Կիրակի, Մայիսի 19, 2024

Վերլուծական

Իշխանությունը մեզ պատրաստում է նոր պատերազմի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

ԱԺ-Կառավարություն նախավերջին հարցուպատասխանի ժամանակ, որն ապրիլի 12-ին էր, Նիկոլ Փաշինյանը նորից բացեց 44-օրյա պատերազմի պարտության պատճառ դարձած «5-րդ շարասյան» թեման: Խնդիրը նա շրջանառության մեջ էր դրել մեկ ամիս առաջ՝ մարտի 14-ին հրավիրված ասուլիսում, համոզմունք հայտնելով, որ բանակում գործել է «5-րդ շարասյուն»՝ հանձինս լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղադրվող 50-ից ավելի սպաների ու բարձրաստիճան զինվորականների: Այդ շրջանակի մեջ է գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը փորձում ներառել նաեւ նախորդ իշխանություններին, որոնցից, իբր, բանակցային վատ ժառանգություն է իրեն բաժին հասել:

Այս մասին նա շատ է խոսել՝ ամեն անգամ բախվելով մյուս կողմի հակափաստարկներին, բայց, չգիտես ինչու, հարկ համարեց կրկին վերարծարծել քանիցս չարչրկված թեման եւ այն էլ՝ «5-րդ շարասյան» համատեքստում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Ազգային ժողովի հարցուպատասխանի ձեւաչափը լավ պատեհություն է եւս մեկ անգամ իրենից ու թիմակիցներից վանելու ամեն քայլափոխի հանդիպող «դավաճանի» խարանը: Մանավանդ որ, ընդդիմադիր պատգամավորներն այդ օրը հերթական բոյկոտն էին հայտարարել ու չէին մասնակցում նիստին, ուրեմնեւ չէին լինի հակադարձողներ կամ «ծանր հարց» հնչեցնողներ: Սակայն թեման գեներացնելու պատճառը, կարծես թե, ավելի խորն է: Ի՞նչ հիմքեր կան այդպես մտածելու:

Նախ՝ շատ տարօրինակ կլինի, եթե պատերազմական իրադրության մեջ գտնվող երկրի ղեկավարն անընդհատ առիթներ փնտրի սեփական բանակն պախարակելու համար: Իսկ նման խոսույթների տարածումն ակնհայտորեն հաճախացել է՝ մի դեպքում պաշտոնական մակարդակով մատնանշվում է էսկալացիայի մեծացման սպառնալիքի մասին, որին մեր անվտանգային համակարգը, ասվում է, անզոր է դիմակայելու, մեկ այլ դեպքում դրան ձայնակցում է առաջին տիկին կոչեցյալը՝ կրկնելով ագրեսոր երկրի ղեկավարին, թե պատերազմի ժամանակ հայկական բանակի շարքերում 11 հազար դասալիք է եղել: Այս հայտարարություններից մեկն ահաբեկչություն է հիշեցնում, մյուսը՝ բարոյալքված բանակ:

Երկու դեպքում էլ մեր Զինված ուժերի վարկանիշը կտրուկ ընկնում է, հասարակության մեջ՝ վախի մթնոլորտն ահագնանում: Երբ իշխանությունները խոսում են վերահաս պատերազմի կամ լայնածավալ հարձակման վտանգի մասին՝ զուգահեռաբար պետք է նշեն նաեւ, թե ինչպես են երկիրը պատրաստում՝ դիմակայելու համար այդ մարտահրավերին, այլապես չպաշտպանվածության զգացողությունը հուսալքություն եւ անելանելիություն կառաջացնի երկրում՝ խաթարելով հանրային համերաշխությունն ու անդորրը: Չէ՞ որ պատերազմի ժամանակ շատ կարեւոր է, որպեսզի ճակատը եւ թիկունքը գործեն ներդաշնակ, ինչը հաղթանակի հուսալի գրավականներից մեկն է:

Մեզանում հակառակն է արվում: Ստեղծվում է թյուր տպավորություն, թե իշխանությունը հանրությանը պատրաստում է «խաղաղության դարաշրջանի», որի մասին ճամարտակում է արդեն ավելի քան երկու տարի: Մինչդեռ այդ ընթացքում՝ մատը մատին չխփելով, բանակը մատնել է լիակատար բարձիթողի վիճակի, տարբեր մտացածին պատճառներով այնտեղից հեռացրել կամ կալանավորել փոքրիշատե մնացած լավագույն զինվորական կադրերին եւ ժողովրդին կանգնեցրել դաժան իրականության դեմհանդիման: Եվ «հանկարծ» պարզվում է, որ թշնամին, ուր-որ է, կանցնի լայնածավալ հարձակման, իսկ ՀՀ զինուժն ի վիճակի չի լինի պաշտպանել երկրի սահմանները: Ոչինչ չի մնա անել, քան «հանձնել տարածքներ՝ փրկել կյանքե՞ր»:

Տարածքներ մենք ամեն դեպքում հանձնում ենք, բայց կյանքեր փրկել, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է: «Խաղաղության դարաշրջան» կոչվածը դատարկ փչոց դուրս եկավ: Իրականում մենք «սողացող» պատերազմի մեջ ենք, որը ցանկացած պահի կարող է վերածվել ծավալուն ռազմական գործողությունների: Ապրիլի 11-ին Սյունիքի Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի հրահրած սադրանքը, որը 4 հայ զինծառայողի կյանք խլեց, ըստ երեւույթին, պատերազմից առաջ միջազգային հանրության վերաբերմունքը շոշափելու կամ, ժողովրդական լեզվով՝ «զոնդաժ» անելու նպատակ ուներ: Ցավոք, որեւէ վերաբերմունք չնկատվեց, բացի մտահոգություն հայտնելուց եւ կողմերին փոխըմբռնման կոչելու հորդորից:

Հայաստանի սահմանային գոտի դիտորդական առաքելություն ուղարկած Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչը բավարարվեց նրանով, որ կողմերին կոչ արեց արագացնել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացները, իսկ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին՝ ոչ մի ծպտուն: Մեծ հաշվով՝ քչերը գիտեն, թե ինչով են զբաղված հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ մշտադիտարկման ներկայացուցիչները: Օրեր առաջ Politico-ի անանուն աղբյուրը հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանին անցկացվող պարեկության արդյունքների մասին պարբերաբար տեղեկատվություն է փոխանցվում ադրբեջանական կողմին: Կա նաեւ շրջանառվող կարծիք, թե ԵՄ դիտորդների թիրախում Իրանի սահմանին կատարվող անցուդարձն է:

Տարածագոտի եվրոպացի դիտորդներ բերելու առնչությամբ Իրանը Հայաստանից իր դժգոհությունը տարբեր ձեւերով մի քանի անգամ հայտնել է: Այդ ձեւերից մեկն էլ Տեղ գյուղի մերձակայքում Ադրբեջանի հրահրած սահմանային սադրանքի հանդեպ Իրանի անտարբեր պահվածքն էր. պաշտոնական Թեհրանը, որն ամենաբարձր պետական մակարդակով դեմ էր արտահայտվել Հայաստանի սահմանի որեւէ փոփոխության, չարձագանքեց ապրիլի 11-ի դեպքերին, ինչը առնվազն տարակուսելի է: Իհարկե, որեւէ երկիր՝ այդ թվում Իրանը, պարտավոր չէ մեր փոխարեն պաշտպանել մեր սահմանները, սակայն վերջինս պատրաստ էր մեզ հետ մեկտեղ պաշտպանել Սյունիքի հետ ընդհանուր սահմանը:

Եվ դա հայերի «սիրուն աչքերի» համար չէր: Իրանը լավ է հասկանում, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» հետաքրքրված են ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, այլեւ Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղմամբ շահագրգիռ մյուս երկրները: Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտնել է, որ դեմ է տարածաշրջանային երկրների սահմանների փոփոխությանը, իսկ հայ-իրանական պետական սահմանն իր համար կարմիր գիծ է հանդիսանում: Բանն այն է, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվելու դեպքում Իրանը համապարփակ շրջափակման մեջ է հայտնվելու եւ փակվելու է միջազգային ասպարեզում դերակատարություն ունենալու՝ նրա ճանապարհը։

Որոշ փորձագետներ հակված են այն կարծիքին, որ հարավկովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումների՝ այդ թվում ապրիլի 11-ի միջադեպի հիմնական թիրախը Իրանն է, որի հետ Հայաստանը, ցավոք, չունի երբեմնի ջերմ հարաբերությունները: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը չի բացառում, որ Տեղ գյուղի զինված ագրեսիան կարող է հրահրված լինել երրորդ ուժի՝ մասնավորապես ԵԽ դիտորդական առաքելության կողմից: Ըստ նրա, եթե Ադրբեջանը խնդիր ունենար կրակելու, դա կաներ իր դիրքից, որի դիմաց հայերն ինժեներական աշխատանքներ էին իրականացվում: Հետեւաբար՝ ադրբեջանական խումբը «գնացել էր ինչ-որ բան բացատրելու կամ ինչ-որ խնդրի շուրջ բանակցելու»:

Նիկոլ Փաշինյանի ու նրա ԱԳՆ-ի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականությունը մեզ զրկել է ներունակ դաշնակիցներից՝ անվտանգային առումով երկիրը դարձնելով ավելի խոցելի: Այս իշխանությունը, իր անարի ղեկավարի առաջնորդությամբ, մեզ տանում է նոր պատերազմի ու պարտության, նոր մահերի ու ավերների: Բանակը գլխատված է, լավագույն սպաները՝ կալանավորված, ՀՀ զինված ուժերում, իշխանության պնդմամբ, գործում են «5-րդ, «6-րդ» շարասյուներ, 11 հազար դասալիքներ, բազմաթիվ մատնիչներ: Բարձրագույն իշխանավորները ստեղծում են անելանելիության իրավիճակի զգացողություն: Ժողովուրդը պետք է գիտակցի եւ համարժեք գնահատի պահի օրհասականությունը:

Ընտրությունը Հայաստան պետության եւ ազգուրաց վարչապետի միջեւ է: Իսկ ժամանակը չի սպասում: Քո նպաստը բեր ձեւավորվող համաժողովրդական շարժմանը: Հեռացրո՛ւ իշխանությունից մեր երկիրն ու հայի արժանապատվությունը աճուրդի հանած անիրավին:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: