Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Կիրանցում, Տավուշի մարզի մյուս սահմանային գյուղերում եւ, ընդհանրապես, ինչի ականատեսն ենք 2018-ից ի վեր Հայաստանում, այդ թվում ամենաշատը՝ հենց Երեւանի կենտրոնում, գերազանցում է ՔՊ-ական իշխանության փչացածության մասին ամենաչափազանցված պատկերացումներն անգամ:
Հայաստանը, ըստ էության, վերածվել է եռացող, աղմկոտ մի սահմանի, որի մի կողմին ընդվզող ժողովուրդն է, մյուսին՝ նրա վրա բռնացած բերետավոր խաժամուժը, որը, կարծես, հատուկ հրահանգավորված՝ գիշատիչ ցինի պես հարձակվում է գյուղացիների վրա, որոնք դուրս են եկել պաշտպանելու իրենց հողն ու ինչքը, իրենց սեփականության իրավունքը, պետության կողմից բարձիթողության մատնված իրենց ընտանիքների անվտանգությունը:
Սահմանազատման անվան տակ Ադրբեջանին միակողմանիորեն զիջումներ անող իշխանությունը սեփական ժողովրդի ու պետության դեմ գործի է դրել բռնաճնշումների մեքենան՝ ի հաճույս Ալիեւի, որը վայելում է «հերթական հաղթանակը»՝ աքլորանալով, թե «Ղազախի 4 գյուղերն իմ պահանջով են վերադարձվել, եւ այսուհետ միշտ այդպես լինելու»: Հետո հայտարարում է, որ Հարավային Կովկասում Ադրբեջանն ամենաուժեղն է բոլոր ցուցանիշներով՝ ռազմական, տնտեսական, բարոյաքաղաքական եւ այլն:
Բաքվի բռնապետի ինքնավստահությունը հասկանալի է՝ նա վաղուց է հաշվել Փաշինյանի ատամները, գիտի, որ նա այդքան չկա, որպեսզի կարողանա դեմ կանգնել իր ասածներին: Կաշվից դուրս կգա, բայց կկատարի: Ի դեպ՝ կարծիք է շրջանառվում, որ Կիրանցում եւ Երեւանում բողոքի, անհնազանդության ցույցերը ցրող բերատավորների շարքերում կան ՀՀ քաղաքացու անձնագրեր ունեցող եւ ոստիկանական համազգեստ կրող ծպտյալ ադրբեջանցիներ:
Բազմաթիվ տեսանյութերում ուշադրություն դարձնելով, թե ինչպիսի եռանդով են առանձին բերետավոր տականքներ ակնհայտորեն անմեղ իրավիճակներում ծեծուջարդի ենթարկում քաղաքացիներին՝ ամեն անգամ «ջրից չոր դուրս գալով», համոզվում ես, որ տարածվող վարկածը բնավ անհիմն չէ: Մյուս կողմից էլ դժվար է հավատալ, որ հայը հայի հանդեպ կարող է այդքան դաժան վարվել՝ առանց հաշվի առնելու ծեր ու մանուկ, կին ու տղամարդ:
Թեմատիկ այդ տեսանյութերը վերաբերում են ոչ միայն ոստիկանական բռնություններով ուղեկցվող տավուշյան իրադարձություններին, այլեւ դրանից առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերին՝ ներառյալ այն սահմռկեցուցիչ միջադեպերը, երբ Եռաբլուրում բիրտ ուժի գործադրմամբ քաշքշում էին զոհված զինծայողների սեւազգեստ մայրերին, իսկ հիմա նմանատիպ դաժանության փորձեր եւ ուզում անել Երեւանում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ ընթացող խաղաղ հավաքներին, քանի որ Եռաբլուրում կատարածի համար ոչ մի բերետավոր կամ ոստիկան չպատժվեց:
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սահմանագծում-սահմանազատում կատարելու, իսկ իրականում հայկական տարածքները թշնամուն զիջելու դեմ մայիսի 9-ի բազմահազարանոց հանրահավաքն ինքնաբուխ վերաձեւակերպվեց վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրաժարականի պահանջի, քանզի վերջին վեց տարում հայությանը պատուհասած բոլոր չարիքների բուն պատճառը այդ անձն է:
Ասում են՝ «Իշխանությունն այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակապես»: Քաղաքագիտական բանաձեւ է, որի սահմանմամբ՝ վարչակազմի բացարձակ այլասերումը տեղի է ունենում՝ սկսած այն պահից, երբ իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերը հայտնվում են մեկ մարդու ձեռքում: Մեր դեպքում այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Առաջ էլ մի բան չէր, բայց նրա օրոք իսպառ աղճատվեցին, արժեզրկվեցին իշխանությունների տարանջատման սկզբունքները, եւ զսպումների ու հակակշիռների մեխանիզմները դադարեցին գործել:
Այժմ ակնհայտ է, որ գործադիր իշխանությունը փաստացի վերածվել է այլասերման «ցեխի», օրենսդիրն՝ այդ «ցեխին» առընթեր դակիչ սարքի, իսկ դատական իշխանությունը՝ բռնությունների մեքենայի: Այսինքն՝ իշխանական համակարգի ծայրեծայր այլասերումը միս ու արյուն է ստացել, եւ բռնաճնշիչ մեքենայի թափանիվն անխափան պտույտներ է գործում: Հետեւանքներն ակներեւ են՝ մի քանի տասնյակի հասնող քաղբանտարկյալներ, խոսքի ազատության սահմանափակումներ, իշխանության քիմքին անհաճո մարդկանց, հատկապես առավել աչքի ընկնող գործիչների նկատմամբ կիրառվող հալածանքներ ու բռնաճնշումներ:
Մերկապարանոց չլինելու համար բազմաթիվ օրինակներից կբերենք մեկը: Ասում են՝ իշխանության թիվ ՄԵԿ կրողի «հոգին փառավորվել» էր՝ տեսնելով, թե ինչպես են 4-5 հաստավիզ «բուղաներ» ցուցարարների շարքից որսում Լեւոն Քոչարյանին, խցկում ոստիկանական ավտոմեքենայի մեջ, սկսում դաժանորեն ծեծել եւ այդպես կապտուկներով բերման ենթարկել: Մնացածը լայն հանրությանը քաջածանոթ է. Փաշինյանին առընթեր խամաճիկ դատարանը բացարձակապես անմեղ (եթե չասենք՝ տուժած) քաղաքացուն երկամսյա կալանք է նշանակում՝ «չտեսելով» դեմքի կապտուկներն ու տեսանյութերում հստակ ֆիքսված փաստական նյութերը:
Ինչ որ է՝ անցնում է որոշ ժամանակ, ու երբ արդեն պատգամավորի մանդատ ստացած Լեւոնը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ սուր հարցեր է ուղղում գործադիրի «գլխին», վերջինս նրան զգուշացնում է կոպիտ խոսույթի համար, թե «կտեսնես՝ ինչ կանեմ»: Եվ «անում» է՝ նախ «գործ» է կարվում պատգամավորի օգնականի վրա, որին դատարանը մի քանի ամսվա կալանաք է որոշում, ապա հանձնարարվում է գլխավոր դատախազին՝ վերաթարմացնել «Մարտի 1»-ի քրգործով կարճված քննությունը, ինչպես նաեւ բռնագանձել Ռ.Քոչարյանին ու նրան փոխկապակցված 7 անձանց պատկանող անշարժ գույքն ու դրամական միջոցները՝ որպես ապօրինի ծագում ունեցող:
Սա է բռնապետության դեմքը, որն արտահայտվում է ոչ միայն վրեժխնդրությամբ, ազատ խոսքի սահմանափակմամբ, քաղկալանավորների առկայությամբ եւ այլն: Այդ ամենը, ինչպես ասում են, դեռ դժբախտության կեսն է, կա ավելի վատթարը: Խոսքը առնվազն իշխանության իմացությամբ գործող պատժիչ ավազակախմբերի մասին է, որոնք վխտում են երկրում: Իշխանությունը նրանց օգտագործում է թե՛ ընտրությունների ժամանակ ՔՊ-ին ձայներ բերելու նպատակով, թե՛ Երեւանում ու մյուս քաղաքներում՝ ում որ հարկն է, «դաս տալու» կամ վախի մթնոլորտ գեներացնելու համար:
Շռայլ վարձատրության դիմաց փաշինյանական վարչախմբին կեղտոտ ծառայություններ մատուցող փողոցային խուժանը սիրահոժար ներգրավվում է նաեւ ընդդիմության միջոցառումների ժամանակ սադրանքներ հրահրելու, ցուցարարներին բռնությունների ենթարկելու, ահաբեկելու եւ այլ «հատուկ» հանձնարարություններ իրականացնելու գործերում: Դժվար է ասել, թե ինչ հիմունքներով է համակարգվում այդ հանցավոր խմբերի գործունեության ոլորտը, բայց ակներեւ է, որ նրանց ամենասեւագործ աշխատանքն է բաժին հասնում: Այդտեղ «հոնորարն» ավելի բարձր է, հետեւապես ծեծուջարդն՝ ավելի ուժգին:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը լպիրշորեն ազդարարում է. «Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարեւոր բրենդը, եթե կարելի է այսպես ասել, ժողովրդավարությունն է, եւ մենք, ըստ էության, ձեւավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն»: Իյա, լո՞ւրջ ես ասում:
Գեւորգ Բրուտենց