Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Վերլուծական

Ինչի՞ վրա է իր հույսը դնում Ադրբեջանը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վերջին ամիսների ամենահրատապ թեմաներից մեկը Ադրբեջանում ռազմական հիստերիայի խնդիրն է: Հայաստանում «թավշյա հեղափոխության» սկսման պահից այդ երկիրը բռնկվել է «լայնածավալ պատերազմի» գաղափարով եւ չի դադարում զենք ճոճել: Ըստ երեւույթին, դրա համար ծանրակշիռ պատճառներ կան, որոնց մասին էլ կարելի է խոսել սույն հոդվածում:

2016 թվականի ապրիլյան պատերազմը կտրուկ փոխեց արցախյան դիմակայության միջազգային չափումները: Միջազգային հանրությունը մերժեց ԼՂՀ-ի դեմ ուժ կիրառելու` Ադրբեջանի իրավունքը: Ավելին` բարձր ամբիոններից հնչեցին ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչեր: Ադրբեջանի առջեւ դրվեց զորքերի շփման գծում վերահսկողության մեխանիզմներ տեղադրելու պայման (Վիեննայի 2016թ. մայիսի 16-ի պայմանավորվածությունները): Ադրբեջանի օգտին հանդես եկավ միայն Թուրքիան: Սակայն նա էլ ստիպված եղավ արտահայտել իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, երբ Եվրամիությունը եւ եվրոպական այլ կառույցներ ճանաչեցին ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Ադրբեջանը հայտնվեց բարդ իրավիճակում, քանի որ մերժել էր վերահսկողության մեխանիզմների տեղադրման պահանջը: Հայաստանն այդ պահանջն առաջ քաշեց որպես բանակցությունների վերսկսման պայման: Բանակցությունները դադարեցվեցին: Հայաստանն ու Արցախը ծավալուն ինժեներական աշխատանք կատարեցին շփման գծում եւ հակառակորդի գործողությունների շուրջօրյա մոնիթորինգի համար արդյունավետ սարքեր տեղադրեցին: Այս աշխատանքի արդյունավետությունը դրսեւորվեց 2017թ. փետրվարին, երբ ադրբեջանական խափանարար խմբերը գնդակահարվեցին Արցախի պաշտպանության բանակի դիրքերին գիշերով մոտենալու փորձի ժամանակ: Ադրբեջանը ստիպված էր իր զինծառայողների դիակները դուրս բերելու համար նվաստացուցիչ կերպով թույլտվություն խնդրել: Այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ Ադրբեջանի կողմից ապրիլյան պատերազմի օրինակով տեղական բնույթ կրող գործողությունների մեթոդների կրկնությունը ոչ միայն անհնար է, այլեւ անիմաստ: Նման եւս մեկ փորձը կարող է հանգեցնել Ադրբեջանի հանդեպ միջազգային հանրության ավելի մեծ ժխտողականության՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման անխուսափելի հեռանկարով:

2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունն» ավելի բարդացրեց Ադրբեջանի իրադրությունը: Կոռումպացված եւ Ադրբեջանի հետ գործարքների միշտ պատրաստ Հայաստանի իշխանությունը տապալվեց: Պետության ղեկավարի տեղը եկավ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով անմիջապես հրաժարվեց հակամարտության կարգավորման բանակցություններում ներկայացնել Արցախի բնակչությանը: Իր դիրքորոշումը Փաշինյանը հիմնավորեց նրանով, որ Արցախի ժողովուրդը չի ընտրում Հայաստանի ղեկավարությանը, եւ Արցախի անունից խոսել կարող է միայն այնտեղ ընտրված իշխանությունը: Օրակարգում հայտնվեց ԼՂՀ-ն բանակցային գործընթացին վերադարձնելու թեման: Համանախագահող երկրներից մեկը` Ռուսաստանը, պատրաստակամություն հայտնեց ընդգրկել ԼՂՀ-ին բանակցային գործընթացում, եթե հակամարտության կողմերը համաձայնության գան այդ հարցի շուրջ: Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի նոր ղեկավարության դիրքորոշումն անընդունելի որակեց: Նույնիսկ խնդրահարույց դարձավ Ադրբեջանի նախագահի հանդիպումը Հայաստանի «հեղափոխական» վարչապետի հետ: Կային ակնարկներ, որ Ադրբեջանի նախագահի համար նպատակահարմար կլինի հանդիպումներ անցկացնել Հայաստանի նախագահի հետ: Ամեն ինչ կախվեց օդում:

Ադրբեջանում արդեն սույն թվականի ապրիլին սկսվեց ռազմական հիստերիան: Սկսել էին ձեռք բերել հեռահար կրակի հրթիռային համակարգեր: Այդ երկրի բանակը ձեռնամուխ էր եղել տեղաշարժերի, կուտակումների ու ինժեներական աշխատանքների ոչ միայն Արցախի հետ շփման գծում, այլեւ Հայաստան-Նախիջեւանի ինքնավարություն սահմանին: Հունիս-հուլիս ամիսներին անցկացվեցին զինվորական շքերթ Ադրբեջանի մայրաքաղաքում եւ զանգվածային զորավարժություններ: Բոլոր այդ գործողություններն ուղեկցվում էին լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու` Ադրբեջանի պատրաստակամության մասին բարձրագոչ հայտարարություններով: Բայց ամենահետաքրքրականն այդ երկրի ռազմական ղեկավարության կողմից արված հայտարարությունն է, թե հարձակման հրամանն ընդունվելու է «առավել հարմար պահի` հաշվի առնելով միջազգային քաղաքական իրադրությունը»:

Ադրբեջանի բոլոր թվարկված գործողությունների վերլուծությունը թույլ է տալիս բացահայտել այս պետության նոր ռազմաքաղաքական ռազմավարության էությունը: Ակնհայտ է, որ այդ պետությունն ամբողջությամբ գիտակցել է, որ ապրիլյան պատերազմի օրինակով տեղական գործողության մարտավարության կրկնությունը ոչ միայն անհնար է, այլ նաեւ քաղաքականապես վնասակար: Բացի դրանից, Ադրբեջանի ղեկավարության համար պարզ դարձավ, որ բանակցությունները Մինսկի խմբի պայմանով (վերահսկողական մեխանիզմների տեղակայում) եւ Հայաստանի պայմանով (բանակցային գործընթացում ԼՂՀ-ի ներառում) ենթադրում են Արցախի ամբողջական կորստի հեռանկար: Այսպիսով` օրակարգում մնում է միայն լայնածավալ պատերազմի ռազմավարությունը, որը հայտարարվել էր այդ երկրի բոլոր ղեկավարների կողմից: Բնականաբար, հասկանալի է, որ այս պատերազմի նպատակը պետք է լինի Արցախի գրավումը՝ այդ խնդրի հետագա վերացման հեռանկարով: Տեսականորեն երկաթյա տրամաբանություն է: Բայց գործնականում շատ հարցեր են ծագում:

Առաջին. Ադրբեջանը կարո՞ղ է արդյոք միայնակ որոշում կայացնել լայնածավալ պատերազմի եւ այդ պատերազմն Արցախի շրջանում տեղայնացնելու մասին:

Երկրորդ. հնարավո՞ր է արդյոք ապահովել երրորդ ուժերի միջամտության բացառումը նման պատերազմում:

Երրորդ. հնարավո՞ր է արդյոք առաջադրված խնդիրը լուծել լայնածավալ պատերազմի միջոցով:

Միամտություն կլիներ կարծել, թե Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ այս ամենն անհնար է: Այդ դեպքում որո՞նք են նրա իրական մտադրությունները:

Պատասխանը պարզ է, եւ այն պարզ է դառնում Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերոնշյալ հայտարարությունից, թե «հարձակման մասին որոշումը կընդունվի ամենահարմար պահին` հաշվի առնելով միջազգային քաղաքական իրադրությունը»: Երեւում է` Ադրբեջանը լրջորեն հավատում էր սիրիական Աֆրինի նախադեպը Արցախի գոտի տեղափոխելու հնարավորությանը: Աֆրինի դեպքում, իսկապես, նկատելի էր Թուրքիայի եւ քրդական ջոկատների նկատմամբ միջազգային տերությունների նախնական դավադրությունը, ինչը Թուրքիային թույլ տվեց հեշտությամբ գրավել այդ անկլավը: Ադրբեջանի ղեկավարության գործողություններում եւ հայտարարություններում այլ տրամաբանություն չկա: Այդ երկրի ղեկավարությունը հուսով է, որ ի վիճակի է հասնել լայնածավալ պատերազմ սկսելու իրավունքի, Արցախի օգտին չմիջամտելու երաշխիքների եւ հեռահար հրետանու ու հրթիռային համակարգերի օգտագործման համար տերությունների (առաջին հերթին` Ռուսաստանի) թույլտվության:

Նման հույսերի հիմքում կարող է լինել այն ենթադրությունը, որ հարավկովկասյան տարածաշրջանի հարեւան երկրները մտահոգված են Հայաստանի ժողովրդավարական ճեղքման իրողությամբ: Հետեւաբար, Ադրբեջանի տրամաբանությամբ, բոլորը պետք է որ շահագրգռված լինեն աջակցելու իր ծրագրերին: Բայց Ադրբեջանում հուլիսի 3-ին տեղի ունեցած էներգետիկ կոլապսը ցույց տվեց, որ այդ երկրում ու դրա շուրջ քաղաքական եւ մյուս իրողությունները միանգամայն այլ են, քան նրա ղեկավարության պատկերացումները: Վերջինս, ամենայն հավանականությամբ, պետք է խորհրդածի իր ապագա ճակատագրի մասին` ավելի մոտիկից աչքի անցկացնելով հայաստանցի իր ոչ վաղուցվա գործընկերների ճակատագիրը:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: