Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Որքան էլ զարմանալի լինի՝ շաբաթվա ընթացքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շղթայում ամենաքննարկվողը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մանդատի թեման էր՝ վայր կդնի՞ արդյոք մանդատը, թե՝ ոչ: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան Կառավարության վեց առանցքային անդամների ուղղված SMS-ային անակնկալ «խնդրանքներից» բաժին էր հասել նաեւ ԱԺ իշխանական խմբակցության երկու պատգամավորի՝ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին: Վերջինս, ի տաբերություն Զեյնալյանի, անտեսել էր մանդատը վայր դնելու առնչությամբ Փաշինյանի «խնդրանքը»:
Անցել է արդեն մեկ շաբաթ, բայց խորհրդարանի ամենակոլորիտային պատգամավորը, կարծես թե, միտք չունի մանդատը վայր դնելու եւ շարունակում է դիմադրել: Սա բավական մեծ խիզախություն է դիտարկվում հանրության գերակշռող հատվածի կողմից: Բայց կա նաեւ ստրկամիտ, ժողովրդավարության ու իրավաբարոյական արժեքներից կիլոմետրերով հեռու մի զանգված, որը չի պատկերացնում՝ ինչպես կարելի է մերժել երկրի առաջին դեմքի խոսքը: Դա, ըստ այդ զանգվածի, ոչ թե համարձակություն է, այլ՝ ամբարտավանություն: Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը պարզաբանում է, որ պատգամավորը պետք է առաջնորդվի Սահմանադրությամբ, ոչ թե գործադիրի ղեկավարի խնդրանքով։
Տվյալ դեպքում՝ «խմբային» պաշտոնանկությունների դրվագում, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի միջամտությունը՝ անգամ խնդրանքի ձեւով, հակասահմանադրական է: Սա ոլորտի մասնագետների միաբերան պնդումն է, եւ այս համատեքստում Աղազարյանը, բոլոր իր թուլություններով հանդերձ, միակն է բարձրաստիճան պաշտոնյաներից, որ չենթարկվեց բռնապետ շեֆի կամքին՝ հարգելով օրինականության պահանջը, ինչը չես ասի նույն Փաշինյանի մասին, որն իրեն վեր է դասում օրենքից: Դատաիրավական համակարգում իր միջամտությունը նա համարում է անխուսափելի, քանի որ ոլորտի անխափան աշխատանքի համար ինքն է պատասխանատու:
«Ես՝ որպես ՀՀ վարչապետ ու կառավարող կուսակցության վարչության նախագահ, պատասխանատվություն ունեմ դատական համակարգի նկատմամբ։ Ինչպե՞ս իրացնեմ այդ պատասխանատվությունը»,- նոյեմբերի 22-ին «Հ1»-ի եթերում՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահի հրաժարականին, Փաշինյանը հատուկ միամիտների համար հավելել է, որ դա ոչ թե իր հորդորն է եղել, այլ՝ խնդրանքը: Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավորներ Զեյնալյանի եւ Աղազարյանի դեպքին, ապա երկուսին էլ, իր ասելով, դիմել է «նույնկերպ ու նույն պատճառաբանությամբ, ինչպես, օրինակ, Արգիշտի Քյարամյանին»: Հավանաբար՝ հասկանալ է տալիս, որ թիմակիցների միջեւ խտրականություն չի դնում:
Աղազարյանը, թերեւս, նոյեմբերյան մեկօրյա աղմկահարույց պաշտոնանկությունների պատմության գլխավոր գործող անձն է, որի շուրջ զարգանում է այս նախընտրական հորինվածքի սյուժեն: Նա յուրայինների ճնշման տակ է, որոնք երկու ճակատի բաժանված՝ մի կողմից ստիպում են մանդատը դնել, մյուս կողմից հորդորում են չդնել: Նրա դեմ քրեական գործ են բացել Էմիրաթներ մանր եղջերավոր անասունների արտահանմամբ զբաղվող ինչ-որ բիզնես հովանավորելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն երկու անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվել է: Եվս մեկ գործ էլ հարուցվել է Քննչականի նախկին պետի հետ հայտնի միջադեպից հետո, երբ ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, թե պատգամավորն իր որդու հետ կապված քրեական գործին միջամտել է:
62-ամյա պատգամավորին, որը 50 հազար դոլար հիպոթեկային վարկ մարելու խնդիր ունի, նեղն են գցել, ու նման պայմաններում նա չի կարող մանդատ վայր դնել, ինչը կնշանակի զրկվել պատգամավորական անձեռնմխելիության հովանոցից: Ստիպված է մանդատի հարցը ձգձգել, մինչեւ Ռուսաստանից մանկության եւ ուսանողական տարիների ընկերոջ ժամանումը, որն իր համար բացառիկ հեղինակություն է, ուստիեւ, վստահ է, որ ամեն ինչ իր տեղը կդնի: Պարզ ասած՝ Աղազարյանին այժմ ոչինչ չի մնում անել, քան Մոսկվայից «տղա բերել»: Դե, մեր ժողովրդին էլ Աստված տվել է՝ բանուգործ թողած, Աղազարյանի մանդատի հարցն է քննարկում՝ արդյոք վայր կդնի՞, թե՞ ոչ…
Կիսակատակ մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 27-ին Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ: Նախագահի X-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, ինչպես նաեւ հաղորդվում է, որ Դուդան Պարույր Սեւակում մասնակցել է պարեկության, հանդիպել ԵՄ առաքելության լեհ անձնակազմի հետ, որը ստեղծված է անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Սա Լեհաստանի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 13 տարվա ընթացքում: Ադրբեջանում խանդով են հետեւում հայ-ադրբեջանական սահմանի, իրենց եզրութաբանությամբ, «հեռադիտակային շոուին»:
Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա. «Իզվեստիա»-ին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասախանելով հարցին, թե ՀԱՊԿ-ում իր աշխատանքները սառեցրած Հայաստանը նոյեմբերի 28-ին կմասնակցի՞ արդյոք Աստանայում կայանալիք նիստին եւ արդյո՞ք Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին։ Կոպիրկինը վստահեցրել է՝ ՌԴ-ն հավատարիմ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին`ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով։ Ի դեպ՝ Հայաստանի վարչապետը չմասնակցեց նոյեմբերի 28-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ հավաքին:
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կքննարկի Գեղամ Նազարյանի «հետագա գործունեության հարցը». այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը. «Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը, բնականաբար, չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը»,- ՖԲ-ում գրել է Խամոյանը՝ շեշտելով, որ իրենց թիվ մեկ օրակարգը մնում է այս իշխանություններին հեռացնելը։ «Եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա»,- ամփոփել է ընդդիմադիր պատգամավորը:
Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը բանակի անձնակազմին հանձնարարել է բարձր պահել զգոնությունն ու զորքի մարտունակությունը։ Այս մասին ասված է նոյեմբերի 23-ին նախարար Հասանովի գլխավորությամբ ծառայողական խորհրդակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում: «Պաշտպանության նախարարը հանձնարարել է էլ ավելի բարձրացնել զորքի մարտունակությունը, ինչպես նաեւ ճիշտ կազմակերպել զինվորական հերթապահությունը»: Աղբյուրի համաձայն՝ նիստի ընթացքում «վերլուծվել են ընթացիկ օպերատիվ պայմաններն ու հայ-ադրբեջանական պայմանական սահմանին զինվորական ծառայության կազմակերպումը»։
Հայաստանը ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը. Այս մասին հնդկական ANI լրատվական գործակալությանը հայտնել են Հնդկաստանի ՊՆ աղբյուրները։ Ըստ նրանց՝ ՀՀ-ին «Պինակա» համակարգերի մատակարարման պայմանագիրը կնքվել է մոտ երկու տարի առաջ՝ երկար բանակցություններից հետո։ «Հայաստանն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին հնդկական զենքի երեք խոշորագույն ներկրողներից մեկն է»,- նշել են գործակալության զրուցակիցները։ Ավելի վաղ Հնդկաստանը սկսել էր Հայաստանին մատակարարել «Աքաշ» զենիթահրթիռային համալիրներ։
Իսկ հունական Еnikos.gr կայքի հաղորդմամբ՝ «Հունաստանն էլ պատրաստվում է Երեւանին փոխանցել ՀՕՊ C-300 համակարգեր՝ փոխարինելով դրանք իսրայելական արտադրության սպառազինությամբ»։ Հունական լրատվամիջոցի պնդմամբ, Աթենքը պատրաստվում է Երեւանին փոխանցել իր զինանոցում գտնվող ռուսական արտադրության եւս 2 ՀՕՊ համակարգրեր։ «Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբը զգալի առաջընթաց է արձանագրել Հայաստանին ռուսական արտադրության սպառազինության տրամադրման հարցում»,- գրում է հունական թերթը։ Еnikos.gr կայքի տեղեկացմամբ՝ Հունաստանի ԶՈՒ զինանոցում եղած ռուսական սպառազինությունը Հայաստանին տրամադրելու նախաձեռնության հեղինակը Ֆրանսիան է։