Չորեքշաբթի, Հուլիսի 28, 2021

Վերլուծական

Ո՞ւր մնաց Փաշինյանի ճանապարհային քարտեզը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երեւում է՝ խոստումներ տալը եւ դրանք դրժելը վարչապետի պաշտոնակատարի աթոռը զբաղեցնող անձի համար սովորական երեւույթ են: Հետպատերազմյան շրջանում, ավելի ստույգ 2020թ. նոյեմբերի 18-ին, երբ Հայաստանն ընդհուպ մոտեցել էր անհուսության եզրին, իսկ մոսկովյան տխրահռչակ հայտարարությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում «18+» ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը պահանջում էր կապիտուլյանտի անհապաղ հրաժարականը, վերջինս 6 ամիս ժամանակ խնդրեց Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու, ներքին համերաշխությունը վերականգնելու համար: Եվ այդ առաքելությամբ նա հանրության դատին ներկայացրեց 15 կետից բաղկացած իր «ճանապարհային քարտեզը», որի դրույթները վերաբերում էին գործադիրի առաջիկա անհետաձգելի անելիքներին։

Փաշինյանը միաժամանակ ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել էր կարեւորագույն համարվող այն խնդիրները, որոնց կենսակոչման համար, ըստ նրա, կպահանջվի վեց ամիս: «2021-ի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքն ու արձագանքը հաշվի առնելով՝ որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,- Ֆեյսբուքում գրել էր պատերազմը խայտառակաբար տանուլ տված Գերագույն գլխավոր հրամանատարը՝ խոստանալով նախանշված միջոցառումների իրագործումը դնել «անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա»: Խոստացված ժամանակն արդեն մնացել է հետեւում, սակայն Փաշինյանը լռում է՝ չկա ոչ մի հաշվետվություն, որովհետեւ «ճանապարհային քարտեզ» կոչված միջոցառումների կատարողականը խիստ հիասթափեցնող է: Այդ մասին մենք դեռ հանգամանորեն կխոսենք, բայց նախ՝ ներկայացնենք խնդրո առարկա «քարտեզը» իր 15 կետով.

  1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:
  2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում:
  3. Զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
  4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում:
  5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում:
  6. Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
  7. Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում:
  8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ:
  9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում:
  10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:
  11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:
  12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:
  13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:
  14. Հայաստանյան քաղաքական եւ քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:
  15. Սփյուռքի հայկական կառույցների եւ առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան եւ սփյուռքի առանձին անհատների եւ կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ:

Վերը շարադրված կետերի հպանցիկ դիտարկումն անգամ ցույց է տալիս Փաշինյանի ներկայացրած «քարտեզի» սնանկությունը՝ հատկապես կատարողականի մասով: Այսպես, առաջին երկու կետերն առնչվում են Արցախին. մի դեպքում բանակցային գործընթացի վերականգնմանը, մյուս դեպքում՝ հետպատերազմական կյանքի բնականոնացմանը: Ի՞նչ ունենք վեց ամիս անց: Բանակցային գործընթացը փաստացի վերականգնված չէ։ Ճիշտ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին ամիսներին երկու հայտարարություն են ընդունել, որոնցում նշել են բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը վերսկսելու կարեւորությունը, սակայն Ադրբեջանը, ըստ էության, դրանց չի արձագանքել։ Ավելին՝ Ալիեւը շարունակում է պնդել, որ «խնդիրը» լուծված է։ Բացի դրանից, հանրությանը հայտնի չէ, թե նոր իրողությունների հենքին Փաշինյանն ինչպես է պատկերացնում բանակցային գործընթացի վերականգնումը: Ինչ վերաբերում է Արցախի վերականգնողական աշխատանքներին, ապա դրանք, այո, ընթանում են, բայց ավարտից դեռ շատ են հեռու: Այսպես որ, բնականոն կյանքի լիարժեք վերականգնման մասին, ցավոք, խոսք լինել չի կարող։

Հաջորդ վեց կետերը՝ 3-ից 8-ը ներառյալ, արծարծում են զոհված, հաշմանդամություն ստացած, գերեվարված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման ու ռազմագերիների վերադարձման, հանրության ընդհանուր հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորման խնդիրները, ինչպես նաեւ բանակում բարեփոխումների իրականացման մեկնարկը: Նկատենք, սակայն, որ նշված խնդիրների լուծումն ամեն դեպքում պետության պարտքն է, հետեւաբար դրանց ներառումը ճանապարհային քարտեզում տեղին չէ: Այդուհանդերձ՝ սոցիալական խնդիրներից շատերը ցայսօր մնում են անտեսված կամ դրանց լուծումը հիմնականում տարբեր մասնավոր նախաձեռնությունների ջանքերի ու դրամահավաքների տիրույթում է:

Խոսքը, ի մասնավորի, հաշմանդամություն ստացած զինծառայողների պրոթեզավորման գործընթացի, նրանց մասնագիտական վերապատրաստման ապահովման, գերեվարված զինվորականների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի, հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորման մասին է: Պետությունը մի տեսակ փորձում է «ձեռքերը լվանալ» գերվածների, անհետ կորածների հոգսերից, նրանց հարազատների խնդրանքներին ու պահանջներին արձագանքելուց: Փաշինյանը գտնում է, որ մեր գերիները կարող են ադրբեջանական բանտերում սպասել եւս 1-2 ամիս՝ չբացատրելով, թե որն է դրա իմաստը, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն առաջարկում է ռազմագերիների հարցով դիմել Ադրբեջանին, նրանից պահանջել, որ վերադարձնի մեր գերիներին, իշխանական շրջանակներից հնչում են էլի ինչ-որ անհեթեթություններ եւ, այդպիսով, հարցը փակվում է: Իսկ 8-րդ կետով նախատեսված՝ ԶՈՒ բարեփոխումների մասին վարչապետի պաշտոնակատարի ու նրա թիմի կողմից հաճախակի շրջանառվող խոսակցություններն ընդհանուր բնույթի հայտարարություններ են, ոչ ավելին։

«Քարտեզի» 9-10-11-րդ կետերը, որոնց առանցքում դրված են COVID-19 համավարակի հետեւանքների վերացման, տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման եւ  ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի աշխուժացման պահանջներ, ամենից խայտառակ ձեւով տապալված դրույթներն են: Դրանց հաջորդող՝ 12-13-րդ կետերը գրեթե ամբողջությամբ կատարված են: Դրանք են՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու «Կուսակցությունների մասին» նոր օրենքի ընդունումը (կետ 12) եւ Մասնագիտացած դատավորների ինստիտուտի ներդրումը՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ եւ Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ (կետ 13): «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքն ու 14 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից ընդունվել են, սակայն մասնագիտացած դատավորների ինստիտուտն առայժմ ներդրված չէ։

Ամենավերջին երկու կետերը՝ 14-ը եւ 15-ը, չկատարվածների թվում են: Ըստ այդ կետերի, նախատեսվում էին ՀՀ քաղաքական ու քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ «մշտական թեմատիկ խորհրդատվությունների» անցկացում (կետ 14) եւ նմանատիպ խորհրդատվությունների անցկացում Սփյուռքի հայկական կառույցների ու առանձին անհատների հետ (կետ 15): Վարչապետը եւ նախագահը հանդիպումներ են ունեցել ՀՀ մի քանի կուսակցությունների եւ քաղաքագետների հետ, բայց դրանք «մշտական թեմատիկ խորհրդատվություններ» չես անվանի։ Ամփոփելով՝ նշենք, որ 15-ից չի կատարվել 9 կետ, ամբողջովին եւ մասամբ կատարվել են 3-ական կետեր, որոնց իրագործումը, ինչպես նշվեց վերը, բխում է յուրաքանչյուր կառավարության գործառույթներից՝ հատկապես հետպատերազմական շրջանում:

Եզրակացությունը միանշանակ է՝ եթե նույնիսկ տվյալ հայեցակարգը մշակվել է հետպատերազմյան ներքին ու արտաքին հնարավոր մարտահրավերները դիմագրավելու կամ գոնե դրանց բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու ազնիվ մղումով, միեւնույն է, սխալ հաշվարկ է կատարվել, եւ վիճակն այս առումով ավելի է վատթարացել: Իրականում վեցամսյա ժամավաճառության օգուտները թշնամին է քաղել՝ Հայաստանին պարտադրելով նոր զիջումներ ու տարածքային կորուստներ: Կապիտուլյանտը, ինչպես ենթադրվում էր, սեփական իշխանությունը եւս 6 ամսով երկարաձգելու շնորհիվ շահած ժամանակը, փաստորեն, ի սպաս դրեց հակառակորդի նկրտումների բավարարմանը: Նա ոչ միայն ձախողեց իր իսկ առաջարկած միջոցառումների իրագործումը, այլեւ վերջին 6 ամսում չկարողացավ փոքրիշատե ամրացնել մեր սահմանները, կիլոմետրերով ՀՀ տարածք ներթափանցած թշնամուն դուրս շպրտել Սյունիքից, Գեղարքունիքից եւ Տավուշից:

Այդ ընթացքում կաթվածահար արվեցին արտաքին քաղաքականությունը, անվտանգային համակարգը, տնտեսությունը, ներազգային համերաշխությունը եւ այլ ոլորտներ: Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզը, փաստորեն, խաբուսիկ քայլ դուրս եկավ, ժամանակի անիմաստ կորուստ, ինչը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին էլ ավելի ծանրացրեց երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական խնդիրների բեռը, նվազեցրեց բանակի ռազմական կարողությունները, գեներացրեց ներհասարակական տարաձայնություններն ու խմորումները: Անհասկանալի մնաց միայն այն հարցը, թե որն էր Փաշինյանի հղացած փաստաթղթի բուն առաքելությունը եւ ինչ խնդիր էր ուզում դրանով լուծել: Չլինի՞ ցանկանում էր մի լավ բան անել, բայց ստացվեց՝ ինչպես միշտ:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: