Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Վերլուծական

Հայկական սինդրոմ՝ խուճապ սեփական զորությունից

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Երեւանի քայլերն այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում են հայտնվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում Հայաստանի Հանրապետությունը պնդում է Արցախի` որպես բանակցային լիիրավ կողմի, մասնակցության մասին։ Մարտի 12-ին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ վերահաստատեց Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու առնչությամբ իր վճռական դիրքորոշումը։ Ըստ պաշտոնական Երեւանի, բանակցությունների ժամանակ Հայաստանն այլեւս Արցախը չի ներկայացնելու: Վերջինս ինքն է իրեն ներկայացնելու բանակցությունների սեղանի շուրջ, իսկ Հայաստանը մնալու է սոսկ Արցախի անվտանգության երաշխավոր։

Բնական էր, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում քաղաքական նոր ուղեգծի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը եւ այդ ուղղությամբ կառավարության քայլերը Հայաստանի սահմաններից դուրս ոչ միանշանակ էին ընդունվելու։ Սակայն տարօրինակն այն է, որ այդ հայտարարությունը ոչ միանշանակ ընկալվեց նաեւ Հայաստանի ու Արցախի հանրային-քաղաքական տարբեր շերտերում։ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում կրկին եռակողմ ձեւաչափին վերադառնալու հնարավորությունը շատերին խուճապի մատնեց։ Առանձին գործիչներ, լրագրողներ, մեկնաբաններ իրատեսական չհամարեցին Արցախի` բանակցային կողմ դառնալու հնարավորությունը, ոմանք սկսեցին խոսել, որ պաշտոնական Երեւանը շտապել է Արցախը բանակցություններում ընդգրկելու հարցում, քանի որ պետք էր նախ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ստանալ նրանց համաձայնությունը, որից հետո նման բան հայտարարել։ Իսկ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն անգամ մտավախություն հայտնեց, որ դա կարող է հանգեցնել բանակցությունների տապալման[1]։

Ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկզբունքային ու կտրուկ քայլերի պատճառով վերջին օրերին մեզանում գլուխ է բարձրացրել քաղաքական պրագմատիզմի միջոցով սեփական վախերը փարատելու երեւույթը։ Բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձը դիտարկվում է որպես ցանկալի երազանք, որին հասնելը, ինչպես Դավիթ Բաբայանն է նշում, բարդ ու ժամանակատար խնդիր է։ Առավել հավանական է թվում, որ կտրուկ քայլերը` թեկուզեւ դրանք լինեն մեր պետական շահից բխող ու սկզբունքային, բերելու են բանակցությունների ձախողմանը։ Իսկ բանակցությունների ձախողումը մարդկանց մեջ ասոցացվում է պատերազմի վերսկսման հետ։ Նման տրամաբանական մակաբերությունից էլ բխում են բոլոր այն մեկնությունները, որոնցում դեմոնացվում են արտաքին ուժային կենտրոնների հայտարարությունները կամ Ադրբեջանի հնարավոր հակաքայլերը։

Դատելով առկա խուճապից, քաղաքականության մեջ ներգրավված հանրության մի պատկառելի զանգվածի չի հետաքրքրում ԼՂՀ-ի խնդրում Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, ինչպես նաեւ միջնորդների իրավունքների ու պատասխանատվության սահմանները հասկանալու հարցը։ Չկա անգամ ընկալումը, որ քաղաքականությունը սկսվում է սեփական իրավունքներն ու պատասխանատվության չափը ճանաչելուց եւ ավարտվում դրանք արտաքին աշխարհին պարտադրելով։

Դրա փոխարեն միջազգային միջնորդների հայտարարությունները դիտարկվում են որպես անվերապահ պահանջներ, որոնք ենթակա են կատարման, որպեսզի աղետ տեղի չունենա։ Սա, կարծես թե, կապ ունի մի երեւույթի հետ, որը կոչվում է ցեղասպանության սինդրոմ կամ համախտանիշ, բայց այն տարբերությամբ, որ գործ ունենք ոչ թե անզոր զանգվածի գոյապահպանական վախերի հետ, այլ` զորավոր ու կամային մի հանրության, որը մշտական խուճապի մեջ է` յուրահատուկ իր հոգեբանության ու մտածողության պատճառով։

Պետք է նկատել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Հայաստանի ներկայիս թույլ դիրքերը հետեւանք են նույն այդ համախտանիշով պայմանավորված խուճապի ու վախերի, որոնք առկա էին 1990-ական թվականների սկզբին քաղաքականացված հանրության մեծամասնության շրջանում։ «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման ու դրա վրա հիմնվող` 1990թ. ՀՀ Անկախության հռչակագրի դրույթների անվերապահ կատարման փոխարեն 1991 թվականից սկսած` Հայաստանի քաղաքական ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղը չընդգրկեց ներհայաստանյան իրավաքաղաքական գործընթացների մեջ։ Իսկ ԱՊՀ կազմավորման համաձայնագրով, որը ստորագրվել էր 1991թ. դեկտեմբերի 21-ին, Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` վավերացման ժամանակ անգամ վերապահում չկատարելով Լեռնային Ղարաբաղի տարածքի պատկանելության խնդրում իր տարբերվող դիրքորոշման ու պահանջների մասին։

1992-ին նույնը կատարվեց Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունների՝ ԵԱՀԽ-ին անդամակցության ժամանակ։ Ադրբեջանը, փաստորեն, իրավունք ստացավ Ղարաբաղի նկատմամբ կիրառելու օրինական ուժ։

Ինչպես վկայում է վերջին օրերի խուճապը, 1990-ականների հանգույն թուլակամ, անզոր, վախկոտ, անսկզբունք արտաքին քաղաքականությունն արգասիք էր ոչ թե մի քանի պետական ու քաղաքական գործիչների հոգեբանության ու մտածողության, այլ` հայության հավաքական գիտակցականի վրա հանրության տարբեր շերտերի մեջ եղած գոյապահպանական անգիտակցական վախերի ուժեղ ճնշման, որը ներկայում եւս բերում է հանրության գերակշիռ հատվածների քաղաքական գիտակցության մթագնմանը։ Ընդ որում, ինչպես ցույց տվեց Ղարաբաղյան պատերազմը, այդ վախկոտ արտաքին քաղաքականությունը որեւէ աղերս չուներ հայ ժողովրդի զորավոր ներուժի հետ։ Այդպիսի անկամ արտաքին քաղաքականություն Հայաստանը վարում էր թե´ այն ժամանակ, երբ հայ ռազմիկը Շուշին էր գրավում, եւ թե´ այն, երբ կնքում էր հաղթական զինադադարը։

Այսօր Հայաստանում վարվող պետական քաղաքականությունը հայտ է ներկայացրել հանրային օրգանիզմից հանելու հանրության մեջ բուն դրած շատ «ֆոբիաներ»։ Սա հղի է հանրային ճգնաժամով, երբ հասարակության տարբեր շերտեր ու խավեր (քաղաքական, վերլուծական, լրագրողական եւ այլն) փորձելու են ընդդիմանալ կառավարության այնպիսի շարժումներին, որոնք սպառնալից ու աղետաբեր են պատկերանում ազգի համար։

Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ ուզո՞ւմ է դառնալ քաղաքականապես կենսունակ ազգ, թե՞ եւս մի քանի տասնամյակ գլուխը պահել ավազի մեջ՝ մնալով այլոց հոգածության ու բարեգթության հույսին։ Թերեւս գիտնականները երբեւէ հայերիս օրինակի վրա կգրեն մի նոր համախտանիշի՝ սեփական հաջողությունից խուճապի մեջ հայտնվելու երեւույթի մասին։ Ամեն դեպքում արդեն հարյուր տարի է` այդ երեւույթի ախտանշանները բազում անգամներ հայերիս վարքում վկայված են։

 

Սարո Սարոյան 

[1] https://www.1in.am/2522754.html?fbclid=IwAR1Co33XzZEjyZUQEAbGZPwtIyKIqRsrpisWxrJtYBfs9T7ys2HKsCblzKA

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: