Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն. ողջ ժողովրդի աչքի առջեւ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը սառնասրտորեն հրաժարվեց սեփական երկրի անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկից: Հրաժարվեց առանց ամաչելու՝ ուրիշներին հաճոյանալու համար: Հրաժարվեց՝ խորապես համոզված, որ ոչ ոք չի կարող իրեն պատասխանատվության ենթարկել:
Երկրում բոլորն իսկույն նկատեցին ու մատնացույց արեցին տեղի ունեցածը: Սակայն պետության պատասխանատուներից եւ ոչ մեկին դա շփոթմունքի մեջ չգցեց: Ընդհակառակն, տեսանելի վստահություն կա, որ հերթական անգամ բոլորին կհաջողվի «շաղակրատել»՝ ձեւացնելով, թե առանձնապես ոչինչ տեղի չի ունեցել:
Ընթերցողն, անշուշտ, ենթադրում է, որ խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին է, որից բոլորն ընդամենը մեկ հարցիպատասխան էին ակնկալում. ինչպիսի՞ ճակատագիր վիճակվեց զորքերի շփման գծում հսկողության մեխանիզմների տեղակայման մասին Վիեննայի հայտնի համաձայնագրերին: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, այս համաձայնագրերի ընդունումից հետո, բանակցությունների անցկացման պայմաններն արմատապես փոխվել էին: Դրանք կարող էին անցկացվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը տեղակայի այդ մեխանիզմները եւ ուժեղացնի միջազգային ներկայությունը հակամարտության գոտում: Այլապես կարգավորման թեմայով բանակցությունների մասին չէր կարող խոսք լինել: Քանի որ այդ առաջարկությունն արվել էր Մինսկի խմբի համանախագահների կողմից, այն ձեռք բերեց քաղաքական լուրջ իմաստ: Խաղաղ կարգավորման պլանն արդեն պատկերանում էր որպես նախապայման ունեցող հստակ ծրագիր: Առանց այդ նախապայմանին համաձայնելու, այս կամ այն կողմը կորցնում էր ստատուս-քվոյի փոփոխման հնարավորությունը:
Ադրբեջանն անլուծելի իրավիճակի առջեւ էր հայտնվել. միջնորդների առաջարկությանը նա չէր կարող համաձայնություն տալ, ինչի հետեւանքով Հայաստանը կարող էր ազատորեն հրաժարվել բանակցություններից: Ադրբեջանը չէր էլ կարող ռազմական ուժ կիրառել. նման քայլի ռազմական հեռանկարները չափազանց անորոշ էին: Փոխարենը կարող էր իր առջեւ տեսնել նոր Կոսովո՝ ԼՂՀ-ի միակողմանի ճանաչում: Ապրիլյան պատերազմից հետո նման հեռանկարի մասին Ադրբեջանին նախազգուշացրել էին ազդեցիկ ատյաններից բազմաթիվ կարեւոր անձինք: Շփման գծում սադրանքների փորձերը սկսել էին աշխատել Բաքվի դեմ: Ադրբեջանին ընդամենը մեկ բան էր մնում՝ ցանկացած գնով փոխել քաղաքական իրավիճակը, որը ծագել էր ապրիլյան պատերազմից հետո: Իրական արտահայտությամբ՝ դա նշանակում էր Վիեննայի պահանջների չեղարկում, ինչին հնարավոր էր հասնել միայն Հայաստանին ստիպելով, որ ինքը հրաժարվի այդ պահանջները կատարելուց:
Մեկուկես տարի պահանջվեց, որպեսզի հոկտեմբերի 16-ին նախագահների ժնեւյան հանդիպման ժամանակ ի ցույց դրվի այդպիսի քաղաքականության հաջողությունը: Համանախագահների հայտարարությունը, թե հանդիպումը կառուցողական էր, եւ «նախագահները համաձայնեցին ձեռնարկել միջոցներ՝ բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար ու լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը», ցույց տվեց, որ Ադրբեջանի ձեռքերն ազատ են: Հետայսու ապագա կայուն բանակցությունների պատասխանատուն դառնում է Հայաստանը, եւ Ադրբեջանը հանգիստ կարող է վերսկսել իր «ռազմական դիվանագիտությունը» (հայ զինվորների սպանությունը)՝ որպես մեխանիզմ, ստիպելով Հայաստանին բանակցել Ադրբեջանի առաջադրած պայմաններով:
Մնում է միայն իմանալ՝ ո՞վ եւ ի՞նչ պայմաններով համոզեց Հայաստանին՝ հրաժարվել Վիեննայի պահանջներից: Եվ ո՞վ, դրանով իսկ, թանկարժեք Ադրբեջանին այդպիսի ծառայություն մատուցեց: Դա իմանալն անպայման անհրաժեշտ է, ի վերջո, նման գործարքի գնացողները գիտեին, թե ինչ են անում, եւ գիտեին, թե ինչ գին պետք է վճարեն Հայաստանի ու Արցախի ժողովուրդները: