Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

ՀԱՊԿ-ից օգնություն սպասելիս

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մայիսի 12-ից հետո Հայաստանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, թերեւս, ամենախայտառակն ու ամենածանրն է հետպատերազմյան ամբողջ յոթամսյա շրջանի խորապատկերին: Այդ օրն առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ՝ ազերի զինծառայողների մի խումբ Սյունիքի մարզի վարչական տարածքում գտնվող Սեւ լճի մերձակայքում հատելով ՀՀ պետական սահմանը, մոտ 3-3,5 կմ խորանում է մեր տարածքում եւ դիրքավորվում բարենպաստ բարձունքներից մեկի՝ Իշխանասարի վրա, որտեղից նրանց այլեւս ոչ մի պայմանով հեռացնել չի հաջողվում: Զորախումբը՝ շուրջ 200 զինծառայող, պնդում էր, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին եւ սպառնում էր առաջանալու դեպքում զենք կիրառել: Անարդյունք են ավարտվում նաեւ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները:

Նույն ժամանակահատվածում Հայաստանի պետական սահմանների խախտման դեպքեր են գրանցվում եւս երկու ուղղությամբ՝ Գեղարքունիքի ու Սիսիանի տարածքներում, իսկ ավելի ուշ՝ նաեւ Տավուշի մարզում: Հետագա օրերին իրավիճակը գնալով սրվում էր՝ մեծացնելով ադրբեջանական ռազմական էսկալացիայի վտանգը: Հակառակորդն օգտվում է ՀՀ-ում տիրող տոտալ անիշխանությունից, որից ավելի ազատ ու անկաշկանդ գործելու ազդակներ է ստանում: Միայն մայիսի վերջին տասնօրյակում Գեղարքունիքի մարզի սահմանային բնագծերում մի քանի ողբերգական միջադեպ է տեղի ունենում: Նախ՝ Վերին Շորժայի հատվածում թշնամու սադրած փոխհրաձգության հետեւանքով 32-ամյա պայմանագրային զինծառայող է սպանվում, ապաեւ մարզի սահմանային մեկ այլ դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս՝ ադրբեջանական զինուժի կողմից շրջափակման մեջ է առնվում եւ գերեվարվում ՀՀ զինված ուժերի պայմանագրային 6 զինծառայող:

Հայաստանի ինքնիշխան տարածք հակառակորդի ներթափանցման դեպքերը, կարծես թե, սովորական են դառնում: Թշնամին այնքան է լկտիացել, որ սկսել է ոչ միայն ազատ ելումուտ է անել մեր «տանը», այլեւ գերեվարել մեր զավակներին, տանել Բաքու: Տարբեր տվյալների համաձայն՝ ներկայում մեր սահմաններից ներս հազարից ավելի ազերի զինծառայողներ կան, իսկ սահմանային գոտիներում՝ մեծաքանակ զենք-զինամթերքի ու ռազմական տեխնիկայի կուտակումներ: Սա պետության անճարակության մասին վկայող վառ ապացույց է: Դարձյալ մայիսի վերջին տասնօրյակում ադրբեջանական զինուժի մի խումբ զինված անձինք այս անգամ հատում են Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի պահպանվող պետական սահմանը՝ 1,5 կմ խորությամբ: Մեր զինված ուժերը՝ ի պատիվ իրենց, կարողանում են նրանց ետ մղել ելման դիրքեր: Սակայն օրվա ավարտին ազերիները համալրված կազմով կրկին մտնում են ՀՀ տարածք եւ ծեծկռտուք սարքում հայ ծառայակիցների հետ: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստանում 11 հայ զինծառայող։ Մերոնց կրկին հաջողվում է ոսոխին ետ շպրտել իր որջը։ Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել:

Սյունիքի տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների նպատակը, ըստ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի, ռազմական հակամարտություն հրահրելն է եւ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, «ուժի գործադրմամբ Մեղրիի միջանցք ստեղծելը»: Հայաստանի տարածքների նկատմամբ, որը միեւնույն ժամանակ ՀԱՊԿ-ի տարածք է համարվում, բացահայտ ոտնձգություն կատարելու փաստի առնչությամբ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը, գործող կարգի համաձայն, նամակներով դիմել է այդ կառույցի Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին եւ դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին՝ անհապաղ արտակարգ խորհրդատվություններ սկսելու օրակարգով:

Այսպիսով, մայիսի 12-ից սկսած՝ թշնամական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է ՀՀ տարածք, փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա եւ հեռանալու միտք չունի։ Սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը, ինչպես նշվեց վերը, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, թեեւ այնքան էլ հասկանալի չէ, թե Փաշինյանի կառավարությունն ինչու է դիմել կառույցի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի հիման վրա, որն ընդամենը նախատեսում է համատեղ խորհրդատվություններ՝ դաշինքի անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու եւ միջոցներ՝ դիմող պետությանն աջակցություն ցուցաբերելու համար։ Մինչդեռ գոյություն ունի նույն պայմանագրի չորրորդ հոդվածը, որն անհապաղ ռազմական օգնություն է նախատեսում ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի դեմ հարձակման դեպքում։

Ըստ երեւույթին, Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է, ինչպես ասում են, ուղղակի դիմելու համար՝ չունենալով արագ ու գործնական արձագանքի որեւէ ակնկալիք, քանի որ այն իրականում ձեւական, անատամ, համենայն դեպս՝ միջպետական անվտանգային խնդիր չլուծող կազմակերպություն է, չնայած իր Կանոնոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ-ի անդամ պետության վրա ցանկացած հարձակում համարվում է զինված ագրեսիա կառույցի բոլոր անդամ-երկրների դեմ, որոնք հանձնառու են նման դեպքերում ռազմական օգնություն ցուցաբերել հարձակման ենթարկված պետությանը: Այս համատեքստում հատկանշական է, որ միջադեպի հաջորդ օրը՝ մայիսի 13-ին կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել էր հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին, սակայն Պուտինից օգնություն չէր խնդրել: Այս մասին ըստ, Московкий комсомолец պարբերականի, հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Միակ արձագանքը, որ ՀԱՊԿ-ից մինչ այժմ եղել է՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցն է եւ վերջինիս հավաստիացումը, թե իրենք ուշի-ուշով հետեւում են իրավիճակին: «Այն, որ ՀԱՊԿ-ը չի աջակցի, բոլորը գիտեն, ուղղակի ես ճիշտ եմ համարում, որ Կառավարությունը դիմեց ՀԱՊԿ-ին, որպեսզի մի անգամ էլ մեր ժողովուրդը, մեր քաղաքական ուժերը հասկանան, որ ՀԱՊԿ-ն էֆեկտիվ անվտանգության համակարգ չէ: Կարելի է փլուզված համարել այն կոնցեպտը, որ եթե Ռուսաստանը ձեռքը քաշի՝ մեզ կհոշոտեն»,- այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախահարձակ գործողություններն ու արդեն օրեր շարունակվող Մոսկվայի փաստացի անգործությունը վկայում են այն մասին, որ Բաքուն ստացել է Կրեմլի հավանությունը:

Մայիսի 26-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀԱՊԿ-ը դեռայժմ հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը Հայաստանի տարածքից ետ քաշի։ Նա խոստովանել է, որ «այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ, իհարկե, չի բավարարում»։ Փաշինյանին երկրորդել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ԱԺ-ում հայտարարելով, թե ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունը հանգեցրեց մեր 6 զինծառայողների գերեվարմանը: Նկատելիորեն զգուշավոր հրամցված այս դժգոհությունները, ինչպես նաեւ իշխանական շրջանակներից հնչող համանման այլ պնդումները պատահական չեն: Իշխանությունը փորձում է սահմանային միջադեպերի մեղքը հնարավորինս հեռացնել իրենից, իսկ ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը այս պահին ամենահարմարն են այդ առումով:

Իշխանամերձ քաղաքագետ-վերլուծաբաններից շատերը Բաքվի ագրեսիան եւ Մոսկվայի անգործությունը համարում են Պուտին-Ալիեւ պայմանավորվածության արդյունք: Նրանց հիմնական փաստարկն այն է, որ Արցախյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը մեզ չաջակցեց, իսկ Ադրբեջանի նկատմամբ բավական լավ էր տրամադրված, հետեւաբար վերջինս հասկացավ, որ Հայաստանը մեկուսացված է, ու նրա ընտրած անվտանգության համակարգը չի աշխատում: Սրա մեջ, անշուշտ, տրամաբանություն կա՝ մանավանդ եթե նկատի ունենանք, որ ՀԱՊԿ-ի մի քանի երկրներ, օրինակ՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, մեզ բարեկամ երկրներ լինելով հանդերձ՝ տնտեսական ու ռազմական տարբեր ծրագրերով համագործակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եւ այս առումով շատ ավելի կարեւորում են Ադրբեջանի հետ հարաբերությունները, քան Հայաստանի հետ ձեւական դաշինքը:

Թվում է՝ Հայաստանի համար անելանելի իրավիճակ է ստեղծվել: ՀԱՊԿ-ից իրական օգնության սպասումը հանգեցրեց ընդամենը մի քանի հեռախոսազրույցների ու ոչինչ չասող հայտարարությունների, Ռուսաստանը, մեծ հաշվով, մի կողմ է քաշվել՝ ինչպես հայ ռազմագերիների վերադարձի հարցում, եւ վարչապետի պաշտոնակատարը ստիպված է Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացման նոր աղբյուրներ փնտրել միջազգային հարթակներում՝ նախ հանդես գալով հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկով, ապաեւ մեկնելով Ֆրանսիա՝ օգնության վերաբերյալ բանակցություններ վարելու նախագահ Էմանուիլ Մակրոնի հետ, որը մինչ այդ պատրաստակամություն էր հայտնել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին, ինչպես նաեւ ադրբեջանական զորքի հետքաշման խնդիրը բարձրաձայնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:

Մի խոսքով՝ Հայաստանն ընկել է «դռնեդուռ», սակայն գործնական օգնության սպասումը ուշանում է: Իսկ ուշանում է, որովհետեւ գործող իշխանությունը չի կարողանում կամ չի ուզում հասկանալ շատ պարզ մի բան. ադրբեջանցիներն այս տարածաշրջանից չեն անհետանալու, Հայաստանը նույնպես տեղից շարժվելու որեւէ մտադրություն չունի: Եվ, ուրեմն, դժվար է պատկերացնել, որ ամեն անգամ Հայաստանի փոխարեն Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը կամ Արեւմուտքը կլուծեն ամբարիշտ հարեւանների միջեւ ծագող նմանատիպ խնդիրները: Հայաստանը պետք է հույսն իր վրա դնի՝ ուժեղացնելով իր տնտեսությունն ու ռազմարդյունաբերական ներուժը, շտկելով դաշնակցային հարաբերություններն ու երկրի ժողովրդագրական պատկերը: Այսինքն՝ դառնալով գործոն:

Ցանկացած խնդիր ունի լուծման իր բանալին: Եթե օրվա իշխանությունն անկարող է գտնել այդ բանալին, չարիքն անխուսափելի կդառնա: Ինչպես դա եղավ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Հայոց բանակի եւ մեր հատուկ ջոկատայինների պրոֆեսիոնալ կարողությունների անտեսմամբ՝ Գերագույն գլխավոր հրամանատարն ապավինում էր համայնքապետերի, կամավորականների ու անփորձ զինծառայողների ուժերին եւ հետո մեղադրում Ծառուկյանին կամ Վանեցյանին՝ իրենց դիրքերը լքելու համար: Ավելի մեծ անհեթեթություն ռազմագիտությանը հայտնի չէ:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: