Փետրվարի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հերթական մամուլի ասուլիսն էր հրավիրել՝ արծարծելով քաղաքական, սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական եւ մի շարք այլ խնդիրների լայն տարրապատկեր: Նշենք, որ վերջին անգամ Քոչարյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպել էր անցած տարվա դեկտեմբերի 27-ին։
Եվ այսպես՝ առաջին հարցը ՀԱՊԿ-ի մասին էր, որն անցած տարվա հունվարին ամենից հաճախակի քննարկվողներից էր՝ կապված գլխավորապես ղազախական դեպքերի հետ, ինչպես նաեւ այն համատեքստում, թե ինչու ՀԱՊԿ-ը չմիջամտեց, երբ հարձակում եղավ Հայաստանի վրա: «ՀԱՊԿ-ում անհրաժեշտ է մնալ, բայց նրա հետ հատուկ հույսեր չկապել»,- կարճ բանաձեւել է ՀՀ երկրորդ նախագահը։ Ըստ նրա՝ սահմանակից չորս երկրներից Հայաստանը խնդիրներ ունի միայն երկուսի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Կա եւս մեկ ակնհայտ փաստ. ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ բոլոր երկրները, Ռուսաստանից բացի, ունեն շատ ավելի ջերմ, շատ ավելի ծավալուն հարաբերություններ բոլոր ոլորտներում՝ տնտեսական ծավալներ, միջպետական շփումներ, միջպետական պայմանագրային բազա, մշակութային կապեր եւ այլն։
Ավելին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ կենտրոնասիական երկրները մեկ այլ՝ թյուրքական կազմակերպության մաս են կազմում։ Եվ անձնական շփումների մակարդակով նաեւ այդ պետությունների առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ։ Հետեւաբար՝ մտածել, որ որեւէ կերպ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել մեզ վրա այդ հարձակմանը, կլիներ միամտություն։ Ուղղակի դա բացառվում է։ «Խոսքն այն մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում։ Շատ լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են, եւ աշխատեց Ղազախստանի պարագայում։ Սա փաստ է, եւ մենք ուղղակի այս փաստի հետ պետք է հաշվի նստենք։ Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ, իհարկե՝ մնալ։ Առաջինը՝ չկա այլ կառույց, որը կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին։ Եվ երկրորդ՝ այդ կազմակերպության շրջանակում կան բազմաթիվ պայմանագրեր, որոնք կանոնակարգում են ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի հետ։ Կրկնում եմ՝ մնալ, համագործակցել, բայց հասկանալ, որ անվտանգության տեսանկյունից այստեղ հայտարարություններից բացի, ոչինչ լինել չի կարող»,- նշեց Քոչարյանը:
Հաջորդ հարցը վերաբերում էր Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրին», որտեղ, ըստ Երկրորդ նախագահի, խոսվում է Հարավային Կովկասում ոչ մեր օգտին ընթացող լուրջ աշխարհաքաղաքական գործընթացների մասին։ «Այսպիսի արտահայտություն կա՝ «дырка от бублика», եթե այսպես գնա, դա ենք դառնալու։ Այս հռչակագիրն ամրագրում է Թուրքիայի աճած դերը տարածաշրջանում, դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների ձեւավորումն Ադրբեջանի հետ»,- ասաց Քոչարյանը։ Նրա տպավորությամբ՝ այս իշխանությունները՝ Հայաստանի սպառնալիքն անհաղթահարելի են համարում։ Եվ միշտ այդպես են մտածել: Պարզապես, մի րոպեում իշխանության գալով, փորձեց ինչ-որ չափով թաքցնել այդ մոտեցումները, բայց իրականում, եթե նայենք նրանց քաղաքական թիմի կենսագրությանը եւ ավելի վաղ արտահայտած մտքերին, լիովին տեղավորվում է այս հայեցակարգի մեջ։ Դա փաստ է»,- ասաց նախկին նախագահը:
Ամենամտահոգիչ խնդիրներից մեկը, ինչպես դատում է Քոչարյանը, բանակն է, որը փաստացի, ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել Հայաստանի սահմաններն ու ապահովել պետության ու ժողովրդի անվտանգությունը։ Պատերազմից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում, ըստ ՀՀ երկրորդ նախագահի, համարյա ոչինչ չի արվել մարտունակության վերականգնման եւ վերազինման ուղղությամբ։ Նա պարզաբանեց, որ անցած տարվա նոյեմբերյան իրադարձությունները Սիսիանում դրա վառ հաստատումն են։ «300-400 դոլարանոց լրտեսների հայտնաբերումը վկայում է Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի մասին։ Բանակի հաստատված բյուջեն հույս չի ներշնչում, թե մոտ ժամանակներս այսպիսի տեմպերով կարելի է ինչ-որ բան փոխել»,- նշեց Քոչարյանը։
Երկրորդ նախագահի կարծիքով՝ Կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում բանակին։ «Այնպիսի տպավորություն է, որ մարտունակ բանակ այս իշխանություններին պետք չէ։ Բարձրացնելով դատախազների աշխատավարձերը՝ մոռանում են այն մասին, որ կան սպաներ, իսկ նրանց խրախուսելը եւ նրանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը Հայաստանի համար շատ ավելի կարեւոր են»,- ընդգծեց նա։ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ այսօր հասարակությանն ամենից շատ հուզում են անվտանգության խնդիրները, եւ հենց այդ հարցերն են Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում։ «Երեք բաղադրիչ կա անվտանգության հարցում՝ սեփական Զինված ուժեր, առաջին հերթին՝ բանակ, երկրորդը Հայաստանի համար՝ ՀԱՊԿ, երրորդ՝ երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Երրորդ դեպքում խոսքը երեք պայմանագրերի մասին է, որոնք կանոնակարգում են ռուսական ռազմակայանի եւ ընդհանուր առմամբ՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցերը»,- անվտանգության թեման ամփոփեց ՀՀ երկրորդ նախագահը եւ անդրադարձավ ամենացավալի խնդրին՝ Արցախին:
Հայաստանի իշխանությունները, ըստ ասուլիսի բանախոսի, չեն ուզում խոսել Ղարաբաղի թեմայից, որպեսզի Հայաստանի եւ Ղարաբաղի հասարակություններն այս հարցով հույսեր չկապեն իրենց հետ։ «Ինչպես այն անեկդոտում՝ եկել եմ ասեմ, որ իմ հետ հույս չկապեք։ Եվ դա կաշխատի։ Մի երկու տարի չխոսելով՝ տպավորություն ստեղծել, որ նրանք այդ հարցի հետ կապ չունեն։ Եթե հարցեր ունեք, քննարկեք ռուսների հետ, եւ դա արվում է գիտակցաբար»,- նշեց Քոչարյանը։ «Երբեմն ուզում եմ պատկերացնել առաջին փուլը՝ առաջին հանդիպումը սեղանի շուրջ՝ բանակցությունների ապագան որոշելու համար, ինչի՞ մասին են խոսելու։ Ի՞նչ թեմա է քննարկելու Հայաստանի պատվիրակությունը: Ո՞վ կարող է դա ինձ բացատրել։ Ադրբեջանական կողմը դնելու է հայ պատգամավորների ելույթների ձայնագրությունը եւ ասելու է, որ ձեր ղեկավարն ընդունում է, որ Հայաստանը վաղուց ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ձայնագրությունը, որ ձեր ղեկավարն ընդունում է, որ երբեք՝ նույնիսկ 2016 թվականից ի վեր, տեսական շանս էլ չի եղել քննարկել Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս եւ, նույնիսկ, կասկածի տակ է դրել Ղարաբաղի հայկականությունը։ Ես մի քանի անգամ մասնակցել եմ բանակցություններին։ Առաջին հանդիպմանը, երբ Ղարաբաղի պատվիրակությունը մասնակցում էր Հռոմում, ես մասնակցում էի այդ բանակցություններին։ Մեծ անհանգստությամբ եմ սպասում բանակցություններին: Ես նույնիսկ մտածում եմ՝ արդյոք հիմա դրանք պետք են, քանի դեռ այս իշխանություններն են Հայաստանում։ Պետք է գնաս եւ ընդունես, որ բանակցություններ են վարվելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այդ թվում՝ Ղարաբաղի եւ Ղարաբաղի հայկականության հարցը սեղանի վրա է լինելու։ Նրանք պարզապես կխոսեն համայնքների մասին։ Այս վիճակի մեջ մենք ենք մեզ գցել՝ մեղադրանքներից արդարանալու նպատակով եւ այդ արդարանալու նպատակին զոհաբերվեց ամբողջ բանակցային գործընթացը:
Ասուլիսում անդրադարձ է եղել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կոշտ արձագանքին, թե Հայաստանին ոչինչ չի մնա անել, քան միանալ նոր կազմավորվելիք Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։ Կարելի է Լուկաշենկոյին սիրել կամ չսիրել, հարգել կամ չհարգել, սակայն նա միշտ ասում է այն, ինչ մտածում է։ Քոչարյանի խոսքով՝ պետության ղեկավարը միշտ չէ, որ պետք է բարձրաձայնի իր մտքերը։ «Անձամբ ինձ համար անհասկանալի է այն բուռն արձագանքը, որը տեղի ունեցավ Հայաստանում։ Խոսքը, մասնավորապես, գործող իշխանության արձագանքի մասին է։ Այն, ինչ ասել է Լուկաշենկոն, ուղղակի հնարավոր չէ համեմատել այն ամենի հետ, ինչ ասում է Ալիեւը, որին զրո արձագանք է եղել Հայաստանում։ Իհարկե, նա չպետք է նման տոնով խոսեր։ Անկասկած, նման դեպքերում պետք է կոռեկտ լինել։ Սակայն մենք պետք է իմանանք, որ նա ասել է այն, ինչ մտածում են մյուսները։ Դա փաստ է։ Բոլորը մտածում են՝ «իսկ ճարնե՞րը ինչ, ո՞ւր են գնալու»։ Ահա այս ձեւակերպման հետ գործ ունենք։ Եվ այսօր գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի արմատավորվի հենց այս մտածելակերպը»,- ասաց Քոչարյանը։ Ըստ նախկին նախագահի՝ գործող իշխանությունը ոչինչ չի անում այս վերաբերմունքը փոխելու համար:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, ես երբեք դրան դեմ չեմ եղել»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։ Սակայն, նրա խոսքով, հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա բնական ընթացակարգով՝ նոտաների փոխանակում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, դեսպանատների բացում, հետո սկսվում է քննարկումը, թե ինչպես հաղթահարել երկու երկրների միջեւ խոչընդոտները։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ինձ համար հասկանալի չէ։ Ըստ էության, ձեւաչափը, որը ես այսօր տեսնում եմ, բանակցություններ չեն Թուրքիայի հետ, այլ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հետ, որտեղ օրակարգը ձեւավորում է Ադրբեջանը, այն հնչեցնելու է Թուրքիան։ Սա լավ տեղ մեզ չի տանելու։ Սա ճիշտ ճանապարհ չէ երկկողմ հարաբերությունների հաստատման համար»,- նշեց Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ սահմանների բացման հետ կապված վտանգը մեծ է։ Ապրանքների, արտադրությունների եւ ոլորտների մի ամբողջ շարքի համար, հայկական շուկային որոշակի ցնցակաթված է սպասվում առաջիկա 3-5 տարիներին։ Այդ փորձը կա Բուլղարիայում։ «Ես ոչ մի գնահատական եւ հաշվարկ չեմ լսել սահմանների բացման հետեւանքների մասին եւ թե ինչպես ենք մենք պաշտպանելու մեր շուկան։ Նախարարությունը, որը պետք է աներ դա, անվանել են հույսի նախարարություն, այն լուրջ չի ընկալվում։ Մենք լրջագույն սպառնալիքի առջեւ ենք, իսկ գնահատական չկա։ Այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ ատում են արհեստավարժ մարդկանց։ Ես մտածել եմ այդ մասին, եզրակացությունն այն է, որ լավ մասնագետը գիտի իր գինը ու չի պատրաստվում «ուսապարկ» դառնալ։ Նա գնահատում է սեփական արժանապատվությունը։ Դրա համար հավաքում են մարդկանց, որոնք պատրաստ են ծառայել «տուզիկների» պես եւ սեփական կարծիք չունեն»,- շարունակեց նախկին նախագահը:
Խոսելով «շահ խոստացող» բաց հաղորդակցությունների մասին՝ Քոչարյանը նշեց, որ բանակցություններն օգուտների մասին անհեթեթ են։ Նա հիշեցրեց, որ Երեւանից մինչեւ Ռուսաստանի սահման 400 կիլոմետր է։ Հայաստանի տնտեսության կառուցվածքը եւ, առհասարակ, տնտեսությունն աշխարհում այնպիսին է, որ բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվում է «ֆուռ»-երով, իսկ Հայաստանի համար իրավիճակը չի փոխվի, քանի որ հիմնական գործընկերը Ռուսաստանն է. «Բան չի փոխվելու։ Եթե իրանական բեռնափոխադրումները Նախիջեւանով գան, ապա Սյունիքով չեն գալու։ Եթե բեռնափոխադրումներն իրականացվեն Ադրբեջանի երկաթուղով, ճանապարհը կրկնակի ավելի է լինելու։ Դա էլ ավելի կհեռացնի մեզ սպառման մեր շուկաներից՝ Կրասնոդարի երկրամաս եւ Մոսկվա։ Այդ մարդիկ քարտեզին չեն նայո՞ւմ։ Թե՞ քարտեզները նույնպես ատում են որպես արհեստավարժների գործիք»,- ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ երկաթուղու օգտագործումը ենթադրում է լրացուցիչ ջանքեր։ «Այսինքն՝ մենք ոչ միայն չենք շահի, այլեւ կկորցնենք։ Ես չեմ ասում, թե չպետք է գնալ սահմանների բացման, բայց պետք է 3-5 տարվա ծրագիր, որպեսզի պաշտպանենք շուկան։ Սուբսիդիաները կամ թուրքական ապրանքների հարկերը, տարբեր մոդելներ կան»։ Երկրորդ նախագահի կարծիքով՝ երկիրն ի վիճակի է մասնագետներ ներգրավել, Հայաստանում կան նման մասնագետներ։ «Իմ խնդրանքն է՝ չդիտարկել երկրի ինտելեկտուալ կարողությունները կառավարող ուժի համատեքստում»,- նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունում նրա եղած ժամանակ իր համար ավելի հեշտ էր խոսել Թուրքիայի հետ սահմանների բացման մասին, քանի որ այն ժամանակ մենք հաղթող կողմ էինք, եւ սահմանը փակել է Թուրքիան։ Միեւնույն ժամանակ, Քոչարյանը նշեց, որ փակ սահմանն ինչ-որ չափով պաշտպանում էր ձեւավորվող հայկական շուկան։ Բայց այն ժամանակ մենք էինք թելադրում օրակարգը, եւ Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահները չէին կարող մեզ ինչ-որ բան ասել, իսկ մենք էլ լռեինք էլի մի երկու պոստ կորցնելու վախից։ Կոպիտ ասած՝ կառչել են մի ինչ-որ բանից եւ կարող են պոկել։ Կոպիտ, բայց անկեղծ»,- նշեց Քոչարյանը։ «Սահմանը պետք է բացել, բայց պետք է պաշտպանել գյուղացիներին»,- ընդգծեց նա՝ թվարկելով թաքնված սպառնալիքները՝ ջերմոցային տնտեսություններից մինչեւ սերմացուի ֆոնդը։ Որպես օրինակ նա ներկայացրեց այն իրավիճակը, երբ 90-ականներին նրան հաջողվեց լուծել երկիրը հավի ձվով ապահովելու խնդիրը։ «Սահմանների բացման հարցում մենք չպետք է հանդես գանք խնդրողի դերում։ Սահմանի բացումը բնական է։ Անբնական է, որ մեկ տարի առաջ մեզ վրա գրոհեցին «Բայրաքթարներով»։ Եվ ես համոզված եմ, որ օպերատորները թուրքեր չէին։ Սա պետք է հիշել»,- ընդգծեց Քոչարյանը:
Ամենաչարչրկված՝ Ստամբուլյան փաստաթղթի անդրադարձում Քոչարյանը վերահաստատեց, որ Արցախի հարցի կարգավորման պարբերության մեջ ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ «Ստամբուլյան փաստաթուղթը որեւէ մեկը կարդացե՞լ է, թե՝ ոչ։ Իսկապես, սա թեմա է, որը Հայաստանում քննարկվում է ավելի քան երկու ամիս։ Մի մարդ, որը դեռ մեկ ճիշտ խոսք ասած չկա, արել է հայտարարություն, եւ ոչ մեկը չի փորձել կարդալ այդ փաստաթուղթը հասկանալու համար՝ այս մարդը հերթական անգամ ստո՞ւմ է, թե՝ գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճշտմարտությունն է ասել։ Ես այդ փաստաթուղթը ստորագրողն եմ եղել, այդ մարդը ստում է։ Ստամբուլյան փաստաթղթի ստորագրումը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից մեկն է եղել այդ տարիների ընթացքում։ Մարդկանց, որոնք հետաքրքվում են Արցախի հարցի կարգավորմամբ, ես կառաջարկեի կարդալ այդ փաստաթղթի առաջին 48 էջը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահի խոսքով՝ փաստաթղթում կա անդրադարձ հետսովետական տարածքներում կոնֆլիկտների վերաբերյալ. «Մոլոդվա, Վրաստան, Ռուսաստան, Կոսովո, Չեչնիայի հարցը։ Բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ այդ փաստաթղթի մեջ գրված է՝ մենք հարգում ենք, վերահաստատում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը, եւ որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում։ Վերահաստատվում է Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, եւ միայն Արցախի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Պատկերացրեք՝ ինչ աստիճանի էր հասել մեր դիվանագիտությունը, որ Լիսաբոնից հետո հենց Ստամբուլում մենք ստացանք այն փաստաթուղթը, որում, ի տարբերություն այլ կոնֆլիկտների, որեւէ բառ ասված չէ։ Կապ չունի, թե դու որքան ազնիվ ես քո բացատրությունների մեջ, մեկ է՝ հավատում են նրան, ով վարժորեն ստում է։ Եթե դու վարժված ես ստելուն, անում ես առանց ամոթի՝ մարդկանց աչքերի մեջ նայելով, քեզ հավատում են»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք, որ Ստամբուլյան խարտիան ընդունվել է 1999 թվականի նոյեմբերի 9-ին Ստամբուլում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովում:
Ռուսաստանը միակ գործոնն ու երաշխիքն է անվտանգության ոլորտում, որը գործում է Հայաստանում, սա գործող հանգամանք է, բայց 44-օրյա պատերազմը նրա հարաբերությունների վրա ազդող որոշ խնդիրներ ու գործոններ ի հայտ բերեց։ Առաջին խնդիրը, ըստ նրա, Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է, որը ցույց տվեց միջամտության եւ աջակցության լիմիտները։ Նա նշեց, որ մինչեւ հիմա չկա հարցի պատասխանը, թե ինչո՞ւ փակվեց Վրաստանի օդային տարածքը ռազմական բեռնափոխադրումների համար։ «Մեր իշխանությունները հաշվարկել էին, որ այդ տարածքը կարող է փակվել, թե՞ ոչ։ Թե՞ նրանց համար էլ էր անսպասելի։ Չկա նաեւ պատասխան հարցին, թե ինչո՛ւ պատերազմի առաջին երկու շաբաթներին փակվեց նաեւ Իրանի օդային տարածքը։ Այս երկու գործոնները լուրջ ազդեցություն ունեցան պատերազմի ելքի վրա։ Դա նույնպես փաստ է։ Եթե մենք չէինք հաշվարկել, ապա կարող է մեկ մեղադրանք առաջադրվել, բայց եթե հաշվարկել էինք, բայց, այնուամենայնիվ, 2020 թվականի ամռանը գնացինք Տավուշում կոնֆլիկտի սանձազերծմանը, դա կարող է բարձրացնել այս իշխանություններին հերթական մեղադրանք առաջադրելու հարցը»,- ընդգծեց Քոչարյանը։
Որպես երկրորդ խնդիր՝ նա նշեց Ռուսաստանի՝ որպես միջնորդի կարգավիճակը ղարաբաղյան հակամարտությունում, ինչը զգալիորեն սահմանափակում է գործողությունների ազատությունը։ «Երրորդ խնդիրը Հարավային Կովկասում Թուրքիայի դերի զգալի աճն է։ Եթե այս երեք բաղադրիչներն էլ նույն համատեքստում դիտարկել, ապա պատկերը չափազանց տխուր է։ Ես չեմ տեսնում որեւէ լուրջ քայլ, որը կարող է փոխել իրավիճակը եւ չեզոքացնել այդ մարտահրավերները»,- հավելեց Երկրորդ նախագահը։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է զրոյից նոր ռազմարդյունաբերական համալիր ստեղծի, հակառակ դեպքում կկանգնի նույն խնդիրների առջեւ, բայց Երեւանն ինքնուրույն դա անել ի վիճակի չէ, պետք է հասկանալ, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստ նման ծավալի աջակցություն եւ Հայաստանի հետ համագործակցություն տրամադրել։ Նա վստահ է, որ դա հնարավոր է, սակայն կասկած հայտնեց, որ նման ազդակներ ու խնդրանքներ հայկական կողմից կան։ «Եվ կրկին պետք է հասկանալ՝ մենք ապագայում կկանգնենք ամբողջական օդային շրջափակման առաջ, թե՞ սա ընդամենը դրվագ է, որը մենք կարողանում ենք շտկել։ Խոսքը Վրաստանի օդային տարածքի մասին է։ Իմ ժամանակ նման խնդիրներ չեն եղել, եւ ես չէի պատկերացնում, որ մենք կարող ենք Վրաստանի հետ մեր հարաբերությունները նման վիճակի հասցնել»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այլ ճանապարհ եւս ունի՝ ընդունել թուրք-ադրբեջանական սպառնալիքները որպես անհաղթահարելի գործոն, ենթարկվել այդ սպառնալիքին, գնալ Հայաստանի ծրագրված աջարացման ճանապարհով։ «Թուրքիան կդադարի մեզ որպես իր ծրագրերին խոչընդոտ համարել միայն այն դեպքում, եթե դա տոտալ ազդեցություն ունենա Հայաստանի քաղաքական գործընթացների վրա։ Դա նշանակում է, որ այն պետք է առաջատար դեր խաղա մեր տնտեսության մեջ, լիիրավ ազդեցություն ունենա Հայաստանի քաղաքական էլիտայի վրա։ Դա հնարավոր է, եթե ռուսական ազդեցությունը սկսի փոխարինվել թուրքականով։ Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է ընդհանրապես հրաժարվել Ղարաբաղից։ Դա այն նախապայմաններից մեկն է, որի դեպքում Հայաստանի համար նման այլընտրանքը կարող է գործել։ Այս քաղաքականությունը կունենա Միացյալ Նահանգների աջակցությունը, քանի որ Ռուսաստանի հետ առճակատումը հուշում է, որ այդ կերպ Մոսկվայի ազդեցությունը կարելի է հեռացնել եւ հասցնել մինչեւ Կովկասյան լեռներ»,- ասաց նա։
ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ Հայաստանը երկրորդ տարբերակով է գնում: «Ռուսաստանին ձեռնտու է Հարավային Կովկասում ուժեղ դաշնակից ունենալը, ինչպիսին մենք էինք վերջին պատերազմից առաջ։ Թուրքիային ձեռնտու է ծայրահեղ թույլ Հայաստան ունենալը, քանի որ միայն այդ դեպքում այն խոչընդոտ չի դառնա իր ծրագրերի իրականացմանը։ Հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ պատրաստ չեն այդ տարբերակին։ Բայց Վրաստանի օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես են 5-10 տարվա ընթացքում փոխել մարդկանց տրամադրությունները եւ արմատավորել հակառուսական քարոզչությունը։ Այստեղ խոսքն այն մասին չէ՝ մենք Ռուսաստանին հավատարիմ ենք, թե ոչ: Երբ խոսքը պետական շահերի մասին է, պետք է սթափ գնահատել, թե ինչ ես ստանում այդ եւ մյուս դեպքում, թե որ տարբերակն ավելի ուժեղ, կազմակերպված Հայաստանի կբերի, որը գործոն կլինի տարածաշրջանում»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահը չի կարծում, որ հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ «Իմ տեղեկություններով՝ նախ Ադրբեջանը սահմանազատում էր պահանջում, ապա՝ խաղաղության պայմանագիր։ Այժմ իրավիճակը փոխվել է, եւ Ադրբեջանը ձգտում է հասնել համաձայնագրի ստորագրմանը։ Ես չեմ պատկերացնում նման համաձայնագիր երկու երկրների միջեւ առանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։ Սա պարզապես անհնար է։ Չեմ կարծում, որ մեր նպատակներին հասնելու համար կա բավարար բանակցային ռեսուրս»,- նշեց երկրորդ նախագահը։ Նրա կարծիքով՝ իրեն չվտանգելու համար հայկական կողմը կփորձի հետաձգել գործընթացը։ «Ճիշտ կլիներ, որ բանակն ու սահմանները զուգահեռաբար ուժեղացվեին, բայց ոչինչ չի արվում։ Եթե գնան հետաձգելու ճանապարհով, դա կնշանակի մի բան՝ հնարավորինս հետաձգել անցանկալի զարգացումը»,- ընդգծեց Քոչարյանը:
Պետք է լինի բավարար զանգված, որը դուրս կգա փողոց ոչ թե որեւէ մեկին իշխանության բերելու, այլ այս իշխանությանը հեռացնելու համար։ «Մենք պետք է իրատեսական լինենք՝ հասկանալու համար, թե որքանով է իրավիճակը հասունացել։ Մենք տեսնում ենք, որ գործընթացը գնում է դրան, վերջին հարցումները ցույց են տալիս, որ իշխանության նկատմամբ վատ վերաբերմունք ունեցողների թիվը շեշտակի աճել է եւ շեշտակի գերազանցում է նրանց ակտիվ աջակցող զանգվածին։ Մեզնից հիասթափվում են նրանք, ովքեր սպասում են ավելի ռադիկալ քայլեր։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր զանգվածը չի նվազում, հակառակն՝ աճում է։ Իմ գնահատականով՝ դեռ չի հասունացել այն վիճակը, երբ մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել։ Առանց փողոցի, այս իշխանությունը չի գնալու։ Հավատալի չէ, որ մի օր խղճի զգացում կունենան եւ կհեռանան՝ ասելով, որ մենք ձախողում ենք ամեն ինչ։ Պետք է բավականաչափ զանգված, որը դուրս կգա փողոց եւ դա չպետք է լինի իմ մասին կամ՝ այլ մարդու։ Այդ փողոցը պետք է լինի իշխանությանը հեռացնելու մասին»,- ասաց երկրորդ նախագահը:
Ռուսաստանի նախագահը լսում է Ալիեւի, Էրդողանի, Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները եւ Հայաստանից որեւէ արձագանք չի լսում։ Ուզում եք, որ Ռուսաստանի նախագահն ավելի հա՞յ լինի, քան Հայաստանի վարչապետը, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ավելի հա՞յ լինի, քան Հայաստանի ԱԳՆ ղեկավարը»,- պարզաբանեց երկրորդ նախագահը։Նա հիշեցրեց, որ ինքը եղել է Արցախի անկախության հռչակագրի համահեղինակ։ «Այս Հռչակագիրն իրավական տեսանկյունից դեռ անխոցելի է։ Երբ ես մասնակցում էի բանակցային գործընթացին, չկար մի փաստաթուղթ, որը կենթադրեր, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Քի Ուեսթում մենք նույնիսկ քննարկել ենք Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը։ Այստեղ իմ մոտեցումը պարզ է»,- եզրափակեց Քոչարյանը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախկինում առաջարկված բոլոր տարբերակներն ավելի լավն էին, քան այն, ինչ կա հիմա։ Պատասխանելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառների մասին հարցին եւ խոսակցություններին, թե նրա ընդդիմախոսները, այդ թվում եւ Քոչարյանը, Տեր-Պետրոսյանի առջեւ մի ինչ-որ փաստաթուղթ են «դրել», որի համաձայն՝ Ղարաբաղի մակերեսը 8 հազար քառ. կիլոմետր է, եւ անհրաժեշտ է անհապաղ ճանաչում, եւ եթե Տեր-Պետրոսյանը չի կարողանում ապահովել Ղարաբաղի անհապաղ ճանաչումը, ապա պետք է հեռանա, Քոչարյանը նշեց, որ նրան հայտնի չեն նկարագրվող իրադարձությունները։ «Այդպիսի բան չի եղել։ Ես չգիտեմ, թե որտեղից նման տեղեկատվությունը։ Այդ ժամանակվա իրադարձությունների մասին ես մանրամասն նկարագրել եմ իմ գրքում։ Ավել բան չի եղել։ Իսկապես չի եղել։ Այն ժամանակ վեճ էր գնում փուլային տարբերակի մասին, տարածքների հանձնման, խաղաղապահների մասին։ Մենք կողմ էինք փաթեթային տարբերակին եւ ասում էինք, որ եթե մենք այս տարաքծներից դուրս գանք, հաջորդ քայլը լինելու է Ղարաբաղի ոչնչացումը։ Մենք չէինք հավատում Ադրբեջանին եւ հավատալու հիմքեր չունեինք։ Ուղղակի Տեր-Պետրոսյանին մենք ասացինք՝ հետ քաշվիր։ Այն ժամանակ նա չէր ուզում հետ քաշվել»,- նշեց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է տարբերակներին, ապա, Երկրորդ նախագահի դիտարկմամբ, ըստ էության, հակամարտության ամբողջ պատմության մեջ բոլոր տարբերակները, ներառյալ Տեր-Պետրոսյանի առաջարկածը, շատ ավելի լավն էին, քան այսօրվա փաստացի վիճակը։ Անհամեմատ ավելի լավն էին բոլոր տարբերակները, քան այն, ինչ մենք ունենք այսօր։ Սա փաստ է։ Համենայնդեպս, Հադրութ, Շուշի կար բոլոր տարբերակների մեջ, եւ բոլոր տարբերակների մեջ ենթադրվում էր բանակցային գործընթաց Մինսկի խմբի շրջանակում, միջազգայնորեն ճանաչված կարգավիճակներ՝ ավելի շատ կամ ավելի քիչ։ Մենք ստացանք ամենից վատ տարբերակը։ Իշխանությունները հայտարարեցին, որ սկսում են զրոյական կետից եւ մեզ բերեցին-հասցրին մեկ այլ զրոյական կետի»,- եզրափակեց Քոչարյանը:
Գեւորգ Բրուտենց