Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Անցած շաբաթ օրը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 35-րդ տարեդարձով: Ուղիղ երեսունհինգ տարի առաջ, երբ համազգային ցնծության ու խանդավառության պայմաններում ընդունվում էր մեր Անկախության ծննդյան վկայականը՝ Հռչակագիրը, ոչ ոքի մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ նրան պաշտպանելու անհրաժեշտություն երբեւէ կառաջանա, այն էլ՝ ՀՀ իշխանությունից: Ավելի ստույգ՝ հետանկախական իշխանությունների չորրորդ սերնդից, որն ամենաերիտասարդը լինելով՝ ամենաանհաջողը դուրս եկավ բոլոր առումներով: Նա մեզ ողբերգական ելքով 44-օրյա պատերազմ բերեց, որը կարող էր եւ չլինել:
Պատերազմից անցել է շուրջ հինգ տարի, սակայն երկիրը դեռ չի կարողացել շտկել մեջքը: Հաղթող կողմը շարունակ պահանջներ ու նախապայմաններ է թելադրում, որոնք պարտված ու նվաստացված «ազգակործան պատուհասը» գլուխը կախ կատարում է: Այդ թվում՝ ՀՀ անկախության Հռչակագիրն ու Մայր օրենքում դրան փոխկապակցված դրույթների բովանդակությունը թշնամու ճաշակով վերաձեւելու պահանջը: Հռչակագրի 35-րդ տարեդարձի առթիվ ժողովրդին հասցեագրված ուղերձում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ուշագրավ հղում է բերել՝ հիմնավորելու համար մեր պետականության հիմնարար փաստաթղթերն Ադրբեջանի պատվերով ձեւափոխելու իր որոշումը:
Ուղերձում մասնավորապես ասված է՝ 1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ ԳԽ ընդունած՝ Անկախության հռչակագրի առանցքային դրույթները «կոնֆլիկտային էին եւ արտահայտում էին մեր հավաքական հայրենասիրության այն մոդելը, որ Խորհրդային Միության կողմից կաթիլ-կաթիլ, բայց հետեւողականորեն մեզանում սերմանվել էր 1950–ականներից՝ երկաթյա վարագույրի հաստատման եւ Սառը պատերազմի մեկնարկի միջավայրում»: Ըստ Փաշինյանի, այսպես ձեւավորված «մեր սոցիալ-հոգեբանությունն է, որ հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը»։ Պետք չէ 1988-ի համազգային շարժման համար «մեղավորներ» փնտրել՝ այն զանցանք չէ, ողջ ժողովրդի հոգու պոռթկումն էր, ազգային ինքնության զարթոնքը, եւ այդպիսին կմնա ընդմիշտ:
Այնուհետեւ ուղերձի հեղինակը փորձում է համոզել, որ ԽՍՀՄ-ի կողմից ձեւավորված «սոցիալ-հոգեբանությունը» 90-ականներին փոխանցվել է Հայաստանում ձեւավորված սերունդներին եւ սոցիալ-հոգեբանության խորքային ու ենթագիտակցական նպատակը ՀՀ անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինությունն էր, որովհետեւ, նրա խոսքով, «շուրջանակի կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել»: Փաշինյանը տեղին է համարում հիշեցնել ԼՂ շարժումը չշարունակելու վերաբերյալ իր հայեցակետը եւ շեշտել, որ դրանով ինքը կանխել է մեր անկախության վերացմանը սպառնացող վտանգը:
Ուղերձի տրամաբանությունն ընդհուպ մոտենում է անհեթեթությամբ հայտնի մեկ այլ թեմայի՝ Իրական Հայաստանի մասին «տրակտատին», որի մասին, առհասարակ, ոչ ոք՝ բացի դրա հեղինակից, չի խոսում. «Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու եւ այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, եւ այդ ռազմավարության արտահայտությունն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ»,- հայտարարում է Փաշինյանը: Ի՞նչ է ստացվում…
Վերը նկարագրված զույգ պարբերություններում նա, փաստացի, խոստովանում է, որ իր գլխավորած կառավարությունը Հայաստանի «իրական անկախությունը» պահպանելու համար գիտակցաբար թշնամուն է փոխանցել հազարամյակների պատմություն ունեցող հայրենիքի չնաշխարհիկ մի հատվածը՝ Արցախը: Պարզ ասած՝ այն զոհաբերել է հանուն ՀՀ անկախության պահպանման, հանուն թուրք-ազերական սին խոստումների եւ հանուն իր հերյուրած՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության, որի պայմաններում, ըստ նրա, հնարավոր են դարձել Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եւ Թուրքիայի հետ իրական երկխոսությունը: Անկախություն ձեռք են բերել ԽՍՀՄ բոլոր 15 հանրապետությունները, բայց ոչ ոք հանուն դրա տարածք չի կորցրել:
Փաշինյանի ինքնախոստովանանքը ոչ այլ ինչ է, քան հաղորդում հանցագործության մասին, որով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, եթե մենք իսկապես իրավական, ժողովրդավարական երկիր ենք: Ամենայն հավանականությամբ՝ ՀՀ սահմանադրությունն ու օրենքները բազում անգամներ ոտնահարած, ժողովրդի գլխին հազարումի արհավիրք բերած այս անձը չի գիտակցում, թե ինչեր է արել մեր պետականության հետ եւ դեռ շարունակում է անել: Ավելին՝ հպարտանում է իր եւ ՔՊ-ական իր տգետ թիմի «փայլուն նվաճումներով», որոնցով կարողացել են հասնել «անհավանական թվացող հանգրվանի».
«ՀՀ-ն այսօր ավելի անկախ է, քան երբեւէ, ավելի ինքնիշխան է, քան երբեւէ, ավելի պետություն է, քան երբեւէ, ավելի բարեկեցիկ է, քան երբեւէ, ավելի հեռանկարային է, քան երբեւէ, որովհետեւ խաղաղ է։ Խաղաղությունը հաստատված է եւ այն պետք է ամենօրյա խնամքի ու հոգատարության առարկա դառնա, այն պետք է դառնա ինստիտուցիոնալ»,- այս էլ որերորդ անգամ՝ առանց ամոթի եւ խղճի խայթի հայտարարում է ազգադավը, երբ իրական հողի վրա ոչ մի խաղաղություն էլ Երեւանի եւ Բաքվի միջեւ հաստատված չէ… իսկ արդի իրավիճակը բնորոշող նրա բոլոր որակումները (ավելի անկախ է, ավելի ինքնիշխան է եւ այլն) պետք է հասկանալ ժխտական եղանակով, որովհետեւ ինքը միշտ «ծուռ հայելու» մեջ է տեսնում իրականությունը:
Շաբաթվա ընթացքում չէր դադարում աղմուկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ: Պաշտոնական տեղեկությամբ՝ մոտ երկու ամիս է, ինչ մեկնարկել է հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ «Հավերժության տաճարի» թեք մույթերի ու վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը: Իշխանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ Ցեղասպանության հուշահամալիրի նորոգման ընթացքում թե՛ թանգարանը, եւ թե՛ բուն հուշահամալիրը բաց են լինելու այցելուների ու պաշտոնական պատվիրակությունների համար: Այդ նպատակով մույթերը հերթով են նորոգվում. այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները:
Տեղեկատվական այս ժլատ, առաջին հայացքից սովորական տողերն էին սոցցանցերում եւ տարբեր լրատվական հարթակներում դարձել մեծ աղմուկի, բանավեճերի ու, անգամ, փոխադարձ վիրավորանքների պատճառ: Քննարկումներում ընդգրկված մասնակիցների մի մասը, այսպես ասած՝ մեծամասնությունը, դավադրապաշտական դիրքերից պնդում է, թե Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը քանդում են՝ Թուրքիայի պատվերն է եւ այլն, մյուս հատվածը առաջիններին թուքումուր է տալիս, թե՝ այ մարդ, վերանորոգման աշխատանքներ են տարվում, ինչի՞ եք խառնվել իրար, լավ բան են անում՝ դժգոհ եք, վատ բան են անում՝ դժգոհ եք: Ի՞նչ է ձեր ուզածը:
Խնդիրը, սակայն, «ուզել-չուզելը» չէ: Իշխանություններն ուղղակի սպառել են իրենց նկատմամբ հանրության վստահությունը՝ այս մտքի ամենալայն իմաստով: Շատ են իրարից հեռացել՝ հանրություն-իշխանություն ահռելի ճեղք կա, որը ոչ մի բանով չես փակի: Ցեղասպանությունը զգայուն թեմա է: Նրանց, ովքեր մտավախություններ ունեն, որ ՀՀ թրքամետ վարչապետի հրահանգով ուզում են նորոգման պատրվակի ներքո քանդել տաճարը, կարելի է հասկանալ: Փաշինյանն իր եւ թիմի նկատմամբ մարդկանց հավատն ու վստահությունը կորցրել է այն ժամանակ, երբ կասկածի տակ դրեց Ցեղասպանության իրողությունը՝ հայտարարելով, թե մենք դեռ պիտի պարզենք, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին եւ՝ ում մեղքով:
Ժողովուրդը շատ զրկանքներ է կրել 2018-ից այս կողմ, նրան չես մեղադրի, երբ ասում է՝ քանդում են, որպեսզի մեր աչքն ընտելացնեն քանդած մույթերին, մյուս շինություններին, ապա փուլ առ փուլ վերացնեն հուշահամալիրը, ջնջեն համայն հայության պատմական հիշողությունը՝ նրա ինքնության մի կարեւոր մասը: Եզրափակենք՝ ստորեւ ներկայացնելով ֆեյսբուքյան մի քանի գրառում՝ խնդրո առարկա թեմայով: Ահավասիկ.
ա/ «Երեկ տեղում նկատել եմ բազալտե հսկա քարեր, կոտրած կտոր-կտոր հանած, ընդ որում՝ կոտրած էր մույթերի վրայից պերֆերատրով։ Եթե էդ հսկա քարերը էդպես կպած են եղել, դրանց հեռացնելու իմաստը ո՞րն ա», Գեւորգ Գասպարյան; բ/ «Ահավոր անխղճորեն քանդում են։ Չեմ հասկանում, թե մույթերի արտաքին սալիկները ջրահեռացման հետ ի՞նչ կապ ունեն… Ուշի-ուշով հետեւելու ենք, մտքներովդ չանցնի, թե կլղոզեք, կխաբեք, հուշահամալիրի գլուխը կուտեք», Նելի Հովսեփյան; գ/ «Աչքը տեսածից է վախենում։ Ժողովուրդն այնքան չի վստահում իշխանություններին, որ արդարացիորեն մտածում է՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ նորոգման անվան տակ հուշակոթողը չի խմբագրվի», Նաիրա Փայտյան։
Մոտավորապես այսպիսի տրամադրություններ:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ օգոստոսի 27-ի հրամանագրով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն ավելի վաղ հրաժարականի մասին գրավոր դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին: Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարի պաշտոնը 2021թ. օգոստոսից զբաղեցնող Նարեկ Մկրտչյանը նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել է Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան՝ չունենալով, ի դեպ, համապատասխան փորձ եւ կրթություն: Օգոստոսի 22-ին էլ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը հրաժեշտի ընդունելություն էր կազմակերպվել դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հրավերով օգոստոսի 29-ին մեկնեց Թեհրան, հաղորդում է ՀՀ ԱԽՔ գրասենյակը: Ըստ հաղորդագրության՝ այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Անցած շաբաթ Երեւանում էր Իրանի նախագահը: Փաշինյանի հետ նեղ եւ ընդլայնված կազմով բանակցություններից հետո Փեզիշքիանը հայտարարել էր. «Իրանի դիրքորոշումը սահմանների անփոփոխության մասին է ու գտնում ենք, որ այդ փոփոխությունն աշխարահաքաղական մրցակցության պատճառ կարող է դառնալ»: Իրանի ղեկավարը ընդգծել էր, որ դեմ են տարածաշրջանի հարցերը տարածաշրջանից դուրս գտնվող երկրների արտապատվիրակելուն:
Հուլիսի կեսերից Լեռնային Ղարաբաղում բռնկված հրդեհները չեն զիջում «դիրքերը»: Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, կրակը հասել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի տարածք։ «Հրդեհաշիջման աշխատանքները՝ չնայած այն հանգամանքին, որ քամոտ եղանակը բարդացնում է հրդեհի մարումը», շարունակվում են,- օգոստոսի 23-ին փոխանցել է APA գործակալությունը։ Ավելի քան մեկ ամիս առաջ բռնկված լայնածավալ հրդեհի պատճառների մասին չի հաղորդվել: Սա վերջին տասնամյակների ընթացքում ԼՂ-ում արձանագրված առաջին խոշոր հրդեհն է:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ երկրի Անկախության օրվա առթիվ շնորհավորանքի համար. «Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության վերաբերյալ եւ մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնությունը»,- X-ում գրել է Զելենսկին: Նա նաեւ հրապարակել է նախագահ Խաչատուրյանի ուղերձը, որում վերջինս գործակցությունը խորացնելու եւ ամրապնդելու հույս է հայտնել, ինչպես նաեւ խաղաղություն ու բարօրություն մաղթել ուկրաինացի ժողովրդին: Վարչապետ Փաշինյանը եւս շնորհավորական ուղերձ էր հղել Ուկրաինայի նախագահին՝ պետական տոնի առթիվ: