Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Բրիտանիային ձեռնտու է Արցախի խնդրի համապարփակ լուծումը

Օգտվողների գնահատում. 4 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղանգործուն աստղ
 

Փետրվարի 7-ին, Հայաստանում Մեծ Բրիտանայի դեսպան Ջոն Պատրիկ Գալահերն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է. «Մենք հակամարտությունը լուծված չենք համարում: Միացյալ Թագավորությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ հնարավորինս շուտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա»։

Դեսպանի խոսքերը՝ հաշվի առնելով, որ նա պատասխանել է Արցախի մասին լրագրողի հարցին, կարելի էր համարել «պրոտոկոլային»։ Հարցրել են, պատասխանել է ծեծված թեզերով։ Սակայն, տարօրինակ կերպով, Հայաստանի հասարակության մի ստվար հատվածը նրա խոսքերից ոգեւորվել է, եւ սոցցանցերով սկսել են տարածել դեսպանի խոսքերը, համարել, որ Բրիտանիան, ի տարբերություն Ադրբեջանի նախագահի հայտարարությունների, Արցախի հարցը չի համարում փակված։ Ավելին՝ հիշենք, որ նման խոսքեր են ասել Ֆրանսիայի, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների բաձրաստիճան պաշտոնյաներ, որոնք եւս նույնկերպ են ընկալվել Հայաստանի սոցցանցերի օգտատերերի կողմից։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը վատ է պատկերացնում միջազգային հարաբերությունների էությունը՝ ավանդորեն պետություններին բաժանելով «հայասերների» (հայամետներ) ու հայերին չսիրողների (հայատյացներ)։

Միջազգային հարաբերություններում կան շահեր, չկան զգացմունքներ ու բարոյական սկզբունքներ։ Վերջերս Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանն էլ իր հարցազրույցում նշել է, որ բրիտանական ընկերություններն Ադրբեջանում ներդրել են մոտ 25 միլիարդ ֆունտ ստերլինգ, երկրում գործում են 600-ից ավելի բրիտանական ընկերություններ, իսկ «Բրիթիշ փեթրոլիում» նավթային ընկերությունը, անկախությունից ի վեր, Ադրբեջանում ներդրել է մոտ 70 միլիարդ դոլար։ Բրիտանիան, բացի տնտեսական շահերից, ունի նաեւ քաղաքական շահեր, որոնք փոխկապակցված են Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությամբ, որտեղ Լոնդոնը մրցակցում է այդ երկրների հետ ու Ադրբեջանը հենակետ է այդ երկրների դեմ քաղաքականություն վարելու համար։ Մասնավորապես՝ Ուկրաինայում նույնպես տեսնում ենք, որ Բրիտանիան հակառուսական քաղաքականության առանցքային դերակատար է։ Սրանք նույն քաղաքականության տարբեր դրսեւորումներն են։

ԱՄՆ-ն, Ֆրանսիան, անշուշտ, Ռուսաստանը՝ նույնպես, ունեն իրենց շահերը, ինչը բնական է։ Մեր տարածաշրջանի, նաեւ Հայաստանի հանդեպ այդ երկրների քաղաքականությունը պայմանավորված է իրենց ազգային շահերով, իրենց աշխարհընկալմամբ ու իրենց հեռահար նպատակներով։ Հասկանալի է, որ նրանք չունեն հայաստանամետ կամ ադրբեջանամետ որեւէ զգացմունքներ, նաեւ դեմ չեն հայերին կամ ադրբեջանցիներին, այլ վարում են իրենց շահերից բխող քաղաքականություն։

Այն, որ Հայաստանի հասարակությունն ունի նման պարզունակ պատկերացումներ, կարող է դառնալ անվտանգության խնդիր՝ հաշվի առնելով այն, որ գործող կառավարության հեղինակությունը ցածր է եւ՝ տրվելով հանրային զգացողություններին, կարող է վարել մեր ազգային շահերին հակասող քաղաքականություն։

Առհասարակ՝ միայն հոգեբանորեն անառողջ հասարակություններին է հատուկ ունենալ կողմնորոշումային պատկերացումներ, ինչպես Հայաստանում դրանք «մետ» կամ «տյաց» որակումներն են՝ ռուսամետ եւ ռուսատյաց, արեւմտամետ եւ արեւմտատյաց եւ այլն։ Կայացած երկրները վարում են միմիայն սեփական ազգային շահերին միտված քաղաքականություն, ինչից եւ բխում է հարաբերությունների որակը այլ երկրների հետ։

Հիմա վերադառնանք Բրիտանիայի դեսպանի խոսքերին։ Մեր տարածաշրջանում Բրիտանայի գլխավոր նպատակն է պաշտպանել իր ներդրումները, որոնք Ադրբեջանում են կատարվել, եւ մրցակցության մեջ մտնել Ռուսաստանի ու Իրանի հետ, որպեսզի թուլացնի նրանց դիրքերը Հարավային Կովկասում։ Հասկանալի է, որ Արցախի չլուծված խնդիրը հիմք է տալիս Ռուսաստանին՝ պահել զորքեր Հարավային Կովկասում եւ ունենալ մեծ ազդեցություն, նմանապես Իրանին է պետք թույլ չտալ, որ Թուրքիան չմեծացնի իր ազդեցությունը՝ հաշվի առնելով Իրանում գլուխ բարձրացնող ադրբեջանական անջատողականությունը։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է հասկանալ, որ Բրիտանիային պետք է, որ Արցախի խնդիրը «համապարփակ» կերպով լուծվի, այսինքն՝ «հանվի» Արցախի հարցը օրակարգից, ինչը կթուլացնի Իրանի դիրքերը Հարավային Կովկասում եւ, առհասարակ, դուրս մղի Ռուսաստանին այստեղից՝ ամբողջ Կովկասը դարձնելով Թուրքիայի միահեծան ազդեցության գոտի, մեծացնելով նաեւ Բրիտանիայի դերը։

Այս ամենը չի նշանակում, որ Բրիտանիան Հայաստանի թշնամին է կամ «հայատյաց» է: Ամենեւին: Սա նշանակում է, որ Բրիտանիան շարժվում է իր ազգային շահերին համահունչ, ինչը բնական է: Անբնականն այն է, որ Հայաստանը, որպես պետություն, չի կարողանում ձեւակերպել իր մոտակա ու հեռակա ազգային շահը, դրա վրա հիմնված իր ազգային քաղաքականությունը, ինչի հետեւանքով Հայաստանի հանրային կարծիքը երերուն է, ոչ ռացիոնալ, հաճախ անտրամաբանական ու զգացմունքային։

 

Դանիել Փանունց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: