18.07.2019

Еженедельный Обзор

9-16 փետրվարի

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի փետրվարի 12-ի նիստում ներկայացրեց Կառավարության ծրագիրը, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին։ Քննարկումը տեւել է շուրջ 8 ժամ: 53 պատգամավոր էր հերթագրվել Փաշինյանին հարցեր ուղղելու համար: Ներկայացնելով Կառավարության ծրագիրը, վարչապետն ազդարարել է Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը: Ըստ նրա, դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց հեղափոխության քաղաքական փուլը, եւ երկրում տեղի ունեցած փոփոխությունները դարձան անշրջելի: «Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում եւ այժմ հաղթելու է աղքատության, գործազրկության ու խեղճության դեմ պայքարում»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ նոր Հայաստանի տնտեսական շարժիչ ուժը հետայսու լինելու են մարդկային միտքը, ինտելեկտը եւ նախաձեռնությունը:

Փետրվարի 13-14-ին ԱԺ նիստը շարունակվում էր. 13-ի նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված՝ պատգամավորների հարցերը, եւ մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել էր 43 պատգամավոր: Հաջորդ օրը՝ փետրվարի 14-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության ծրագրին: Կողմ քվեարկեցին 88, դեմ՝ 40 պատգամավորներ, ձեռնպահ չկա: Դեմ էին ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները:

Մի փոքր խախտելով մեկնաբանության ձեւաչափը՝ նպատակահարմար գտանք ներկայացնել վարչապետի ելույթի առնչությամբ ուշագրավ արձագանքներից մեկը, որը զետեղված է News.am կայքում: Հեղինակը «Ազգային օրակարգ» հիմնադրամի խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն է: Քանի որ Նիկոլ Փաշինյանը, ըստ Չալաբյանի, «լեզվի ճարտարության անսպառ պաշար ունի», հաճախ արտաբերած հետաքրքիր մտքերի հետեւում մութ է մնում չասվածը կամ վարպետորեն շրջանցվածը: Այս դիտանկյունից էլ հեղինակը փորձում է, այսպես ասած, «քողազերծել» ԱԺ-ում վարչապետի առաջին օրվա ելույթի որոշ դրվագներ: Այսպես.

«Ա) խոսելով պաշտոնյաների վարքագծից, վարչապետը բավական վիրավորական արտահայտվեց նախկին համակարգից մնացած պաշտոնյաների մասին, որոնք, իր իսկ խոսքերով, համակարգում 90% են կազմում։ Իրականում հանրության զգալի մասը դժգոհ է առաջին հերթին «նոր» պաշտոնյաներից, նրանց դիլետանտությունից ու մեծամտությունից, եւ առնվազն տարօրինակ էր սլաքներն ուղղել այն մարդկանց վրա, որոնց շնորհիվ պետական կառավարման համակարգն այս ընթացքում քիչ թե շատ կայունություն է ապահովել: Բ) Արցախի հարցում վարչապետը նորից խույս տվեց պատասխանելուց, թե որն է իր դիրքորոշումը կարգավորման հարցում՝ նորից վերադառնալով իր մանիպուլյատիվ հնարքին, թե դա Արցախի ժողովրդի որոշելիքն է։ Արցախի համար կռվել է ողջ հայ ժողովուրդը, պատերազմից հետո էլ Արցախի սահմանները պաշտպանում է դարձյալ ողջ հայ ժողովուրդը: Ուրեմն նրա գլխավոր՝ հայաստանյան հատվածի ընտրված ղեկավարը առնվազն պետք է դիրքորոշում ունենա կարգավորման նպատակների ու մոտեցումների վերաբերյալ եւ չվախենա դա հայտնել ի լուր աշխարհի, այլապես մեզ չեն հարգի մյուս կողմերը։ Գ) Խոսելով Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների լուծարման մասին, Նիկոլ Փաշինյանը շարունակեց բանեցնել նույն մանիպուլյատիվ հնարքները։ Ինձ համար առնվազն ակնհայտ է, որ այս նախարարությունների լուծարումը ոչ մի խելամիտ հիմնավորում չունի, եւ դրա նպատակը համազգային մասշտաբի ցանկացած խնդրի ստորադասումն է Հայաստանի ներքաղաքական օրակարգին: Պատահական չէ, որ անդրադարձ չեղավ պետության կողմից հայրենադարձության աջակցությանը՝ Նիկոլը Փաշինյանը շրջանցեց տվյալ թեման՝ փաստացի վերադառնալով այս հարցում նախորդ իշխանությունների խուսափողական մոտեցմանը։ Դ) Խոսելով տնտեսական զարգացումից, Փաշինյանը, բացի ենթակառուցվածքներից, ուրիշ որեւէ լծակ չնշեց եւ իր կողմից շրջանառության մեջ դրված «տնտեսական հեղափոխություն» կասկածելի եզրույթը փորձեց հիմնավորել քաղաքացիների վարքագծի փոփոխությամբ՝ մոռանալով թռիչքաձեւ աճի, վիթխարի ներդրումների մասին տված իր բարձրագոչ խոստումները եւ շրջանցելով այն, որ սեփական իսկ ծրագրում տնտեսական աճի թիրախը դրված է ընդամենը 5%, այն դեպքում, երբ մինչեւ հեղափոխությունը այն կազմում էր 7-8%: Ի դեպ, 7% տնտեսական աճը այն նվազագույն մակարդակն է, որի դեպքում Հայաստանում տեղի է ունենում աշխատատեղերի աճ, այլապես երկրում առկա ահռելի գործազրկությունը եւ արտագաղթը հնարավոր չէ հաղթահարել։ Ե) Փաշինյանը իր ողջ ճարտասանությունն օգտագործեց՝ եւս մեկ անգամ հիմնավորելու իր սուպերվարչապետական լիազորությունները։ Ակնհայտ է արդեն, որ Կառավարության նոր կառուցվածքում Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն առանձին նախարարություններ չեն դառնում, իսկ սահմանադրական փոփոխությունների մասին Կառավարության ծրագրում նույնիսկ խոսք չկա։ Փաշինյանը շատ արագ տրվեց իր նախորդի գայթակղությանը՝ անմնացորդ վերցնել ամբողջ իշխանությունը եւ իրեն ենթարկել բոլոր ուժային կառույցները: Այսօր վարչապետին առայժմ ծափ տվողները (արդեն պակասած թվով) պետք է գիտակցեն, որ բացարձակ իշխանությունը բացարձակ այլասերում է, եւ դա վերջի սկիզբն է դառնալու, ինչպես արդեն եղել է նախկինում՝ Սերժ Սարգսյանի օրոք»:

Ծրագիրը քննադատաբար են գնահատել թե՛ խորհրդարանական մյուս երկու ուժերը՝ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ը, եւ թե՛ արտախորհրդարանական ՀՅԴ Գերագույն մարմինը:

 

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը որոշել է կասեցնել իր անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Այդ մասին նա փետրվարի 11-ին գրել է ֆեյսբուքյան էջում՝ հաջողություն մաղթելով կուսակցական գործընկերներին։ «2018թ. խորհրդարանական ընտրություններն առիթ դարձան, որպեսզի 16 տարիների պետական ծառայությունից հետո, որոնցից 7-ն ակտիվ քաղաքական գործունեության շրջան էր, մտածել գործունեության նոր ուղղությունների մասին։ Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատասխանատու պահերին ամենավատ որոշումը, որ կարելի է կայացնել, ուղղակի դիտորդի դեր ստանձնելն է։ Չեմ արել դա նախկինում, չեմ անելու նաեւ այժմ»,- գրել է Հովհաննիսյանը:

…Նրա խոսքով` անցած շաբաթ ստացել է փաստաբանական գործունեության իր արտոնագիրը եւ մտադիր է միանալ այն փաստաբանների հանրույթին, «որոնք չեն ընկրկում պաշտպանել իրենց վստահորդներին՝ անկախ հասարակական տրամադրություններից»: Հովհաննիսյանը դա բնական է համարում` գիտակցելով, որ իրավական պետությունը կարող է կայանալ այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ունի պաշտպանության եւ իրավունքի իրացման հնարավորություններ ու երաշխիքներ։ Նախորդ շաբաթը ԱԺ նախկին փոխնախագահի կյանքում նշանավորվել է եւս մեկ կարեւոր իրադարձությամբ` նա հիմնադրել է հասարակական կազմակերպություն, որի նպատակն է լինելու վերահսկել երկրում տեղի ունեցող գործընթացները, վերհանել խնդիրները, բայց դրա հետ մեկտեղ առաջարկել լուծումներ։ «Ես շարունակելու եմ իմ ակտիվ ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներին, խորքային վերլուծության եմ ենթարկելու կայացվող որոշումները, անհրաժեշտության դեպքում չեմ խորշելու սուր քննադատություն հնչեցնելուց»,- շարունակել է Հովհաննիսյանը՝ ակնկալելով, որ իր ասածը կդիտարկվի բացառապես քաղաքացիական հասարակության մաս կազմելու անկեղծ ցանկության եւ, ըստ էության, համակողմանի ու հավասարակշռված կարծիք արտահայտելու պատեհ հնարավորության համատեքստում:

Անշուշտ, երկրին ծառայելու համար, բացի քաղաքականությունից եւ պետական ծառայությունից, կան նաեւ այլ կարեւոր հարթակներ, որոնք պահանջում են իրական նվիրվածություն եւ արհեստավարժություն։ Տիկին Արփինեի նվիրվածության մասին կդժվարանանք որեւէ բան ասել, դա ամենալավը կարող են գնահատել նրանք, որոնց նվիրվածորեն ծառայել է ավելի քան մեկուկես տասնամյակ: Ինչ վերաբերում է արհեստավարժությանը` այո, մասնագիտական կատարելությունը նրանից չես խլի: Երկրի արդարադատության նախկին թիվ մեկ պատասխանատուն հիրավի` որպես պրոֆեսիոնալ իրավաբան, լավագույններից է, եւ դա կարողացել է ապացուցել նույնիսկ ՀՀԿ-ի շարքերում ծառայելիս: Սակայն մի բան է լինել պրոֆեսիոնալ կամ լավագույնը, բոլորովին այլ բան, թե ում կամ ինչին ես ծառայեցնում քո լավագույն որակները: «Դավիթ եւ ընկերներ» խորհրդատվական ընկերությունում, որը եզակի է համարվում իր տեսակով, թիմով ու գործունեության ձեւաչափով, մասնագիտական իր առաքելությունն իրականացնելիս ո՞ր ուղին է ընտրելու ԱԺ նախկին փոխխոսնակը: Ինչ-որ անձանց շահե՞ր է սպասարկելու, թե՞ իր փորձն ու գիտելիքները ծառայեցնելու է հանուն իրավունքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կամ երկրի գործարար ու ներդրումային միջավայրի բարելավման նպատակի, որն ընկերության կանոնադրական նորմերից է:

Չէ՞ որ նա այժմ, ինչպես ինքն է ասում, ավելի ազատ է՝ անաչառ ու կշռադատված որոշում կայացնելու համար: Եվ, մանավանդ, ուսերից այլեւս գցել է ՀՀԿ-ի ավելորդ բեռը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

14 июня 2019
24 мая 2019
10 мая 2019
08 марта 2019
15 февраля 2019
07 декабря 2018
19 октября 2018