Գլոբալ աշխարհում ընթացող փոփոխությունները մեծ հարցականներ են առաջացնում: Վերջին 70 տարիների ընթացքում կար մեկ հեգեմոն՝ Միացյալ Նահանգները: Միացյալ Նահանգների դոմինանտությունը հիմնված էր ոչ միայն տնտեսության հզորության ու զինված ուժերի վրա, այլ նաև՝ արժեքների, որոնք ընդունելի էին ողջ մարդկության, նույնիսկ ավտորիտար կառավարման համակարգ ունեցող ժողովուրդների համար: Արևմուտքը քաղաքակրթության ջահակիրն էր, որտեղ նույնիսկ բռնապետերի երեխաներն են նախընտրում կրթություն ստանալ։ Ֆինանսական, ինովացիոն ու մշակութային կենտրոնները նույնպես այնտեղ են: Մի խոսքով՝ Արևմուտքի հեղինակությունն անսասան է կամ արդեն՝ էր։ Այդ սկզբունքների հիմքում դրված է ազատ շուկան, ապրանքների, ֆինանսների, ստեղծագործ մտքի ազատ հոսքը և ժողովրդավարությունը: Դրանք Ամերիկայի և Եվրոպայի հզորության ու գրավչության հիմքերն են: Եվրոպան ժողովրդավարության բնօրրան է, բարեկեցության ու օրինականության խորհրդանիշը, իսկ Միացյալ Նահանգները՝ ժամանակակից քաղաքակրթության պահապան «հրեշտակը»։
Սակայն Միացյալ Նահանգները խնդրի առջև հայտնվեց, երբ առաջացան երկրներ, որոնք նույնպես սկսեցին տնտեսապես աճել, ստեղծեցին բարձր գիտություն ու դրանով Նահանգների առաջնորդությունը կասկածի տակ դրվեց, ինչպես նաև՝ կոլեկտիվ Արևմուտքի արժեքների կարևորությունը։ Պարզվեց, որ բարեկեցության հասնելու համար պարտադիր չէ դավանել այդ արժեքները, իսկ քովիդի համավարակի ժամանակ հենց ավտորիտար երկրներն ավելի արդյունավետ գործեցին, քանի որ ավելի կազմակերպված պետական մեքենա ունեն:
Եթե 1960-ին Նահանգների ՀՆԱ-ն կազմում էր ողջ աշխարհի ՀՆԱ-ի 40%-ը, ապա այժմ ընդամենը մեկ չորրորդն է, և այդ թիվը գնալով նվազում է: Այն երկրները, որոնք միացել են Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներին, 2000թ.-ին աշխարհի ՀՆԱ-ի 79,4%-ն ունեին, իսկ այժմ՝ 60,4%-ը: Ավելին, եթե Հնդկաստանը շարունակի զարգանալ այսօրվա տեմպերով, ապա, ըստ կանխատեսումների, նրա ՀՆԱ-ն 2050թ.-ին կգերազանցի ԱՄՆ-ի ՀՆԱ-ն։ 2040թ.-ին Հնդկաստանի ու Չինաստանի ՀՆԱ-ն միասին կլինեն ավելին, քան ԱՄՆ-ինն ու այն 8 երկրներինը, որոնք միացել են պատժամիջոցներին: Սրանք թվեր են, որոնք ցույց են տալիս, որ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Նման երկրների տնտեսական աճը ցույց է տալիս, որ նրանք կարող են լինել ավելի հաջողակ, ավելի կայուն ու կազմակերպված, քան ներկայիս քաղաքակրթության ջահակիրները: Սրանք ոչ միայն թվեր են, այլ որակական ցուցանիշներ, որոնք վերջնականապես կասկածի տակ են դնում ամերիկացի փիլիսոփա Ֆուկույամայի՝ 1992թ.-ին գրված հայտնի «Պատմության ավարտը» հոդվածի այն պնդումը, թե Սովետական Միության փլուզումից հետո մարդկությանը մնում է ընդամենը ընդօրինակել Արևմուտքին, որովհետև ավելի կատարյալ զարգացման ճանապարհ այլևս չկա։ Որպեսզի ԱՄՆ-ն մնա որպես համաշխարհային հեգեմոն, պետք է ունենա այնպիսի արժեքային համակարգ, որն ընդունելի կլինի բոլորի համար։ Կայսրություները միշտ կերտվել են որևէ համամարդկային արժեքային համակարգի առկայության վրա։ Չկան նման արժեքներ՝ չեն կարող ձևավորվել կայսրություններ։ Սակայն այսօր ինչ-որ բան այնպես չէ ԱՄՆ-ի համար։
ԱՄՆ տնտեսության դերի նվազումը հանգեցրեց լուրջ խնդրի. արդյո՞ք ազատ շուկայի մրցակցությանը Նահանգները կդիմանա, թե՞ կպարտվի մասնավորապես Չինաստանին, որը ժողովրդավարական երկիր չէ: Փաստորեն, ազատ շուկայի պայմաններում սկսել են հաղթել, ըստ Միացյալ Նահանգների գնահատման, ավտորիտար ռեժիմները: Այս պայմաններում ԱՄՆ-ն ստիպված սկսել է դիմել պատժամիջոցների գործիքին, որի հիմնական նպատակը մրցակից երկրների զարգացմանը խոչընդոտելն է: Դա արդեն հակասում էր առաջ քաշված սկզբունքներին. ազատ շուկան պետք է լինի «ազատ», մրցակցությունը պետք է լինի ազնիվ ու ըստ խաղի կանոնների։ Եթե խաղի կանոնները հավասար չեն բոլորի համար, եթե շուկան իրոք ազատ չէ, ապա արդյունքում առաջանում են հակասություններ։ Ըստ էության, Նահանգները սկսել է խաթարել այն սկզբունքները, որոնցով ներկայանում էր աշխարհին:
Ռուս-ուկրաինական պատերազմը նման քաղաքականության հետևանքն էր. ռազմաբազաներով շրջափակելով այն երկրները, որոնք կարող են ձեռնոց նետել իրեն, հանգեցրեց այդ պատերազմին։ «Արշալույսները խաղաղ չեն» նաև Չինաստանի տարածաշրջանում։
Արդյունքում ավելի շատ երկրներ ու հասարակություններ են սկսել կասկածել, որ Միացյալ Նահանգները միջազգային հարաբերություններում անկեղծորեն է պաշտպանում ազատ շուկան ու ժողովրդավարությունը։
Գուցե սա է այն հիմնական խնդիրը, որի առջև հայտնվել է ողջ աշխարհը, և որի հետևանքներն անկանխատեսելի են, իսկ ապագան կանխատեսելն ավելի դժվար է դառնում:
Դանիել Աթանեսյան