Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Որպեսզի ոլորտի պատասխանատուները ջրից չոր դուրս չգան

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին աշխատանքային շրջայց կատարեց Նորագավիթում գտնվող Արարատյան մաքսատուն-վարչություն։ Այցի ընթացքում վարչապետին մտահոգեց տարածքի կեղտոտ, անվայելուչ տեսքը, ինչպես նաեւ աշխատակիցներից մեկի ոչ զգաստ կեցվածքը։ Իսկ սենյակներից մեկում նրան արդեն զայրացրեց անկյունում անխնամ գցված ՀՀ դրոշի նկատմամբ ծառայողների անբարեխղճությունը։ «Ով որ այս սենյակում աշխատել է այդ դրոշի պայմաններում, ոչ մեկը չաշխատի, ոչ մեկը»,- հենց տեղում կարգադրեց Փաշինյանը։ Ավելի ուշ վարչապետը տվյալ միջադեպին անդրադարձավ նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ գրելով. «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից, կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»:

Այդ միջադեպը հանրության շրջանում մեծ քննարկում առաջացրեց։ Հանրային կարծիքը բաժանվեց երկու մասի։ Մի մասը ողջունեց վարչապետի քայլը, իսկ մյուսը` մեղադրել, թե գործադիրի ղեկավարը չարաշահել է իր լիազորությունները, խախտել իրավական ու բարոյական առանձին նորմեր։

Նիկոլ Փաշինյանի քայլը հավանության արժանացրած քաղաքացիների հիմնական փաստարկները հանգում էին նրան, որ պետական ծառայողները պետք է պատասխանատվություն կրեն իրենց կատարած աշխատանքի, ինչպես նաեւ պետության խորհրդանիշների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի համար։ Ըստ այդ քաղաքացիների՝ աշխատանքից ազատումը դաս է մյուսների համար ու նաեւ գործուն միջոց, որպեսզի մյուս ծառայողները փոխեն իրենց մտածելակերպն ու մոտեցումները պետական եւ հանրային ծառայության նկատմամբ։ Վարչապետի կողմնակիցները` որպես նրա կատարած գործողությունների իրավական հիմնավորում, մատնանշում էին ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածը (Պետական խորհրդանիշներն անարգելը), «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքը, այլ օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր, որոնցով կարգավորվում են պետական խորհրդանիշ հանդիսացող դրոշի գործածման կարգը, տեխնիկական պայմանները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը, որը գործատուին (տվյալ դեպքում պետության ղեկավար հանդիսացող վարչապետին) իրավունք է տալիս լուծելու աշխատողի հետ կնքած պայմանագիրը, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքը։ Մասնավորապես վերջինիս 48-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը նշում է, որ մաքսային ծառայողին աշխատանքից ազատելու հիմք է ծառայողական կարգապահական եւ վարքագծի (էթիկայի) կանոնները միանգամյա կոպիտ խախտելը կամ ծառայողական կարգապահական եւ վարքագծի (էթիկայի) կանոնները պարբերաբար խախտելը։

Նիկոլ Փաշինյանի գործողությունները քննադատած քաղաքացիների հիմնական փաստարկները հանգում էին նրան, որ տեղի է ունեցել մաքսային աշխատողի իրավունքների կոպիտ խախտում։ Վարչապետը` նմանակելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, անարդարացիորեն պատժում է ստորին օղակի պաշտոնյային՝ միաժամանակ ոտնահարելով վերջինիս արժանապատվությունը։ Ըստ այդ քաղաքացիների, Փաշինյանի քայլը դիկտատուրայի հաստատման, աշխատողին նվաստացնելու ու այդկերպ դաստիարակելու գործողություն էր։ Վարչապետի քայլերը քննադատողները, որպես նրա լիազորությունների չարաշահման իրավական հիմնավորում, բերում էին ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավական երաշխիքները՝ քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասով, եւ հիմնավորում, որ վարչապետը իրավունք չուներ աշխատանքից ազատելու հրահանգ տալ մաքսային ղեկավար կազմին՝ աշխատակցի մի թերացման համար, որը կապ չունի աշխատանքային պարտականությունների հետ։ Ըստ այդ քննադատողների՝ «Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ մաքսային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, որպիսին չէ ՀՀ վարչապետը:

Պետք է նշել, որ ՀՀ վարչապետի՝ մաքսատանը հանրային մեծ աղմուկ առաջացրած քայլը իսկապես այն բացառիկ օրինակներից է, երբ պետության ղեկավարը վարչական պատժի ինչ-որ մի մեխանիզմ է կիրառում ոչ թե անձնական վրեժխնդրությունից, նյութական կամ այլ շահագրգռությունից դրդված, այլ՝ շարժառիթ ունենալով պետության շահը՝ հոգածություն տածելով պետության ու նրա խորհրդանիշների նկատմամբ։ Նկատենք, որ վերջին քսան տարվա ընթացքում պետության ղեկավարների համար վարչական պատիժը ծառայում էր որպես մահակ զուտ անձնական կամ կլանային, բայց ոչ երբեք պետական խնդիրներ լուծելու համար։ Ուստի առաջին անգամ հրապարակային պատժի նման դրսեւորումը դուրս է եկել նեղ քաղաքական իրավահարաբերությունների շրջանակից։

Ներկայումս` վերագտնելով պաշտոնյայի սոցիալական օրինակելի վարքագիծ ձեւավորելու միջոցի նշանակությունը, վարչական պատիժը կրկին բարձրացել է պետական իրավահարաբերությունների կարգավորիչ լինելու աստիճանի վրա, որտեղ քաղաքացիների փաստարկները քննարկվում ու քննվում են իրավական հարթությունում։ Այսօր հանրային բանավեճն ընթանում է պետության ղեկավարի՝ պատժելու գործառույթի ու դրա կոնկրետ դրսեւորման իրավաչափության, ինչպես նաեւ օրենքի տառին ու ոգուն համապատասխանության համատեքստում։ Արդյունքում աշխատանքից մաքսային աշխատակցի ազատման գործընթացը խոշորացույցի տակ է հայտնվել՝ պարզելու համար, թե ի վերջո իրավական ի՞նչ հիմքեր օգտագործվեցին վարչական պատիժ կիրառելիս, ու պաշտպանվեցի՞ն արդյոք աշխատակցի աշխատանքային իրավունքները։

Սակայն անկախ վարչապետի՝ լիազորությունների չարաշահման իրավական վեճի վերջնարդյունքից, կարեւոր է ուշադրություն դարձնել նույնքան էական մեկ այլ հանգամանքի վրա։ Ինչպես արդարացիորեն նշում են շատ քաղաքացիներ, վարչապետի հրապարակային դիտողության ու կիրառված պատժի հասցեատերերը ոչ թե մաքսային ծառայության վերին, այլ ամենաստորին օղակի ներկայացուցիչներն էին։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկն, օրինակ, շատ դիպուկ նկատել էր՝ «կողմ եմ, որ մեր պետական խորհրդանիշների հանդեպ լինի հարգանք, իսկ խորհրդանիշները կրելիս՝ հպարտության զգացում, բայց երբ ոլորտի բոլոր պատասխանատուները ջրից չոր են դուրս գալիս եւ ամբողջ երկրի աչքի առջեւ նվաստացվում ու աշխատանքից հեռացվում է ամենաքիչ պատասխանատու մարդը, կարծում եմ, որ արդար չէ»:

Տվյալ նկատառումն արտահայտում է պետական կառավարման մեջ եղած խնդրահարույց այն իրավիճակը, որից պետությունը չի կարողանում ձերբազատվել արդեն գրեթե մեկ տարի։ Երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման համատեքստում բոլորն ապավինում են վարչապետի հեղինակությանն ու նրա «գերմարդկային» կարողություններին։ Վարչապետն ինքը մեծ հակվածությամբ ներգրավվում է այնպիսի խնդիրների լուծմանը, որն իր անմիջական պատասխանատվության տակ չէ գտնվում։ Եթե Հայաստանի քաղաքացիների հայացքն ուղղված է միայն վարչապետի կողմը` որպես պետական ու մասնավոր խնդիրների լուծման միակ սուբյեկտի, իսկ վարչապետը մեծ հանձնառությամբ ամիսներ շարունակ լծված է նաեւ այդ խնդիրների լուծմանը, ապա սպասելի էր, որ գալու էր այն պահը երբ պետական կառավարման խաթարվածությունը կոնկրետ դրսեւորում էր ունենալու՝ հանրությունը պառակտելով երկու տարբեր ճամբարների։

Մաքսային ծառայության աշխատակցի հետ կապված վերջին զարգացումները վկայում են, որ պետական կառավարման մեջ դեռեւս լուծված չէ խնդիրների դերաբաշխման ու պատասխանատվության հարցը։ Պետության յուրաքանչյուր մարմին ու պաշտոնյա պետք է հետեւի իր ենթակայությամբ գործող օղակների աշխատանքին ու պատիժ կիրառի միայն ըստ ենթակայության։ Անձամբ զբաղվելով ստորին օղակների խնդիրներով ու պատժելով այդ օղակների պաշտոնյաներին՝ պետության ղեկավարը դառնում է ոչ միայն խոցելի, այլ նաեւ արդյունավետ պետական կառավարման հիմնական խոչընդոտը։ Տարբեր օղակներում չլուծված խնդիրներ ու թերացումներ ի հայտ գալու դեպքում պետության ղեկավարը պարտավոր է ապավինել այնպիսի համակարգի կենսագործունեությանը, որտեղ պատասխանատվություն կկրեն շատ կոնկրետ ղեկավար պաշտոնյաներ։ Այն է՝ վերադասի կողմից ենթակա պետական բոլոր օղակներում բացահայտված զանցանքի, թերացման, անգործության կամ հանցավոր դիտավորության դեպքերի փաստով այն ղեկավարները, որոնք տվյալ վերադասի նկատմամբ կգտնվեն անմիջական ենթակայության տակ։

Նման համակարգ ունենալու դեպքում, եթե կոնկրետ վարչապետին հայտնի կդառնան ստորին օղակների (լինի բաժանմունք, թե վարչություն) պաշտոնյաների թերացումների, անգործության կամ հանցավոր դիտավորության դեպքեր, ապա դրա պատասխանատվությունը կկրի վարչապետի անմիջական ենթակայությամբ գործող ոլորտային ղեկավար պաշտոնյան։ Պետական ապարատի արդյունավետ կենսագործունեությունը հենց այս սկզբունքով է չափվում։ Այդուհետ ցանկացած պաշտոնյա շահագրգռված կլինի իր ենթակայությամբ գործող օղակներն այնպես կարգավորել, որպեսզի վերադաս ղեկավարության կողմից անձամբ չկանչվի պատասխանատվության։

 

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: