Այն պահից ի վեր, երբ Թուրքիայի խորհրդարանը հունվարի 2-ին հավանություն տվեց ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարությանը ռազմական օգնություն ցույց տալու` գործադիրի որոշմանը, ողջ աշխարհը կորցրել է հանգիստը: Չնայած Լիբիայի վերաբերյալ Բեռլինում հունվարի 19-ին տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովին, որտեղ բոլոր մասնակիցների հետ միասին Թուրքիան համաձայնեց զինադադար հաստատել եւ չմիջամտել Լիբիայի գործերին, միջազգային զարգացումներն ընթացան բոլորովին այլ հունով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիային մեղադրեց խորհրդաժողովում ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ` հղում անելով այն տեղեկատվությանը, թե Անկարան սկսել է Սիրիայից վարձկաններ տեղափոխել Լիբիա: Նա հայտնեց, որ ռազմական նավեր է ուղարկելու Միջերկրական ծովի արեւելյան հատված եւ ձգտելու է անվտանգության ոլորտում ռազմավարական համագործակցություն ստեղծել Հունաստանի, կիպրոսցի հույների եւ ԵՄ-ի հետ:
Լիբիայի գործերին միջամտելու մեջ ինքը` Թուրքիան, մեղադրեց Ֆրանսիային ու Իտալիային եւ հասկացրեց, որ ոչ մեկի կարծիքն իր համար օրենք չէ: Այդ խոսքերը նա անհապաղ ամրապնդեց գործով, բայց առայժմ ոչ այնքան Լիբիայում, որքան Սիրիայում: Դրա համար պատրվակ էին ծայրամասային Իդլիբում սիրիական բանակի` հունվարին սկսած ակտիվ գործողությունները: Մի քանի օրվա ընթացքում Բաշիր Ասադի բանակը ազատագրել է Մաարեթ-Նուուման քաղաքը, որը գրոհայինների վերահսկողության տակ էր գտնվում 2012 թվականից եւ խոշորագույն ամրություններից մեկն էր: Թուրքիայում փախստականների նոր ալիք բարձրացավ: Անցած շաբաթավերջին նախագահ Ռեջեբ Էրդողանը Սիրիայի վերաբերյալ պարտավորությունները խախտելու համար մեղադրեց Ռուսաստանին: Նա սպառնաց ռազմական ուժ կիրառել Իդլիբում Ասադի բանակի գրոհը կասեցնելու համար:
Թուրքիայի զորքերն իսկապես դուրս բերվեցին Իդլիբի գոտի, բայց սիրիական բանակի գործողությունների արդյունքում ընկան գնդակոծությունների տակ եւ կորցրին 8 մարդ: Թուրքիան սիրիական զորքերի զանգվածային հրթիռակոծում ձեռնարկեց: Ընդորում՝ Ռուսաստանին հաղորդագրություն ուղարկեցին` չդիմակայել Իդլիբում թուրքական գործողությանը, քանի որ իրենց թիրախը Բաշար Ասադի վարչակարգն է: Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ գործողությունը շարունակվելու է: Իսկ իր գործողություններին որեւէ մեկի (նախեւառաջ` Ռուսաստանի) միջամտությունը թույլ չտալու` Թուրքիայի մտադրությունների լրջությունն այլ տեղ ցուցադրվեց: Փետրվարի 3-ին նախագահ Էրդողանն այցելեց Ուկրաինա: Նախօրեին ուկրաինացի դիվանագետներն ազդարարել էին Թուրքիայի կողմից Ուկրաինային ռազմական օգնության հատկացումւը. ԶԼՄ-ներում մի թիվ էր առկայծում` 50 միլիոն դոլար: Բայց կարեւորը` Թուրքիայի նախագահը հերթական անգամ հայտարարեց, որ իր երկիրը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այսինքն` Թուրքիան որոշել է Ռուսաստանին «նեղը գցել» ուկրաինական ուղղությամբ:
Ռազմական փորձագետները մատնանշում են, որ Թուրքիայի ու Սիրիայի բանակների ուղիղ բախման դեպքում ուժերի հավասարակշռության դասավորվածությունը վերջինիս օգտին չէ: Ուրեմն հարց է ծագում` ի՞նչ կարող է անել Ռուսաստանն այդպիսի իրավիճակում: Անկասկած` այդ հարցն առաջին հերթին Թուրքիային է հետաքրքրում: Նա չէր ցանկանա, որ Ռուսաստանը խառնվի այդ հակամարտությանը: Բայց Ռուսաստանը չի կարող Իդլիբում թուրքական գործողության զարգացում թույլ տալ: Դա հարված կլիներ նրա հավակնություններին ու հեղինակությանը ողջ Մերձավոր Արեւելքում: Վերջին ամիսներին Ռուսաստանն ամբողջ տարածաշրջանում լուրջ խաղացողի դերին էր հավակնում: Սակայն նրա վիճակն այնքան էլ նախանձելի չէ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան 2017 թվականին Աստանայում (այժմ` Նուր-Սուլթան) պայմանավորվել էին Սիրիայում ստեղծել ապաէսկալացման չորս գոտի: Դրանցից երեքը 2018-ին անցել էին Դամասկոսի վերահսկողության տակ: Պայմանագիրը, փաստորեն, խախտվել էր: 2018-ի սեպտեմբերին Ռուսաստանը եւ Թուրքիան Սոչիում համաձայնագիր էին ստորագրել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին, որը գտնվում է «Ազատագրման ազգային ճակատ» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» թուրքամետ խմբավորումների վերահսկողության տակ` ընդամենը շուրջ 30 հազար գրոհային: Եվ այդ պայմանագիրը նույնպես խախտված է, թեեւ տվյալ գոտում ռուսական եւ թուրքական զորքերի համատեղ վերահսկման ենթակա 12 պահակետ կա: Թե Ռուսաստանի համար ինչ կարող է նշանակել այդ գոտում թուրքական եւ սիրիական զորքերի մեծածավալ բախումը` ավելորդ է ասել: Բայց դա չէ ամենակարեւորը: Էլ ավելի բարդ իրավիճակում է գտնվում Ռուսաստանը մեկ այլ գոտում:
2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում ընդունված` Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխըմբռնման մասին հուշագիրն ամրակայել է Սիրիայի այն տարածաշրջանի նոր ստատուս-քվոն, որը սահմանակից է Թուրքիային: Այնտեղ` այսպես կոչված անվտանգության գոտում, նույնպես սահմանված է ռուսական եւ թուրքական զորքերի համատեղ վերահսկման պայմանակարգ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այդ «նվերը» ժամանակին ըստ արժանվույնի չէր գնահատվել: Բայց շատ փորձագետներ արդեն այն ժամանակ նշում էին, որ Թուրքիայի եւ քրդերի հակամարտության մեջ Ռուսաստանի ներքաշվելը կարող է ծուղակ դառնալ Ռուսաստանի համար: Սիրիայի նախագահ Ասադի հետ Թուրքիայի հակասությունները չեն կարող ոչ մի համեմատության մեջ մտնել Թուրքիայի համար քրդական հիմնախնդրի հետ: Եթե Թուրքիայի եւ Ռուսաստանի հակասությունները խորանան, ապա վաղը քրդերի հարցում էլ Ռուսաստանին կարող են ասել. «չհամարձակվեք դիմակայել Թուրքիայի գործողությանը»: Այդպիսի հեռանկարն այնքան էլ անիրական չէ:
Ռուսաստանի վիճակը կարող են թեթեւացնել միջերկրածովյան արեւելյան հատվածի եվրոպական երկրների հետ Թուրքիայի խորացող հակասությունները, ինչի մասին նշվել էր հոդվածի սկզբում: Թուրքիան այդտեղ եւս չի կարող դաշնակից ունենալ՝ ի դեմս Ռուսաստանի. վերջինս ե´ւ Լիբիայի, ե´ւ Կիպրոսի իրավիճակում պատրաստ է ավելի շուտ դիմակայել Թուրքիային: Փաստորեն Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ եղած հակասությունների վրա սիրախաղեր տալու` Թուրքիայի դարավոր ավանդույթը ներկայում սկսել է խափանումներ տալ: Համաշխարհային խնդիրներն արմատապես փոխվել են: Միջերկրածովյան արեւելյան հատվածի եւ Մերձավոր արեւելքի քննարկվող խնդիրներում Արեւմուտքն ու Ռուսաստանը առանձնապես հակասություններ չունեն: Բայց դրանից Ռուսաստանի վիճակը չի թեթեւացել` նրա համար գլխացավանքը բուն Թուրքիան է, որը ԱՄՆ-ի եւ ողջ ՆԱՏՕ-ի քաղաքականությունում անտեղ է մնացել: 2015-ին մտնելով Սիրիա, Ռուսաստանը չէր կարող պատկերացնել, որ արեւմտյան հակառակորդներն իրեն բարդ հարաբերությունների մեջ են ներքաշում հենց Թուրքիայի հետ:
Իսկ ժամանակը չի սպասում: Հունվարի 4-ին Սիրիայի գլխավոր շտաբը հայտարարեց, որ Սարակիբ քաղաքի (Իդլիբի գավառ) գրոհայիններին վերջին հնարավորությունն է տալիս վայր դնել զենքը, իսկ Սիրիայի զորքերը պատրաստ են ետ մղել Թուրքիայի ցանկացած գրոհ: Ընդգծվում է, որ Թուրքիայի ուժերը Սիրիայում են որպես ագրեսոր: Եվ ի՞նչ անի Ռուսաստանը: Առայժմ նկատելի է Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիային մեղադրում է պայմանավորվածությունները խախտելու մեջ: Դա, Լավրովի հայացքով, չափազանց տխուր իրավիճակ է: Խոսք չկա՝ իսկապես տխուր է...
Մանվել Սարգսյան