Երեքշաբթի, Մարտի 18, 2025

Վերլուծական

Փաշինյանը սկսել է բաց խաղալ

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Եկեք իրերն անվանենք իրենց անուններով: Այլեւս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը դավաճանված է, եւ դավաճանված է թիկունքին ստացած հարվածով: Բազմադարյա իր քառուղիներում հայոց պատմությունը հայրենադավության երկրորդ այդպիսի դիպված չի հիշում: Չարագործը նախ Հայաստանից պոկեց եւ դարավոր թշնամու ոտքերի տակ մատաղ արեց մայր Հայաստանի անբաժանելի մաս կազմող ու անդուլ մաքառումների միջով մեր օրերին հասած Արցախը, հետո անցավ բուն Հայաստանի տարածքների հանձնմանը՝ կտոր առ կտոր, ծվեն առ ծվեն: Ու այս ամենը՝ մեր լռելյայն անտարբերության, հանդուրժողականության ներքո եւ խուլուհամր ձեւացած աշխարհի աչքի առջեւ:

Մինչեւ ո՞ւր է հասնելու հայահալած այս վակխանալիան՝ ոչ ոք չգիտի: Մի բան, սակայն, ակնհայտ է՝ 2018-ին Հայաստանում իշխանության եկած ապազգային տարրերը՝ ի դեմս «Քաղպայմանագիր» կոչվող կուսակցության, ծվատված ու հյուծված Հայաստանը, որը բացառապես ապաշնորհ կառավարման արգասիք է, տանում են նոր փորձությունների ու փորձանքների, իսկ ժողովրդին՝ նոր կորուստների ու տառապանքների: Միակ բանը, որով զբաղված է երկրում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, Բաքվի եւ Անկարայի կամքն ու պահանջները իրականացնելն է: Լրագրող գործընկերս պատկերավոր կասեր՝ վարչապետը զբաղված է հասարակության շրջանում Ալիեւի շանտաժի վերավաճառմամբ:

Պետք է նկատել, որ նախընտրական այս տարվա անցած մեկուկես ամսում Փաշինյանը շարունակել է տարօրինակ խոսույթի, դատողությունների եւ հայտարարությունների իր շարքը՝ այս անգամ արդեն նոր, ավելի բացահայտ ու անսքող կամ, ինչպես ընդունված է ասել, «առանց գրիմի»: Այդ առումով հատկանշական է Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող նրա հայտարարությունը, թե դեռ պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել 1915-1923-ին եւ ինչո՞ւ: Այս հարցադրումների համատեքստում էլ ներկայացնում է թուրք-ազերական պատմույթներ՝ մեղքի սլաքներն ուղղելով գլխավորապես Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ-ի, նույնիսկ՝ բուն զոհի վրա:

Փաշինյանն ակներեւաբար հաղթահարել է ամոթի, վախի ու կաշկանդվածության համախտանիշը եւ որոշել է բացել «խաղաքարտերը»: Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ նա հօգուտ Թուրքիայի, այդքան բացահայտ կերպով կարող է արծարծել հայության համար զգայուն ու ցավոտ այնպիսի թեմա, ինչպիսին ցեղասպանությունն է: Փորձագետներից ոմանք վարկած են առաջ քաշում, թե Փաշինյանը միտք չունի վերընտրվելու, հակառակ դեպքում նման «ականապատ տարածք» չէր մտնի: Կա տեսակետ, որ ՔՊ առաջնորդը պարտավորվածությունների շատ մեծ բեռ է վերցրել իր վրա, որն ի վիճակի չէ գլուխ բերել, հետեւաբար, ուզում է ազատվել դրանից: Այնպես որ, եթե մի առավոտ արթնանաք ու լսեք, որ ընտանյոք ծլկել են՝ չզարմանաք:

Հակառակի պես այդ նույն օրերին արձանագրվեց Փաշինյանի «բաց խաղի» մասին վկայող մեկ այլ փաստարկ: Փետրվարի 1-ին ձերբակալվեց արցախցի Ղարիբ Բաբայանը, որը նկարահանել եւ ՖԲ իր էջում տեղադրել էր Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց կողմից «Ղարաբաղ» երգի ադրբեջաներեն կատարման տեսագրությունը: Տեսանյութերին կից մակագրել է կշտամբանքի մի քանի հարց, թե ո՞ւր է ոստիկանությունը, ո՞ւր են նայում իշխանությունները եւ այլն: Ատելության, վիրավորանքի կամ թշնամանքի ոչ մի խոսք: Մարդը՝ որպես բարեխիղճ քաղաքացի, հանրության եւ իշխանությունների ուշադրությունը հրավիրում է խիստ անախորժ մի երեւույթի վրա, որը կարող էր անցանկալի հետեւանքներ առաջ բերել:

Փաշինյանական արդարադատությունը՝ ի դեմս Քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի, փոխանակ զբաղվելու մեր երկրի սրտում հայ ազգին նվաստացնող սույն խմբի ինքնագործունեության քննությամբ, կալանավորման պատվեր է իջեցնում 70-ամյա արցախցի գիտնականի նկատմամբ, որը մեղադրվում է ատելություն, անհանդուրժողականություն եւ թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութի ու հրապարակային խոսքի տարածման համար: Մինչդեռ ատելություն եւ թշնամանք հրահրողը իրականում Հանրապետության հրապարակում ողջ ազգին ծանակող իրանաբնակ ազերի լամուկներն են, որոնցից մեր երկրում անգամ հանգիստ չունենք: Ու չենք ունենալու, քանի դեռ սրանք են մեր ապավենը՝ այս հավաքովի անինքնասերները:

Դժվար է հավատալ, որ ազերի խաժամուժն ինքնագլուխ է եկել Երեւան՝ այստեղ զվարճանալու համար: Գրեթե համոզված եմ, որ սրանց հետեւում թաքնված ավելի լուրջ ուժեր կան, որոնց ծրագիրը, հնարավոր է, արցախցի գիտնականն ակամա խափանեց: Իսկ նպատակն էր՝ «զոնդաժի» միջոցով շոշափել հանրային տրամադրությունները: Նիկոլական ԱԱԾ-ի, ՔԿ-ի եւ ոստիկանության խստիվ համակարգված գործողություններից դատելով՝ գալիս ես եզրահանգման, որ իշխանությունը փորձում է փոքր քայլերով հայ հանրությանը ընտելացնել հարյուր հազարավոր ադրբեջանցիների ներկայությանը, որոնց Ալիեւն ուզում է բերել, վերաբնակեցնել Հայաստանում: Չի բացառվում, որ ադրբեջաներենով «Ղարաբաղ» երգի կատարումն այդ քայլերից մեկն էր:

Այլապես բանականության որեւէ դրսեւորման մեջ Ղարիբ Բաբայանի ձերբակալությունը չի տեղավորվում, ինչը կարելի է ասել նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի աղմկահարույց հայեցակարգի մասին: Ավելին՝ այն լիովին տեղավորվում է թուրքական ժխտողականության քաղաքական ուղեգծի տրամաբանության շրջանակում: Տասնյակ տարիներ թուրքական պատմագիտությունն անդուլ ջանքեր է գործադրել այդօրինակ կեղծ թեզերը միջազգայնորեն տարածելու համար՝ նպատակ ունենալով Թուրքիայի վրայից մաքրել ցեղասպան երկրի խարանը: Ո՞ր հայի մտքի ծայրով կանցներ, որ ժամանակներ անց թուրքական ժխտողականության «սայլին» կարող է լծվել նաեւ ոչ այլ ոք, քան ինքը՝ Հայաստանի առաջնորդ կոչեցյալը:

Թուրքիան, թերեւս, ցեղասպանության ժխտողականությամբ զբաղվող իր ինստիտուտները կարող է շատ հանգիստ լուծարել, քանի որ դրանց կարիքն այլեւս չկա: Փաշինյանը ներսից է ուղղակի գործում: Ավելին՝ այդ «խնդրի» սպասարկման համար օգտագործում է նաեւ իր հավատարիմ անձանց: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դրանցից մեկն է, որը մարդկությանը հայտնի է 1915թ. Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի ինքնություններն անխտիր պարզելու առաջարկով, այսինքն՝ բոլոր զոհերի նույնականացման խնդիր դրեց հայ ազգի առջեւ: Անդրանիկն, անշուշտ, կատարողն է, իսկ թե ումն է մտահղացումը՝ պարզից էլ պարզ է:

Թե ինչու նախընտրական պատասխանատու տարում Փաշինյանը որոշեց դուրս գալ «ստվերից» եւ խաղալ բացեիբաց՝ դժվար է ասել: Իսկապե՞ս հոգնել է նվաստացումներից, Ալիեւի ու Էրդողանի առջեւ վիզ ծռելուց, թե՞ այլ պատճառներ կան: Նիկոլին լավ ճանաչողները պնդում են, որ նա երբեք, ոչ մի պարագայում իշխանությունից ինքնակամ հեռացողը չէ՝ այդքան արժանապատվություն նրան որտեղի՞ց: Պարզապես այս անձն այնքան է կտրվել իրականությունից, որ իրեն թվում է՝ ասած ամեն խոսքը հանրության մեծամասնության մեջ կշիռ ունի: Այդպիսի չարդարացված ինքնավստահությամբ է հիմա էլ ուզում է գրոշի արժեք չունեցող իր թեզերը դուրս բերել ՀՀ սահմաններից եւ փաթաթել արտերկրի հայության վզերին:

Նա հպարտանում է, որ ՀՀ-ում նոր գաղափարաբանություն է սերմանել, պնդում է, թե Հայաստանի՝ քչերից կախվածությունը շատերից կախվածության փոխարինումը երկրի անկախության մակարդակի բարձրացում է նշանակում, հայտարարում է, որ 44-օրյա պատերազմում կրած պարտությունը մեզ ինքնիշխան պետություն ձեւավորելու հնարավորություն է տվել, փորձում է անգամ հավատացնել, թե իբր Արցախի պատճառով մենք պետականություն չենք ունեցել եւ նման այլ անհեթեթ մտածումներ, այդ թվում՝ չարագուշակ ասոցացիա առաջացնող, տխրահռչակ մի արձանագրում առ այն, թե որոշել է Ադրբեջանի հետ հարաբերությունները սկսել նոր, մաքուր էջից:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: