Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Կոչումը ժողովրդին անմնացորդ ծառայելն է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանությունը նշում էր իր մասնագիտական տոնը՝ կազմավորման 101-րդ տարեդարձը։ Չնայած գործունեության մեկդարյա հետագծին, այն պետական մյուս ինստիտուտների նման գտնվում է լրջագույն բարեփոխումների ճանապարհին՝ կյանքի կոչելով իրավական եւ ժողովրդավարական պետություն ունենալու Սահմանադրության պահանջները։ Դրվատելի է, որ այդ ճանապարհը ոստիկանության ղեկավարության գիտակցված ընտրությունն է։

Թե որքանով է ոստիկանության ղեկավարությունը գիտակցում սահմանադրական պահանջներին հետեւելու անհրաժեշտությունը` ցույց տվեց տոնի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ելույթը։ Խոսելով 2018թ․ գարնանը ոստիկանների գործողությունների մասին, նա մասնավորապես նշեց, որ համակարգը բոլոր ժամանակներում ունի առաքելություն՝ պատասխանատվություն ստանձնելու երկրի ներքին անվտանգության, հանրության անդորրի, քաղաքացու ապահովության համար։ Պարտքի ու պատասխանատվության այդ գիտակցումով էլ ոստիկանությունը մեկ տարի առաջ վերստին ապացուցեց, որ հավատարիմ է որդեգրած վսեմ առաքելությանը, ժողովրդին ծառայելու իր պատվավոր կոչմանը։

Հանդիսավոր նիստին ներկա ՀՀ վարչապետի եւ արդարադատության նախարարի ելույթները նույնպես ուղղված էին ոստիկանական համակարգի բարեփոխումներին եւ նոր ժամանակի ու նոր պահանջների ոգով աշխատելու հրամայականին։ «Հույս ունեմ, որ ահա այս հանգրվանում՝ նոր Հայաստանում, ոստիկանությունն իսկապես նոր բովանդակություն ու կերպար կստանա, նոր անելիքի մեջ կդրսեւորվի, եւ դա չի լինի քաղաքական որեւէ ուժի, քաղաքական որեւէ թիմի կամ որեւէ անձի ծառայելը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ծառայի Սահմանադրությանը, օրենքին եւ ժողովրդին»,- նշել էր վարչապետը:

Ժողովրդին անմնացորդ ծառայելու` ոստիկանության կոչման մասին առավել մանրամասն խոսեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ «Կա՞ արդյոք տարբերություն` ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը եւ ծառայում եմ Հայաստանի ժողովրդին [խոսքերի միջեւ],- շեշտել է նախարարը՝ շարունակելով. -Երկրում, որտեղ իշխանությունները ձեւավորվում են ժողովրդի կամքով, չկա տարբերություն այս երկու ձեւակերպումների միջեւ։ Մեր երկրում իշխանություններն այլեւս ձեւավորվում են ժողովրդի կամքով։ Եվ այսուհետ ոստիկանությունը, ոստիկանը չպետք է ընկալվեն եւ չեն ընկալվելու որպես պետաիշխանական կարգադրիչ լիազորություն, հարկադրանքի միջոց բանեցնող մարդ: Այլ ընկալվեն որպես իրավապաշտպան, մարդու իրավունքները պաշտպանող պետական ծառայող եւ անձ, որը գործում է ժողովրդի անունից, գործում է հանուն ժողովրդի»։

Պետության բարձրաստիճան ղեկավարների խոսքերը վկայում են, որ ոստիկանության՝ որպես ինստիտուտի, լիարժեք կայացման գործում նրանք մեծ դերակատարություն են վերապահում այդ համակարգին` փորձելով սերմանել այն գիտակցությունը, որ հասարակական կարգի պահապանների առաքելությունն է` ծառայել ոչ թե քաղաքական որեւէ ուժի, թիմի կամ անհատի, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ողջ ժողովրդին: Սա էական տեղաշարժ է ինչպես հանրության, այնպես էլ ոստիկանության հավաքական գիտակցության փոփոխությանը հասնելու գործում։ Քանզի մինչեւ այժմ մեզանում, միջնադարից մեզ փոխանցված քաղաքական մշակույթի ուժով, պետության հանրային կարգի ու անվտանգության ապահովման գործում պատասխանատու մարմինների դերն ու նշանակությունը առավելապես դիտարկվել է ոչ թե ժողովրդին ծառայելու, այլ պետության ղեկավարին ու նրա քաղաքական թիմին պաշտպանելու գործառույթի համատեքստում։ Հենց նման մտածողության փոփոխությամբ է, որ ոստիկանության համար ճանապարհ է բացվում դեպի իրական բարեփոխումներ։

Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ հայ հանրության, այդ թվում՝ շատ ոստիկանների գիտակցության մեջ դեռեւս խոր արմատներ ունեն պետաիշխանական կարգադրիչ լիազորություն ունեցող ու ի շահ գործող վարչախմբի՝ ժողովրդի նկատմամբ հարկադրանքի միջոց բանեցնող ոստիկանության մասին պատկերացումները։ Հանրապետական կառավարման ձեւի պայմաններում նման անախրոնիզմն առաջին հերթին պայմանավորված է մեր լեզվամտածողությամբ, որտեղ տոն են տալիս միջնադարից փոխառնված այնպիսի բառեզրեր, ինչպիսիք են «իշխանություն»-ը, «նախարարություն»-ը եւ «ոստիկանություն»-ը։

Յուրաքանչյուր ժողովրդի մտածողությունն արտահայտող հիմնական միջոցը լեզուն է: Ամեն ժողովուրդ ցանկացած ժամանակաշրջանում իր լեզվամտածողությամբ է սնուցում իր գիտակցությունը: Որպես լեզվի կոնկրետ իրացման ձեւ` խոսքը հանրային կյանքի կարգավորիչ է։ Այն ազդում է մեր մտածողության վրա, ստիպում նրան շարժվել որոշակի ուղղությամբ ու ձեւավորել պատկերացումներ այս կամ այն երեւույթի մասին: Խոսքի կառուցման ձեւը, ռիթմը, ոճը եւ, հատկապես, մտքի շարադրանքը բանավոր հաղորդակցմանը տալիս են այնպիսի իմաստ, որն ի վերջո կանխորոշում է մարդկանց վարքագիծը: Կախված նրանից, թե մենք ինչպես ենք երեւույթներն ընկալում, ինչպես մեկնաբանում ու ինչպես անվանում, հենց այդ հունով էլ ընթանում է մեր կյանքը:

Տուրք տալով իր պատմական փորձին ու խոր արմատներ ձգած կրոնական գիտակցությանը` աշխարհում պետական կառավարման հանրապետական ձեւի լայն տարածման պայմաններում մեր ժողովուրդը ստիպված է եղել վերջինիս ինստիտուցիոնալ հասկացությունները ձեւակերպել յուրովի` իր գիտակցության եւ լեզվամտածողության սահմաններում: Արդյունքում նա վերադարձել է իր անցյալի քաղաքական միակ համակարգին` դարեր շարունակ Հայաստանում գործադրված նախարարական կարգերին, եւ նրա դիտանկյունից ձեւակերպել նոր հասկացությունները: Այդ առնչությամբ մի փոքր պատմական շրջայց կատարենք` կապված «ոստիկանություն» բառեզրի հետ։

IV դարում Արշակի II-ի կառավարման տարիներին Անգեղտան իշխանն էր Դրաստամատը, ով հայրենական հողատիրության իրավունքով չէր, որ տիրում էր գավառին: Անգեղտունը արքունի կալվածք էր, իսկ Դրաստամատը` մի ներքինի, որին հանձնված էր արքունի այդ գավառի ընդհանուր կառավարումը, դրա հետ էլ` արքունի գանձերի եւ ամրոցների պաշտպանությունը: Նա վայելում էր Արշակ թագավորի բարեհաճությունը եւ նրա հավատարիմ ծառաներից էր:

Ըստ միջնադարի լավագույն գիտակ Նիկողայոս Ադոնցի` Դրաստամատի «իսկական կոչումը ոստիկան էր (ostikan), որը կապ ունի «ոստան»-ի հետ եւ հավանաբար նշանակում է թագավորական ոստան-կալվածքի վերակացու: Իր այդ պաշտոնով նա մյուս իշխանների շարքում գրավում էր բարձր դիրք»[1]: Ասվածի համատեքստում հետաքրքիր են պատմիչ Փավստոս Բուզանդի տեղեկությունները։ Խոսելով Արշակի II-ի գերեվարությունից հետո՝ անիշխանության տարիներին Արշակունիների իշխանության դեմ ապստամբած Աղձնիքի կենտրոնախույս ուժերին հնազանդեցնելու` սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ձեռնարկումների մասին, վերջում նա նշում է, որ հպատակեցնելուց հետո հայոց զորքերը «վերակացուս եւ ոստիկանս յերկրին Աղձնեաց թողուին»[2]:

Հանրապետական կառավարման ձեւի պայմաններում, երբ պետության մեջ միակ ինքնիշխանը (սուվերենը) ժողովուրդն է, ու նրան է պատկանում պետական իշխանությունը, թագավորական սեփականությունն ու կարգը հսկող ոստիկանների «վերամարմնավորումն» ու հանդես գալը որպես հանրային կարգի ու անվտանգության պաշտպանների, հանրության լեզվամտածողության տիրույթում ու գիտակցության մեջ լուրջ աններդաշնակություններ են առաջ բերում։ 2018-ին մերժելով քաղաքական որեւէ ուժի, թիմի կամ անձի անսահմանափակ կառավարման հնարավորությունը՝ մեր ժողովուրդը քայլ կատարեց դեպի իրական ժողովրդավարություն։

Ոստիկանության օրվա կապակցությամբ Հայաստանի ղեկավար երեք պաշտոնյաների խոսքերը պարզ արձանագրումն են այն ընկալման, որ երկրում միակ ինքնիշխանը լինելու` ժողովրդի կամքը ոչ միայն չի վիճարկվում ներկայիս կառավարիչների կողմից, այլեւ գտնվում է ՀՀ կառավարության անմիջական պաշտպանության ներքո։ Ուստի հանրային գիտակցության մեջ լիակատար բեկում առաջացնելու համար երբեւէ հարկ կլինի անդրադառնալ նաեւ քաղաքական այն բառեզրերի թարմացմանը, որոնք ժամանակավրեպ են Հայաստանի պետական կյանքի կառուցման տեսանկյունից ու աշխարհում հանրային կառավարման լայն տարածման պայմաններում կարիք ունեն վերաձեւակերպման։

 

Սարո Սարոյան

 

Հղումներ՝ 

[1] Ադոնց Ն․, Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում։ Քաղաքական կացությունը ըստ նախարարական կարգերի, Երեւան, 1987, էջ 53-54։

[2] Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե, ԺԶ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: