Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Ազատ ամբիոն

Աշխարհի տերերը մեզ չեն հասկանա

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մեր հանգած լույսերը «եկան»։ Ցամաքած Սարսանգը, Արցախի մեկընդմեջ հանգչող էլեկտրական լույսերը ինձ տանում են մեկ այլ մտածումի։

Եթե հարեւանի տնամերձով են անցնում ջրի, գազի խողովակները կամ էլեկտրական գիծը, այդ հարեւանը իրավունք ունի՞ անջատելու, եթե անհաշտություն լինի նրա հետ։

Սա մի սովորական վիճակ է, որի պատասխանը բոլորս գիտենք` ոչ մի հարեւան իրավունք չունի մյուս հարեւանին զրկելու լույսից, գազից կամ ջրից, եթե անգամ անհաշտ են նրանք։

 Արցախում ստեղծված այս իրավիճակը ձեռնտու է աշխարհի տերերին, որ արցախցիներիս ճնշելու ճանապարհով իրենց շահադիտական նպատակներն իրականացնեն։

Հասարակ արցախցու հայացքը ոսկու եւ այլ բնական հանքերի վրա չէ, նրա համար հանքավայրը աշխատատեղ է, որ աշխատավարձ ստանա, բայց այն փակեցին, թե ինչ է՝ շահերը չեն համընկնում։

Արցախցիները բարեգործ Վարդանյանին չեն ընդունում նրա համար, որ նա հարուստ է, բախտի քմահաճույքին մնացած ժողովրդին առաջնորդ է պետք, ոչ թե նրա միլիարդը։ Բայց նրան էլ հեռացրին պաշտոնից։

Արցախցին՝ հիշելով այն մութ ու ցուրտ տարիները, առայսօր շրջափակման մեջ, պատվով է տարել բոլոր զրկանքները` ի տարբերություն նրանց, ովքեր երբեւէ կյանքում հերթերում չեն կանգնել, ովքեր մթության մեջ չեն շոշափել խավարի կուրծքը, ովքեր չեն գրկել սառած վառարանը ձմռան ցրտին:

Աշխարհի տերերը սա չեն հասկանա, երբ մեկը մյուսին դաս տալու համար, իրենց շահերից ելնելով, թիրախ են դարձնում հասարակ ժողովրդին։ Ու այդ ժողովրդի ծոցից դուրս եկած զավակները կորստյան մատնվեցին, հաշմանդամ դարձան, անհայտ կորան ու գերեվարվեցին...

Քանի դեռ հարեւան բռնապետի լեզուն չեն կարճացրել, որ չհոխորտա այսքան զրկանքներով անցնող արցախցիներիս վրա, անհնարին է դառնալու Արցախում անվտանգության ապահովումը։

Ամոթ նրանց, ովքեր մի կեղծ խաղաղության պայմանագիր, թե համաձայնագիր ի ցույց  դնելով, իբր, հարցեր են լուծում, օր օրի վատթարացնում են մեր վիճակը` մեզ գազանի երախում թողնելով։

Բախտ չունեցանք ո՛չ ներսի Արցախ հանձնողներից, ո՛ չ դրսի թշնամիներից, դեռ անկուշտ տերերն էլ` մյուս կողմից, որ աշխարհի քարտեզի վրա չերեւացող մեր սրբավայրը իրենց շահադիտական նկրտումների թիրախն են դարձրել, անունն էլ դրել, թե իբր 120 հազարի իրավունքներն ու անվտանգությունն են պաշտպանում:

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: