Monday, 25 November 2024

E Editorial

Ինքնորոշման դեմ խաղ չկա

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Այս տարվա սեպտեմբերի վերջը եւ հոկտեմբերի սկիզբը ալեկոծեցին քաղաքական աշխարհը. Իրաքի Քրդստանը եւ Իսպանիայի Կատալոնիան անցկացրին անկախության հանրաքվեներ: Արագ փոփոխվող աշխարհում եւս մեկ անգամ իրեն զգալ տվեց ինքնորոշում երեւույթը: Եվ ինչպես կարելի էր ակնկալել, ինքնորոշված ազգերի դեմ մեղադրանքներ հորդացին բոլոր կողմերից: Չնայած միջազգային հանրությունը ճանաչում է ինքնորոշման իրավունքը, դրա իրականացման ցանկացած փորձ, որպես կանոն, բախվում է միջազգային համընդհանուր ժխտողականության պատին:

Եվ դա զարմանալի չէ. ինքնորոշման գործընթացը ժողովրդին քաղաքական ազգի վերածելու աշխատաեղանակ է, որն ինքն է ընտրում եւ հայտարարում իր ռազմավարական նպատակը, իրավունքները, արժեքներն ու սկզբունքները: Ինքնորոշումը ծնում է բանավեճ իրավունքի մասին: Քաղաքական իրողությունների անփոփոխելիությանը սովոր «բարգավաճ» ժողովուրդներին այնքան էլ դուր չեն գալիս ինքնիշխանության եւ անկախության հավակնող նոր թեկնածուները, հատկապես նրանք, ումից ինքնորոշված ​​ժողովուրդները հեռանում են:

Բայց կյանքը հաշվի չի նստում հակադրվողների ցանկությունների հետ: Ինքնորոշման արդյունքում ձեւավորված ինքնիշխանությունը շատ արագ ծնում է ինքնորոշված ազգի համար ուժի աղբյուր եւ բավարար պաշարամիջոցներ: Ուժեր, որոնք կարող են ապահովել նրա կենսունակությունը եւ կենսականությունը: Նման պաշարամիջոցը ձեւավորվում է առարկայական աշխարհի հետ հարաբերությունների արդյունքում, քանի որ ինքնորոշված սուբյեկտը միջազգային հարաբերություններում շատ արագ ստանձնում է մի դեր, որը բոլորին ստիպում է հաշվի նստել իր հետ:

Եվ սրանում ոչ մի առեղծված չկա. նոր ձեւավորվող սուբյեկտի նկատմամբ այլ սուբյեկտների կողմից անմիջապես ձեւավորվում է «բացասական» եւ «դրական» վերաբերմունք՝ դրանով իսկ ապահովելով ուժերի հավասարակշռությունը, որոնք երաշխավորում են ինքնորոշված ​​ժողովրդի անվտանգությունն ու անկախությունը: Այսինքն՝ հակադրվողների հույսն առ այն, որ ինքնորոշվող ժողովրդին հնարավոր է հեշտությամբ մեկուսացնել եւ ճնշել նրա կամքը, ի սկզբանե անհիմն է:

Ինքնորոշման դեմ ոչ մի խաղ չկա: Բոլորը սրանում շատ արագ համոզվում են, երբ ձեւավորվում են ինքնորոշված ​​ժողովրդի կողմնակիցների ու հակառակորդների ճամբարները: Սա սովորաբար տեղի է ունենում այն բանից հետո, երբ շվարած մետրոպոլիան, որն, իբրեւ կանոն, գտնվում է իրողությունների ողջամիտ ընկալման շատ ցածր աստիճանի վրա, առաջին անգամ ուժ է կիրառում:

Հետեւելով աշխարհակարգի փոխակերպումների ներկա շրջափուլում (սկսած 1985 թվականից) շատ պետությունների ու ժողովուրդների պատուհասած աղետներին, կարելի է մատնանշել աշխարհի բանական ընկալման ցածր աստիճանի հանգուցային պատճառը` հակվածությունը «սառը պատերազմի» ժամանակաշրջանի մտակաղապարներին: ԽՍՀՄ-ը, Հարավսլավիան, Ուկրաինան այդպես էլ չկարողացան գիտակցել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված կայուն աշխարհակարգը` աշխարհում ուժերի հարաբերակցության կտրուկ փոփոխության պատճառով, կորցրել է իր արդյունավետությունը:

Չգիտակցվեց այն հանգամանքը, որ «սառը պատերազմի» շրջանում կազմավորված սահմաններն ու միջազգային հաստատությունները չեն կարող պաշտպանված լինել ո´չ միջազգային իրավունքի նորմերով, ո´չ համաշխարհային առանցքային տերությունների ազգային շահերով: Չգիտակցվեց նաեւ այն, որ պետությունները կորցրել են իրենց միջազգային դերերը, քանի որ դրանք կանխորոշված էին նույն աշխարհակարգի բնույթով: 2011 թվականին սկիզբ առած «Արաբական գարունը» արագ ցույց տվեց, որ աշխարհում արդեն սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայումը: Այդ ժամանակահատվածում ձեւավորված Մերձավոր Արեւելքի երկրները սկսեցին քայքայվել արեւմտյան քաղաքականության հարձակման ներքո:

Միեւնույն ժամանակ այդ պահից սկսած՝ ի հայտ եկավ մեկ այլ միտում.  աշխարհակարգի հիմնական հաստատություններն այս կամ այն չափով կաթվածահար էին լինում կամ՝ քայքայվում: 2011-ին Աստանայի գագաթաժողովում ԵԱՀԿ-ն չկարողացավ նույնիսկ գործողությունների ծրագիր ընդունել, իսկ Եվրամիությունը կանգնել էր իր հետագա գոյության նպատակահարմարության փաստի առջեւ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.