Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Փետրվարի 4-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում Հովհաննիսյանն ամփոփեց վերջին 30 տարում երկրի անցած ուղին, ներկայացեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի իր տեսլականը, անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, ինչպես նաեւ լուսաբանեց ներքաղաքական ու ներհայաստանյան մի շարք այլ առանցքային թեմաներ:

Երեսուն տարի առաջ, նախաբանն այսպես սկսեց Րաֆֆի Հովհաննիսյանը, մենք հռչակեցինք մեր պետականությունը եւ դրանից հետո առանձին երկրների հետ ձեռնամուխ եղանք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու տարբեր միջազգային կազմակերպությունների կազմերում մեր պետության անդամակցությանը: Խոսքն, ի մասնավորի, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովին (ԵԱՀԽ), ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության մասին է եւ այլն: «Յուրաքանչյուր հաղորդագրություն, յուրաքանչյուր շնորհավորանք ունի իր պատմագրությունը: Բայց թե ի՜նչ երազանք կար, ի՜նչ հույս ու ներշնչանք կար այն ժամանակ ամեն մի միջոցառման ենթածալքերում, դժվար է բառերով արտահայտել… դրանք միայն զգալ է հարկավոր՝ պետական եռագույնի ամեն ծփանքից մինչեւ քեզ մեծ աշխարհի մի փոքրիկ, բայց կարեւոր մասնիկ պատկերացնելու պահը»,- նշեց լրագրողների հյուրը՝ մտովին վերհիշելով իր եւ թիմի անցած ճանապարհի ուղենիշները:

Իրավունք՝ տանը, իրավունք՝ աշխարհում: 30 տարի տարբեր ձեւաչափերում՝ թե իշխանության մեջ, թե երկար տարիներ ընդդիմությունում՝ հասարակության ծոցում, մենք պայքարում էինք, որ ունենանք մեր երկրում իրավունքի իշխանություն, ունենանք քաղաքացիական ազատություններ, ժողովրդավարություն, ազգային շահի գիտակցում ու նաեւ մեր իրավունքները պաշտպանենք արտասահմանում, միջազգային ատյաններում, ունենանք քաղաքացու իրավունքի, ազգային շահի եւ պետության ինքնիշխանության բարձր ընկալում: Երեսուն տարվա ամփոփում ՝ որպես շարքային քաղաքացի, որպես պաշտոնատար անձ եւ որպես ընդդիմադիր գործիչ: Եվ բոլոր որակներում բեւեռային մեծ տարբերություն երբեմնի հույսերի եւ այսօրվա իրականության միջեւ: Երկար տարիների պայքարի ջիղը այսօր է փորձում իմաստավորել. «Մենք պայքարում էինք երկար տարիներ, որ Հայաստանը ունենա քաղաքացու ազատություն, որ չունենա քաղաքական բանտարկյալներ, որ կրթական համակարգը չլինի քաղաքականացված-կուսակցականացված, որ դատական իշխանությունը լինի անկախ, եւ որ գործադիր իշխանությունն իր գործող նախագահով կամ գործող վարչապետով չլինի միանձնյա ղեկավարն ամեն ինչի»:

Եվ ո՞ւր հասցրեց, ի վերջո, երեսուն տարվա պայքարի պատմությունը: Ցավոք՝ վտանգավոր մի եզրագծի, որ ամեն ինչ, կարծես թե, վերադառնում է ի շրջանս յուր, եւ այդ ամեն ինչի վերադարձը տխուր իրականություն է: Եվ որ դատական իշխանությունը՝ ի դեմս մի դատավորի, արդեն քաղբանտարկյալ դառնալու վտանգի տակ է՝ այն բանի համար, որ ջանում էր, որպեսզի Հայաստանը չունենա քաղբանտարկյալ: Այս շարունակվող ընթացքն ուղղակի Հայաստանի ապագայի համար անտանելի է: Չասեմ՝ կործանարար, ուղղակի անտանելի է: Եվ հայ ժողովուրդը պետք է քայլեր կատարի, որ այս սխալ ընթացքը կասեցվի: Երկար պայքարել ենք, որ այդ վիճակը չլինի, եւ ցավից ավելին ենք ապրում, որ այդ պայքարը 25 հոգու պայքար չէր, համաժողովրդական պայքար էր, թող ոչ մեկն այն չսեփականաշնորհի: Այդ պայքարը հասել է այդտեղ: Սա մեկ: Սա ամփոփում չէ եւ սա մեկ հոգու ասելիք չէ: Սրանք ակնհայտ իրողություններ են, որ բոլորիս պարզ են, այսպես չպետք է շարունակվի: Եվ բումերանգի նման խփելու է ոչ միայն ինձ, այլեւ նրան, նրա չակերտյալ թիմին: Նախկին իշխանություններում ընդդիմադիր եմ եղել: Առաջին հուշագիրը մենք գրեցինք, թե ինչու Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախ պետականությունը՝ գտնելով, որ առաջին հերթին Հայաստանը պիտի ճանաչի, ապաեւ՝ այլ երկրներ: Եվ՝ միջազգային օրենքի ներքո:

Հիմա հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս՝ երբեմն օգտագործում են նոր սերնդի լսողությանն անսովոր եզրեր՝ Ցեղասպանություն, Միջազգային ճանաչում, Հայ դատ, Հայրենազրկում, խորհրդային սահման եւ այլն: Այս եզրերը պատկերանում են նորօրյա իրավիճակի հենքին՝ որպես 5 հազարից ավելի զոհված զինծառայողների, հազարավոր խեղված ընտանիքների, կորուսյալ հայրենիքի եղելություններ, որոնք վերապրեցինք վերջին մեկուկես տարվա ընթացքում, շատ բան էլ տեսանք մեր աչքերով: Ավագ սերնդի համար տեղի ունեցածը, կարծես թե, հին պատմություն է՝ Հայրենազրկման մեր պատմության շարունակությունը: Եվ չէինք ցանկանա, որ այսօր կատարվածի շարունակությունը որեւէ մեկ սերունդ տեսնի՝ սրանից հետո: Բայց դա ոչ միայն զույգ ոսոխի պատասխանատվության տիրույթում է, այլեւ մեր վերջին 25-30 տարվա եւ, մասնավորապես, վերջին մեկուկես տարվա պատասխանատվության ներքո: Ցեղասպանությունը՝ դա պարզ եզր չէ: Դա 3-4 հազար տարվա մեր հայրենիքի կորուստն է, Հայրենազրկումն է: Մի ողջ քաղաքակրթության սպանդն է: Եվ ոչ մի բանաձեւ, ոչ մի պրոտոկոլ, ոչ մի արձանագրություն չի կարող հատուցել այն, ինչ որ մենք կորցրեցինք հարյուր եւ ավելի տարի առաջ կամ մեկուկես տարի առաջ:

Ուրեմն՝ երբ խոսում ենք հայ-թուրքական կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, պիտի հասկանանք, որ դա մեզ համար գոյաբանական, գոյութենական, ազգային անվտանգության խնդիր է, ոչ թե հայրենասիրական, գեղապաշտական, այսրոպեական ինչ-որ պոռթկում: Հիշում եմ՝ 30 տարի առաջ էր: Որպես արտաքին գործոց նախարար մեկնել էի Պրահա: Հայաստանի պետական քաղաքականությունն այն էր, որ չնայած Հայրենազրկմանը, մենք ցանկանում էինք դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հաստատել առանց նախապայմանների: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի նիստն էր: Մենք պետք է անդամագրվեինք միջազգային այդ կազմակերպությանը, եւ մեզ թվում էր՝ բազմակողմ այդ ֆորումում մեզ սպասում են գրկաբաց, պիտի մտնեինք միջազգային ընտանիք, որտեղ մեզ հոտընկայս ծափահարություններով ընդունելություն էր սպասում: Կողքիս Ամերիկայի ԱԳ նախարարն էր՝ Ջեյմս Բեյքերը, դիմացս՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հիքմեթ Չեթինը: Եվ երբ օրակարգը հաստատվել էր, ձայն խնդրեց Չեթինը եւ 3 նախապայման բարձրաձայնեց. առաջին՝ Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի դե յուրե ընդունում, երկրորդ՝ Ցեղասպանության հարցի դուրսբերում միջազգային ասպարեզից ու դիվանագիտական-քաղաքական բառապաշարից, եւ երրորդ՝ քաղաքական ահաբեկչության (այն ժամանակ տեռորիզմի) դատապարտում: Արցախի հարցը հետո պիտի ավելացվեր որպես նախապայման:

Սա անակնկալ էր, իհարկե, մեզ համար: Այն ժամանակ չկար հուշագիր, չկար թուղթ-մուղթ նախագահականից, ես էի այդ պահին որոշողը: Եվ իմ պատասխանը չուշացավ՝ եթե Թուրքիայի Հանրապետությունն ուզում է երկկողմ այս հարցերն այս կազմակերպության, այս լսարանի առջեւ արծարծել եւ պատմական դիսկուրս ներկայացնել, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ցեղասպանության խնդիրը, որը քաղաքական ահաբեկչության բարձրագույն տեսակն է, այստեղ քննության առնել: Ընդ որում՝ քննության առնել իր դատապարտման, հատուցման տեսակետից, իր Հայրենազրկման տեսակետից եւ դնել իր հետեւանքների ու հատուցման խնդիրը, այդ թվում՝ նկատի ունենալով նաեւ Հայաստանի դե յուրե սահմանը՝ Ամերիկայի նախագահի գծած հայտնի չափերով: Այդտեղ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը խնդրեց ընդմիջում, «միջանցքային դիվանագիտություն» գնաց եւ այլն, կարճ կապեմ՝ Թուրքիան «վետո»-ի իր սպառնալիքը հետ քաշեց, եւ մենք առանց «վետո»-ի, մտանք այդ կազմակերպության մեջ: Սա ուղղակի առաջին փորձն էր, հետո պարզվեց, որ Թուրքիան ավելացրել է նաեւ Արցախի փոխկապակցման նախապայմանը:

Հարց: Պարոն Հովհաննիսյան, իշխանությունները հավատացնում են, որ Թուրքիան համաձայնվել է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների հաստատման գնալ առանց նախապայմանների: Դուք դրան հավատո՞ւմ եք:

Պատասխան. Ես հավատում եմ իմ հաշվարկին ու իմ աչքի տեսածին: Ես չեմ կարծում, որ այս իշխանությունն իր այս հռետորաբանությամբ, որ լսել եմ վերջին երկու ամսում, ունակ է հավասարը հավասարի հետ երկխոսություն վարել: Այն, որ Թուրքիան ճանապարհային քարտեզ է հրապարակել կամ որ հայտարարում է ճանապարհային քարտեզի մասին, ինչը խոսում է «միջանցքների» մասին, արդեն հուշում է, որ ինքն ունի իր նախապայմանային մոտեցումները: Եվ այն, որ Թուրքիան ասում է, թե գնում են առանց նախապայմանների, դա չի նշանակում, որ պետք է «հայած յուղի» տեղ ընդունել: Առանց նախապայմանների հարաբերություններ՝ նշանակում է, որ իրենք հիմա դիվանագիտական նոտաներ են փոխանակում, ասում են, որ առանց նախապայմանների հարաբերություններ են հաստատում, եւ Թուրքիան միակողմանիորեն բացում է միակողմանիորեն իր փակած սահմանը: Մնացածը շփումներ են, շփումները միշտ եղել են, շփումները բոլորի միջեւ ողջունելի են: Բայց եթե դրանք կապում են Արցախի հարցի հետ, որեւէ «միջանցքի» հետ, սահմանի հետ կամ սահմանի ճանաչման հետ՝ դրանք արդեն նախապայմանային բանակցություններ են եւ, իմ կարծիքով, անընդունելի են:

Այժմ խնդիրը հետեւյալն է. մենք պետք է ունենանք մոտեցումների համաչափություն: Կամ պիտի գնանք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների: Դիվանագիտական նոտաներ փոխանակենք, ինչպես անում էինք 30 տարի առաջ այս օրերին: Այդ նոտաները փոխանակենք, միմյանց մայրաքաղաքների մեջ բացենք դեսպանություններ կամ հյուպատոսարաններ եւ այդ հարաբերություններն օգտագործենք բաժանարար հարցերը լուծելու համար կամ եթե նախապայմանները դրվում են ուղղակի կամ անուղղակի, ուրեմն այդ բոլոր հարցերը միանգամից դնենք սեղանի վրա: Իսկ որո՞նք են այդ հարցերը, որոնք պիտի դրվեն, որպեսզի ունենանք հաշտեցում: Այդ հարցերի հարցը Հայրենազրկումն է, որը պետք է առաջնակարգ լուծվի, որպեսզի ունենանք հաշտեցում: Որովհետեւ սա իրավունքների վերականգնման հարց է: Իսկ մենք ներսում պետք է ունենանք իրավունքների վերականգնում: Դրանք են՝ ճանաչում, կրթություն, մշակութային ժառանգության վերականգնում, դեպի հայրենի օճախ վերադարձի երաշխավորված իրավունք, հատուցում սեփականության համար եւ ելք դեպի ծով: Եվ սրա համար հայոց պետականությունը եւ համայն հայությունը պիտի իր խոսքն ունենա: Դա նաեւ խնդիր է Թուրքիայի եւ Հայաստանի ապագայի համար: Սրանով միայն Թուրքիայի եւ Հայաստանի դե ֆակտո սահմանը կարող է դառնալ դե յուրե սահման:

Հարց: Ներկայացրեցիք այն հարցերը, որոնք փաստացի նախապայմաններ են: Իսկ որո՞նք են այն հարցերը, որոնք կբարձրացնի Թուրքիան եւ Հայաստանի համար ընդունելի կարող են համարվել հարաբերությունների հաստատման ճանապարհին: Ո՞րն է լինելու այդ հարցերի գինը:

Պատասխան. Ես ՀՀ կողմից բանակցող չեմ, ես պարզապես ասացի այն հարցերի շրջանակը, որոնք, իմ կարծիքով, պետք է լուծվեն, եթե մենք պիտի ունենանք հաշտեցում ի վերջո, բարեկամություն եւ ճանաչված սահման երկու երկրների միջեւ, ոչ թե դիվանագիտական հարաբերություններ: Ես նախանշում եմ այդ հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկվեն եւ լուծվեն, որ ունենանք Ցեղասպանության եւ Հայրենազրկման հարցերի լուծումը եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնումը: Այսինքն՝ որ ասում ենք՝ Հայկական հարց, հարցի լուծումը, խնդրում եմ չշփոթել, դա ես չեմ կապում դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ: Մենք այսքան կորստից հետո, այսքան ցավից հետո մեր պետությունը կողմնակից է եղել առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Եվ այդ հաստատումը պետք է տեղի ունենա՝ ինչպես մյուս պետությունների հետ դիվանագիտական նոտաների փոխանակումների միջոցով: Դեսպանությունները թող բացվեն եւ բաժանարար հարցերը քննարկվեն ու լուծվեն քայլ առ քայլ, եթե դա պետք է: Բայց թող ոչ մեկը հենց այնպես չասի՝ խորհրդային սահման է կամ Ցեղսպանության այսքան տարի, այնքան տարի եւ այլն: Հայրենիքի կորուստ է եւ ցավալի կորուստ է, որպեսզի հենց այնպես թվագրես ու անցնես՝ առանց ցավ զգալու: Հարցնում եք, թե որն է իրենց գինը: Դե յուրե սահմանն է: Կարսի եւ Մոսկվայի ապօրինի պայմանագիրն է: Իրենց գործած մեղքն է պատմության մեջ: Իրենց ժամանակակից դեմոկրատական երկիր դառնալն է: Իրենց առերեսումն է պատմության հետ: Իրենց զարգացած, լիդեր պետություն դառնալն է: Ես չէ, որ պիտի ասեմ՝ որն է իրենց գինը, ես իրենց բարոյախոսը չեմ:

Հարց: Պարոն Հովհաննիսյան, կխնդրեի անդրադառնայիք Արցախին: Ի՞նչ է սպասում Արցախին, եթե նկատի ունենանք, որ պատերազմից մեկ տարի ու ավելի ժամանակ է անցել, բայց դեռեւս բանակցային գործընթացը չի վերսկսել: Եվ խնդրում եմ նաեւ ասեք, թե ինչ վտանգներ են պարունակում այն թեզերը, որոնք ժամանակ առ ժամանակ հնչում են վարչապետի շուրթերից եւ իշխանական վերնախավի շուրթերից: Մասնավորապես՝ Արցախի կարգավիճակի հետ կապված:

Պատասխան: Ես կդժվարանամ արձագանք գտնել դրանք բնորոշելու համար: Դրանք աներեւակայելի են, անասելի են: Մեր ամբողջ գիտակցական կյանքի պայքարը եղել է նրա համար, որ Արցախը գտնի իր ազատությունը, իր իրավունքի իրացումը: Դա ոչ միայն իմ եւ իմ ընտանիքի վերադարձն է Հայաստան, դա մեր ողջ ազգի ինքնության պայքարն է եղել, եւ ոչ մեկը այդ պայքարը, այդ ճանապարհը իրավունք չունի հարցականի տակ դնել: Եվ կարծում եմ՝ հայ ժողովուրդը ինքը պիտի որոշի, թե իր արժանապատվության բաժակը երբ կլցվի: Չգիտեմ՝ երբ ժողովուրդը ոտքի կկանգնի, այդ ոտքի կանգնելը յուրաքանչյուր սերունդ յուրովի է սահմանում, գործընթացի յուրաքանչյուր պարբերափուլ յուրովի է բացվում եւ փակվում: Բայց Արցախին անվանարկողների տեսակետները հակասում են նույնիսկ այդ ասողների սեփական դատողություններին: Դա ինքնահակասում է: Ես պաշտպանում եմ նաեւ իրենց՝ իրենց իսկ ասածներից: Ես իրենց արժանապատվությունն եմ նաեւ պաշտպանում: Ամոթ է անգամ ասել, թե Արցախը հայկական է, որովհետեւ դրա մեջ արդեն կասկած է դրվում ի սկզբանե: Ինքնության պայքար է եւ հիմա պիտի շարունակենք ի հեճուկս: Ահավոր է, որ մենք այս փուլը պետք է վերապրենք ու հաղթահարենք: Եվ դա ավելի մեծ պատնեշ ու խոչընդոտ է, քան թշնամու պատնեշը: Որտեղից է սա՝ ես չեմ կարող ասել: Այո, փխրուն է անվտանգության վիճակը, այո, այս անցումը լինելու է վտանգավոր եւ փխրուն, գիտեմ, որ ճնշումները շատ են, բայց ոչ մեկը, ոչ մի մարդ էակ պարզապես իրավունք եւ հիմք չունի նման բան ասելու: Ցավ եմ ապրում, որ մարդիկ, ովքեր իրենց մտքով լավ բանի համար պայքարել են, կամովին կամ ստիպված նման բան են ասում: Որեւէ արդարացում չկա սրան:

Հարց: «Ժառանգությունը» հստակ դիրքորոշում ունի՞ այս իշխանության վերաբերյալ: Օրինակ՝ խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը: Դուք որպես կուսակցության հիմնադիր, ի՞նչ դիրքորոշում ունեք:

Պատասխան: «Ժառանգությունը» կենսունակ է: Եվ կենսունակ է նաեւ այն առումով, որ ես ցմահ նախագահ չեմ, իմ կյանքի ընթացքում եղել է «Ժառանգության» 5 տարբեր նախագահ: Եվ ես չէ, որ միշտ նախագահն եմ: Եվ միգուցե դրա համար շատ չի խոսվում «Ժառանգությունից», որովհետեւ ես չեմ անընդհատ ընտրվողը, մեկ-մեկ անգամ փոքրամասնություն եմ կազմում սեփական վարչությունում եւ ուրախ եմ դրա համար: Եթե ես լինեի նախագահը, կարող է եւ խորհրդարանում լինեինք, բայց դա չէ «Ժառանգության» իմաստը: Մենք ակտիվ ենք ԵԺԿ-ում, մենք որոշեցինք չմասնակցել վերջին ընտրություններին եւ չլեգիտիմացնել այս իշխանությանը: Որոշեցինք, որ քանի դեռ Արցախը եւ Հայաստանի մի մասը օկուպացիայի տակ է, պետք չէ ունենալ ընտրություններ, եւ մենք հայտարարություն արեցինք այդ ուղղությամբ ու համարեցինք, որ գործող ընդդիմությունը սխալ է, որ մասնակցում է ընտրություններին: Եվ «Ժառանգությունը» հայտարարությամբ պարբերաբար հանդես է գալիս: Մի քանի շաբաթ առաջ հանդես եկավ՝ հայտարարելով, որ այս իշխանությունը, մանավանդ այս վերջին առցանց ասուլիսներից հետո, իրավունք չունի ներկայացնելու հայ ժողովրդի մոտեցումները եւ, իհարկե, կարծում ենք, որ այս իշխանությունը, այս գործող վարչապետը պետք է փոփոխության ենթարկվի:

Հարց: Պարոն Հովհաննիսյան, Հայաստանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց: Համապատասխան հանձնաժողով է ձեւավորվել, շատերը կապ են տեսնում, որ սա արվում է ուղիղ այն բանի համար, որ ավելի անխոչընդոտ հարաբերություններ զարգանան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Սահմանադրությունն ինչ-որ առումով իսկապե՞ս խոչընդոտում է հարեւանների հետ հարաբերությունների հաստատմանը: Նման կապ տեսնո՞ւմ եք:

Պատասխան: Հիմք չունեմ որեւէ բան ասելու: Հիմք չունեմ, բայց գիտեմ, որ նախորդ Սահմանադրությունը խախտումներով է ընդունվել: Գիտեմ, որ այս իշխանությունը օգտվում է անցած Սահմանադրության գերլիազորություններից: Եվ տեսնում եմ, որ իշխանության գերկենտրոնացում է գնում: Եվ այն, ինչը սկսվել էր որպես ժողովրդավարական շարժում, գնալով դառնում է գերանձնավորված, միաբեւեռ իշխանություն: Եվ այդ ահազանգը ես տեսել եմ նախորդ իշխանությունների օրոք, յուրաքանչյուր իշխանություն ունեցել է իր առավելությունները, իր ձեռքբերումները եւ իր սխալները, բայց այս մեկը եկել է իշխանության ժողովրդավարության վերնագրով. «Այս իշխանությունը միշտ հղում է անում ընտրության մանդատին, իհարկե, ժողովրդի մեծամասնությունը, «Ժառանգության» նման չմասնակցեց ընտրություններին: Ես կարող եմ հիմա պնդել, որ նոր ընտրության դեպքում այս իշխանությունը մեծամասնություն չի վերցնելու»,- համոզմունք է հայտնում ՀՀ ԱԳ առաջին նախարարը: Նա միտումներ է տեսնում գերանձնավորման այս իշխանության կողմից, մինչդեռ նախորդների հետ կապված կային ֆեոդալական հակումներ: Րաֆֆի Հովհաննիսյանը մանրամասնում է. «Այն քայլերը, որ մենք տեսնում ենք՝ դատական իշխանության, դատավոր Բախշիյանի հետ կապված, այլ քաղաքական բանտարկյալների, տեղական իշխանությունների պահով, չեմ կարող ասել, թե Սահմանադրության փոփոխությամբ են պայմանավորված: Եթե գործող վարչապետը, որ երկու տարի առաջ լրիվ այլ բաներ էր ասում Արցախի հարցով, հիմա շատ հանգիստ այնպիսի բաներ է ասում, եւ ոչ մեկը ռիսկ չունի իրեն հակադարձել սեփական կուսակցությունից, անկախ վերլուծաբաններից, ես կարծում եմ, որ մենք մտնում ենք մեզ համար ճակատագրական շրջան: Եվ եթե ազատ, անկախ հասարակությունը, լրագրողները, դատավորները, մասնագետներն ուզում են իրավունքի իշխանություն մեր տան մեջ, մեր հայրենիքում, պետք է ոտքի կանգնեն, որովհետեւ արդեն ՀՀ-ի ազատությունն ու ինքնիշխանությունն է դրված նժարին: Ես, որ չարություն, դավային տեսություն չունեմ, կարծում եմ՝ սրա համար չէ, որ մեր պետական դրոշը բարձրացավ ՄԱԿ-ի շենքում 30 տարի առաջ»:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: