25.11.2024

Редакционная

Վիգեն Սարգսյանը, Ամոթը եւ Ծանր խաչը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

1988-ից սկսած Հայաստանում բողոքի ակցիաներն ուղեկցվում էին «ամո՛թ, ամո՛թ» վանկարկումներով, սակայն չէին հնչում` «պատժե՛լ, պատժե՛լ»:

Սոցիոլոգիայի մեջ կա մի տեսություն, ըստ որի հասարակությունները երկու տեսակի են լինում` «Ամոթի հասարակություն» եւ «Մեղքի հասարակություն»: Արեւելյան ժողովուրդները հիմնականում Ամոթի հասարակություններ են, որտեղ առաջնայինը ոչ թե օրենքներն են ու այդ օրենքների առջեւ անհատական պատասխանատվության ինստիտուտը` ինչպես արեւմտյան Մեղքի հասարակություններում, այլ ամոթը համայնքի առջեւ: Այդ հասարակություններում ամենամեծ պատիժը ամոթի ենթակա որեւէ արարքի համար համայնքի կողմից արհամարհված լինելն է: Ամոթի ենթակա են ոչ միայն համապատասխան արարքները, այլեւ ընդունված օրինակելի արարքներ չկատարելը:

Ամոթի ինտիտուտի «օրենսդիրը», բնականաբար, եկեղեցին է: Նա է սահմանում ամոթի ենթակա արարքների ցանկը եւ դրանց հիման վրա զբաղվում համայնքապահպանությամբ (կարդալ` ազգապահպանությամբ): Պատահական չէ, որ Ջրօրհնեքի արարողության ժամանակ Պաշտպանության նախարարի՝ Խաչքավորի դերակատարությանը հաջորդեց զինվորի համար դրամահավաքի կոչը: Դա, իրոք, Խաչքավորին արժանի պահվածք է: Ամոթ է, որ վիրավոր զինվորն անհրաժեշտ գումարով չապահովվի: Պատահական չէ նաեւ, որ դա արվում էր հրապարակավ, եւ առաջին օրինակը ցուցադրեցին Պնախարարն ու իր «ընկերները»: Ամոթի հասարակություններում ընկերներ չունենալը նույնպես ամոթ է, որոնք նեղ պահին պետք է քո կոչին միանան ու ցույց տան, որ դու ամոթ-աբուռով, հարգված տղա ես: Ոմանք նույնպես բացեիբաց սկսեցին միանալ նախաձեռնությանը՝ օգտագործելով ժամանակակից ամենահրապարակային տեխնոլոգիան` Ֆեյսբուքը: Մեղքի հասարակություններում ընկերական շրջապատը, հավատքը անձնական տիրույթին պատկանող հասկացություններ են ու աշխատանքային պարտականությունների հետ որեւէ առնչություն չունեն:

Հայաստանի իշխող խավի համար Ամոթը ինստիտուցիոնալ եզր է եւ պատահական չէ, որ ՀՀԿ համագումարի ժամանակ բոլորը հերթ էին կանգնել Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմելու համար, ընդ որում՝ «Դավաճանությունը շանտղություն է» երգի կենդանի կատարման ուղեկցությամբ: Իշխող խավի ինստիտուցիոնալ հիմքն ամոթն է ու դրանից բխող ամոթալի դավաճանությունը եւ մյուս դրսեւորումները:

Դրամահավաքի կոչից հետո  հասարակությունում առաջացավ վեճ, որի ընթացքում պարզվեց՝ Հայաստանում զուգահեռաբար ձեւավորվում է Մեղքի հասարակություն, եւ այդ երկու հասարակությունների միջեւ մշակութաբանական հակամարտություն է հասունանում:

Մեղքի հասարակության ներկայացուցիչները կարծում են, որ վիրավորված զինվորների խնդիրները պետք է լուծի պետությունը, որը նրանց առջեւ պատասխանատվություն է կրում, իսկ եթե դա չի կատարվում, պետք է գտնվեն մեղավորները եւ պատժվեն: Սակայն Ամոթի հասարակություններում դա անհնարին է, որովհետեւ իշխող վերնախավում բոլորը միմյանց կամ ընկերներ են, կամ կնքահայրեր ու խնամիներ, իսկ դրանք սրբացված են եկեղեցու կողմից:

Վիգեն Սարգսյանը վերցրել էր իր Ծանր խաչը եւ ցույց տվել, որ ինքը տեր է այդ հարաբերություններին: Դրանով նա Ամոթի հասարակությանը ցույց է տալիս, որ կարող է այդ արժեքների պահպանման երաշխավորը դառնալ: Շատերը կարծում էին, որ արեւմտյան կրթություն ստացած նախարարը Մեղքի հասարակության ներկայացուցիչ է, սակայն նա իրեն դիրքավորեց հակառակ ճամբարում:

Այս երկու հասարակությունների միջեւ առկա հակամարտությունը կարող է մշակութաբանական հարթությունից տեղափոխվել քաղաքական դաշտ, իսկ դա արդեն հետաքրքիր ու կրեատիվ հնարավորություններ է պարունակում:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.