Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Հայաստանի հասցեին Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի՝ անցած շաբաթավերջին հնչեցրած սպառնալից հայտարարությունը բուռն արձագանք է առաջացրել երկրում: Հայտարարությունից երկու օր անց՝ հունվարի 10-ին, պաշտոնական Երեւանը բողոքի հայտագիր էր հղել Մոսկվային՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդավարի վարքագիծը որակելով ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված ոտնձգություն ու թշնամական դրսեւորում, որը «կոպտորեն խախտում է երկու երկրների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»:
Սոլովյովն այդ օրը հեռարձակած իր հեղինակային հաղորդման մեջ խոսել էր ոչ միայն ՀՀ-ում, այլեւ Կենտրոնական Ասիայում, իր ձեւակերպմամբ, ռուսական ազդեցության գոտում հատուկ ռազմական գործողություն սկսելու անհրաժեշտության մասին. «Եթե մեր ազգային անվտանգության համար մեզ անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի տարածքում, ինչո՞ւ նույն պատճառով չենք կարող հատուկ ռազմական գործողություն սկսել մեր ազդեցության գոտու մյուս կետերում եւս»,- նշել է նա: Ի դեպ՝ հունվարի 10-ին հեռարձակված հաղորդումը ՀՀ-ում չէր սփռվել հանրային մուլտիպլեքսով, քանի որ այն մեր տարածքում դադարեցվել էր դեռեւս 2 տարի առաջ: Բայց սա այլ թեմա է:
Ռուս վերլուծաբանի հայտարարությունները վրդովմունքով են ընդունել իշխանական պատգամավորները. նույնիսկ կարծիքներ են հնչել, որ առնվազն Սոլովյովը պետք է զրկվի Հայաստանի կողմից ստացած «Պատվո շքանշանից», որը 2013-ին նրան էր հանձնել ՀՀ 3-րդ նախագահը: «Հայաստանում հաստատված խաղաղությունը ձեզ դուր չի՞ գալիս, թե՞ ձեզ դուր չի գալիս, որ երկիրն առաջ է շարժվում ժողովրդավարության ճանապարհով»,- քննադատական իր խոսքում ասել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Սուր քննադատությամբ հանդես են եկել նաեւ իշխանական այլ պատգամավորականներ: Նրանք միաժամանակ հարց են բարձրացնում, թե ինչու Սոլովյովին չեն դատապարտում ընդդիմադիր ուժերը:
Իրականում, ժամեր անց, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դատապարտել էր Սոլովյովի հայտարարությունը՝ միաժամանակ քննադատելով գործող իշխանախմբին՝ նույն եռանդով Բաքվից հնչող սպառնալիքներին չարձագանքելու համար. «Դուք ողջ ուժով դատապարտում եք ռուս վերլուծաբանի մեկ հայտարարություն, սակայն տարիներ շարունակ լուռ եք Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ուղիղ սպառնալիքների հանդեպ, որոնք կասկածի տակ են դնում ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն ու բացահայտ միջամտում մեր երկրի ներքին գործերին»,- նկատել է Սաղաթելյանը։
Անշուշտ՝ Հայաստանի ու հայերի մասին միշտ համակրանքով արտահայտվող՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման հեղինակը ոչնչով չարդարացվող անբարյացակամ դիրքորոշում է հայտնել Կենտրոնական Ասիայի երկրների, այդ թվում Հայաստանի մասին, ինչը լուրջ պարզաբանում է պահանջում: Այս առումով միանգամայն տեղին է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության կեցվածքը՝ Հայաստանում ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելու եւ նրան բողոքի հայտագիր հանձնելու հարցում: Դիպվածը, անկասկած, տհաճ է պետության ցանկացած քաղաքացու համար՝ ով էլ որ լինի, եւ մենք կսպասենք Վլադիմիր Սոլովյովի մեկնաբանությանը:
Անցած կիրակի օրը՝ հունվարի 11-ին, Նիկոլ Փաշինյանը Մասիսում մասնակցում էր հերթական կեղծ պատարագին: Այս անգամ հազիվ 50 հոգի հաջողվեց հավաքագրել Նիկոլի շուրջ՝ մոտավորապես այնքան, որ գոնե բավականացներ ծափերով նրան դիմավորելու համար: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը եւ նրան աջակցող հոգեւորականները անհարմար վիճակում էին հայտնվել՝ մարդ հավաքագրելու գործը գնալով դժվարանում է: 10 եպիսկոպոսներին միացած քահանաները թվով այնքան քիչ էին, որ գրեթե տապալվեց Փաշինյանի՝ հունվարի 5-ին ձեռնարկած հակասահմանադրական, արկածախնդրական ծրագիրը՝ ուղղված Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը:
Այժմ ոչ միայն այդ ծրագիրն է ձախողման վտանգի տակ, այլեւ մարդկային ռեսուրսով կիրակնօրյա կեղծ պատարագների ապահովումը: Մարդիկ մեծ դժկամությամբ են գնում կամ հրաժարվում են գնալ ապօրինի պատարագների: Տարածվող որոշ լուրերի համաձայն՝ իրավապահները մտնում են քահանաների տներ՝ փորձելով համոզել, անգամ ահաբեկել նրանց, որպեսզի միանան իրենց թեմերի տիրադավ առաջնորդներին: Հրաժարվողներին սպառնում են հեռացնել աշխատանքից, եթե չմասնակցեն Փաշինյանի «պատարագներին»: Սակայն աշխատանքից հեռացնելու սպառնալիքը շատ հաճախ չի օգնում, որովհետեւ շատերը նախընտրում են կորցնել աշխատանքը, քան դառնալ Նիկոլի քմահաճույքների պատանդը:
Իհարկե՝ կան նաեւ թուլամորթ համաձայնվողներ, կարիքավորներ, որոնք սոցիալապես սուղ վիճակում են կամ հազիվ գտնված աշխատանքն իրենց ընտանեկան եկամտի միակ աղբյուրն է: Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցվող պատարագին մասնակցելու համար հիվանդ վիճակում Վեդիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը, որը հազիվ էր ոտքի վրա կանգնում, լրագրողին պատմում էր, թե ինչպիսի դժվարությամբ է հասել եկեղեցի, քանի որ պարտադրված էր եւ այլ ելք չուներ: Երկար չցանկացավ խոսել՝ վախենալով, որ իրեն կարող են հետեւել: Այսինքն՝ ոմանք ճարահատյալ գալիս են, բայց, մեծ հաշվով, Նիկոլի շուրջը մարդ չի հավաքվում՝ այնքան մարդ, որքան ինքը կուզեր:
Իսկ ամենահետաքրքիր դիպվածն անցած շաբաթ օրն էր. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարեց առ այն, որ հունվարի 10-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեւորգ Սարոյան եպիսկոպոսն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Որպես պաշտոնական հիմնավորում՝ հայտնվում է. «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը»։
Բայց քանի որ Փաշինյանն է, այսպես ասած, որոշում, թե ով եւ ինչ հիմունքներով չի ազատվում այս կամ այն թեմերի առաջնորդ լինելուց, որոշեց, որ Գերաշնորհ Տ. Գեւորգ Սարոյանը մնում է Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Սա զավեշտ է՝ երկրի ղեկավարը ինքն իրեն կարգել է «կաթողիկոս»։ Թերեւս՝ վարչապետի աթոռը ձեռքից չտալու պայմանով, այսինքն՝ համատեղության կարգո՞վ…
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Բարի լուրը Հայաստան հասավ հունվարի 14-ին. ադրբեջանական բանտերից ազատ արձակվեցին 4 հայ գերի՝ Դավիթ Դավթյան, Գեւորգ Սուջյան, Վագիֆ Խաչատրյան եւ Վիգեն Էուլջեքյան։ Վերադարձված չորս գերիներից երեքը՝ Սուջյանը, Դավթյանը եւ Էուլջեքյանը, գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին ու 11-ին՝ Շուշի ուղեւորվելիս։ Որ քաղաքն արդեն ադրբեջանական հսկողության տակ է՝ պաշտոնական Երեւանը չէր հաղորդել։ Անտեղյակ խաղաղ բնակիչներին Ադրբեջանի իրավապահները քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ էին վերագրել՝ լրտեսությունից մինչեւ ահաբեկչություն։ Իսկ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը գերեվարվել էր Հակարիի կամրջից, որտեղով Շտապ օգնության մեքենան նրան Երեւան էր տեղափոխում՝ սրտի վիրահատության:
ՀՅԴ-ն 2026թ. կայանալիք ընտրություններին մտադիր է մասնակցել դաշինքային ձեւաչափով։ Հունվարի 13-ի իր ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա նշել է, որ այս որոշումը կայացրել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովում: ՀՅԴ-ական գործչի խոսքով՝ դաշինքի կազմավորման ուղղությամբ առաջիկայում սկսելու են քննարկումներ եւ բանակցություններ: Առաջնային քննարկումը, ըստ նրա, «Հայաստան» դաշինքի գործընկերների հետ է լինելու: «Հավակնում ենք հենց այս դաշինքն ընդլայնել»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը: Իսկ այն հարցին, թե արդյոք դաշինքը ղեկավարելու է Ռոբերտ Քոչարյանը, Սաղաթելյանը պատասխանել է, որ դեռեւս հայտնի չէ, վերջնական որոշում չունեն:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հունվարի 12-ին Վեդիի բնակչի՝ վարչապետի ներկայությամբ կիրակնօրյա պատարագին մասնակցության առթիվ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազություն: ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը կասկածներ ունի, որ տեղի է ունեցել հանցագործություն. քաղաքացին ոչ թե իր կամքով է գնացել, այլ՝ հարկադրված, խախտվել է քրեական օրենսգրքի՝ հավաքների մասնակցելուն հարկադրելու հոդվածը: Վեդիի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում ընկերության աշխատակիցը նախօրեին լրագրողներին սկզբում ասում էր, թե պահանջել են, որ հասնի Մասիս, հետո էլ, թե՝ իր ցանկությամբ է եկել: Գլխավոր դատախազությունն արդեն ստացել է բողոքը: «Ազատությանը» փոխանցեցին, որ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել դրան:
«Զանգեզուրի միջանցքը կարող է գործարկվել մինչեւ 2030 թվականը». «Անադոլու» լրատվականին այդ մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ ընդծելով, որ գործընթացը սկսվել է ԱՄՆ-ի մասնակցությամբ։ «Մենք անցած տարվանից սկսել ենք Կարս-Իգդիր-Արալըկ-Դիլուջու երկաթգծի շինարարությունը, որը կարեւոր է Զանգեզուրի միջանցքի համար, Ադրբեջանն էլ է Նախիջանի հատվածում աշխատանքներ իրականացնում»,- ասել է թուրք նախարարը։ Անկարան անցած օգոստոսին սկսեց Կարսից դեպի Նախիջեւան՝ 224 կմ երկարությամբ նոր երկաթգծի շինարարությունը, որով Թուրքիան կկապվի Ադրբեջանի, ապաեւ՝ տարածաշրջանային մյուս ցանցերի հետ։

