Քայլում եմ Երեւանի փողոցներում, հրապարակներում, բակերում. համապետական ընտրությունների շունչ անգամ չկա։ Մտնում եմ մետրո՝ ընտրությունները «եռում են» նախընտրական թանկարժեք եւ անհրապույր քաղաքական գովազդային պաստառներից, որոնք ոչ ոք չի նկատում, ինչպես վաղուց չեն նկատում, ասենք, կոկա-կոլայի գովազդը։
Մտնում եմ Ֆեյսբուք եւ ԶԼՄ-ներ՝ պայքարն այստեղ թեժ է։ Պարզապես պայքարն այստեղ ապահով է եւ անվտանգ։ Հայաստանում նախընտրական մթնոլորտը չի փոխվել։ Ոչ ոք չի կարողացել փոխել այն։ Եվ սա պարզապես երկու տարբեր իրականություն չէ, սա վիրտուալ խաբկանքի գերիշխանությունն է։ Խաբկանք, որին գերադասում են հավատալ կուսակցությունները։
Գերբարդ եւ աղետալի իրականության մեջ հայտնված Հայաստանում կուսակցություններն ու քաղաքական տարբեր միավորումները, նրանց կամավորականները պետք է հեղեղեին փողոցները, հանրային տրանսպորտը քաղաքական բանավեճերի հայտարարված հարթակ պետք է դառնար։ Մինչդեռ ընտրություններն անցնում են ընտրողների կողքով։
Իհարկե, նոր տեխնոլոգիաները եւ նոր մեդիան մեծապես փոխել են քաղաքականության գործիքակազմը, սակայն չեն փոխվել ընտրողների ակնկալիքները. նրանք փոփոխություններ են ուզում։ Սակայն ոչ ոք չի բերում այդ փոփոխությունը։
Մեծահարուստներով ընտրություններ անցկացնելու հետեւանքը սա է. դրա համար էլ պայքարն անձնական է, անձնավորված է, անձնակենտրոն։ Փող ունես, բայց ոչ գաղափարներ, մարդիկ ես վարձում, բայց կամավորներ չես կարողանում ներգրավել, որովհետեւ գաղափարներ չունես։
Ես իրականում երկու բան չեմ պատկերացնում. առաջին՝ ինչպես է Փաշինյանը հավակնում վերընտրության՝ սոսկալի մեղքերի ահռելի բեռով եւ աղետալի կառավարման հետեւանքներով, եւ երկրորդ՝ ինչպես է ընդդիմությունը հավակնում փոփոխության՝ հին մեղքերի բեռով, քաղաքական նոր գաղափարների ու ազգային նպատակների բացակայությամբ եւ ապաքաղաքական ու ինքնագոհ թիմերով։
Թերեւս՝ դրա համար է, որ ընտրություններից օրեր առաջ կուսակցություններն ու ընտրողներն ընթանում են տարբեր ճանապարհներով եւ այդպես էլ չեն հանդիպում միմյանց։
Նարինե Մկրտչյան

