Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Վերլուծական

Քաղաքական մտքի հեղափոխություն

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց պատմական աննախադեպ մի փաստաթուղթ, որով Գոլանի բարձունքները ճանաչեց Իսրայելի տարածք։ Ամերիկյան վարչակազմի այդ որոշման հիմքում ընկած է այն հիմնավորումը, որ Գոլանի բարձունքները կենսական նշանակություն ունեն Իսրայելի անվտանգության ապահովման գործում։ ԱՄՆ-ի այդպիսի պաշտոնական փաստաթղթի ընդունման նշանակությունն ընդգծելու համար ներկայացնենք մի հակիրճ պատմական ակնարկ։

Մինչեւ 1967 թվականը Գոլանը Սիրիայի տարածքի մաս էր կազմում։ 1967-ի վեցօրյա պատերազմի ընթացքում բարձունքներն անցան Իսրայելի վերահսկողության տակ։ 1973 թվականին Ահեղ Դատաստանի օրվա պատերազմի ժամանակ հենց այդ տարածքում ծավալվեցին սիրիական բանակի հարձակողական գործողությունների դեմ Իսրայելի պաշտպանական մարտերը։ Օրեր անց իսրայելական բանակը Գոլանի բարձունքներում կազմակերպեց Սիրիային ու Իրաքին ծնկի բերելու գործողությունները։ Արաբական երկրների կողմից սկսված պատերազմի երկրորդ եւ երրորդ շաբաթների ընթացքում Իսրայելի բանակը` անցնելով հակահարձակման, կարողացավ առաջանալ դեպի Սիրիայի խորքերը եւ կանգնել մայրաքաղաք Դամասկոսից մոտ 40 կմ հեռավորության վրա։ Պատերազմի ավարտից հետո Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը։ Քնեսեթի 1981թ. որոշմամբ Իսրայելը Գոլանի նկատմամբ տարածեց իր իրավազորությունը։ Այդ որոշմանն ի պատասխան` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց N497 բանաձեւը՝ տվյալ տարածքները ճանաչելով Սիրիայի մաս, սակայն` բռնազավթված Իսրայելի կողմից։ Եվ այսօր թե՛ Իսրայելը, թե՛ Սիրիան Գոլանի բարձունքներն իրենց տարածքի մաս են համարում:

Միջազգային իրավունքի գործող սկզբունքներն ու կարգավորումները թույլ են տալիս պնդել, որ Գոլանի բարձունքները Սիրիայի անբաժան մասն են եւ ապօրինաբար բռնազավթված են Իսրայելի կողմից։ Սակայն կարեւոր է ուշադրություն դարձնել Իսրայելի պաշտոնական մեկնաբանություններին՝ հասկանալու համար, թե ինչպես է հրեական պետությունը հիմնավորում Գոլանի նկատմամբ իր իրավունքները։ Այդ տեսանկյունից ուշագրավ են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մեկնաբանությունները։ Վերջինս մարտի 25-ին պաշտոնական այցով Վաշինգտոնում էր եւ Սպիտակ տանը նախագահ Թրամփի կողմից փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ մասնավորապես ասաց. «Ձեր ճանաչումը պատմական արդարության վերահաստատման կրկնակի ակտ է: Իսրայելը Գոլանի բարձունքները գրավել էր արդար պաշտպանողական պատերազմում, իսկ Գոլանում հրեա ժողովրդի արմատները հասնում են հազարամյա անցյալի խորքերը։ … Ձեր հռչակագիրը ստորագրվեց այն ժամանակ, երբ Գոլանը առավել, քան երբեւէ, կարեւոր նշանակություն էր ստացել մեր անվտանգության համար, երբ Իրանը փորձում է Սիրիայում ռազմական հենակետ տեղակայել` Իսրայելին հարվածելու համար, երբ սիրիական սահմանից անօդաչու թռչող սարքեր է ուղարկում մեր օդային տարածք եւ հրթիռներ՝ մեզ վրա: … Իսրայելում ասում են՝ «Ժողովուրդը Գոլանի հետ է»: Ձեր շնորհիվ մենք հիմա գիտենք, որ Գոլանի հետ են երկու ժողովուրդներ՝ Իսրայելի եւ Ամերիկայի ժողովուրդները»:

Իսկ արդեն օդանավակայանում, Թել Ավիվ մեկնելուց առաջ, Նեթանյահուն հայտարարեց. «Ես ավարտեցի պատմական այցը Վաշինգտոն։ Նախագահ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ մեր ինքնիշխանության ճանաչումը կհիշեն սերունդները։ Պահանջվեց կես դար, որպեսզի ստանանք Գոլանը։ Եվ դրա հնարավորությունը տալիս է միջազգային կյանքում առկա շատ կարեւոր մի սկզբունք. եթե դու նվաճողական պատերազմ ես ձեռնարկել եւ տարածք կորցրել, պետք չէ դրանից հետո գալ ու հայցապահանջ ներկայացնել: Դա արդեն պատկանում է մեզ: Մենք պատմական հիմքեր ունենք Գոլանի բարձունքների նկատմամբ»:

Տեղին կլինի զուգահեռ անցկացնել այս հայտարարության եւ Իսրայելի մեկ այլ վարչապետի` մոտավորապես կես դար առաջ հայտնած դիրքորոշման միջեւ, որում արտացոլված է պաշտոնական Թել Ավիվի՝ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա ազատագրված պատմական տարածքների նկատմամբ իրավունքների հաստատման նախասկզբնական կոնցեպտը։

1973թ. Արաբ-իսրայելական պատերազմից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը փորձել է համոզել, որ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձեւը տրամաբանական լուծում է Իսրայելի համար, վերջինիս վարչապետ Գոլդա Մեիրը պատասխանել էր. «Ես ինչպե՞ս կարող եմ գնալ մարդկանց մոտ եւ բացատրել դա։ Ինչպե՞ս կարող եմ ասել, որ պատերազմ է եղել, հետո` մեկ ուրիշը, մենք մարդիկ ենք կորցրել՝ վիրավորվածներ, սպանվածներ, բայց դա ոչինչ չի նշանակում, եւ մենք հիմա պետք է վերադարձնենք տարածքները, քանի որ արաբներն ասում են, որ դրանք իրենց հողերն են։ Ես երբեք չեմ համաձայնվի, որ մի կողմից` հարձակվողների, մյուս կողմից` հարձակման ենթարկվողների միջեւ չկա տարբերություն։ Եթե մենք դրան գնանք, եւ մեր հարեւանները տեսնեն, որ կարելի է պատերազմել՝ առանց ինչ-որ բան կորցնելու վախի, ուրեմն մենք խթանած կլինենք նրանց ագրեսիան»։

Հայ քաղաքական միտքն այժմ փորձում է հասկանալ աշխարհում առանձին սուբյեկտների կողմից ընդունվող իրավաքաղաքական աննախադեպ որոշումների շարժառիթները, ընթացող գործընթացներն ու դրանց հետեւանքները։ Ոչ միայն Գոլանի բարձունքներն Իսրայելի ինքնիշխանության տակ դնելու, այլեւ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու, ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու, ինչպես նաեւ Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագրից դուրս գալու` ԱՄՆ վարչակազմի որոշումները շոկային եղան միջազգային իրավունքի ու քաղաքականության շատ մասնագետների համար։ Տարիներ շարունակ նրանք թե՛ սեփական անձին, թե՛ իրենց լսարանին համոզում էին, որ միջազգային իրավունքը մի «սրբազան կով» է, իսկ այն կասկածի ենթարկելը, քաղաքական այլ ծրագրերից, նպատակներից, սեփական իրավունքների հաստատման այլ սկզբունքերից խոսելը՝ դիլետանտության վկայություն։

Իսրայել պետության ներկայիս քայլերը, հրեա պետական գործիչների կողմից միջազգային հարաբերություններ ներմուծվող իրավաքաղաքական տեքստերը, իրենց շահերի պաշտպանության համար կիրառվող իրավական ձեւակերպումները, շրջանառվող նորահայտ սկզբունքները հայ ժողովրդի համար նշանակություն են ձեռք բերում ոչ միայն իրավական կամ քաղաքական տեսանկյունից։ Դրանց նշանակությունն ավելին է, քանի որ այդ ձեւակերպումներն ու քայլերը անալոգիայի ուժով նախադեպային իրավունքի ու քաղաքական վարքի կիրառման օրինակներ չեն միայն։ Դրանք բոլորովին այլ մտածողության արգասիք են եւ պետք է առաջին հերթին հենց այդ դաշտում դիտարկվեն։ Ակնհայտ է, որ հրեական քաղաքական միտքը կես դար շարունակ ինտենսիվորեն զարգացրել է իր ժողովրդի ու պետության անվտանգության կոնցեպտը։ Նոր ագրեսիան կանխելու համար հարձակվող կողմին տարածքային փոխհատուցում պարտադրելու նախնական կոնցեպտը հանգել է անվտանգության ապահովման եւ պատմական արդարության վերականգնման իրավունքների ուժով պաշտպանական պատերազմում ձեռք բերված տարածքների նկատմամբ սեփական իրավազորության հաստատման ուսմունքի։ Սա ցեղասպանություն ապրած ազգի բոլորովին տարբերվող մտածողություն է` դեռեւս անընկալելի մեր ազգի տարբեր մտավոր շրջանակների համար։

Ներկայում միջազգային իրավունքը քարացած ու շաբլոնակերպ պատկերացնող շատ «ինտելեկտուալներ», նախքան քաղաքական միտք կամ տեքստ շրջանառելը, գործողություն նախաձեռնելը, խնդիր ունեն փոխակերպել իրենց կաղապարված մտածողությունը՝ համապատասխանեցնելով քաղաքական մտածողության արդի պահանջներին։ Հիրավի, տնտեսական հեղափոխությունից պակաս կարեւոր չէ մտքի հեղափոխությունը։

 

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: