Չորեքշաբթի, Հուլիսի 28, 2021

Վերլուծական

Ի՞նչ ասաց Պուտինը Փաշինյանի ականջին

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Հուլիսի 7-8-ը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում էր: Դա ԱԺ արտահերթ ընտրություններից հետո նրա առաջին արտասահմանյան այցն էր եւ Պուտին-Փաշինյան ձեւաչափով այս տարվա երրորդ հանդիպումը: Ընտրությունների արդյունքների կապակցությամբ շնորհավորելով Փաշինյանին, ՌԴ նախագահն, ըստ պաշտոնական հաղորդագրության, նշել է, որ «շատ բարդ, սուր եւ զգայուն հարցեր կան, որոնք պետք է լուծել»: Պուտինը հավելել է, որ ՀՀ վարչապետն ունի հայաստանցիների մեծամասնության վստահությունը, «ինչը կօգնի նրան հասնել այդ հարցերի լուծմանը»: Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ գերիների վերադարձի հարցում նրա դերակատարության համար եւ, միաժամանակ, տեղեկացրել, որ ռազմագերիների, պատանդների եւ Բաքվում պահվող մյուս անձանց հարցը լիովին լուծված չէ: Նա ընդգծել է նաեւ, որ տարածաշրջանում անվտանգության առումով անկայուն իրավիճակ է:

Բանակցություններն այնուհետեւ շարունակվել են փակ պայմանակարգով: Թե ինչ առարկայական քննարկումներ են ընթացել կողմնակի ականջից հեռու, պաշտոնական Մոսկվան առայժմ խնամքով թաքցնում է՝ նշելով միայն, որ քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը եւ դրանցից ածանցվող՝ մասնավորապես մարտական գործողություններից տուժած շրջանների բնակչությանը ցուցաբերված աջակցության, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման խնդիրները, ինչպես նաեւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների զարգացման արդիական ասպեկտներն ու եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները:

Սրանք հայ-ռուսական հուլիսյան օրակարգի տեսանելի դրույթներն են: Ինչ վերաբերում է Պուտինի ակնարկած՝ «բարդ, սուր եւ զգայուն» հարցերին, որոնք ի վիճակի է լուծել ժողովրդի մեծամասնության (իրականում՝ փոքրամասնության-Գ.Բ.) մանդատը ստացած Փաշինյանը, ապա հարկ է դրանց անդրադառնալ պարզ տրամաբանության սկզբունքով կամ փորձագիտական գնահատականների սինթեզման եղանակով, քանի որ փակ դռների հետեւում շարունակված բանակցությունների նյութին, բնականաբար, տիրապետում են խիստ սահմանափակ թվով մարդիկ: Այդպիսով՝ Երեւանի որոշ փորձագիտական խմբերի վերծանմամբ՝ «բարդ» կամ «զգայուն» հարցեր ասելով, Պուտինը նկատի է ունեցել հետպատերազմական իրավիճակով թելադրված խնդիրները՝ նախեւառաջ Արցախի հիմնախնդիրը, հայ-ադրբեջանական սահմանազատումը, ռազմագերիների վերադարձը:

Այժմ փորձենք դիտարկել մոսկովյան հանդիպմանը նախորդած ժամանակաշրջանի ամենակարեւոր տարածաշրջանային իրադարձությունները եւ դրանց հիման վրա տրամաբանել, թե ինչ կարող էր ասել ՌԴ նախագահը «Փաշինյանի ականջին»: Ինչպես հայտնի է, ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրություններից հաշվված օրեր անց աշխուժացել էին խոսակցությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, որը, ըստ 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի, կոչված է ապահովելու Ադրբեջանի արեւելյան մասի եւ Նախիջեւանի միջեւ ճանապարհային հաղորդակցությունը: Հունիսի 24-ին Պուտինն այդ թեման առանձին-առանձին քննարկեց Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ: Դատելով ամենից, կարելի է եզրակացնել, որ հուլիսի 7-8-ի բանակցություններում քննարկված հարցերից մեկը վերաբերել է հենց «միջանցքին», չնայած մինչ օրս հստակ չէ՝ արդյո՞ք պաշտոնական Մոսկվան, Բաքուն եւ Անկարան նույն պատկերացումն ունեն այդ «միջանցք» կոչվածի մասին, թե նրանցից յուրաքանչյուրն այն յուրովի է ընկալում:

Պուտին-Փաշինյան հանդիպմանը նախորդել էր եւս մեկ ուշագրավ իրադարձություն՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ այցը Շուշի, որտեղ ստորագրվեց «Շուշիի հռչակագիրը», եւ որից անմիջապես հետո Ռեջեփ Էրդողանը հայտարարեց Ադրբեջանում թուրքական ռազմահենակետ տեղակայելու հնարավորության մասին: Թե ինչ հակաքայլերի կգնա Մոսկվան այս համատեքստում կամ որեւէ կերպ կարձագանքի՞ արդյոք Թուրքիայի այդ մտադրությանը՝ նույնպես հայտնի չէ: Բաքվի եւ Անկարայի հետ բոլոր տարաձայնությունները պաշտոնական Մոսկվան գերադասում է չբարձրաձայնել: Մյուս կողմից էլ մոսկովյան բանակցությունները զուգադիպել էին հայ-ադրբեջանական սահմանին սրացող իրադրության հետ. հազարի հասնող ադրբեջանցի զինվորներ մինչ օրս Հայաստանի տարածքում են, իսկ Փաշինյանի՝ Մոսկվա այցի նախօրեին, հուլիսի 6-ին, փոխհրաձգություն էր տեղի ունեցել սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում, որտեղ կողմերը հայտարարել են վիրավորների մասին։

Այդ օրերին ակտիվացել էին նաեւ քննարկումներն առ այն, որ հայ-ադրբեջանական սահմանի «թեժ» հատվածներում պետք է վերահսկողություն իրականացնեն ռուս զինվորականները։ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն անգամ հանդես եկավ հայտարարությամբ, թե ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված դիրքերում, եւ նպաստում են իրավիճակի կայունացմանը։ Նա նշեց, որ այժմ քննարկվում է ռուս խաղաղապահների ներկայությունն ընդլայնելու հարցը։ Մինչդեռ ադրբեջանական մամուլը պարբերաբար գրում է, թե իրավիճակի սրացման դեպքում Բաքուն կարող է պահանջել ռուս խաղաղապահների դուրսբերումը Ադրբեջանի տարածքից: Այդ երկրի պաշտոնական շրջանակներն էլ անօրինական են համարում Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական զինված ուժերի ներկայությունը եւ ժամանակ առ ժամանակ պահանջում են լուծարել Արցախի պաշտպանության բանակը:

Այս պայմաններում, երբ պատերազմից նույնիսկ ութ ամիս անց հակառակորդը, ոչ առանց այլ երկրների աջակցության, ուժեղացնում է ճնշումները Հայաստանի վրա, կարծես թե, հաստատվում են շրջանառվող տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանը հայտնվել է բարդ ու պատասխանատու որոշումներ կայացնելու հրամայականի առջեւ: Քաղաքական նեղ շրջանակներում այդ տրամաբանության լույսի ներքո է դիտարկվում նաեւ վերջինիս այցը Մոսկվա: Շատերն ուղղակի համոզված են, որ Նիկոլը կանչվել է Մոսկվա հայության անվտանգության ու շահերի դեմ հերթական գործարքը կնքելու Ալիեւի հետ: Վարչապետի պաշտոնակատարը մոտ երկու ամիս առաջ չէր էլ թաքցրել, որ ստորագրելու է մի փաստաթուղթ, որը, ըստ նրա, 100 տոկսով համապատասխանում է Հայաստանի շահերին: Այդ մասին նա հայտարարել է ՀՀ կառավարության մայիսի 20-ի նիստում՝ անդրադառնալով համացանցում հրապարակված եւ հակահայկական որակված այն փաստաթղթի պատճենին, որը հանրության դատին էր ներկայացրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Փաշինյանը պնդում է, որ Իլհամ Ալիեւի հետ կամ, ավելի ճիշտ, նրա նախաձեռնությամբ վավերացման է առաջարկվում 100 տոկոսով հայանպաստ մի փաստաթուղթ, որն ինքը պատրաստվում է ստորագրել: Եվ կստորագրի՝ չնայած ծայրաստիճան ապուշ պետք է լինել՝ հավատալու համար, թե Ալիեւը Հայաստանի շահերին համապատասխանող որեւէ փաստաթուղթ կամ համաձայնագիր կստորագրի: Միգուցե հենց այդ փաստաթղթի մասի՞ն էր ՌԴ նախագահն ակնարկում՝ խոսելով առկա «բարդ», «սուր» եւ «զգայուն» հարցերի մասին, որոնք շտապ լուծում են պահանջում: Ոմանք կարծիք են հայտնում, թե խոսքը տխրահռչակ խաղաղության պայմանագրի մասին է, որն իսկապես չափազանց ցավոտ է հայկական կողմի համար, քանի որ իր մեջ ներառում է այնպիսի վտանգավոր բաղադրիչներ, ինչպիսիք են ստորացուցիչ պայմաններով հայ-ադրբեջանական սահմանազատումները՝ հայկական որոշ տարածքների զիջմամբ, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, որը հղի է Արցախի կորստով եւ Մեղրիի միջանցքի գործարկումը, որը Թուրքիայի ու Ադրբեջանի վաղեմի երազանքն է:

Ուրեմն, ո՞րն է այստեղ Հայաստանի շահը՝ այն էլ 100 տոկոսանոց «մակնիշով»: Ամենայն հավանականությամբ՝ միակ շահը «խաղաղություն» բառն է, որը շատ է դուր գալիս ՔՊ-ական բարձրաշխարհիկ վերնախավին: Ըստ համառորեն պտտվող լուրերի, քաղաքական բոմոնդի մեր ներկայացուցիչները պատրաստ են հանուն այդ բառի Ադրբեջանին հանձնել Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը (Քյարքի), Տավուշի մարզի 6-7 գյուղեր, պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողությանն անցած ականապատ տարածքների մնացած քարտեզները եւ էլի լիքը բաներ: Անհասկանալի է միայն այս ամենին քաջատեղյակ ընդդիմության նույնքան համառ լռությունը:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: