07.12.2022

Аналитика

Փաշինյանը վախենո՞ւմ է ժողովրդի ցասումից

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի քաղաքական խոսույթում մի ուշագրավ տարր է ավելացել. բոլոր հրապարակային ելույթների, հարցազրույցների բովանդակության միջով կարմիր թելի պես անցնում է Ադրբեջանի ապակառուցողականության գաղափարը, ինչը տարակուսելի է այնքանով, որ չի տեղավորվում նախորդ բոլոր ժամանակներում նրա քաղաքական գծի տրամաբանության շրջանակում: Ավելին՝ Փաշինյանը միշտ համարում էր, որ Ադրբեջանի նախագահը «կիրթ, կառուցողական մարդ է», օրերս էլ նման մի ժեստ արեց Էրդողանի հասցեին, որի հետ պրահյան հանդիպումից դրականորեն տպավորված է:

Փաշինյանի «փոխակերպության» առաջին առերեւույթ նշաններն ի հայտ եկան սեպտեմբերի 22-24-ը Նյու Յորք աշխատանքային այցի ժամանակ, երբ ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանում հանդես եկավ ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի զավթողական նկրտումները՝ մասնավորապես սեպտեմբերի 13-ի ռազմական ներխուժումը եւ դրա հետագա ծավալման հավանական վտանգը խարազանող ելույթով. «Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով, որ նա ամեն օր խախտում է հրադադարը, եւ զոհերի ու վիրավորների թիվը ցանկացած պահի կարող է փոփոխվել»,- գանգատվել էր Հայաստանի փաստացի ղեկավարը։

Հետայդու հայ-ադրբեջանական թեմային առնչվող քննարկումներից գրեթե միշտ անպակաս քարոզչական այդ բաղադրիչը՝ ապակառուցողականության թեզը, լայն կիրառում է գտնում նաեւ ՔՊ-ի շրջանակներում՝ վերահաստատվելով կառավարող ուժի ներկայացուցիչների հռետորաբանության մեջ՝ ընդ որում թե՛ ներհայաստանյան, թե՛ արտաքին քաղաքական հարթակներում: Բավական է բերել հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կազմակերպված՝ «Ռազմական գործողությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» թեմայով բանավեճի օրինակը: Այս կարեւոր հարթակում հայկական պատվիրակությունը, ինչպես ասում են, կարողացավ թշնամու «պորտը տեղը դնել»:

Այնպես չէ, որ երկնքից աստղեր վար բերեց, ուղղակի Ադրբեջանի վայրագությունների մասին առաջին անգամ անկաշկանդ խոսեց: Եթե ուշադրություն դարձնեք ԱԺ փոխխոսնակ, ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ելույթին, ով նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր հատուկ բանագնացն է, ձեզ կարող է թվալ, թե խոսողն արմատական ընդդիմությունից է: Ահավասիկ. «Հնարավոր չէ խոսել խաղաղության մասին, երբ քո վրա կրակում են, սպանում են քեզ, ներխուժում քո տարածք… մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ավտորիտար երկիրը ներխուժել է իր ժողովրդավար հարեւանի տարածք, սա պետք է խստագույնս դատապարտվի»։

Լա՞վ է արդյոք այս տարօրինակ «մետամորֆոզը», թե՝ վատ, տվյալ դեպքում սա չէ էականը, քանի դեռ մենք չգիտենք իշխանության դիրքորոշման փոփոխության իրական պատճառը: Իսկ եթե սա մի նոր աղետի նախերգա՞նք է, որից այս չորսուկես տարում էլի ենք տեսել: Բավական է իշխանության կողմից Ադրբեջանին ուղղված որեւէ «թթու» խոսք կամ անդուր մի գործողություն, եւ մեզ հետ անպայման մի վատ բան պատահում է: Չմոռանանք, որ 44-օրյա պատերազմին նախորդել էր 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոչը, թե՝ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»: Ճիշտ է, այդ պահին հրապարակը թնդում էր ծափերից, բայց հետո այդ ամենը վերաճեց մահաբեր արհավիրքի: Բայց չշեղվենք բուն նյութից:

Շարունակելով Ադրբեջանի ու նրա ղեկավարի հարցում Փաշինյանի բառապաշարի կասկածելի փոփոխության թեման, պետք է նկատել, որ նման երեւույթները, հենց այնպես՝ դատարկ տեղը չեն ծնվում: 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան շրջանում մենք շատ բաների ականատես եղանք, այդ թվում՝ նողկալի ստերի ու խորամանկ գործարքների: Տեսանք, թե ինչպես է մի ստահակ Արծրուն սառնասրտորեն կեղծում ռազմական գործողությունների ամենօրյա ամփոփագրերը, ինչպես են մեզ համոզում, որ 25-30 հազար զինվորի կյանք փրկելու համար ստիպված էին բացել Շուշի տանող ճանապարհը կամ ստորաբար խաբում, թե Սյունիքի շահեկան դիրքերը չզիջելու դեպքում թշնամին կմտներ Կապան եւ այլն:

Սրանք կեղտոտ տեխնոլոգիաներ են, որոնք ողջ թափով գործողության մեջ էին դրվել: Ի՞նչ են դրանք ենթադրում. ուրեմն՝ կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ այս կամ այն գործարքին գնալուց առաջ ստեղծել իրավիճակի անելանելիության պատրանք եւ հանձնել կամ ստանալ այն, ինչի շուրջ ստվերային պայմանավորվածությունն արդեն նախապես կայացվել է: Հավանաբար՝ հենց նմանատիպ տեխնոլոգիայի կիրառման նոր դեպքի հետ գործ ունենք, եւ այս պահին «հանձնման-ընդունման» գործընթացի նախապատրաստության փուլն է: Կողմերից մեկը պետք է հետզհետե ուժեղացնի մյուսին ուղղված սպառնալիքները, իսկ մյուսն արձագանքի դրան չափավոր հիստերիայով ու ապակառուցողականության մեղադրանքներով:

Գործնականում այդպես էլ կա: Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահը զինվորականների մեծ շքախմբով Շուշիում էր, որտեղից նոր սպառնալիքներ, պահանջներ, դժգոհություններ ու ռազմատենչ հայտարարություններ էր հնչեցնում Հայաստանի հասցեին՝ արձանագրելով, որ այսօր բոլոր ռազմավարական բարձունքներից Սիսիանը, Գորիսը, Կապանը, Ջերմուկը, անգամ Սեւանա լիճը իրենց տեսադաշտում են, եւ «Հայաստանը պիտի հասկանա, թե ինչ է դա նշանակում»։ Ալիեւը հիշեցնում էր, որ Փառուխի, 2022-ի օգոստոսի սկզբի եւ սեպտեմբերի 13-14-ի դեպքերը «պետք է դաս լինեն Հայաստանի համար»։

Դրանից հետո, համաձայն ժանրի կանոնների, հերթը մյուս կողմինն է, եւ երկու օր անց՝ ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի նիստում Նիկոլ Փաշինյանը ծավալուն հայտարարությամբ դատապարտեց Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը՝ նշելով, որ այդ երկրի ղեկավարը չի կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից եւ մյուս երկու հարակից փաստաթղթից բխող՝ իր պարտավորությունները. «Ադրբեջանի նախագահը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել ՀՀ-ի՝ իր պարտավորություններն, իբր, չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու եւ նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար»,- հայտարարեց Փաշինյանը:

Ֆեյսբուքյան իր էջում Հովհաննես Հարությունյան օգտատերը կարծիք է հայտնում, որ ՀՀ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, ակտիվորեն հող են նախապատրաստում Ալիեւի հերթական ներխուժման համար: Ըստ նրա, նոյեմբերի 11-ի երեկոյան «Հ1»-ի եթերում վարչապետի տված հարցազրույցն այդ տրամաբանության ծիրում էր։ «Նիկոլը Ալիեւի հետ միասին կսանձազերծի եւս մեկ պատերազմ՝ այժմ արդեն ՀՀ տարածքում, որպեսզի ստորագրելուց հետո աթոռը պահելու հնարավորություն ունենա։ Պատերազմը Նիկոլի համար «կռուտիտներ» կապահովի՝ նույնիսկ միջանցքը զիջելու համար»,- վստահ է Հարությունյանը:

Նա համոզված է, որ սեպտեմբերի 14-ի հայտնի «ֆեյք նյուզը», շրջանառության մեջ էր դրվել հենց իշխանության նախաձեռնությամբ՝ որպես հասարակական տրամադրությունների փորձարկում: Բայց քիչ էր մնում փորձարկումն իշխանության գլխին փորձանք դառնալ: Ժամեր անց մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ ինքնաբուխ լցվեցին ԱԺ մուտքի մատույցները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներից պահանջելով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց ձեռնարկել: Ժողովրդի ցասումից վախեցած Փաշինյանը, անշուշտ, հասկացավ, որ հերթական կապիտուլյացիայի ստորագրումը «մարսելու» եւ ճոճվող աթոռը պահելու համար իրեն այլ ելք չի մնում, քան եւս մեկ պատերազմ «բերելը»՝ որքան էլ դա ցանկալի չէ:

Ընդ որում՝ ավելի դաժան, քան սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան, որը, չնայած աղետալի հետեւանքներ ունեցավ,- 210-ից ավելի զոհ ու անհետ կորած, շուրջ 300 վիրավոր, 7.600 տեղահանված անձինք, ՀՀ տարածքում գնդակոծության ենթարկված 36 բնակավայր ու համայնք, քաղաքացիական ենթակառուցվածքներ եւ այլն,- սակայն ժողովրդի վրա ազդեցության նիշը նվազագույնն էր՝ իշխանափոխության պահանջը մտքներից հանելու համար: Փորձագիտական-վերլուծական որոշ շրջանակներում այս կարգի դատողությունները գնալով որակ են կազմում, ինչը մեծ հավաստիություն է տալիս վերը նկարագրված կանխավարկածին:

Փաստորեն՝ ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վախենում է ժողովրդի ցասումից, եւ դա ակնհայտ դարձավ սեպտեմբերի 14-ին, երբ նախօրեին նա ԱԺ-ում հայտարարեց, թե ստանձնել է պատասխանատվություն՝ հանուն խաղաղության, գնալ ծանր որոշումների. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29.800 քառ. կմ տարածքով ստանա տեւական խաղաղություն եւ անվտանգություն»,- գրել էր Փաշինյանը: Բայց նրան հավատացո՞ղն ով է: Մի մարդու, ով ժողովրդի վստահությունն արդեն մսխել է քառամյա իր մանիպուլյացիաների ու ստերի բավիղներում:

«Մի թուղթ» ստորագրելու հայտարարության արձագանքն էլ արդեն գիտենք՝ բազմամարդ հանրահավաք Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց, եւ վարչապետի ու նրա թիմի հեռացման պահանջ: Պայթյունավտանգ իրավիճակ էր առաջացել, եւ ՔՊ-ն ստիպված էր հերքել ստորագրվելիք փաստաթղթի առկայությունը: Իր հայտարարությունից մեկ ժամ չանցած՝ ասածները բունկերից հերքեց նաեւ Փաշինյանը, նախ՝ ՖԲ գրառմամբ, ապա՝ ուղիղ եթերում պնդելով, թե նման բան չկա. «Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:

Ասում են՝ վախը վատ բան է: Իշխանությունը կորցնելու վախը, հավանաբար՝ առավել եւս: Մարդն ամեն ինչի ընդունակ է այդ սարսափելի զգացողությունն իրենից վանելու համար: Անտարակույս՝ հենց իշխանության վախերով են պայմանավորված խորհրդարանի շենքի շուրջը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու՝ ԱԺ աշխատակազմի որոշումը, ի կատարումն որի՝ արդեն սկսել են շենքի պարիսպների երկայնքով փշալարերի, անգամ հոսանքալարերի անցկացման, ինչպես նաեւ զոդման միջոցով դարպասների ամրացման աշխատանքները:

«Հրապարակ»-ը չի բացառում, որ համակենտրոնացման ճամբարների նման հոսանք միացվի փշալարերին, «որպեսզի ցանկապատի վրայով ցատկել փորձողները ոչ միայն վնասեն իրենց ձեռքն ու ոտքը, այլեւ հոսանքահարվեն ու զոհվեն ԱԺ պատերի տակ»։ ԱԺ աշխատակազմից, ըստ պարբերականի, վերահաստատել են տեղեկությունը՝ հայտնելով, որ փշալար են անցկացնում «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Թե ումից եւ ինչ վտանգ է սպառնում՝ ԱԺ-ն նախընտրել է չմանրամասնել: Չնայած դրան, բոլորը շատ լավ գիտեն, թե ով է վտանգի աղբյուրը եւ ով՝ վտանգի առարկան: Այսօր նրանք միմյանցից անջրպետված են ռետինե մահակներով զինված ոստիկանական հոծ շարքերով:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.