Ուրբաթ, Ապրիլի 10, 2020

Վերլուծական

Արցախյան ընտրություններ. անակնկալներ` ամեն օր

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արցախյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը հայ հանրության շրջանում բավական բարձր է: Մամուլը մեծ ուշադրություն է դարձնում այդ թեմային: Սակայն լավ պատկերացում կազմել այն մասին, ինչ տեղի է ունենում, այնքն էլ հեշտ չէ: Քիչ են վերլուծական նյութերը` ավելի հաճախ հրապարակվում են այս կամ այն քաղաքական ուժերի կողմնակիցների դիրքորոշումները եւ նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հայտարարությունները: Իրավիճակն ամենալավը կարելի է հասկանալ Արցախի ներսից:

Քանի որ անցած շաբաթ ինձ վիճակվեց բավական երկար ժամանակ գտնվել Արցախում եւ հանդիպումներ ունենալ մեծ թվով մարդկանց հետ, սույն հոդվածում կուզենայի կիսել ներկա իրավիճակի մասին իմ տպավորությունները: Իսկ կիսելու բան իսկապես կա: Ընտրություններում տիրող իրավիճակն աննախադեպ է: Արցախում երբեք չի եղել մի այնպիսի իրադրություն, երբ վճռորոշ գործոն չլիներ ՀՀ բարձրագույն ղեկավարության կարծիքը: Ինչ էլ որ տեղի ունենար՝ բոլորի հայացքն ուղղված էր Երեւանի կողմը: Բայց Հայաստանում կատարված իշխանափոխությունը եւ բուն Արցախում դրան հաջորդած սոցիալ-քաղաքական մթնոլորտի փոփոխությունները քանդեցին ընտրական գործընթացների վրա ազդեցության ավանդական մեխանիզմները:

Թեպետ Արցախի գործող իշխանությունները պաշտոնապես պահպանում են իրենց դիրքերը, բայց հասարակության վրա նրանց ազդեցությունը շատ թույլ է: Վախի մթնոլորտը զգալիորեն չքացել է՝ հարկադրանքի առաջվա եղանակները սպառել են իրենց արդյունավետությունը: Այդ հանգամանքը դրսեւորվել էր արդեն իշխանության տեղական մարմինների 2019 թվականի սեպտեմբերյան ընտրություններում: Այդ ժամանակ էլ իշխանություններն առաջին անգամ զգացին զարգացող գործընթացների հանդեպ իրենց անզորությունը: Ամեն ինչ որոշողն ընտրողների քվեն էր: Պարզվեց նաեւ, որ ընտրողների մեծամասնությունն անպատրաստ էր նոր պայմաններին: Հին կողմնորոշիչները, այսինքն՝ պետերի հեռախոսազանգերը, «օգնության պատրաստ» այս կամ այն հեղինակությունների խոստումները եւ այլն, կորցրել էին իրենց ներգործությունը: Արդյունքում ընտրողների ձայները ցրվել էին:

Նման մի բան էլ հիմա տեղի ունեցավ: Սակայն բուն քաղաքական դաշտում սկսել էին իրենց զգալ տալ չափազանց անսովոր երեւույթներ: Դա, նախեւառաջ, վերաբերում է նախագահների թեկնածուների շուրջը բեւեռների կազմավորման գործընթացին: Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցող երկու տասնյակի չափ կուսակցություններն առաջադրել էին նախագահի 14 թեկնածու: Բնականաբար՝ առաջին հերթին հետաքրքրություն էր ներկայացնում այն, թե ինչպես են կազմավորվելու դաշինքներն այդ թեկնածուների շուրջ:

Այսօրվա դրությամբ գլխավոր ինտրիգը նախագահական ընտրություններում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանին աջակցելու՝ Սամվել Բաբայանի որոշումն է: Նման որոշում կարելի էր ակնկալել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Բաբայանը չի կարող առաջադրել իր թեկնածությունը (այդպես էլ նրան չէր հաջողվել փոխել օրենքը): Անտեսել ընտրողների՝ իր համար հավաքած ստորագրությունները, նույնպես չէր կարող: Բաբայանի կուսակցությունը որոշել էր առանձին ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ որպես գործող իշխանություններին ընդդիմադիր ուժ: Կուսակցությունը չէր կարող ձայները տալ նախագահի որեւէ իշխանամետ թեկնածուի: Մնում էր անել այն, ինչ արվեց:

Բնականաբար՝ Մասիս Մայիլյանի նախընտրական դիրքերը կտրուկ ուժեղացան: Իշխանությունների գլխավոր թեկնածուն՝ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, որն այս ամիսներին «հաղթական քայլերթ» էր ցուցադրում, փոքր-ինչ մեղմեց ավյունը: Թուլացան նաեւ այն ուժերի գաղափարական դիրքերը, որոնք ինչ-որ պահի փորձում էին նախընտրական օրակարգ մտցնել «սորոսականի» գաղափարը՝ Մայիլյանին նման կերպար «կպցնելու» նպատակով: Մի տեսակ չի կապակցվում այդպիսի կերպարը մեկի հետ, ում սատարում էր «ռուսամետ» Բաբայանը:

Բայց որոշ բարդություններ ունեցավ նաեւ Մասիս Մայիլյանը: Նրա շատ կողմնակիցներ ոչ մի կերպ չեն ընկալում Մայիլյանի եւ Բաբայանի սերտ միության հնարավորությունը: Շատերը չէին ցանկանա, որ ոչ միանշանակ իմիջ ունեցող նախկին գեներալը պետական կառավարման համակարգ վերադառնա: Մայիլյանը նույնիսկ ստիպված էր հանդես գալ հատուկ կոչով եւ պարզաբանումներ տալ գործադիր իշխանություն կազմավորելու՝ իր հետագա մոտեցումների վերաբերյալ: Նշվել էր, որ Բաբայանի հետ որեւէ կադրային հարցեր ինքը չի քննարկել եւ, առավել եւս, այդ թեմայով որեւէ պայմանավորվածություններ չկան:

Երկրորդ անակնկալը մատուցեց նախկին բարձրաստիճան զինվորական Գրիգորի Սահակյանը, որը դուրս եկավ իր նորաստեղծ կուսակցությունից եւ հարեց Մասիս Մայիլյանին: Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին մասնակցած եւ բավական բարձր իմիջ ունեցող Սահակյանը գլխավորեց այն կուսակցությունների նախընտրական դաշինքի ցուցակը, որը պաշտպանում է Մայիլյանի թեկնածությունը: Բացի դրանից, նա փոքր-ինչ վանեց Բաբայանի անվան ստվերը Մայիլյանի կերպարից:  

Ամեն դեպքում` գլխավոր բեւեռներից մեկի կերպարը սկսում է դուրս գալ հասարակության ուշադրության կենտրոն: Համապատասխանաբար` ինչ-որ փոխակերպումներ պետք է կատարվեն մյուս ճամբարներում: Այդ իմաստով ուշագրավ է նախագահի թեկնածու, գեներալ Վիտալի Բալասանյանի կերպարը: Դեպքերի վերը նկարագրված շրջադարձի հենքին նրա կերպարը մի տեսակ ստվերվում է: Պարզ չէ, թե ինչ հարաբերությունների մեջ է նա գործող իշխանությունների հետ` այն պայմաններում, երբ կտրուկ հակադրվում է Հայաստանի նոր իշխանություններին: Տպավորություն է, թե նախագահ Բակո Սահակյանի թիմը նրանից հեռավորություն է պահպանում: Համենայն դեպս` Ստեփանակերտի հանրության միջավայրում այդպիսի կարծիքը գերակշռում է:

Եվս մեկ կարեւոր հանգամանք: Քանի որ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են միաժամանակ, բավական հետաքրքիր է պատկերանում ԱԺ ապագա խմբակցությունների իրավիճակը: Այն դեպքում, եթե նախագահական ընտրություններում հաղթելու համար երկրորդ փուլ պահանջվի, պետք է պարզ լինի, որ թիմերից ոչ մեկին չի հաջողվելու ապագա խորհրդարանում տիրանալ մանդատների մեծամասնությանը: Տեսականորեն այդպիսի մեծամասնություն կարելի է ստանալ միայն առաջին փուլում թեկնածուներից մեկի հաղթանակի դեպքում: Բայց ընտրազանգվածի անորոշության բարձր աստիճանը կարող է փոշիացնել ձայները: Այդ դեպքում առանց ապագա խորհրդարանում մեծամասնության կոալիցիա ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածությունների՝ չի ստացվի: Հավանաբար այդ հանգամանքը մի շարք կուսակցությունների զսպում է կազմավորելու նախընտրական դաշինքներ` շատերը հակված են դաշինքներ կազմավորել ընտրություններից հետո: Համենայն դեպս` Դաշնակցության մասով, որն ընտրությունների է գնում իր առանձին թեկնածուով ու առանձին ցուցակով, այդպիսի նկատառումը միանգամայն տրամաբանական է: Կուսակցությունը ցանկանում է սեփական խմբակցությունն ունենալ:

Այսպիսին է իրավիճակը, որը կարող է փոխվել ամեն օր: Ցանկացած անակնկալներ դեռ կարող են լինել:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: