Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Պարզ լեզվով բարդ խնդրի մասին

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Համաձայն ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Մինչեւ «թավշյա» հեղափոխությունը Հայաստանում դժվար թե գտնվեր ողջախոհ մի մարդ, որը կպնդեր Սահմանադրության այդ հիմնարար դրույթի համապատասխանությունը երկրում առկա փաստացի վիճակին։

Հեղափոխությունից հետո Հայաստանը մեծ տեղաշարժեր է արձանագրել ընտրական իրավունքի, օրինականության, օրենքի առջեւ հավասարության, խոսքի ազատության, ինչպես նաեւ իրավական ու ժողովրդավարական պետությանը հարիր շատ այլ իրավունքների ու սկզբունքների պահպանման հարցերում։ Սակայն մեզանում քչերն են խոսում ցավագին մեկ այլ խնդրի՝ նախորդ տարիներին երկրի ինքնիշխանության խաթարվածության ու ներկայիս վիճակի մասին։ Խնդիր, որն արդիական էր գրեթե երկու տասնամյակ, եւ առանց որի լուծման չի կարող լինել ոչ մի զարգացում:

Պետությունը էական հանձնառություններ ունի անձի, հանրության եւ իր իսկ անվտանգությունն ապահովելու գործում։ Ուստի պետական մարմինները պետք է ունենան ինքնուրույն որոշումներ կայացնելու ու կամք ցուցաբերելու կարողություն։ Հատկապես ռազմավարական տեղաշարժեր ենթադրող ձեռնարկներում հաջողելու, արտաքին ուժերի դիմակայություններն ու ազդեցությունները չեզոքացնելու, թշնամու հակազդեցությունը խափանելու համար ինքնուրույնությունն առաջնային պայման է։ Այդ տեսանկյունից Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հեղափոխությունից հետո առանձին հարցերում կարողացել է ցույց տալ իր սուբյեկտայնությունը։ Տիպական են, օրինակ, նորերս Մոսկվայում եւ Թեհրանում Հայաստանի քաղաքական ղեկավարության հրապարակային անկաշկանդ հայտարարությունները՝ միտված Հայաստանի շահերի պաշտպանությանն ու քաղաքական նոր դիրքերի նվաճմանը։

Փորձենք դիտարկել մեր ինքնիշխանության ապահովման գլխավոր երաշխավորի՝ Ազգային անվտանգության ծառայության գործերի վիճակը։ Կարողանո՞ւմ է արդյոք առանցքային այդ կառույցը հստակորեն իրականացնել իր գործառույթները։

Մինչհեղափոխական շրջանում քաղաքացիական հանրությունը լուրջ մեղադրանքներ էր ներկայացնում, որ ԱԱԾ-ն ոչ միայն չի կատարում օրենքով սահմանված պարտականությունները, այլեւ վերածվել է այլ երկրի՝ Ռուսաստանի շահերը սպասարկող օտար մարմնի։ Հայտնի են բազմաթիվ փաստեր («Սաֆարովի գործ», «Պերմյակովի գործ», հակառուսական տրամադրություններ ունեցող քաղաքական գործիչների խոսակցությունների գաղտնալսումներ, հավաքագրման փորձեր եւ այլն), որոնք ոչ միայն վկայությունն էին ԱԱԾ-ի արհեստավարժության պակասի կամ հանցավոր անգործության, այլեւ` հանցավոր դիտավորության, երբ կատարվում էին ուղղակի Հայաստանի պետական շահերին հակասող քայլեր։

Թվում է` հեղափոխությունից հետո մեր Ազգային անվտանգության ծառայությունը` որպես երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորներից մեկը, իր գործառույթներն իրականացնում է բավարար։ Լրահոսում գրեթե ամեն օր հայտնվում են հաղորդումներ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման մասին, ինչը տեղեկատվական դրական համապատկեր է ստեղծում։ Բայց նկատենք, որ այդ ճակատում ԱԱԾ-ի դրսեւորած ակտիվությունն այնքան էլ կապ չունի նրա անմիջական գործառույթների հետ։ Կոռուպցիայի բացահայտման գործում կան համապատասխան իրավասությամբ օժտված պետական այլ մարմիններ, այդ թվում՝ հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող։ Այդ չարիքի դեմ պայքարը նրանց անմիջական պարտքն է։ Իսկ թե ինչպիսին է վիճակը ԱԱԾ-ի առաջնային գործառույթների՝ հետախուզության եւ հակահետախուզության ոլորտներում՝ անհայտ է։

Իհարկե, ԱԱԾ-ի հետախուզական ու հակահետախուզական միջոցառումների, կիրառվող մեթոդների ու միջոցների հրապարակայնացման մասին խոսք լինել չի կարող։ Այդ հարցերում գաղտնիությունը տվյալ մարմնի գործունեության կարեւոր յուրահատկություն է՝ պաշտպանված «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով։ Սակայն մեր քաղաքացիները խնդիր ունեն համոզվելու, որ Հայաստանի հատուկ ծառայությունն իրապես իրենց շահերի պաշտպանությամբ է զբաղված, ոչ թե օտար այլ երկրի։ Աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ որեւէ հատուկ ծառայություն այս կամ այն կերպ կարողացել է ներթափանցել մեկ այլ երկրի նմանատիպ կառույցի շարքերը, զանազան միջոցներով հավաքագրել նրա առանցքային դեմքերին, չեզոքացրել առանձին կադրերի դիմադրությունը, ոչնչացրել ողջ կառույցի ինքնուրույնությունը եւ այն լծել իր շահերի սպասարկման գործին։ Ցանկացած երկիր ունի ինքնիշխանություն այնքանով, որքանով ունի անկախ, պրոֆեսիոնալ հատուկ ծառայություններ։ Հատկանշական է, որ մի երկրի հատուկ ծառայության կողմից մյուսի հատուկ ծառայությանը հնազանդեցնելու դեպքերում տվյալ կառույցի վրա «փռված» գաղտնիության «քողը»՝ օտար հատուկ ծառայությունների քայքայիչ գործունեության դեմ արդյունավետ պայքարի համար ստեղծված պաշտպանիչ շերտը, արդեն ոչ թե ծառայում է տվյալ պետության շահի սպասարկմանը, այլ՝ այդ կառույցի ապասուբյեկտացման փաստի քողարկմանը։ Այդուհետ պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով քրեական պատասխանատվության են կանչվում նման փաստերի մասին բարձրաձայնողները։

ԱԱԾ-ն պետք է կարողանա որոշակի գործողություններով ու արդյունքներով փոխել քաղաքացիների համոզմունքներում վաղուց բույն դրած եւ, միգուցե, ներկայում եւս որոշ չափով պահպանվող այն կասկածները, թե հայաստանյան կառույցը այլ երկրի հատուկ ծառայությունների կցորդն է եւ սպասարկում է օտարի շահերը: Չպետք է անպատասխան մնան այնպիսի հարցեր, որոնք հիմնված են անբեկանելի տվյալների ու փաստերի վրա եւ վերաբերում են մեր Ազգային անվտանգության ծառայության անգործությանը, կամազրկությանն ու անհետեւողականությանը։ Այլապես մեծ կլինի հավանականությունը, որ հակակոռուպցիոն պայքարում նրա ակտիվությունը կարող է քաղաքացիների կողմից դիտարկվել որպես մասնագիտական արդյունավետ աշխատանքի տպավորություն թողնելուն, սակայն իրականում ինքնիշխանության հարցում մեր «մերկությունը» թաքցնելուն ուղղված ապակողմնորոշիչ գործողություն:

Ինչպես վերը նշվեց, ՀՀ քաղաքական ղեկավարությունը մեր անվտանգությանը վերաբերող առանձին հարցերի հետ կապված` ցուցաբերում է որոշակի սուբյեկտայնություն։ Մյուս կողմից` հարկ է, որ անվտանգության մարմինները նույնքան համարժեք լինեն առկա իրավիճակին եւ հանդես գան նույն դիրքերից։ Չի կարող լինել այնպես, որ պետության քաղաքական ղեկավարությունն ինքնիշխանության կրողը լինի ու հանդես գա սուբյեկտայնության, իսկ նրա հատուկ ծառայությունը՝ բոլորովին այլ մոտեցումներով։ Եթե գոյություն ունի նմանօրինակ խզում, ապա հանգուցալուծումը, որքան էլ անսպասելի լինի շատերի համար, մի օր վրա է հասնելու: Կամ ամրակամությունը պետք է տարածվի հատուկ ծառայության վրա, կամ կամազրկությունը՝ քաղաքական ղեկավարության։ Այս աքսիոմը անտեսելու հետեւանքներն առավելապես մնում են աննկատ (պարզ է, որ սեփական թուլակամությունը ոչ ոք չի բարձրաձայնի), սակայն երբեմն էլ լինում են այնքան շոկային, որ առանձին պետություններ տարիներով չեն կարողանում դուրս գալ այս կամ այն իրադարձության հոգեբանական ազդեցության տակից։

 

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: