ կարմիր բերետավորների, ե՛ւ պարեկների կատարած չարագործությունները: Նրանք շարունակելու են աշխատել, ծեծուջարդ տալ մարդկանց, փռել ասֆալտներին եւ վախ սփռել երկրով մեկ, ինչի համար լիաբուռն վարձատրվում են: Ու դեռ պարգեւավճարների էլ արժանանում:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
«Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը». նոյեմբերի 27-ին RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ երկրորդ տեղում անվտանգությունն է. պետք է ամեն ինչ անել, որ Արցախի հայության կյանքին վտանգ չսպառնա: Անվտանգությունը, ըստ նրա, պետք է ապահովեն ինչպես իրենք՝ Արցախի բնակիչները, այնպես էլ միջազգային գործընկերները, որովհետեւ խոսքը ոչ միայն ռազմական, այլեւ հումանիտար աղետի մասին է: «Եվ երրորդը, իհարկե, Արցախի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացումն է»,- ընդգծել է Վարդանյանը:
Նոյեմբերի 18-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին. Այս մասին ասել է ՀՀ ՊՆ խոսնակը: Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերի հանձնաժողովն ավելի ուշ հայտնել էր, որ փոխանցումը կատարվել է «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Սեպտեմբերյան մարտերում, պաշտոնական տվյալներով, հայկական կողմից 233 մարդ է զոհվել, նրանցից առնվազն 11-ը սպանվել է ադրբեջանական գերության մեջ:
Քառօրյա այցով Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը։ Նա Հայաստանում է լինելու մինչեւ դեկտեմբերի 4-ը, հանդիպելու է Հայաստանի վարչապետի, այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Միացյալ Նահանգների աջակցությունը տեւական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական է ընթանում. երեքշաբթի օրը տեղական հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա բարձր է գնահատել նաեւ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Էրդողան-Փաշինյան հանդիպումը: Քալընի տեղեկացմամբ՝ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի տեխնիկական պատվիրակությունների հանդիպում», որի մասին երկու երկրների ԱԳ նախարությունները պաշտոնապես չէին հաղորդել:
Դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում՝ ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հանդիպում է ունեցել ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Այլ մանրամասներ աղբյուրը չի հաղորդում, եւ հայտնի չէ՝ հանդիպումը եռակո՞ղմ ձեւաչափով էր, թե՞ Եվրամիության ղեկավար պաշտոնյան Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ առանձին-առանձին է հանդիպել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակում Միրզոյան-Բայրամով հանդիպում ծրագրված չէ։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության «Վերածնվող Հայաստան» թեւը նոյեմբերի 28-ից դադարեցրեց իր գործունեությունը խորհրդարանում։ Կուսակցությունը հայտարարել է. «Բոլոր հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ»։ Ըստ հաղորդագրության՝ կուսակցության անդամ 4 պատգամավորներից 3-ը՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը մանդատներից հրաժարվելու դիմում են ներկայացրել, Զեմֆիրա Միրզոեւան, որ խորհրդարան է անցել ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգավորական գործունեությունը՝ ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։