Երեքշաբթի, Մարտի 18, 2025

Վերլուծական

Գոյատեւման իրավունք

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Փետրվարի 10-ին՝ Փարիզ մեկնելուց առաջ, Փաշինյանը հատուկ հոդվածով անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ ներկայացնելով տարածաշրջանային մարտահրավերների ու անվտանգային իրադրության իր տեսլականը. «Տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա եւ ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են»,- սա հատված է նրա հոդվածից, որի շուրջ է կառուցված հրապարակման գաղափարական հենքը: Փորձենք հասկանալ, թե որոնք են մեզ խաղաղություն բերող այն նախադրյալները, որոնց մասին պնդում է ՀՀ վարչապետը:

Նախադրյալների մասին խոսելիս՝ պետք է տեսնել, թե ինչ չափանիշով է առաջնորդվում գործող իշխանությունը: Իմ գնահատմամբ՝ հիմնականն այն է, որ եթե մենք միջազգային հարաբերություններում՝ կոնկրետ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում, որեւէ պահանջ չունենանք, որն, իրենց ասած, դուրս է գալիս միջազգայնորեն ճանաչված մեր իրավունքներից, դա արդեն օրինակարգ (լեգիտիմ) նախադրյալ է: Օրինակարգ լինելն ինքնին նախադրյալ է: Երկրորդը բարի կամքն է, որ ասում են՝ էսկալացիայի որեւէ հիմք չկա, այսինքն՝ նորից գնահատվում է ըստ այդ օրինակարգության չափանիշի:

Թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, իհարկե, դժվար է ասել. այստեղ պետք է տեսնել՝ Ադրբեջանն ու նրան պաշտպանող Թուրքիան ունե՞ն նույն մոտեցումները, ինչ հայկական կողմը, թե՞ ոչ: Մենք դա չենք տեսնում, որովհետեւ Ադրբեջանը հարաճուն պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ Թուրքիան պարբերաբար իր ԱԳ նախարարի կամ երկրի նախագահի ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի մտահոգություններն ու իրավունքները, այսինքն՝ ունեն միեւնույն դիրքորոշումը եւ աշխատում են ներդաշնակ ու փոխհամաձայնեցված:

Այստեղ արդեն հարցեր են առաջանում՝ ի՞նչ հիմնավորմամբ է ասվում, թե նպաստավոր նախադրյալներ առկա են: Իշխանություններին պաշտպանող տարբեր քաղաքագետներ մի փաստաթուղթ են վկայակոչում՝ սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների հիմքում ընկած Կանոնակարգը, որի նշանակությունը հանիրավի գերագնահատվում է՝ իբրեւ կարեւոր փաստարկ, որով ուղենշվում է սահմանազատման ճանապարհը՝ Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան: Մինչդեռ համատեղ գործունեության Կանոնակարգում գրված է, որ սահմանի որոշ տեղեր փաստաթղթի դրույթները կարող են փոփոխվել՝ ըստ երկուստեք նպատակահարմարության:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը փաստաթղթում «տեղ» է թողել սահմանի ցանկացած հատվածում իր օգտին «սրբագրումներ» կատարելու համար, ինչին Երեւանը տվել է իր համաձայնությունը: Ադրբեջանական կողմը փաստացի մտադիր է սահմանի ամեն կտորի համար օգտագործել իրեն շահեկան քարտեզը: Կանոնակարգում փոխված այդ սկզբունքը, բնականաբար, աշխատելու է բացառապես հօգուտ ադրբեջանական կողմի՝ դրա բազում օրինակներ մենք արդեն տեսել ենք: Հայ-ադրբեջանական երկկողմ համաձայնագրի հիմքում՝ լինի խաղաղության պայմանագրի նախագիծ, թե Կանոնակարգ եւ այլն, դրված են հույսը եւ բարի կամքը, սակայն միջազգային հարաբերություններում բարի կամքի հիման վրա երբեք հարց չի լուծվում:

Ինչ վերաբերում է օրինակարգությանը, ապա դա անցած աշխարհի թեզ է, նման թեզերի մասին այսօր խոսելն անիմաստ է: Թրամփի ընտրվելուց հետո շատերը հասկացան, որ այս աշխարհը շատ ավելի արմատական փոփոխության է ենթարկվում, քան թվում է: Տեսնում ենք, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս տարբեր կազմակերպություններից, միջազգային կարեւոր ինստիտուտներից, բայց երբ Հայաստանում դեռ խոսում են օրինակարգության մասին, պատճառն այն է, որ Հայաստանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն է: Արցախի հետ կապված՝ թուլությունն, իբր, այն էր, որ Արցախը ճանաչված չէր, եւ կլանվեց Ադրբեջանի կողմից, իսկ Հայաստանը ճանաչված է եւ, իբր, նրան ոչ մի բան չի պատահի:

Այս շատ վտանգավոր միամտությունը բերում է նրան, որ հույսները ինչ-որ բանի վրա դնեն, բայց իրականում այդպես չէ, մենք տեսնում ենք, թե մեր հակառակորդն ինչպես է աշխատում՝ ուշադրություն դարձրեք ՌԴ-Ադրբեջան լարված հարաբերություններին, բոլորը հետեւում են՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է Ադրբեջանը սրում հարաբերությունները Ռուսաստանի հետ, վերջինս էլ ինչ-որ ջղաձիգ քայլեր է անում: Բայց պարզ բան է, չէ՞, որ հյուսիսային հարեւանի ռեսուրսն առավելագույնս օգտագործել են Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ նրա ձեռքով Արցախն են վերցրել եւ այլն, հիմա շատ հանգիստ Ադրբեջանը հաջորդ խնդիրներն է դնում:

Արդեն իսկ պարզ է, որ մեծ շանսեր կան ԱՄՆ նոր նախագահի հետ հարաբերություններ ստեղծել՝ հասկանալով, որ նա լրիվ ուրիշ գործելաոճով է աշխատում, եւ Ադրբեջանը շատ հանգիստ գնում է այդ քայլերին: Իսկ ի՞նչ ուղերձ է Փաշինյանն իր վերոնշյալ հոդվածում հասցեագրում աշխարհին: Ոչ մի ուղերձ էլ չկա, պարզապես խաղաղության մասին իր պատկերացումներն է դարձյալ շարադրում: Դա ոչ մեկի համար հետաքրքիր չէ: ԱՄՆ-ը դեռ անցյալ տարվանից ցույց տվեց, թե որտե՛ղ է գտնվում Հայաստանն իրենց շահերում:

Փաշինյանի վերջին այցելությունն ԱՄՆ նույնը ցույց տվեց՝ դուք այն երկիրը չեք, որը լուրջ շահերի մեջ է՝ ռազմավարական: Սա շատ կարեւոր է: Կարծում եմ, որ գուցե հենց սա՞ էր պատճառը, որ Փաշինյանը մեկ անգամ եւս որոշեց ցույց տալ, որ ինքը խաղաղության նախադրյալներ է տեսնում: Բայց վերջին տարիների մեր կորուստները, ինչու չէ՝ նաեւ Ադրբեջանի հաջողությունները ցույց տվեցին, որ նախադրյալները լրիվ ուրիշ տեղ են: Նախադրյալներն այն են, թե ինչպես ես, ընդհանրապես, գնահատում իրականությունը: Աշխարհի բազմաթիվ երկրների համար այս փոփոխությունների դարաշրջանում դրված է իրենց լինել-չլինելու խնդիրը: Ձեր գոյատեւելու իրավունքը ճանաչվո՞ւմ է այս նոր աշխարհում, թե՞ ոչ՝ սա է հիմնարար խնդիրը:

Քաղաքականությունը շատ կոնկրետ է՝ ինչ խնդիր դրել եք ձեր առջեւ, հասե՞լ եք արդյոք դրա կատարմանը, թե՞ չեք հասել: Հայաստանում շատերին թվում է, որ եթե տնտեսական հարաբերություններ ստեղծվեն՝ հարցերն ինքնին կլուծվեն, եւ վերջ: Կարծես՝ Հայաստանի խնդիրը հենց դա է: Իրականում պետք է գտնել Հայաստանից այս «մնացորդի» խնդիրը եւ լուծել: Բայց՝ ոչ, շատերին թվում է՝ խնդիր չկա: Փաշինյանը եւս այդպես է մտածում՝ որեւէ խնդիր չկա, մնում է Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթուղթը ստորագրել ու հանգիստ շունչ քաշել: Ինչ է եղել որ՝ հիմա կարելի է եւ հեծանիվ քշել, ձվածեղ սարքել, հասարակության հետ վիրտուալ զրույցի բռնվել եւ այլն:

Բայց ամեն ինչ այնքան էլ այդպես չէ, կարող եմ կրկնել՝բազմաթիվ երկրների համար փոփոխությունների այս շրջանում գոյություն ունի լինել-չլինելու խնդիր: Գոյատեւելու մեր իրավունքը ճանաչվո՞ւմ է այս նոր աշխարհում, թե՞ ոչ: Առանցքային խնդիրը սա է, եւ ՀՀ-ի դժվարությունն այն է, որ շատերը սա չեն հասկանում: Ռուսաստանից քանիցս զգուշացրել են, որ Մոսկվայից մեկուսի՝ Հայաստանն ապագա չունի, նրա սահմանները չեն ճանաչում, Ադրբեջանն, ընդհանրապես, չի ճանաչում նման պետություն, ինչպես նաեւ չի ճանաչում պետություն կազմավորելու՝ հայերի իրավունքը: Թուրքիան այս հարցերում Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ է:

Ալիեւը պարզ ասում է՝ Հայաստանն այդքան չկա, որի հետ նստենք, հարց քննարկենք: Եվ իսկապես, Հայաստանը, կարծես թե, ասելիք չունի: Մենք պետք է մեր գոյության իրավունքի խնդիրը դնենք ու պարտադրենք, որ այն ընդունվի: Այո՛, պետք է պարտադրել, որ իրենց բերանով ասեն՝ «Հայաստանն իրավահավասար պետություն է, նման իրավունք ունի, մենք նրա հետ հարաբերություններ կհաստատենք»: Մնացած հարցերն անիմաստ են, քանի դեռ մեզ չեն ճանաչել բանակցային լիարժեք կողմ: Կարծում եմ՝ Փաշինյանն ԱՄՆ-ից գալուց հետո գոնե հասկացավ, որ Հայաստանը՝ որպես պետություն, դեռ չի հասել այն կետին, որ իր հետ լրջորեն խոսեն: Իրականությունը սա է:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: