Չորեքշաբթի, Հուլիսի 28, 2021

Վերլուծական

Հետընտրական զարգացումներ. կկտրի՞ Փաշինյանն իր ձեռքը…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վերջին երկու գումարումների Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցում Հայաստանի բախտը չբերեց: Երկու դեպքում էլ հայ ընտրողին վիճակված էր ընտրություն կատարել ոչ թե «հանուն»-ի, այլ «ընդդեմ»-ի տրամաբանության շրջանակում: Բայց եթե 2018-ի դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններն անցել էին միանշանակ ընդդեմ «մերժված Սերժի» կարգախոսով, ապա հունիսի 20-ի այս արտահերթում «ընդդեմ»-ը երկակի դրսեւորում ստացավ, եւ քվեների մեծամասնությունը «ընդդեմի» նշանաբանով բաշխվեց երկու հիմնական առաջատար ուժերի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի միջեւ: Ընտրողների մի մասը ընդդեմ նախկին «թալանչիների» վերադարձի՝ ձայները տվեց գործող իշխանության թեկնածուի օգտին, մյուսն էլ՝ ընդդեմ ներկայիս «կապիտուլյանտ» ու «դավաճան» ղեկավարի, քվեարկեց հօգուտ նախորդ իշխանության ներկայացուցչի:

«Ընդդեմ»-ի գաղափարը դատարկ տեղում չի ծնվել եւ ինքնանպատակ չէր: Սկսած 2018 թվականից՝ այն դրված է Նիկոլ Փաշինյանի ներքին քաղաքականության առանցքում եւ կոչված է հանրության մեջ խորն ատելություն գեներացնելու նախորդ իշխանությունների հանդեպ, բաժանարար գծեր ստեղծելու «հների» ու «նորերի» միջեւ, «հներից» ձեւավորելու քավության նոխազի տիպար՝ «նորերի» բոլոր մեղքերը նրա վրա բարդելու համար: Այդպիսով՝ ատելության գործոնը սկսեց ծառայել ոչ միայն Փաշինյանի իշխանության պահպանմանը, այլեւ ընտրություններին ընդառաջ նախկինների վարկաբեկմանն ու նրանց վերադարձի տեսլականով մարդկանց ահաբեկմանը: Պատահական չէ, որ ՔՊ-ն իր նախընտրական քարոզչության հիմնական գործիքակազմ դարձրեց նախորդ իշխանությունների օրոք թալանի, կոռուպցիայի, Արցախի հանձնման մասին զանազան միֆերը, որոնք անձամբ վարչապետի պաշտոնակատարի ու նրա թիմակիցների կողմից թմբկահարվում էին գրեթե ամեն օր եւ ամեն պատեհ-անպատեհ առիթով:

Անշուշտ՝ Հայաստանի բոլոր ղեկավարների իշխանավարման տարիներին եղել են թերացումներ ու բացթողումներ: Բայց դա չի նշանակում, որ նոր եկած իշխանությունը՝ ձեռքերը քշտած աշխատելու փոխարեն, պիտի «մատի փաթաթան» դարձնի նախորդների սխալները, ուռճացնի դրանք եւ փորձի դրանով արդարացնել սեփական անգործությունն ու ապիկարությունը՝ հանրային լայն շրջանառության մեջ դնելով թեզեր, թե «30 տարվա քանդածն ինչպե՞ս կարելի է 2-3 տարում շտկել»: Կամ՝ հրահրել պատերազմ, ամոթալի պարտություն կրել, տալ տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ ու հաշմանդամներ, կորցնել Արցախի տարածքի 75 տոկոսը, թշնամուն «նվիրել» 200-ի չափ հայկական բնակավայրեր՝ այդ թվում Հադրութ, Շուշի քաղաքները, եւ ժողովրդի մեջ տարածել, թե «այդ հողերը Ռոբն ու Սերժը վաղուց էին ծախել եւ հանցանշանը գցել Նիկոլի ջեբը»:

Այսօրինակ ստեր նիկոլական «ուսապարկերն» այնքան են երկնել ու կրկնել, որ իրենք էլ են սկսել հավատալ իրենց հերյուրանքներին: Հունիսի 20-ից հետո, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը հավաքել է ձայների մեծամասնությունը, ինչն անսպասելի չէր, եթե հաշվի առնենք մեծաքանակ վարչական ռեսուրսների օգտագործումն ու աննախադեպ ընտրակեղծիքները, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ՖԲ-ում գրեց. «Այսօր դուք բոլորդ ստացաք ձեր պատասխանները: Երեւանցին, Լոռեցին, Սյունեցին, Շուռնուխցին, Հայ ժողովուրդը պատասխանեց ձեզ: Ասեց, թե ով է դավաճանը եւ ով՝ հողատուն: Ձեր ստերը, ձեր ատելությունը վերադարձրեց ձեզ: Բոլոր հայհոյանքներն ու սպառնալիքները վերադարձրեց ձեզ: Բերաններդ կփակեք ու գլխիկոր կծառայեք Հայ ժողովրդին, ինչպես մենք ենք ծառայում»: Սրանով «ներկա-նախկին» բաժանարարին զուգահեռ, կարծես թե, հրապարակ նետվեց նոր հակադրություն՝ «հաղթողներ-պարտվողներ» ձեւաչափով:

Թե որքանով է Սիմոնյանը «գլխիկոր» ու, մանավանդ, «բերանը փակ» ծառայում հայ ժողովրդին՝ դժվար է պատկերացնել, բայց որ կարճ ժամանակաընթացքում հասցրել է բավական թանկարժեք բնակարան ($ 320 հազար) եւ ավտոմեքենա ($ 90-130 հազար) ձեռք բերել՝ հանրահայտ է: Հանրահայտ է նաեւ, թե ով է իրականում դավաճանն ու հողատուն, ստեր եւ ատելություն տիրաժավորող ստահակը: Այնպես որ, հայ ժողովրդին ձեր ծառայությունը ոչ այլ ինչ է, քան փայլուն օրինակն այն բանի, թե ինչպես չպետք է ծառայել ժողովրդին: Մենք տեսանք, թե ինչ բերեց ժողովրդի գլխին ձեր «ծառայությունը»՝ պատերազմ, պարտություն, մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ, աղետներ եւ ճգնաժամեր… Ի սեր Աստծո, ձեզ պահեք ձեր ծառայությունը: Այսքան արհավիրքներ պատճառելուց հետո էլ ոչինչ չի փոխվել ձեր խոսքում ու գործում: Ընդհակառակն՝ ավելի են խորացել ատելության, անհանդուրժողականության եւ բռնության միտումները:

Ընտրություններից մեկ օր անց՝ հունիսի 21-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում բոլորին շնորհավորեց «փայլուն հաղթանակի» կապակցությամբ եւ կոչ արեց իր կողմնակիցներին այլեւս վերջ դնել հայհոյախոսությանը եւ անցնել աշխատանքի։ «Ժողովուրդը ցույց տվեց, որ իր դեմ խաղ չկա։ ՔՊ-ն, այսինքն՝ ժողովուրդը, հաղթել է Երեւանում եւ բոլոր մարզերում, նույնիսկ Կոտայքում։ Սրանով մենք արձանագրում ենք, որ նոյեմբերի 9-ի քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, մենք վերադառնում ենք աշխատանքի»,- հայտարարել է Փաշինյանը` նշելով, որ հաստատելու են օրենքի դիկտատուրա, քանի որ ժողովուրդն արել է պողպատե հեղափոխություն։ Նա ընդունում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ կիրառվել է ագրեսիվ հռետորաբանություն, որից զերծ չի մնացել նաեւ ինքը։ «Նոր իրավիճակ է երկրում, եւ դրա առաջին կետը պետք է լինի հայհոյախոսությանը վերջ դնելը»,- շեշտել է Փաշինյանը։

Եվ նրա այդ հորդորից շատ չանցած՝ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, իմքայլական Էդուարդ Աղաջանյանը «հաղթանակի» բերկրաթմբիրի մեջ ՖԲ իր էջում գրեց. «Ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց եւ այսուհետ միշտ ծնկի է բերելու»: Աղաջանյանին հիշեցրեցին, որ 25% ձայներով ու կեղծիքներով իշխանությունը յուրացրած ուժը բարոյական իրավունք չունի բնակչության 75%-ին համարել «պարտված ինտելեկտուալ ապուշներ»։ Որոշ ԶԼՄ-ներ, օրինակ՝ «ՉԻ»-ն, անկեղծ ուրախացել էին Աղաջանյանի խոսքից՝ մտածելով, թե չլինի՞ Ադրբեջանին ստիպել են վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին կամ Շորժայից մինչեւ Շուռնուխ ընկած հատվածից քշել են հակառակորդի հազարի չափ զինվորներին կամ էլ Հադրութն են վերադարձրել… «Բայց ոչ, պարզվեց, որ «ապուշ» ինտելեկտուալները հաղթել են «ինտելեկտուալ» ապուշներին: Հաղթելն էն բառը չէ. չոքըցրել են: Մեյդը փռել են ասֆալտին: Ապրեք: Շարունակեք այդպես հաղթել»,- հեգնանքով գրում է թերթը:

Եվ իսկապես, երկրի ողնաշարը ջարդված է, բանակը՝ ցաքուցրիվ եղած, սահմանները՝ բարձիթողի… պետականության լինել-չլինելու հարցն է օրակարգում, այսինքն՝ մեր պետությանն են ծնկի բերել, բայց կարեւորը սրանց համար ընտրություններում «ինտելեկտուալ ապուշներին» ծնկի բերելն է: Ինչպես ասում են՝ իրենց քթից այն կողմ չեն տեսնում: Գոնե ասածների մեջ հպարտանալու նյութ լիներ: Թե չէ՝ «ժողովուրդը ծնկի բերեց», «ժողովուրդը կզըցրեց», «փայլուն հաղթանակ. ժողովուրդը ցնծում է» եւ այլ բարձրագոչ գլխագրեր, որոնք գրոշի արժեք չունեն, քանզի այդ «փայլուն հաղթանակից» ոչինչ չի փոխվել՝ արդեն 50 օր ՀՀ ինքնիշխան տարածքում անարգել «վխտում» են հազարից ավելի ազերի զինծառայողներ, հայ ռազմագերիները շարունակում են տառապել Բաքվի բանտերում, իսկ Սյունիքի սահմանային հատվածում հակառակորդի դիրքապահները զենքի սպառնալիքով խոչընդոտում են հայ գյուղացիների խոտհավաքի աշխատանքներին:

Հետընտրական զարգացումների համապատկերում չկարգավորված մնացին նաեւ ներհասարակական գժտությունները, ներմուծվեցին նոր բաժանարար գծեր, սրվեցին մենք-իրենք, հայաստանցի-արցախցի, հաղթողներ-պարտվողներ, էլիտաներ-ժեխեր հակասությունները, փոխադարձ անվստահությունը: Կեղծված ընտրություններից հետո միակ բանը, որով այժմ զբաղված է ժամանակավոր իշխանությունը, սեփական դիրքերի ամրապնդման համար նախադրյալների ստեղծումն է: Նախընտրական շրջանում որքան կարող էր՝ հասարակական նզովք ու ատելություն սփռելուց հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց համերաշխության պատրանք ստեղծելու նպատակով եւ քաղաքական խորհրդատվությունների անվան տակ հանդիպումներ անցկացնել ընտրություններում 0,1-1,5% քվե հավաքած կուսակցությունների ղեկավար կազմերի հետ՝ լուսանկարներով ու ձեռքսեղմումներով: Կարեւոր չէր, թե ինչ են խոսում հանդիպումների ժամանակ, կարեւորը լուսանկարվելն էր, ԶԼՄ-ներով տարածելը եւ իր օրինակարգության շուրջ տպավորություն ստեղծելը:

Այդպիսի աշխատաոճը, ի դեպ, հատուկ էր Սերժ Սարգսյանին, եւ Փաշինյանը նրան մերժելով հանդերձ, ըստ երեւույթին, ժառանգել է իրեն դուր եկած հատկանիշները: Պարզ է, որ խորհրդատվությունների ընթացքում որեւէ էական քննարկում չի լինում: Քաղաքական մտքի բացակայության եւ գաղափարազրկության պայմաններում կուսակցական դաշտը դժվար թե առաջարկելու բան ունենա: Ամենաշատը կարող են պաշտոնի ակնարկներ արվել: Այդ առումով Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի տարբերությունն այնքան էլ մեծ չէ. թե՛ մեկը, թե՛ մյուսը ուզում են խանդ առաջացնել քաղաքական դաշտում, թե հանդիպման գնացողները, այսինքն՝ առաջին դեմքին ավելի մոտ կանգնածները, ավելի պաշտպանված են լինելու: Այժմ իշխանության ներսում թեժ քննարկումներ են ընթանում, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու նոր կազմավորվելիք կառավարության մեջ: Ինչ փույթ, թե թշնամի պետությունները հետպատերազմյան յոթ ամսվա ընթացքում արդեն երրորդ զորավարժությունն են անցկացնում:

«Ժողովուրդ» պարբերականի տեղեկությամբ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին նախապատրաստում են Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար, իսկ նրա տեղում նախատեսվում է նշանակել Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին, ով փորձում էր ամեն գնով հայտնվել փոխվարչապետի պաշտոնում: Հնարավոր է՝ Կառավարության աշխատակազմի նոր ղեկավարի պաշտոնում նշանակվի ԿԳՄՍ նախկին նախարար, ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը: Որոշ լուրերի համաձայն՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում Փաշինյանի «սրտի» թեկնածուն, այնուամենայնիվ, Խաչատուր Սուքիասյանն է, որը եւս մեծ ցանկություն ունի այդ պաշտոնն իրենով անել: Սակայն, «Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի շտապում կադրային այս փոխատեղումների հարցով բարձրաձայնել իր մոտեցումները:

Հետընտրական որոշակի եռուզեռ է այս օրերին տիրում ապագա խորհրդարանական ընդդիմության ճամբարում: «Հայաստան» դաշինքն իր բացահայտած ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի օգտագործման փաստերի վերաբերյալ թղթածրար է պատրաստել ու ներկայացրել Սահմանադրական դատարան՝ հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Ընդդիմության հետազոտությունները վկայում են, որ խոսքը ընտրության արդյունքների համակարգված եւ նախապես պայմանավորված կեղծարարության մասին է, որի ծավալը քվեների հաշվարկով հասնում է առնվազն 200 հազարի: Ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու լուրջ հիմքեր է ներկայացրել նաեւ «Gallup International Association»-ի հայաստանյան ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը: «Գելլապ»-ը, ըստ նրա, հետընտրական նոր սոցհարցում է անցկացրել՝ համոզվելով, որ ՔՊ-ի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 35,8%-ը, ոչ ավելին, «եւ իշխանությունը պետք է բացատրի, թե ինչպես է ստացել մնացած 18% ձայները»:

Եթե իշխանությունը հապաղի բացատրել, դա կանի Սահմանադրական դատարանը: Ընտրակեղծիքների մասին պաշտոնապես հայտարարել են եւս մի քանի քաղաքական ուժեր՝ այդ թվում խորհրդարան անցած «Պատիվ ունեմ» դաշինքը, որը նույնպես ՍԴ-ում վիճարկում է ընտրությունների արդյունքները: Վարչապետի պաշտոնակատարի շուրջ օղակը սեղմվում է: Նա խոստացել էր թեկուզ մեկ ընտրակեղծիք գրանցվելու դեպքում իր ձեռքը կտրել: Հունիսի 21-ի հանրահավաքում ՔՊ-ի «փայլուն հաղթանակի» ավետիսը հայտնելիս՝ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, մի փոքր շտապել է:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: