Ուրբաթ, Մարտի 29, 2024

Վերլուծական

Նոր իշխանական մեքենա` հին քաղաքական համակարգի «շարժիչով»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հեղափոխությունների ժամանակ տեղի են ունենում մտքերի, տեսակետների բախումներ, ի հայտ են գալիս հեղափոխության տեսաբաններ, փիլիսոփաներ, տնտեսագետներ: Միջանձնային շփման կանոնները, վարքաձեւը, հագուստը, մշակույթը մեծ փոփոխությունների են ենթարկվում: Եթե կարճ ձեւակերպենք` փոխվում են կյանքի բոլոր բնագավառները: Իսկ հեղափոխականների շարքերում տեղի են ունենում բանավեճեր զարգացման տարբեր ուղղությունների կողմնակիցների միջեւ։ Հատկապես բնութագրական է այն, որ ժամանակի ընթացքում հեղափոխականները մոռանում են նրանց, ում դեմ միասնականորեն պայքարել են, եւ նրանց տարբեր ուղղությունների միջեւ անտագոնիզմն այնքան է խորանում, որ երբեմն բերում է բախումների: Դա է մինչ այժմ մեզ հայտնի հեղափոխությունների բնորոշ գիծը:

2018-ից անցել է արդեն երկու տարի, սակայն իրենց հեղափոխական հռչակած այսօրվա պատգամավորների, Կառավարության ներկայացուցիչների միջեւ մենք մտքի նման բախումներ չենք տեսնում: Փոխարենը` խորհրդարանում տեսնում ենք կոնֆորմիստ «կոճակ սեղմողներ», իսկ կառավարության անդամները չեն շտապում հանդես գալ զարգացման հայեցակարգերով: Արդյո՞ք դրանում մեղավոր են միայն «հեղափոխականները», թե՞, այնուամենայնիվ, դա Հայաստանի քաղաքական կյանքին բնորոշ երեւույթ է, ու պատճառներն էլ ավելի խորքային են:

Քաղաքական համակարգի խաղացողները կուսակցություններն են, համենայն դեպս` ըստ Սահմանադրության, իշխանության համար մղվող պայքարին մասնակցելու իրավունք ունեն միայն նրանք: Սակայն հիմնական խնդիրն այստեղ ուրիշ է: Այն է` կուսակցություններն արդյոք միայն մասնակցում են իշխանության համար ծավալվող մրցավազքի՞ն, թե՞ մշակում են քաղաքականություն, որն առաջարկում են իրենց ընտրողներին:

Եթե պատասխանն առաջին տարբերակն է, ապա մենք ունենում ենք կլաններ` կուսակցությունների տեսքով, որոնց շարքերում ներգրավվում են մարդիկ` իշխանության տիրանալու համար, իսկ հետագայում իրենց անդամներին վարձահատույց են լինում «հաջող որսի» արդյունքները միմյանց միջեւ բաժանելու սկզբունքով: Երկրորդ տարբերակի դեպքում կուսակցությունները ներկայանում են որպես ուղեղային կենտրոններ կամ քաղաքականություն մշակող լաբորատորիաներ: Նման քաղաքական ուժերի համախոհները միավորվում են գաղափարների շուրջ, իսկ անդամները, որպես կանոն, լինում են տարբեր ոլորտների փորձագետներ: Ըստ էության, այդպիսի կուսակցություններն իրենցից ներկայացնում են ստվերային կառավարություններ:

Մինչեւ 2018 թվականը Հայաստանի կուսակցությունների ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, առաջին տիպի կազմակերպություններ էին, եւ այսօր, կարծես թե, վիճակը դեռեւս չի փոխվել: Զանգվածների ճնշմամբ կատարվեց իշխանափոխություն, սակայն ոչ միայն տեղի չունեցան հուսադրող համակարգային ու հոգեբանական փոփոխություններ, այլեւ չստեղծվեցին քաղաքական այնպիսի նախադրյալներ, որոնք հույս կներշնչեին, որ ապագայում եւս նույնը չի շարունակվի։ Մյուս կարեւոր խնդիրը պետական ապարատի եւ իշխանության եկած կուսակցության փոխհարաբերություններն են:

Ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում պետական ապարատը եւ ընտրությունների միջոցով իշխանության եկած կուսակցությունը, այսինքն` իշխող քաղաքական ուժը, միմյանցից հստակորեն տարանջատված են լինում։ Իշխող կուսակցության կադրերը զբաղեցնում են կառավարության քաղաքական պաշտոնները եւ ուղղորդում պետության զարգացման ընթացքը, վարում արտաքին ու ներքին քաղաքականություն, սակայն չեն միջամտում հաստատությունների բնականոն աշխատանքներին եւ չեն ազդում նրանց կադրային քաղաքականության վրա, իսկ պետծառայողների իրավունքներն օրենսդրորեն պաշտպանված են իշխող կուսակցությունների հնարավոր կամայականություններից։

Նման երկրներում տարանջատված են ոչ միայն իշխանության ճյուղերը, այլեւ պետական ապարատը` իշխող կուսակցություններից։ Այս առումով հարկ է «կառավարող կուսակցություն» հասկացությունը, որը հատուկ է խորհրդարանական կառավարման մոդելի երկրներին, տարանջատել «իշխանության կուսակցություն» հասկացությունից, որը բնորոշ է ավտորիտար երկրներին, երբ կուսակցությունը «իրենով է անում» կառավարման ողջ համակարգը։

Կարճ ասած` իշխանության կուսակցությունը ձեւավորում է իշխանական էլիտա` հետապնդելով սեփական իշխանությունը պահելու եւ վերարտադրվելու նպատակ, իսկ մյուս կուսակցություններն իրականում ստանձնում են հաճախորդների դերակատարություն՝ հանրության շրջանում քաղաքական կյանքի տպավորություն ստեղծելու ու նրան ինչ-որ կերպ վերահսկողության տակ պահելու համար:

Պատահական չէ, որ այն երկրներում, որտեղ համակարգի հիմքը իշխանության կուսակցությունն է, կարեւորվում է ավտորիտար առաջնորդի դերը։ Այդպիսի համակարգերը հիմնված են ստվերային պայմանավորվածությունների վրա, որոնք, բնականաբար, ձեռք են բերվում ոչ հրապարակային եղանակներով։ Կենտրոնական սուբյեկտը նման համակարգերում այն անձն է, որը պայմանավորվածությունների գործընթացում հանդես է գալիս իբրեւ ձեռք բերված պայմանավորվածությունների երաշխավոր։ Առանց երաշխավորի՝ պայմանավորվածությունները դադարում են դեր խաղալուց, եւ համակարգը փլուզվում է։

Հայաստանի քաղաքական համակարգի չկայացվածության հիմնական պատճառներից մեկը վերը նկարագրված կուսակցությունների առաջին տիպի ճնշող գերակշռությունն է:

 

Վաղարշակ Հայրապետյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: