Հինգշաբթի, Մայիսի 06, 2021

Վերլուծական

Փակել գյուղական դպրոց՝ նշանակում է դնել բուն գյուղի վերացման սկիզբը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Կառավարության մարտի 11-ի նիստին գաղտնի, չզեկուցվող հարցերի շարքում, որոշում է ընդունվել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, համաձայն որի՝ բյուջեում փող չլինելու պատճառաբանությամբ կրճատվել է որոշ ոլորտների ֆինանսական հատկացումը: Այդ թվում՝ ուժը կորցրած է ճանաչվել «Կրթության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը՝ նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»: Կառավարության պարզաբանմամբ՝ ներքին ռեսուրսները տեղաբաշխելով, պետք է հաղթահարել ֆինանսական դժվարությունները։

Ակնհայտ է, որ ֆինանսավորման շեմերի հանելը վտանգներ է ստեղծելու կրթական համակարգի համար: Կրթական համակարգը առանձնահատուկ է պետական բյուջեից վարձատրվող աշխատողների մեծ քանակով՝ ուսուցիչներ, նախադպրոցական հաստատությունների աշխատողներ եւ այլն: Կրթության բյուջեում, ըստ ծախսերի խմբերի, ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են միջնակարգ ընդհանուր կրթությանը հատկացվող գումարները: Հետեւաբար, որոշումն անմիջական ազդեցություն կունենա ուսուցիչների թվի կամ աշխատավարձի չափերի կրճատման, ուստիեւ, որպես զարգացող գործընթաց, կրթության ու աշխատանքային իրավունքների վրա: Ֆինանսավորման կրճատումը հիմք է տալու օպտիմալացնել կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, դպրոցներ փակել: Գյուղական համայնքների դպրոցի առկայությունը գյուղի գոյության գլխավոր նախապայմաններից մեկն է, իսկ վերջինիս բացակայությունը, որպես տնտեսական բջիջի, նրա վերացման սկիզբը:

Այսինքն փակել մեկ դպրոց կոնկրետ գյուղում՝ նշանակում է ստորագրել այդ գյուղի վերացման փաստաթուղթը: Հետեւաբար` տվյալ ոլորտում կատարվող ծախսերը պետք է դիտարկել ոչ թե տնտեսական արդյունավետության, այլ գյուղի պահպանության անհրաժեշտություններից ելնելով (խոսքը, մասնավորապես, սահմանամերձ գյուղերի մասին է, որոնք անվտանգային տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեն): Դեռ փետրվարին քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը գրավոր ծանուցում էր ուղարկել դպրոցներին՝ ֆինանսավորումը 10-15% կրճատելու մասին, հիմնավորելով, որ բյուջեում փող չկա: Այս որոշումը, թերեւս, հասկանալի կլիներ, եթե այն վերաբերեր բոլորին, իսկ կրթությունից խնայված գումարներն էլ ուղղվեին ռազմական կամ երկրի անվտանգության ծախսերը հոգալուն: Այնինչ քննարկվում է նաեւ ռազմական բյուջեի կրճատման հարցը: Ըստ շրջանառվող լուրերի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քննարկումներից մեկի ժամանակ ՊՆ ներկայացուցիչներին ակնարկել է, թե՝ մեկ է, պարտվել եք, այդքան բյուջեն ի՞նչ ենք անում:

Վերջին օրերին ոստիկանության ՊՊԾ գնդի ծսռայողների աշխատավարձի՝ 65-97 %-ով բարձրացումը կարելի է դիտարկել իբրեւ նախընտրական կաշառք: Այն միաժամանակ քաղաքացիների եւ, հատկապես, քաղաքական ընդդիմադիր ուժերի արդար բողոքի գործողություններն ավելի եռանդով, անհամաչափ ուժի կիրառմամբ ճնշելու համար է, իսկ ՄԻՊ գրասենյակին հատկացվող գումարների կրճատումը՝ իշխանությունների եւ ոստիկանների անօրինություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու հնարավորության սահմանափակում:

Իշխանությունը չի հրաժարվում արդեն ավանդական դարձած ամենամսյա միլիոնավոր դրամների հասնող պարգեւավճարներից (2021թ. բյուջեում, նախորդ տարվա համեմատ, նախատեսված է պարգեւավճարների 21% աճ (մոտ 6 մլրդ դրամ) եւ կազմում է 18 մլրդ 825 միլիոն դրամ): Կատարվում են նաեւ պահին ոչ հարիր ծախսեր: Նախատեսվել է, օրինակ, այս տարի ԱԺ որոշ շենքերի ու շինությունների հիմնանորոգման, նոր գորգերի, համակարգիչների, հեռուստացույցների, աթոռների եւ բազկաթոռների ձեռքբերման համար ծախսել մոտավորապես 130 մլն դրամ: Ստացվում է՝ «հեղափոխական» թիմը, որն իշխանության եկավ անարդարությունն ու կեղծիքը մերժելու կոչերով, պետական բյուջեի գումարները ծախսում է ոչ թե պարտությունից հետո երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու, ոչ թե պետության եւ սահմանների անվտանգությունն ապահովելու, այլ սեփական բարեկեցության եւ հարմարավետության, ամեն գնով սեփական իշխանության երկարաձգման համար:

Կրթության ոլորտի արմատական բարեփոխումների իրականացման գործում առանցքային դերը պատկանում է ուսուցչին: Ցավոք, շարունակվում է մի գործընթաց, երբ ամեն մի իշխանության փոփոխման հետ ուսուցիչը ստիպված է փոխել իր գաղափարական «դավանանքը»՝ կուսակցական պատկանելությունը: Մարտի 17-ին վարչապետը Կառավարությունից մինչեւ ԿԳՄՍՆ շենք խորհրդակցության գնաց, սովորության համաձայն, մի քանի հազար ոստիկանների ուղեկցությամբ: Իր խոսքում նա նշել էր, որ «իրենք պետք է համոզված լինեն, որ դասասենյակ մտնող ամեն ուսուցիչ համապատասխանում է այն չափորոշիչներին, որ, ըստ էության, պետության կողմից առաջարկվող բովանդակությունը կարողանալու է պատշաճ ձեւով մատուցել աշակերտներին»: Խոսքն այն չափորոշիչների բովանդակությանն է վերաբերում, որոնք խստորեն քննադատվեցին գրեթե բոլոր մասնագիտական ինստիտուտների, խմբերի, անհատների կողմից:

Փաստացի՝ մասնագետների կողմից վտանգավոր համարվող բովանդակությունը պետք է լինի դասասենյակ մտնող ուսուցչի չափանիշը, եւ ենթադրելի է, որ բովանդակության ոչ «պատշաճ մատուցման» դեպքում կկիրառվեն «պատժամիջոցներ»: Նախարարն էլ իր խոսքում նշեց, որ հանրային լայն «դիսկուրսի» առարկա դարձած հայոց լեզվի եւ պատմության առարկայական չափորոշիչների քննարկումներն ավարտվել են, եւ կոնցեպտուալ տարաձայնություններ չկան: Իսկ տարաձայնություններ չկան, որովհետեւ որեւէ փոփոխություն նախարարությունը հանրային քննարկման չի ներկայացնում, եւ հանրությունը տեղյակ չէ առարկայական ծրագրերում տեղ գտած «փոփոխություններից ու բարեփոխումներից»: Այսինքն՝ հերթական անգամ գաղտնիության պայմաններում կստորագրվի մի փաստաթուղթ, որին դեմ էր ողջ մասնագիտական հանրությունը:

Իշխանությունը խոսում է բուհերում առկա խնդիրներից եւ, որպես լուծում, առաջարկում Երեւանի բուհերի շենքերը վաճառելը եւ այդ փողերով ակադեմիական քաղաք կառուցելը: Ըստ էության, սա կարելի է դիտարկել նախընտրական քարոզարշավի լույսի ներքո: Բուհական մտավորականությունը ցանկացած երկրում, որպես կանոն, ընդդիմադիր հայացքների կրող է, եւ նրա ձայները ստանալու համար պետք է «գրավիչ» բաներ ասել: Եվ այդ համատեքստում առաջինը շեշտադրվում է շենքերի վաճառքը: Հիմա էլ մտածում են, թե ինչպես կարող են «օգտագործել» համալսարանների շենքերը: Մեր ինչի՞ն է պետք Երեւանի պետական համալսարանի շենքը, եթե, օրինակ, թուրքերը կարող են գնել ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքը եւ այն դարձնել թուրքական բիզնես կենտրոն:

Տպավորություն է, թե ցանկություն կա վերջնականապես քանդել այն ամենը, ինչ դեռ մնացել է Հայաստանում ու Արցախում: Քանդել, առանց որեւէ բան կառուցելու, միայն սին խոստումներ տալով: Հայկական պետությունն ու պետականությունն են հիմնական թիրախները մեր բազմաբնույթ թշնամիների համար, եւ միայն այդ գիտակցումով ու ահագնացող վտանգներին դիմագրավելու անմնացորդ նվիրումով է հնարավոր սկսել Հայաստանի վերակերտումը:

 

Հայկ Փայտյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: