Կիրակի, Մայիսի 19, 2024

Վերլուծական

Հանրային օրակարգի ձեւավորման հրամայականը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Քաղաքական կուսակցությունների ազդեցությունը Հայաստանում հասել է մինչեւ զրոյի աստիճան: 2018-ի գարնանը տեղի ունեցած իրադարձություներին այդպես էլ հանրային միտքը չկարողացավ գնահատական տալ՝ դա հեղափոխությո՞ւն էր, թե՞ դավադրություն: Արդյոք ինքնաբո՞ւխ էր այն, թե՞ թատերականացված ներկայացման պես մի բան: Գնահատանքի բացակայության պատճառով հանրությունը դժվարանում է նաեւ արժեւորել ու իմաստավորել դրա հետեւանք հանդիսացող ողբերգական դեպքերը, գտնել կատարվածի մեղավորներին:

Իսկ կատարվածի ծանրության բեռան մի մասն ընկնում է հենց կուսակցությունների վրա, որոնք որեւէ նախաձեռնություն առաջարկելու համար նախեւառաջ պետք է գնահատեն ոչ հեռավոր անցյալը եւ, դրանից ելնելով, առաջարկեն ապագայի համապատասխան նախագիծ: Առանց նման գնահատականի, հնարավոր չէ առաջ նայել, որովհետեւ անհրաժեշտություն է ծագում ամենասկզբից մատնանշելու թույլ տրված սխալներն ու զանցանքները եւ նոր միայն ելքեր որոնել:

Նույն վիճակում են հայտնվել քաղաքական միտքը եւ լրատվամիջոցները, որոնք գլխավոր հարցին պատասխանելուց եւ դրանից ելնելով՝ հանրային ու քաղաքական խասույթ ձեւավորելուց հետո են կարող իրենց ամենօրյա առաքելությունն իրականացնել, այսինքն՝ մարդկանց տեղեկացնել եւ մեկնաբել իրադարձությունների իմաստը:

Հաճախ տպավորություն է ստեղծվում, որ մամուլը ոչ միայն չի կարողանում հասկանալ տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը, այլեւ զբաղված է հանրությանը մանիպուլյացիաների ենթարկելով: Կա խորքային հանրային կասկած, որ մամուլի որոշ միջոցներ դրանով սպասարկում են տարբեր շրջանակների պատվերները, որոնց հիմնական նպատակն իրենց մեղքի բաժինը քողարկելն է: Այստեղ հարց է առաջանում, թե առհասարակ՝ որպես այդպիսին, որն է մամուլի առաքելությունը:

Ժամանակակից քաղաքական տեսություններում կարեւոր տեղ է զբաղեցնում «agenda-setting» (օրակարգի ձեւավորման) տեսությունը։ Ամերիկացի հետազոտող Բեռնարդ Կոհենը այսպես է ձեւակերպել այդ տեսության իմաստը. «Մամուլին քիչ է հաջողվում մարդկանց թելադրել, թե ինչպես մտածել, սակայն մեծ հաջողությամբ կարողանում է նրանց փոխանցել, թե ինչի մասին մտածեն»։

Քաղաքականության մեջ կարեւոր է, թե ով է կարողանում մարդկանց ներարկել, թե «ինչի մասին նրանք մտածեն», այսինքն՝ թելադրել խոսույթ։ Իսկ ո՞վ է Հայաստանում կարողանում թելադրել «հանրային», այսինքն՝ իր օրակարգը։ Եթե կուսակցությունները հանրության կողմից, կարելի է ասել, լիովին վարկաբեկվել են եւ զգալի ազդեցություն չունեն, ապա ոչ ոք չի ժխտում, որ, այնուամենայնիվ, կան ազդեցիկ կենտրոններ, որոնք ունեն շահեր, ֆինանսներ եւ կենսական շահագրգռվածություն օրակարգ ձեւավորելու հարցում:

«Օրակարգի ձեւավորման» տեսության իմաստն այն է, որ նորությունը՝ այդ թվում քաղաքական, ոչ միայն իրականության արտացոլումն է, այլեւ սոցիալական նշանակություն ունեցող «խմբագրված» իրականությունը։ Իրականությունը խմբագրվում է այսպես կոչված gatekeeper-ի (պահապանների) կողմից, որոնք ԶԼՄ-ների տերերն են եւ նրանց «խմբագիրները», այսինքն՝մարդիկ, որոնք մշակում ու խմբագրում են նորությունները եւ սպառողներին ներկայացնում վերջնական արտադրանքը:

Ըստ այդ տեսության՝ ԶԼՄ-ները ոչ թե իրականությունն են արտացոլում, այլ ֆիլտրում ու ձեւավորում են իրականության իրենց ցանկալի պատկերը: Այս կամ այն խնդրի, միջադեպի, արտահայտված մտքի հանդեպ հանրային ուշադրության սեւեռումը ստիպում է հանրությանը դրանք դիտարկել որպես ամենաարդիականն ու կարեւորը։

Կարեւոր է համարվում այս կամ այն խնդիրը հանրության ուշադրության տեսադաշտում պահելու ժամանակի տեւողությունը։

Այն քաղաքական գործիչները, որոնք կարողանում են դառնալ newsmaker (բառացիորեն՝ նորություններ թխող), դառնում են քաղաքական կյանքի առանցքը: Նորություններ որոնող ԶԼՄ-ները, որպեսզի կարողանան պահպանել իրենց լսարանը, երբեմն իրենց կամքից անկախ սկսում են ենթարկվել նման քաղաքական գործիչների օրակարգին եւ հաճախ երկրորդական է դառնում այն հարցը, թե ինչպիսի իմիջ ունի այդ քաղաքական գործիչը՝ դրական, թե բացասական։

2018 թվականից հետո կարող ենք ասել, որ միակ newsmaker-ը եղել է գործող վարչապետը եւ անգամ այսօր՝ ունենալով խիստ բացասական վարկանիշ, նորությունների, քաղաքական բովանդակության եւ քննարկումների միակ թելադրողն է:

Մոր քաղաքական ուժի, նոր լիդերների հանրային հարաճուն պահանջ կա եւ հանրային քննարկումների խոսակցությունները հիմնական այդ սպասումով են ավարտվում: Իսկ ինչ է նշանակում «նոր քաղաքական»-ն ու «նոր լիդերներ»-ը: Դա նշանակում է նոր օրակարգ, նոր միտք, նոր մտածողություն, նոր հանրային խոսույթ, նորությունների նոր newsmaker-ներ:

 

Դանիել Փանյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: