Տարեվերջյան թողարկումներից մեկում «Հայացքն» անդրադարձել էր «Քաղպայմանագիր» կուսակցությունում տիրող խառնափնթոր իրավիճակին՝ նկատելով, որ կառավարող քաղաքական ուժը ներքին սրացումների նոր փուլ է թեւակոխում: Այն, ըստ էության, սկսվել էր նոյեմբերի 17-ին, երբ ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ուշ երեկոյան SMS հաղորդագրություններ ուղարկեց հայտնի վեց պաշտոնյաներին՝ «խնդրելով» նրանց, ոչ ավել ոչ պակաս, հաջորդ իսկ օրը հրաժարականի դիմումներ ներկայացնել:
Հիշեցնենք, որ խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Քննչականի պետ Արգիշտի Քյարամյանի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ինչպես նաեւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի մասին է: Պաշտոններից ազատման հրամանագրերը ստորագրելուց առաջ՝ նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքն է, իբր, խնդրել վերոնշյալ պետական այրերին՝ թողնել զբաղեցրած պաշտոնները: Միաժամանակ հավելել է, որ հրաժարականները անանձնական, համակարգային բնույթ ունեն:
Ի դեպ՝ «խմբային» պաշտոնանկություններից երեք օր առաջ՝ Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում, Փաշինյանը խիստ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ ընդգծելով, որ դատական եւ ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, եւ իր «համբերության բաժակը լցվել է»: Տիրապետող կարծիքն այն ժամանակ հետեւյալն էր. թերանալով թալանածը կոպեկ առ կոպեկ, «քյաբաբ առ քյաբաբ» ետ բերելու եւ թալանչիներին պատժելու խոստումների կատարման մեջ, Նիկոլ Փաշինյանը փորձում էր, սովորության համաձայն, սեփական ձախողումների մեղքը բարդել իրավապահ մարմինների եւ դատաիրավական համակարգի վրա:
Սակայն գահավիժող իր վարկանիշը դրանով դույզն-ինչ չբարելավվեց, ինչի հույսը ուներ: Դեռ մի բան էլ՝ ավելի նվազեց, որովհետեւ ընդդիմության եւ հասարակության մեծ մասի քննադատության թիրախ դարձավ՝ դատական իշխանության վրա ճնշում գործադրելու համար: Շատերի հիշողության մեջ տակավին թարմ էին 2019թ. մայիսի 20-ի աննախադեպ գործողությունները, երբ Փաշինյանի կոչով նրա հարյուրավոր աջակիցներ շրջափակեցին երկրի դատարանների մուտքերը: Հակասահմանադրական այդ ակցիային նախորդել էր Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակելու դատավճռի կայացումը:
Բայց գանք մեր թեմային՝ իշխող քաղաքական թիմում գնալով սաստկացող խմորումներին: Այդ համատեքստում հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 17-ի կեսգիշերվա կադրային «ջարդը» վերը նշվածով չավարտվեց: Քիչ անց պարզվեց, որ Փաշինյանն առանց SMS-ի չէր թողել նաեւ թիմակից երկու պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանին եւ Նարեկ Զեյնալյանին, որոնք պետք է նրա «խնդրանքով» վայր դնեին մանդատները: Զեյնալյանը չէր կարողացել մերժել, իսկ Աղազարյանն ընդդիմացել էր՝ ՔՊ խմբակցությունից ու կուսակցությունից հեռացվելու եւ դատական թնջուկի մեջ հայտնվելու գնով: Պատգամավորների հանդեպ Փաշինյանի այդ ձեռնարկի շարժառիթը հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում կազմակերպված աղմկոտ լսումներն էին, մասնավորապես՝ դրանց ընթացքում Քյարամյան-Աղազարյան հանրորեն բաց լեզվակռիվը:
Սակայն լեզվակռիվը, պարզվում է, չարիքի փոքրագույնն է, որ կարող է լինել իշխող քաղաքական ուժի ներսում տեղի ունեցող խժդժություններում: ՔՊ-ի «հայհայը գնացել, վայվայն է մնացել»՝ անցած 1960-ականներին այսպես պապս կասեր հարեւան գյուղի կոլտնտեսության մասին, որի սուտլիկ նախագահը բարձրագոչ խոստումներով ամեն տարի ձախողում էր պետությանը գյուղմթերքի հանձնման պլանները: Հիմա «հայհայի» իրադրությունը ՔՊ-ում է: Օրեր առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կուսակցության հունվարի 9-ի փակ նիստն ավարտվել էր ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջեւ ծագած վիճաբանությամբ, որը վերածվել էր ձեռնամարտի: Ընդ որում՝ Փաշինյանի ներկայությամբ, որը թողել, հեռացել էր:
Քաշքշուկների, փոխադարձ վիրավորանքի եւ կռվի պատճառը, «ArmLur»-ի փոխանցմամբ, Տավուշում բնապահպանական խայտառակ վիճակն ու ապօրինի ծառահատումներն էին, որոնց մասին ՔՊ-ի վերջին նիստերում մարզպետին ուղղված թափանցիկ ակնարկներով խոսում էր հայտնի «շշաձիգը»: Ըստ «օդում կախված» լուրերի, վեճի առարկան տավուշյան անտառների փայտանյութի բիզնեսին տիրանալն է եղել: Ամենայն հավանականությամբ՝ Հայկ-պատգամավորը փորձել է հավասար շահաբաժնով «փայ մտնել» Հայկ-մարզպետի ստվերային բիզնեսում, ինչին վերջինս չի համաձայնել: Փաշինյանի անխոս հեռանալը ինչ-որ տեղ հասկանալի է՝ կռվողներից մեկն իր քավորն է, մյուսը՝ ԱԺ-ում իր հավատարիմ կամակատարը: Նախընտրել է՝ չխառնվել:
Ակնբախ է,- եւ դա կհաստատեն վերջին շրջանի շատ դիտարկումներ,- որ 2026թ.-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանական թիմում նկատելի են ոչ միայն անհանգստության, այլեւ ներիշխանական խարդավանքների ու առնետավազքի երեւույթներ: Ամենատիպականն այս առումով «Քաղպայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի օրինակն է, որոնք այս օրերին հույժ զբաղված են կուսակցաշինության աշխատանքով եւ, իրենց խոսքով, պատրաստ են «իշխանությունը վերցնել ու կառավարել Հայաստանը»: Աղազարյանը, ով ՔՊ-ի հնաբնակներից է, գրեթե կասկած չունի, որ առաջիկա ամիսներին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու եւ արտահերթ ընտրություններ են լինելու:
Փաշինյանի երբեմնի թիմակիցն ու հավատարիմ զինակիցը այսօր իր կուսակցությունն է հիմնում՝ հույս ունենալով հաղթել առաջիկա համապետական ընտրությունում՝ լինի դա արտահերթ, թե հերթական: Նա հավաստիացնում է, որ ՔՊ-ից լուրջ ներհոսք է սպասվում դեպի իր նորաստեղծ քաղաքական ուժի շարքերը: Ամեն դեպքում փաստն այն է, որ «Քաղպայմանագիրը» սկսել է մանրից տրոհվել՝ բաժանվելով մի քանի անձանց շուրջ համախմբված մասերի: Մամուլի որոշ տվյալների համաձայն՝ նման խմբավորումների առկայություն է նկատվում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Պնախարար Սուրեն Պապիկյանի շուրջ:
Ներքին եւ արտաքին բոլոր ճակատներում ձախողած Փաշինյանի վիճակը տագնապալից է: Հարաճուն մարտահրավերներին, ընկճվածությանը, ճակատագրի անորոշությանը գումարվել է ներթիմային անհամերաշխությունը: Նա հասկանում է, որ իր երգը երգված է: Ջանում է թաքցնել մտավախությունները, անհոգ ձեւանալ՝ ցույց տալ, որ ամեն ինչ օքեյ է՝ կարող է շատ հագիստ հեծանիվ քշել, մետրոյով երթեւեկել, ձվածեղ պատրաստել, Աննայի հետ թեւանցուկ՝ անկաշկանդ դուրս գալ զբոսանքի, Կառավարության նիստերին անհամ կատակներ անել, քահ-քահ ծիծաղել… Բայց «մախաթը պարկում չես թաքցնի»: Ներքին գզվռտոցները, ներկլանային պայքարը, կոռուպցիան, անհանդուրժողականությունը, փոխադարձ ատելությունը աչք են ծակում:
Մեծագույն դժբախտություն է, որ բոլոր այն հակոտնյաները, որոնք տեղի են ունենում իշխանական բուրգի ներսում, ինքնին պրոյեկտվում են ամբողջ հասարակության վրա՝ տարատեսակ բացասական երեւույթների ու հանցագործությունների տեսքով:
Գեւորգ Բրուտենց