Tuesday, 26 November 2024

W Weekly Update

3-10 դեկտեմբերի

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Երեւանում դեկտեմբերի 5-ից պաշտոնապես մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը։ Մրցույթի բացման արարողությունը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում, որտեղ այս տարվա մասնակից 16 երկրների պատվիրակները սկզբում քայլեցին կարմիր գորգի վրայով, ապա միասին վառեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց հատուկ մրցույթի համար գրված մյուզիքլ, բեմում ելույթ ունեցան նաեւ «Մանկական Եվրատեսիլ»-ի տարբեր տարիների հաղթողներն ու մրցույթի հայ մասնակիցները։ Մրցույթի գլխավոր համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

 

Մեկնաբանությունը

Ինչ խոսք, «Մանկական Եվրատեսիլ»-ը, որն իր ստեղծման օրվանից ի վեր 19 մրցույթ է անցկացրել, երեխաների ամենասիրելի ու ամենասպասված երաժշտական տոներից է: Հոբելյանական՝ 20-րդը, ինչպես արդեն հայտարարվել է, տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ Մարզահամերգային համալիրում: Ըստ վիճակահանությամբ որոշված մրցութային համարների հերթականության, մրցույթը կբացի Նիդերլանդների ներկայացուցիչ Լունան, իսկ այն կեզրափակի Ուկրաինայի պատվիրակ Զլատա Ձյունկան: Հայաստանը DANCE! երգով ներկայացնող 14-ամյա Նարեն հանդես կգա 15-րդ համարի ներքո:

«Մանկական Եվրատեսիլ»-ը երկրորդ անգամ է այցելում Հայաստան: Առաջին անգամ Երեւանը եվրատեսիլյան մրցույթը հյուրընկալել էր 2011 թվականին՝ արցախցի պատանյակ Վլադիմիր Արզումանյանի հաղթանակից հետո։ Իսկ այս տարի Հայաստան բերված մրցույթի համար պարտական ենք Մալենային, ով 2021-ին Փարիզը «նվաճեց» իր «Քամի, քամի» երգով: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: 16 երկրից ՀՀ մայրաքաղաք այցելած ներկայացուցիչներին կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Հոլը Հայաստանում ընդունված խաղ ու խաղալիք է: Ցանկանք, որ Երեւանում նրա պտույտները գործեն ամենաարագը: Եվ՝ ամենաարդյունավետը:

Բայց ցանկությունը մեկ բան է, այն իրականություն դարձնելը՝ բոլորովին այլ: Այսօրվա դրությամբ սպասելիքները լավատեսություն քիչ են ներշնչում: Սոցցանցերում առաջին արձագանքները կազմակերպչական խոտանի մասին են վկայում: Շատ օգտատերեր անդրադառնում են տոմսերի վաճառքի «չափազանց վատ» կազմակերպման խնդրին՝ համարելով, որ այդ գործում ոչ արհեստավարժ մոտեցում է ցուցաբերվում, ինչը, ոմանց կարծիքով, արվում է տոմսերի վաճառքը «այլ սխեմաներով իրականացնելու նպատակով»: Ի դեպ, տոմսերի արժեքը տատանվում է 5 հազարից մինչեւ 30 հազար դրամի միջակայքում:

Միջոցառում կազմակերպելու արատավոր պրակտիկայի մենք վերջին անգամ ականատես ենք եղել սեպտեմբերին Երեւան այցելած՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ճեպազրույցի համատեքստում: ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հանկարծ խափանվեց բարձրաստիճան հյուրի ելույթի թարգմանությունը հեռարձակող սարքը, որը փոխելուց հետո դարձյալ խնդիրը չլուծվեց՝ թարգմանությունը մի պահից սկսած այլեւս չէր լսվում: Հետո տապալվեց թարգմանչուհու համաժամանակյա թարգմանության փորձը եւս, ու անհարմար իրավիճակ ստեղծվեց: ԱԺ աշխատակազմը, փաստորեն, ընդունակ չեղավ անգամ մի հասարակ գործ գլուխ բերել եւ արժանացավ տեղին քննադատությունների:

Վերադառնալով «Մանկական Եվրատեսիլ»-ին, հարկ է արձանագրել, որ այն զուգադիպել է Ամանորի նախապատրաստության շրջանի հետ, որի եռուզեռը Հայաստանում սովորաբար սկսվում է դեկտեմբերի առաջին օրերից: Մրցույթի հյուրերը բացման արարողության ժամանակ վառեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, հիացան երփներանգ լույսերի ճոխությամբ ու հրապարակի շքեղությամբ: Նրանք տեսան երկրի «նախամուտքը»՝ շենշող, պերճաշուք, տպավորիչ: «Հետնամուտքը» մնաց աննկատ՝ այնտեղ մեր վերապրելիք ցավերն են, մեր եռապատկված Եռաբլուրը, Հայաստանի ու Արցախի վերքերը: Այն ամենի աղետալի հետեւանքները, որը վերջին չորսուկես տարում հայության գլխին բերեց այս ապիկար իշխանությունը:

Իշխանություն, որի ցանկացած ձեռնարկ, ձեւաչափ, հանդիպում, բանակցություն, նույնիսկ առաջին հայացքից խոստումնալից թվացող ցանկացած գործ միշտ տխուր ավարտ է ունենում: Այդպես եղավ նաեւ Ամանորի առթիվ Հանրապետության հրապարակում տոնական լուսավորություն անցկացնելիս, ինչի արդյունքում տուժեց հրապարակի շենքերի ճարտարապետական տեսքը՝ հարուցելով հանրության ու մասնագիտական շրջանակների դժգոհությունը: Լուսավորության լարերն անցկացնելու համար տուֆակերտ, զարդանախշ շենքերի ճակատամասերը հազարավոր տեղերից մեխապատվեցին, անցքեր բացվեցին անգամ էլեկտրական շաղափիչով (դռել):

Սոցցանցերում մեծ աղմուկ էր բարձրացել: Երեւանի քաղաքապետը խոստովանեց, որ զարդարանքների ժամանակ սխալներ են թույլ տվել։ Այսինքն՝ ուզում էին հանուն հանրային համերաշխության մի լավ բան անել՝ ստեղծել համընդհանուր բարձր տրամադրություն, բայց հակառակը ստացվեց: Հասարակությունը դարձյալ բաժանվեց երկու մասի՝ ճոխության կողմնակիցների եւ ավելորդ շռայլությունն այպանողների: Առաջին խումբը երկրորդին համարում էր «չուզողներ», երկրորդն առաջինին՝ «չտես գեղցիներ» ու ցուցամոլներ: Եվ, ինչպես միշտ, վեճերը վերածվեցին փոխադարձ վիրավորանքների եւ հայհոյանքների:

Լավ է, գոնե, որ մայրաքաղաքի հյուրերը զերծ մնացին զուտ հայավարի այդ լեզվական գզվռոցներից: Հյուրերը նախընտրեցին «Մանկական Եվրատեսիլ»-ի հաճելի առիթն օգտագործել՝ հաճախելու մեր հինավուրց երկրի պատմական ու մշակութային վայրեր, հաղորդակցվելու անկեղծ ու հյուրամեծար մեր ժողովրդի հետ: Իսկ ամենամեծ հաղորդակցությունը դեռ առջեւում է՝ դեկտեմբերի 11-ին մարզահամերգային համալիրում:

 

Նախորդ շաբաթավերջին խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել, որին այս անգամ ներկա էր նաեւ ՔՊ խմբակցությունը։ Նիստի օրակարգում մեկ հարց էր` «ԱԺ հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ»։ Երկարատեւ, բուռն քննարկումներից հետո հայտարարության ընդունումը տապալվեց, քանի որ ՔՊ-ն չմասնակցեց նախագծի քվեարկությանը, եւ լուսատախտակին գրանցվեց ընդդիմության 31 «կողմ» արդյունքը: Ավելի ուշ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ասել էր, որ տեղի ունեցած քննարկման ժամանակ հնչած մտքերը «հիմնավորապես ուրվագծեցին այն պատկերացումներն ու դրանց տարբերությունները, որոնք առկա են ընդդիմադիրների եւ ՔՊ-ի միջեւ»։

 

Մեկնաբանությունը

ՔՊ-ական պատգամավորը, ով նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է, երբեք այդքան անկեղծ չէր եղել: Նա իրավացի է՝ ԱԺ քննարկումները «հիմնավորապես ուրվագծեցին» կառավարող քաղաքական ուժի եւ ընդդիմադիրների միջեւ առկա «պատկերացումներն ու դրանց տարբերությունները»: Եվ քանի որ քննարկման առարկան գլխավորապես Արցախի վերաբերյալ ընդդիմության ներկայացրած «հակընդդեմ» հայտարարության նախագիծն էր, ստացվում է, որ ՔՊ-ընդդիմություն պատկերացումների տարբերությունն առաջին հերթին հենց Արցախի խնդրին է առնչվում:

Այսինքն՝ մի խնդրի, որի առնչությամբ ընդդիմության եւ իշխանության տեսակետները տարամիտվում են. առաջինն ասում է՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ երկրորդը, ընդհակառակն, չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմից դուրս: Եվ այս «պատկերացումը» լիովին համահունչ է թշնամի երկրի մոտեցումներին, ավելին՝ այն ազերիների իղձերի ու երազանքների ծիրում է: Այնպես որ, Էդուարդ Աղաջանյանը կամ Դիջեյ Էդոն, ինչպես նրան քնքշանքով կոչում են մոտիկից ճանաչողները, իշխանության եւ ընդդիմության հայացքների տարբերության մասին խոսելիս սա նկատի ուներ: Միգուցե ակամա կամ ենթագիտակցորեն՝ դժվար է ասել:

Փաստն այն է, որ խորհրդարանական ընդդիմության եւ քաղաքական մեծամասնության միջեւ հակասությունները ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանի գործունեության մեկուկես տարվա ընթացում գնալով խորացել են՝ թերեւս շատ ավելի, քան բնականորեն հարիր է իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների որակին: ՔՊ-ն, որպես կանոն, անխտիր մերժում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների բերած օրենսդրական նախաձեռնությունները, քննարկումների ժամանակ բանավեճերը երբեմն վերածվում են լեզվակռիվների, երկուստեք նախահարձակ գործողությունների՝ ընդհուպ մինչեւ ձեռնամարտի եւ անվտանգության աշխատակիցների հարկադիր միջամտության:

Սպասելիքներ կային, որ անցած շաբաթավերջին ընդդիմադիր զույգ խմբակցությունների ներկայացրած հայտարարության նախագիծը՝ յուրահատուկ առաքելությամբ ու ազգային արժանապատվության բովանդակությամբ պայմանավորված, հնարավորություն կընձեռի ԱԺ բոլոր երեք խմբակցություններին համախմբվել եւ խորհրդարանի անունից ընդունել համատեղ հայտարարություն: Բայց՝ ավաղ: ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը, եւ նախագիծը չանցավ: Ընդդիմությունն այն մշակել էր ի պատասխան Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ նոյեմբերին արված հայտարարության, որով վերջինս արդարացրել է 44-օրյա պատերազմի ռազմական հանցագործությունները եւ հանդես եկել Հայաստանի ու Արցախի դեմ նոր սպառնալիքներով:

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ադրանիկ Թեւանյանի, Ադրբեջանի խորհրդարանը մեզ հետ խոսում է վերջնագրերի լեզվով՝ ներկայացնելով անընդունելի, իրավականորեն անհիմն պահանջներ եւ կիրառելով ռազմատենչ հռետորաբանություն: «Հայաստանի խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով համարժեք պատասխան տալ Ադրբեջանի հայտարարությանը, որովհետեւ լռությունը կնշանակի վախի նշան, վատագույն դեպքում՝ համաձայնության նշան»,- ԱԺ ամբիոնից նշել էր Թեւանյանը։ Իշխանական պատգամավորները, սակայն, գտնում են, որ ընդդիմության առաջարկած եզրութաբանությունը «ավելի շատ ռիսկեր է առաջացնում, քան նպաստում է ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը»:

Ի՞նչ եզրութաբանության մասին են խոսում ՔՊ-ականները: Պարզվում է՝ նրանք դեմ են հայտարարության տեքստում «Լեռնային Ղարաբաղ կամ Արցախի Հանրապետություն» ձեւակերպմանը, եւ ջնջել են «Հանրապետություն» բառը: «Պատմական տարածքում ինքնորոշված ԼՂՀ-ի դեմ հարձակում» ձեւակերպումն առաջարկում են փոխարինել «հարձակում ԼՂ հայության վրա» արտահայտությամբ։ «Ինքնորոշման իրավունքի իրացում» բառակապակցությունը եւս իշխող թիմի սրտով չէ, հետեւաբար առաջարկում են այդ եզրաբանությունն ընդհանրապես տեքստից հանել: Նախագծից դուրս են թողել նաեւ «Շուշիի հռչակագրի» դատապարտմանն ու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման եւ անվտանգության ապահովման մասով ՀՀ հանձնառությանն առնչվող ողջ հատվածը:

Եթե ընդդիմության նախնական տեքստը մի հրաշքով հայտնվեր Ադրբեջանի նախագահի աշխատակազմում եւ անհրաժեշտություն առաջանար այն փոփոխելու, խմբագրելու Իլհամ Ալիեւի քիմքին ու ճաշակին համապատասխանեցնելու համար, ապա կկատարվեին ճիշտ նույն շտկումներն ու փոփոխությունները: Ես անձնապես դրանում համոզված եմ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հայաստանի Հանրապետության վարչապետը դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով մեկնել էր Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ, որտեղ մասնակցեց Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Բիշքեկում նախատեսված միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի նախորդ հանդիպումը Երեւանում էր: Պուտինը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու ՀԱՊԿ նիստին:

ԱԺ-ն ձայների 66 կողմ, 28 դեմ հարաբերակցությամբ, դեկտեմբերի 8-ին ընդունեց 2023թ. պետական բյուջեի նախագիծը։ Ընդդիմությունը չմասնակցեց բյուջեի քննարկմանը։ Եկող տարվա պետբյուջեով եկամտային մասը կազմելու է՝ 2 տրիլիոն 301 միլիարդ 291 միլիոն 155.2 հազար դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 590 միլիարդ 147 միլիոն 50.7 հազար դրամ, պակասուրդը՝ 288 միլիարդ 855 միլիոն 895.5 հազար դրամ։ Գործադիրը հաջորդ տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Նախօրեին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել էր օրենսդրական փոփոխություն, որով նվազագույն աշխատավարձը 2023թ. հունվարի 1-ից կդառնա 75 հազար դրամ՝ ներկայիս 68 հազարի փոխարեն։

Մոսկվայում դեկտեմբերի 6-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի եւ Շահին Մուստաֆաեւի համանախագահությամբ հերթական եռակողմ աշխատանքային խմբի նիստը: Քննարկվել են երեք երկրների միջեւ եւ տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման ու փոխադրումների կազմակերպման հարցեր։ Մասնավորապես՝ դիտարկվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման խնդիրը, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք էր բերվել 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում։ Այդ հանդիպումից մի քանի օր անց Ալիեւը հրաժարվել էր պայմանավորվածությունն ամրագրող փաստաթղթի ստորագրումից:

Արցախի ՆԳՆ ոստիկանության տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 4-ին ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում: Ըստ կառույցի հաղորդման՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով ադրբեջանական բեռնատարների շարասյունը տեխնիկական պատճառներով կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար շարասյան մեջ եղած մարդատար մեքենայից դուրս են եկել քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներ եւ սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսեւորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ: Տեղի է ունեցել ծեծկռտուք:

Դեկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազներ Աննա Վարդապետյանի, Իգոր Կրասնովի եւ Քյամրան Ալիեւի եռակողմ հանդիպումը՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։ ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է 2020թ. նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, որոնք, ըստ նրա, մինչ օրս Ադրբեջանի կողմից լիարժեք կատարված չեն: Ադրբեջանի գլխավոր դատախազն, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանն ամբողջությամբ կատարում է նշված փաստաթղթերի բոլոր կետերը։ Ալիեւը միաժամանակ «անթույլատրելի» է համարել «անօրինական այցերի կազմակերպումն ու բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը Ղարաբաղի շրջանում»:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.