15.10.2024

Аналитика

Ալիեւը լքում է եվրակառույցները, սակայն կամուրջները չի այրում

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Երեւում է՝ Եվրոպայի հետ Ադրբեջանի գործերը թարսվել են: Ուզածն ստանալուց հետո Ալիեւն այլեւս խույս է տալիս արեւմտյան հարթակներից եւ նոր սիրախաղեր է սկսում ՌԴ-ի հետ: Ամեն դեպքում Ադրբեջան-Եվրոպա քաղաքակիրթ, անաղմուկ ապահարզանը չստացվեց: Հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) որոշեց մեկ տարով կասեցնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, որն այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն կանոնակարգային իր պարտավորությունները կատարելու դեպքում։ Առաջարկությունը Սոցիալիստների, դեմոկրատների եւ կանաչների խմբակցության ներկայացուցիչ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեինն էր:

«Թուրան» գործակալության հաղորդմամբ՝ Շվաբեն իր նախաձեռնությունը հիմնավորել է Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությամբ, որը, ըստ նրա, «հակասում է Եվրոպայի խորհրդի սկզբունքներին»։ Գերմանացի պատգամավորը հիշեցրել է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները սահմանափակելու եւս մեկ հիմնավոր փաստարկ՝ Բաքուն 2023-ին չի թույլատրել ԵԽԽՎ զեկուցողներին՝ այցելել Լաչինի միջանցք։ Իսկ ընդհանրապես ասած՝ վեհաժողովի ամփոփիչ փաստաթուղթը բավական փաստարկված է:

Նրանում, ի մասնավորի, հիշատակվում է 2023թ. հոկտեմբերին ընդունված՝ «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձեւը, որով ԵԽԽՎ-ն դատապարտել է անցյալ տարվա սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի ռազմական գործողությունները, ինչը հանգեցրել է ԼՂ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը Երեւան՝ «հարուցելով էթնիկ զտումների կասկածներ»: Հենց այս բանաձեւում էր վեհաժողովը զգուշացրել, որ իր կանոնադրական պարտավորությունների չկատարման մասով իրավիճակի փոփոխության բացակայության դեպքում վեհաժողովը հունվարին չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները: Իսկ Ադրբեջանի կողմից հետեւություններ չարվեցին:

Էլ ավելի վաղ՝ հունիսին, ԵԽԽՎ-ն ընդունել էր «Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ մուտքի ապահովումը» վերտառությամբ եւս մեկ բանաձեւ, որում կառույցն այս անգամ ամրագրել էր Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ երթեւեկության բացակայությունը՝ «ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող հումանիտար եւ մարդու իրավունքների լուրջ հետեւանքները»: Բաքուն ոչ միայն ականջալուր չեղավ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ քաղաքակիրթ հանրության, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի հորդորներին ու կոչերին, այլեւ անտեսեց Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները։

Վեհաժողովը՝ ավելի լայն ընդհանրացման գալով, արձանագրում է, որ ԵԽ-ին միանալուց (դա եղել է 2001 թվականին-Գ.Բ.) ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կառույցի անդամակցությունից բխող հիմնական հանձնառությունները: Ըստ այդմ՝ լուրջ մտահոգություններ կան այդ երկրում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման, իշխանությունների տարանջատման սկզբունքների պահպանման կարողության, գործադիրի համեմատ օրենսդիր ճյուղի թուլության, դատական իշխանության անկախության եւ մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ։

Բանաձեւում ափսոսանք է հայտնվում, որ ԵԽԽՎ-ն չի հրավիրվել՝ հետեւելու գալիք նախագահական ընտրություններին, «չնայած Ադրբեջանն ունի հրավեր ուղարկելու պարտավորություն՝ որպես մշտադիտարկման ենթակա երկիր»։ Վեհաժողովը մտահոգված է, որ մշտադիտարկման կոմիտեի համազեկուցողներին թույլ չի տրվել հանդիպել քաղաքական դրդապատճառներով մեղադրվող կամ ձերբակալված անձանց հետ: Իր հերթին՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը եվրախորհրդարանին մեղադրել է ադրբեջանատյացության, իսլամատյացության ու հայամետության մեջ՝ հայտարարելով, որ Ադրբեջանը դադարեցնում է համագործակցությունը կազմակերպության հետ եւ մասնակցությունը նրա աշխատանքներին:

Եվրախորհրդի հետ Ադրբեջանի վիճահարույց հարաբերությունների կապակցությամբ ուշագրավ հրապարակում է զետեղել «Европейская правда» ուկրաինական պարբերականը: ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ նման որոշում կայացվել է ադրբեջանական կողմի լպիրշ պահվածքի պատճառով: Ուկրաինացի խորհրդարանականները տպավորություն ունեն, որ Բաքուն դիտավորյալ սրացման է գնում ԵԽԽՎ-ի հետ կապերը խզելու նպատակով: Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովը, ըստ տարբեր լուրերի, ուղղակի ցուցումներ է ստանում Ալիեւից, որն ուկրաինական լրատվամիջոցի բնորոշմամբ՝ Պուտինի ակումբի անդամ է:

«Европейская правда»-ի բնորոշումը, թերեւս, տեղին է հնչում, եթե նկատի ունենանք, որ Իլհամ Ալիեւի ստրասբուրգյան դեմարշը համընկել էր ՌԴ փոխվարչապետ, Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի՝ հունվարի 24-ին Բաքու կատարած եռօրյա այցի հետ, որի ժամանակ Ադրբեջանը եւ Ռուսաստանը Բաքվում 2024-2026 թթ. երկկողմ համագործակցության «ճանապարհային քարտեզ» են ստորագրել: Այցի շրջանակներում տեղի է ունեցել նաեւ Ալիեւի հետ Օվերչուկի հանդիպումը, որից մանրամասներ չեն հաղորդվել:

Դատելով վերը նկարագրվածից, Ադրբեջանն Արցախը զավթելուց հետո եվրոպաներից այլեւս սպասելիք չունի, հետեւաբար որոշել է առանց ժամանակ կորցնելու սահուն անցում կատարել ՌԴ-ի կողմը: Այդ երկիրն, ի տարբերություն Հայաստանի, դարձյալ ավելի արագ կողմնորոշվեց, ինչպես 100 տարի առաջ: Անցյալ դարի 20-ականների սկզբին իրավիճակը գրեթե այսօրվա կրկնապատկերն էր, եւ մինչ հայերը տապակվում էին եվրոպական սնամեջ տվայտանքներում, Ադրբեջանը Ռուսաստանի կողքից չէր հեռանում: Եվ բնական է, որ նրան բաժին հասան «համեղ պատառները»՝ հայկական Արցախն ու Նախիջեւանը: Պատմությունից մենք ոչինչ չսովորեցինք՝ հարյուր տարի անց այն կրկնվում է:

Հարցը բնավ այն չէ, թե եվրոպացիները վատն են, ռուսները՝ լավը: Կամ՝ ընդհակառակն: Հարցը ճիշտ հաշվարկելն է եւ պատեհ ժամին պատեհ տեղում գտնվելը: Թուրքիային եւ հետխորհրդային շրջանում նաեւ Ադրբեջանին հաջողվում է «որսալ» գերտերությունների հետ համադրելի շահեր եւ միջազգային ասպարեզում իրենց պետությունների համար նպաստավոր հարցեր լուծել: Դիվանագիտական որոշակի դրական փորձ կուտակած Հայաստանը վերջին 5 տարիների ընթացքում ակնհայտորեն զիջեց դիրքերը՝ հայտնվելով փակուղում: Դա հանգեցրեց ոչ միայն 44-օրյա պատերազմում խայտառակ պարտության, այլեւ ծանրագույն կորուստների՝ մարդկային, տարածքային ու աշխարհաքաղաքական:

Ադրբեջանն այժմ դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգ: Այդ մասին հունվարի 25-ին հաղորդել է Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով, որ Բաքուն կարող է հրաժարվել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից: Ալիեւն իրեն աստեղային ժամի գագաթնակետին է զգում, էլի բաներ է անելու Ռուսաստանի համակրանքը շահելու համար: Բայց նա դեռ մնում է Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ՝ կամուրջները չի այրում եւ չպետք է զարմանալ, որ ժամանակներ անց նորից մերձենա Արեւմուտքին, եղբայրանա Եվրոպայի հետ:

Այսպիսին է վառ ու կենդանի, համարձակ ու հաշվենկատ դիվանագիտությունը, որը փաշինյանական «ուսապարկերին» հասու չէ:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.