Ամենայն հավանականությամբ՝ փաշինյանական վարչախումբը միտք չունի ոչ մի քայլ նահանջելու Հայաստանը կործանման տանող ճանապարհից: Եվ այդ աղետին ընդառաջ շարունակում է գնալ՝ ուղենիշ դարձրած «խաղաղության» թեզը: Իշխանությունը կամ իսկապե՛ս չի գիտակցում վերահաս վտանգները, կամ ուղղակի ձեւացնում է, թե չի գիտակցում, թեպետ երկու դեպքում էլ հայոց պետականությանն ու ինքնիշխանությանը ուղղված սպառնալիքները չեն վերանում: Պարզ ասած՝ տարածաշրջանում «խաղաղ դարաշրջանի» բացման սեւեռուն գաղափարն առաջ մղելու համար Նիկոլ Փաշինյանն ընտրել է ամենից անպատեհ ժամանակը: Փաշինյանի վիճակում կամ, այլ կերպ ձեւակերպենք, Հայաստանի այս վիճակում, որին հասցրել է Փաշինյանը, խաղաղության գաղափարը հնչում է որպես ցնորամտություն: Եթե, իհարկե, գաղափարը Փաշինյանինն է, այլ ոչ թե Էրդողան-Ալիեւ զույգինը. չէ՞ որ սրանք եւս պարբերաբար խոսում են խաղաղությունից, բայց «տակից» անում հակառակը: Խաղաղություն եզրը, ըստ երեւույթին, ամեն ոք կարող է յուրովի ընկալել:
Այո, չպետք է բացառել, որ խաղաղությունը հայտնի զույգի կողմից է պարտադրված ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին, որն էլ ճարահատյալ, կամակատարի իր դեմքը չմատնելու համար, ստիպված է ցույց տալ, թե իբր ինքն է նախաձեռնության «կնքահայրը»: Իսկ նախաձեռնությունը հնչեղ դարձնելու նպատակով փորձել է մի փոքր լավարկել այն, ավելի ընդարձակ ու համամարդկային բովանդակություն տալ՝ կոչելով «խաղաղության դարաշրջան»: Թե իրականում ինչ գործընթացներ են ծավալվում այդ «խաղաղության» շղարշի հետեւում, տեսանելի է անգամ անզեն աչքով: Կարծում եք՝ պատահակա՞ն են վերջին շրջանում թշնամու ԶՈՒ ստորաբաժանումների կատարած սպանություններն ու մարդկանց առեւանգումները, որոնք հաստատ խաղաղասիրական մտադրություններ չեն: Պատահակա՞ն էր, մասնավորապես, հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի հրետակոծությունը, որի ընթացքում կիրառված ԱԹՍ-ների հարվածներից ունեցանք 3 զոհ եւ 2 վիրավոր:
Հետագա իրադարձությունների շղթան վկայում է, որ հունվարի 11-ի սադրանքը պատահականություն չէր: Միջադեպին անմիջապես հաջորդեց Ադրբեջանի նախագահի ելույթը, որում նա, թվում էր, մեղա է գալու սադրանքի համար, բայց փոխարենը, վերջնագիր ներկայացրեց Հայաստանին՝ պահանջելով անհապաղ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ եւ ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը, այլապես երրորդ պատերազմ կհրահրի Հայաստանի դեմ եւ կգրավի Սյունիքն ու Սեւանա լիճը: Դրանից ընդամենը մեկ օր անց՝ հունվարի 13-ին, ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ադրբեջանական սադրանքին համարժեք արձագանքելու փոխարեն, ինչը կաներ ցանկացած պետության մեղսունակ ղեկավար, վերաթարմացրեց «խաղաղության դարաշրջանի» թեման՝ նշելով, թե այդ ճանապարհով հետեւողականորեն առաջ շարժվելու համար մեզ «ամուր նյարդեր» են հարկավոր, քանզի «շատ-շատերն անընդհատ փորձելու են ապացուցել կամ ցույց տալ կամ մղել մեզ այն մտքին, որ դա հնարավոր չէ»։ Դժվար է ասել՝ գոնե այդ «շատ-շատերի» մեջ Փաշինյանն Ալիեւի նկատի ունե՞ր, թե՝ ոչ:
Սակայն, ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջան» բացելու գաղափարի հանդեպ «շատ-շատերի» թերահավատությանը, ապա դա միանգամայն բնական է: Եվ այդ «շատ-շատերն» իրավացի են: Խաղաղությունը միակողմանի գործընթաց չէ: Մեր դեպքում, երբ հակամարտության կողմերից մեկը շարունակ հոխորտում է, սպանում սահմանապահ զինծառայողին կամ խաղաղ աշխատանքով զբաղված քաղաքացուն, իսկ մյուս կողմը անդադար հաշտություն ու խաղաղ համակեցություն է քարոզում, ի՞նչ խոսք կարող է լինել խաղաղության մասին: Այդ թեման «տաք» պահող իշխանությունը պետք է մեկընդմիշտ հասկանա մի պարզագույն բան. խաղաղությունը մեր ընտրությունը չէ, այն տարածաշրջանային ընդհանուր զարգացումներով պայմանավորված եւ մեզնից առանձնապես չկախված իրողություն է։ Տարածաշրջանային լայն իմաստով խաղաղության հաստատումը քաղաքականության օբյեկտների ու դրանց կատարածու կառավարիչների խելքի բանը չէ, նման առաքելությամբ օժտված են բացառապես միջազգային դերակատարության հայտ ներկայացնող սուբյեկտները: Ավելի հանրամատչելի ասած՝ «խաղաղության դարաշրջան» բացելու համար պետք է համաշխարհային չափույթով քեզանից ինչ-որ բան ներկայացնես: Օքե՞յ:
Հիմա գանք այն կետին, թե ինչ էր ասում Իլհամ Ալիեւը հունվարի 12-ի իր ելույթում, որը լայնորեն տարածվեց մամուլում: Հանդես գալով Հայաստանին ուղղված հերթական սպառնալիքների տարափով, նա, ինչպես նշվեց վերը, խստագույնս զգուշացրեց. «Կամ կճանաչեք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, կամ Ադրբեջանը կգրավի Սյունիքը եւ կհասնի մինչեւ Սեւանա լիճ»: Եվ իր վերջնագիրը ներկայացնելուց հետո չմոռացավ հավելյալ զգուշացնել, որ իր առաջարկներն «անժամկետ բնույթ չունեն»: Առանց Ալիեւի սպառնալիքների՝ իրենց «փայաբաժինը» ստանալու չմնացին նաեւ Ռուսաստանը, որն, ըստ նրա, աջակցում է Հայաստանին, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն այլեւս անելիք չունի ղարաբաղյան խնդրի հետ կապված ու «լավ կանի՝ թոշակի գնա»: Ադրբեջանի ղեկավարի նման անպատկառ պահվածքի ակունքը, նախեւառաջ, Հայաստանի գործող իշխանության թուլությունն է: Իլհամի մռութին խփող այս պահին չկա: Նա իրեն քաջ ու հաղթանակած է զգում՝ չէ՞ որ թիկունքին խորամանկորեն տարածաշրջան ներթափանցած Թուրքիան է կանգնած: Իսկ վախկոտները սովոր են իրենց ուժի ու համարձակության պակասը միշտ կլանել ի հաշիվ այլոց:
Ադրբեջանի նախագահի լպիրշությունն ու ռազմաշունչ հռետորաբանությունը գալիս են 2020թ. նոյեմբերի 9-ից, երբ Մոսկվայում ստորագրվեց հայտնի կապիտուլյացիոն հայտարարությունը: Ալիեւն իր տարերքի մեջ էր, Արցախի ու Հայաստանի տարածքներին վերաբերվում էր սիրտն ուզածի պես, որտեղից ինչ կտոր ճանապարհահատված, տարածք, բարձունք կամ դիրք պետք է՝ ճանկռում էր, ինչ թուղթ պետք է՝ ստորագրել էր տալիս, հետն էլ աջուձախ հարցազրույցներ տալիս՝ որպես մեր դժգույն օրերի հերոս: Հատկանշական է 2021-ի օգոստոսի 15-ին թուրքական CNN Turk-ին տված հարցազրույցը, որտեղ նա առաջին անգամ խոսեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, որպեսզի երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Ըստ երեւույթին, Հայաստանը պատրաստ չէ կամ էլ դեմ է դրան։ Ես ասել եմ, որ դա մեծ սխալ կլինի, եւ հենց իրենք կզղջան։ Եթե նրանք դեմ են դրան, թող բաց ասեն, որ չեն ցանկանում խաղաղ պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում մենք մեր քաղաքականությունը կվարենք ըստ դրա։ Եթե ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդժամ, իհարկե, տարածաշրջան կգա երկարատեւ խաղաղությունը»,- CNN Turk-ին վստահեցրել է Ադրբեջանի ղեկավարը:
Ալիեւը «երկարատեւ խաղաղություն» է խոստանում տարածաշրջանին, բայց այն պետք է իր գինն ունենա, եւ Ադրբեջանի նախագահը դա չի թաքցնում: Նիկոլ Փաշինյանն էլ խոստանում է տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» բացել, բայց՝ անվճար: Խաղաղությունն, ասես, որբի գլուխ է, որի վրա վարսավիրություն են սովորում՝ ով ինչպես կարող է: Փաշինյանը լավ կաներ, եթե անպտուղ «խաղաղության դարաշրջան» բացելու փոխարեն զբաղվեր երկրի պաշտպանունակության եւ անվտանգության խնդիրներով, որոնք պետության լինելության առհավատչյան են: Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո անցել է ավելի քան 14 ամիս, սակայն այդ ընթացքում իշխանությունը մատը մատին չի խփել առաջնագիծը պատշաճ կերպով կահավորելու, դիրքերն ամրացնելու, արդիական զենք-զինամթերք ձեռք բերելու եւ իրական բարեփոխումների միջոցով բանակի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ: ՀՀ պետական սահմանները, ցավոք սրտի, բարձիթողի վիճակում են, եւ թշնամին դա տեսնելով, ախորժակը գրգռվում է՝ մեզնից ավելին պոկելու:
Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր երկրի ռազմական հզորության վերականգնումն է: Իշխանություններն այդ մասին առանձնապես չեն մտահոգվում. «Խաղաղության դարաշրջան» բացելու գաղափարի շրջանակում նրանք առայժմ զբաղված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ իրենց համար հույժ կարեւոր գործով, իսկ անվտանգությունը համարում են, որ կսպասի: Բարեբախտաբար՝ ունենք նաեւ պետական մտածողությամբ օժտված եռանդուն, հայրենասեր մարդկանց խմբեր, կառույցներ, փորձագիտական շրջանակներ, որոնք լավ են տարբերում կարեւորն անկարեւորից, առաջնայինը երկրորդականից: 44-օրյա պատերազմից դասեր քաղելով՝ նրանք ձեռնամուխ են եղել մեր Զինված ուժերի կորսված պաշտպանական կարողությունները վերականգնելու, դրանք արմատապես արդիականացնելու եւ վերափոխելու աշխատանքին: Այդ առումով շնորհակալ առաքելություն են իրականացնում «ԱՐԱՐ» հիմնադրամը եւ նրա շուրջ համախմբված փորձագիտական խումբը, որոնք մշակել են պաշտպանական ոլորտում արմատական բարեփոխումներ պահանջող մի շարք առանցքային ուղղություններ՝ միջնաժամկետ հեռանկարում իրականացնելու համար:
Ներկայացնենք դրանցից մի քանիսը. ա) Մարտադաշտի կառավարում; բ) Առաջնագծի ավտոմատացում. ՀՀ-ի (ներառյալ՝ Արցախի) սահմանների պաշտպանությունը ավանդական միջոցներով գերբարդ խնդիր է, քանզի սահմանների երկարությունը մեր տարածքի համեմատ շատ մեծ է։ Մեր զինվորներին պետք է խրամատներից հնարավորինս դուրս բերել եւ փոխարենը սահմանների պահպանության խնդիրը լուծել ավտոմատացված միջոցներով; գ) Մոբիլ ստորաբաժանումների ստեղծում. դիրքայինի փոխարեն մեր հիմնական հետեւակային ուժերը պետք է դառնան մոբիլ եւ բարձր տեխնոլոգիական; դ) Հրթիռա-հրետանային միջոցների ճշգրտության բարձրացում. Զուգահեռաբար՝ սեփական հրթիռային միջոցների կիրառման խտության բարձրացում, անցում հրթիռների եւ դրանց արձակման կայանների տեղական արտադրության; ե) Անօդաչու թռչող սարքերի զանգվածային կիրառում. ԱԹՍ-երի զինանոցը կատարելագործելու հարցում ՀՀ-ն ետ մնալու իրավունք չունի, առավել եւս, որ մի շարք հայկական ընկերություններ արդեն յուրացրել են փոքրաչափ ԱԹՍ-երի արտադրությունը։ Առաջիկայի խնդիրը լինելու է անցնումը ԱԹՍ-երի զանգվածային արտադրության; զ) Հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգ; է) Ակտիվ պահեստազորի ձեւավորում։
Նախաձեռնողների հավաստմամբ՝ վերը թվարկածը սպառիչ ցանկ չէ, սակայն նույնիսկ այդքանն էլ իրականություն դարձնելն այսօր թվում է գերմարդկային խնդիր՝ ՀՀ-ում տիրող հոռետեսության, գործող իշխանության ու նրա արբանյակների կողմից իրականացվող «խաղաղասիրական» քարոզչության, բանակի ղեկավարության հաճախակի փոփոխությունների եւ թշնամու կողմից իրականացվող շարունակական ուժային ու հոգեբանական ճնշման պայմաններում։ Ի հեճուկս այդ ամենի, ՀՀ-ում (ներառյալ՝ Արցախում), վերջին տարվա ընթացքում աստիճանաբար ձեւավորվում է նոր շարժում, որում ընդգրկված են ռազմարդյունաբերողներ, ներկա եւ նախկին զինվորականներ, մտավորականներ, ձեռնարկատերեր, հանրային գործիչներ, բազմաթիվ գիտակից ու սրտացավ քաղաքացիներ, որոնք պատրաստ են օգտագործել ամեն րոպեն եւ ժամը՝ թշնամու հետ այս մրցավազքում մեր երկրի ռազմական կարողությունները վերականգնելու համար՝ անկախ բոլոր հնարավոր խոչընդոտներից։
Գեւորգ Բրուտենց