25.11.2024

Редакционная

Ակամա բարեկամություն

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Այս շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել էր այդ երկիր:

Սա Հայաստանի արտգործնախարարի՝ Իսրայել կատարած առաջին այցը չէր: Բայցեւայնպես՝ ներկա միջազգային իրավիճակում Նաթանյահուի հրավերը մի տեսակ ինտրիգային է: Հայաստանում, ավանդաբար, շատերը թերահավատորեն են մոտենում թե' Իսրայել պետությանը, թե' հրեական գործոնին՝ ընդհանրապես: Տասնամյակներ շարունակ հանրային գիտակցության մեջ արմատավորվել են այն համոզմունքները, թե հայ ժողովրդի դժբախտությունների մեջ հրեաները հատուկ դեր են խաղում: Իրարից առավելագույնս հեռավորություն պահպանելու՝ Հայաստանի եւ Իսրայելի վարած երկարամյա քաղաքականությունն էլ ավելի է ամրապնդում այդ ավանդական համոզմունքները: Դե, իսկ Ադրբեջանին ժամանակակից հարձակվողական զենքի վաճառքը սպառնում է վերջնականապես ամրագրել Իսրայելի կերպարը` որպես հայ ժողովրդի թշնամու:

Հասկանալի է, որ նկարագրված հոգեբանական իրավիճակում Իսրայել պետության հետ Հայաստանի ցանկացած պաշտոնյայի շփումը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Եվ բանը սոսկ այն չէ, որ հայերի մեջ արմատացած ավանդական պատկերացումները կասկածի ալիք են առաջ բերում իսրայելական ղեկավարության անկեղծության հանդեպ: Խնդիրն այն է, որ Հայաստանի նկատմամբ Իսրայելի ցուցաբերած անսպասելի հետաքրքրության իմաստն այնքան էլ հասկանալի չէ: Զարգացած հարաբերությունների փորձի բացակայությունը մեզ թույլ չի տալիս գնահատել երկու երկրների ընդհանուր շահերի էությունը եւ իմաստը: Բայցեւայնպես, արագ փոփոխվող միջազգային իրադրությունում պետք է ուշադրություն դարձնել բոլոր երկրների ու միջազգային կառույցների գործողություններին եւ առաջարկներին: Բավարար հիմքեր կան այն ենթադրությունների համար, որ աշխարհում եւ մեր տարածաշրջանում շատ երկրների կողմից հնարավոր է առկա դիրքորոշումների արմատական ​​վերանայում: Այն, ինչ երկար ժամանակ համարվում էր անընդունելի եւ անհնար, այս պահին արդիական իմաստ է ձեռք բերում` հակառակորդներն ակամա բարեկամանում են: Եվ դա տեղի է ունենում այն ​​պատճառով, որ շատերն ունեն ընդհանուր թշնամիներ: Իսկ միջազգային հարաբերություններում ոչինչ այնքան չի մերձեցնում հակառակորդներին, որքան ընդհանուր թշնամին:

Իրաքյան քրդերի խնդրի արդիականացման պահից տեսնում ենք մեր տարածաշրջանի երկրների դիրքերի մերձեցման այս տրամաբանությունը: Քրդստանի անկախության հանրաքվեից հետո տարածաշրջանում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. քաղաքական գործոն է հայտնվել, որը հակասում է տարածաշրջանի միանգամից մի քանի առանցքային դերակատարների`Թուրքիայի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի շահերին: Տարբեր պատճառներով անհանգիստ են բազմաթիվ այլ երկրներ եւս. Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Ադրբեջանը եւ այլք: Իրաքի քրդերի գործողություններում բոլորը տեսան միջազգային ինտրիգ, որն ավելին է, քան պարզապես քրդերի ինքնորոշումը: Իսկ ավելի կոնկրետ՝ այստեղ բոլորը տեսան Միացյալ Նահանգների «չար» մտադրությունները: Եվ առաջին բանը, որը սկսեց ակնհայտորեն դրսեւորվել այդ պայմաններում` տարածաշրջանի գործերում Ռուսաստանի դերի զգալի ամրապնդումն է: Իրան-Թուրքիա դիրքորոշումների մերձեցումն այս երկրներին ձգեց դեպի Ռուսաստան: Սակայն առավել հետաքրքիր երեւույթ էր Սաուդյան Արաբիայի թագավորի Մոսկվա կատարած պերճաշուք այցը: Այս այցից հետո կասկած չկա, որ տարածաշրջանային ուժերը միասին եւ առանձին-առանձին գնացին օգնություն խնդրելու Ռուսաստանից: Համենայն դեպս՝ բոլորը հույս ունեին, որ կհաջողվի Մոսկվային ետ պահել քրդերի գործողություններին աջակցելու գայթակղությունից: Առավել եւս, որ Ռուսաստանն արդեն վատ թաքցված առիթներ է տվել այդօրինակ կասկածների համար:

Ահա այստեղ է Իսրայելի դերը դառնում թափանցիկ` այս երկիրը բացեիբաց աջակցում էր քրդերի ինքնորոշմանը: Բնականաբար, նա պետք է անմիջապես լուրջ խնդիրներ ունենա տարածաշրջանի կարեւորագույն երկրների եւ Ռուսաստանի  միջեւ համագործակցության նոր, անսովոր բեւեռի հետ: Դաշնակցային հարաբերությունների ձեւավորման նախկին քաղաքականությունը կորցրել է իր արդյունավետությունը: Հակաիրանական դաշինքի ամրապնդման հետ կապված հույսերն այլեւս պատրանք են: Մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները դարձան խնդրահարույց, երբ նրանք ցույց տվեցին, որ երբեք չեն ընդդիմանա Թուրքիայի քաղաքականությանը: Այսինքն՝ հին խաղն ավարտվել է, իսկ նորը դեռ չկա: Քրդական գործոնը թաղեց տարածաշրջանում արմատավորված սովորական հարաբերություններն ու ուժերի հավասարակշռությունը: Առայժմ բոլորը հույս ունեն պատմության անիվը ետ տալ եւ վերականգնել «հին աշխարհը»: Բայց այդպես չի լինում:

Բոլորը ստիպված են վերանայել իրենց քաղաքականությունը: Առայժմ նկատելի է, որ ոչ ոք չգիտի, թե ինչպես դա անել: Նկատելի է նաեւ, որ բոլորը սկսել են ակտիվորեն փնտրել նոր հնարավորություններ: Դա կարող է անել նաեւ Հայաստանը, որի դերը զգալիորեն աճել է նոր պայմաններում: Հայաստանի հետ լուրջ խոսել ցանկացողների քանակն օրըստօրե աճելու է: Եվ խնդիրը ոչ միայն այն է, որ Հայաստանը դաշնակիցն է իր դերը շեշտակի ամրապնդած Ռուսաստանի, այլեւ Թուրքիայի եւ Իրանի մինչ այդ ունեցած ամուր հիմքերը խարխլելու հարցը: Այս երկրներն այլեւս չեն կարող իրենց հարեւաններին շատ կտրուկ պահանջներ ներկայացնել: Այսպիսի իրավիճակում տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր մեծ արժեք է ձեռք բերում: Թե ինչպես իրենց կպահեն այդ երկրները, դեռ պարզ չէ: Իսրայելը, ինչպես եւ մնացած բոլորը, Հայաստանի հետ խոսելու բան ունի: Այս հանգամանքին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել: Հասկացե՞լ է սա արդյոք Էդվարդ Նալբանդյանն իր այցի ընթացքում՝ ցույց կտա ժամանակը:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.