Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Վերլուծական

Օրենքի իշխանությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Սկիզբ առած բարեփոխումների նկատմամբ հանրային վստահությունն օրեցօր ավելացնելու համար չպետք է տպավորություն թողնել, որ սահմանադրական կարգը փոխվել է, բայց կառավարման գործելաոճը, տնտեսական եւ սոցիալական կարգերը մնացել են նույնը: Քաղաքական կոալիցիան պարտավոր է վեր հանել առարկայական եւ ենթակայական բոլոր խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս պատշաճ թափ հաղորդել երկրի զարգացմանը եւ ստեղծել սոցիալական արդարության միջավայր»։ Սա մեջբերում է ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ այս տարվա փետրվարի 1-ի համատեղ նիստում ընդունված հայտարարությունից:

Ինչ խոսք, ՀՅԴ հայտարարությունը բացառիկ ինքնախոստովանության է նման։ Չէ որ, լինելով քաղաքական կոալիցիայի բազմամյա ու բազմափորձ անդամ, ՀՅԴ-ն շատ լավ տիրապետում է տպավորություն գործելու արվեստին, եւ այսօր արդեն ոչ մեկի չես զարմացնի նրանով, որ Սահմանադրական կարգը փոխելու անվան տակ մեր երկրում ընդամենը տեղի է ունենում մեկ անձի իշխանության օրենսդրական ամրագրում առաջիկա տարիների համար։ Այո՛, Հայաստանում կա հանրային անվստահություն վարչախմբի ցանկացած քայլերի նկատմամբ, կան բազում խոչընդոտներ ու խնդիրներ բոլոր բնագավառներում, եւ չկա սոցիալական արդարության նշույլ անգամ։ Հետեւաբար՝ ո՞վ ցանկություն կունենա լսելու քաղաքական այն դերասանին, որն իր դիմակը մի կողմ քաշելով՝ գոռում է մյուս դերասանի դիմակների մասին՝ անտեսելով, որ սեփական դիմակի տակից ոչ թե իր դեմքն է երեւում, այլ մեկ այլ դիմակ։ Ուրեմն ՀՅԴ հայտարարությունը պետք է դիտարկել որպես խոստովանություն առ այն, որ վարչախմբի պարագլուխների կողմից սահմանադրական կարգի փոփոխության տպավորություն թողնելով՝ ընդամենը կատարվում է պետական կառավարման համակարգի յուրացում։

Անկախ այդ խոստովանանքից, Հայաստանում վաղուց արդեն արմատացած համոզմունք կա, որ ամեն նոր Սահմանադրություն նախագծվել է ոչ թե որպես ժամանակի պահանջներին համահունչ պետական կառավարման ձեւի փոփոխություն, այլ իբրեւ որոշակի անձի իշխանության ապահովման միջոց։ Կասկած չի հարուցում, որ Սահմանադրության հատկապես 2005 եւ 2015 թվականների փոփոխությունները «ձեւվում» էին կոնկրետ պաշտոնավարող նախագահների «հագով» եւ նպատակ ունեին նոր լուծումներ ապահովելու նրանց հետագա իշխանության համար։ Իրողությունն այն է, որ Սահմանադրության մեջ իշխանության կազմակերպման նոր մոդելների ներմուծումը յուրաքանչյուր նոր վարչախումբ ներկայացնում էր որպես պետական կառավարման ձեւի փոփոխություն։ «Նախագահական Հանրապետություն», «կիսանախագահական Հանրապետություն» կամ «խորհրդարանական Հանրապետություն» եզրաբանություններն այդպիսով դարձել են գաղափարական այն հիմնավորումը, որի ետեւում թաքնվելով՝ լուծվել են բոլորիս քաջ հայտնի անձանց իշխանության պահպանման խնդիրները։

Ներկայում Հայաստանի քաղաքական կյանքը վերածվել է այնպիսի ձեռնածության, որի դերակատարները գիտեն իրենց քայլերի լիակատար անլրջությունն ու շինծու բնույթը, գիտեն նաեւ, որ դրա մասին տեղյակ են բոլորը։ Բայց քանի որ վերջին տարիների քաղաքական վարքը ենթադրում է, որ դրա կրողները պետք է դրսեւորեն կամ հիացմունք, կամ ատելություն, կամ էլ կատարյալ անտարբերություն, հետեւապես այդ ձեռնածությունը դարձել է քաղաքական կյանքի գոյության միակ վկայությունը։ Քաղաքական համակարգը սնանկացել է մինչեւ այն աստիճան, որ երկրում չկան քաղաքական միավորումներ ու գործընթացներ։ Կա միայն կոնկրետ քաղաքական նոր մոդելի անցնելու արագացված գործընթաց, ճոճվող սրերի բուտաֆորիա ու այդ ամենին հետեւող համաժողովրդական լուռ «թամաշա», որն իր կործանարար անտարբերությամբ փորձում է քաղաքական դերակատարներին համոզել, որ իրեն չմտցնեն խամաճիկների թատրոն՝ այդ աբսուրդը դիտելու։

Նման իրավիճակում խոսել երկրում սահմանադրական կարգի եւ իրավական պետության մասին՝ ինչ-որ խելահեղություն է թվում։ Հայաստանում այսօր անգամ քաղաքական դեմագոգիան ու ցինիզմը սովորական երեւույթներ են։ Մարդիկ մտածում են իրենց վարկերն ու պարտքերը ինչ-որ կերպ մարելու, իսկ վերջերս նաեւ՝ պնդաճակատորեն չմարելու մասին, էլ ուր մնաց՝ ըմբոստանալ ընդդեմ ակնհայտ կեղծիքի, օրինախախտման կամ քաղաքական ցինիզմի։ Թվում է՝ նման իրավիճակում, երբ բացակայում է արատավոր երեւույթների նկատմամբ հանրային դիմադրությունը, երբ չկան քաղաքական սուբյեկտներ, որոնք ընդդիմության դատարկ նժարի վրա կդնեն քաղաքական պայքարի գոնե մի փոքր կշռաքար, գործող վարչախումբը լիովին ազատ է իր կյանքին երփներանգ գույներ հաղորդելու մեջ։

Այսօր Հայաստանում մեծ թափով ներդրվում են օրենքներ, որոնք ապագա վարչապետին ապահովագրում են իր իշխանությանը սպառնացող հնարավոր վտանգներից։ Այդ ամենը կատարվում է նոր Սահմանադրության պահանջների եւ բարեփոխումների անվան տակ։ Միաժամանակ քաղաքական երկնակամարում ՀՀ նոր նախագահի իրավասությունների սահմաններն են հստակեցվում։ Պարզվում է, որ  անգամ նոր Սահմանադրության դրույթները ժամանակավրեպ են դարձել ու հարկ կա առավել սահմանափակել ՀՀ նախագահի ինքնուրույն որոշումների շրջանակը։ Պարզվում է նաեւ, որ այդ գործում ընդամենը երեք տարի առաջ ընդունված սահմանադրական դրույթների պահանջների չկատարումը խնդիր չէ, նոր օրենքներով կարելի է շրջանցել Սահմանադրությունը եւ ամեն ինչ տանել նոր հունով։ Առավել եւս, որ նախագահի թեկնածուն, որը լինելու է պետության գլուխը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 123, մաս 1), հետեւելու է Սահմանադրության պահպանմանը (հոդված 123, մաս 2), իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է լինելու եւ առաջնորդվելու է բացառապես համապետական ու համազգային շահերով (հոդված 123, մաս 3), իր գործառույթներն իրականացնելու է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով (հոդված 123, մաս 4), ընդունել է գործող նախագահի առաջարկած խաղի կանոնները եւ պատրաստվում է Սահմանադրության պահանջների ակնհայտ խախտմամբ դառնալ ՀՀ 4-րդ նախագահ։ Այսպես՝ «Շանթ» հեռուստաընկերության եթերում լրագրողի հարցի առնչությամբ, թե պետության նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում ՀՀ-ում մշտապես բնակվող անձը, իսկ փաստացիորեն նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը չի բավարարում վեց տարվա բնակության ցենզի պահանջը, վերջինս, որպես բացատրություն, վկայակոչում էր իր ապրած կյանքի պատմությունը, որն իրեն իրավունք է վերապահում լինել հանրապետության նախագահ, իսկ իրավական խոչընդոտների դեպքում պատասխանատվությունը վերահասցեագրում է կառավարության, Ազգային ժողովի, պետական տարբեր ծառայությունների համապատասխան մասնագետներին։

ՀՀ նախագահի, ՀՀ նախագահի թեկնածուի եւ, ընդհանրապես, քաղաքական դասի կողմից իրավունքն ու օրենքը այդկերպ բռնաբարելու անթաքույց դրսեւորումները ներքաղաքական կոլապսի վերջին արարն են դարձել։ Պետական կառավարման համակարգի, սահմանադրական կարգի, Հանրապետության նախագահի անձի փոփոխությունների եւ երկրում իրականացվող բարեփոխումների անվան տակ վիթխարի մի զավեշտախաղ է բեմադրվում, որպեսզի Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում շարունակի վայելել իշխանությունը, իսկ նրա հենարան քրեաօլիգարխիան ու կոռումպացված նոմենկլատուրան շարունակեն հարստահարել բնակչությանը։

Այսօր գրեթե բոլորին թվում է, որ առկա անտարբերության ու քաղաքական դաշտի չգոյության պայմաններում ցանկացած անօրեն քայլ՝ համեմված բացահայտ ձեռնածությամբ ու ցինիզմով, իշխող վարչախմբի համար անվտանգ է։ Չէ որ հարց է ծագում՝ համատարած անզորության պայմաններում ո՞րն է ամենաթողության հակակշիռը։ Կա՞ արդյոք որեւէ ուժ, որը դեմ կգնա այս փտած, սնանկացած ու իր շուրջբոլորը մահ ու ավեր սփռող համակարգին։

Պարզվում է՝ կա։ Եվ այդ ուժն աննյութական մի գոյացություն է եւ գործում է միայն որոշակի պայմաններում։ Այն գործում է մարդկային կամքից դուրս, սովորական մահկանացուի համար անբացատրելի տրամաբանությամբ։ Վարվում է երբեմն շատ դաժան, հայտնվում է՝ չգիտես որտեղից, գործակցում է՝ չգիտես ում հետ։ Դա մի յուրահատուկ իշխանություն է, որի անունն է՝ Օրենքի իշխանություն։ Վերջինս շատ անողոք է եւ արժանիորեն պատժում է իր մեջ ներդրված հոգին՝ Իրավունքը, լպիրշորեն արհամարհելու համար։

Երբ սկզբունքորեն չի պահվում Իրավունքը, երբ Սահմանադրության դրույթների խախտումը դիտվում է որպես աննշան զանցառություն, կամ համառորեն փորձ է արվում չնկատել սահմանադրական արգելքները, Օրենքը վրեժ է լուծում իրեն անտեսողից։ Ինչ-որ տեղ Օրենքը շրջանցել հնարավոր է, բայց  արհամարհել՝ երբեք, քանզի այն քաղաքական էակի հարաբերման լեզուն է։ Առանց այդ լեզվի, քաղաքական էակը վերածվում է կենդանական էակի՝ անասունի, որի վերջին հանգրվանը սպանդանոցն է: Այսօր դրվում են սպանդանոց տանող ճանապարհի վերջին սալաքարերը։

 

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: