Ցանկացած քաղաքական պայքար հիմնվում է քարոզչության (պրոպագանդա) վրա: Քարոզչությունը կարող է լինել «սեւ», կարող է լինել «սպիտակ», բայց առանց դրա չկա քաղաքական կյանք եւ չկա նաեւ պետություն: Մեր 30 տարվա քաղաքական կյանքը վկա՝ 2018-ին մի խումբ արկածախնդիրներ, ովքեր, լինենք անկեղծ, իրենցից առանձնապես ոչինչ չէին ներկայացնում, վերցրին իշխանությունը, որովհետեւ այդ ժամանակ գործող իշխանությունը չուներ քարոզչություն, ասելիք, այլ կերպ ասած՝ չուներ հասարակության հետ կապ: Իսկ հանրային կապի բացակայությունը, որպես կանոն, հանգեցնում է իշխանություն-հասարակություն հարաբերությունների խորթացման:
Սույն դիտարկման մեջ կփորձենք շատ հակիրճ անդրադառնալ մեզանում քարոզչության հիմնական հնարքների կիրառման ոչ ամբողջական ցանկին, որոնց ամենաշատը բախվել ենք վերջին չորս տարվա ընթացքում:
Սեւ-սպիտակ
Ուզածդ կարգին համալսարանի 2-րդ կուրսի ուսանող գիտի, որ ցանկացած պայքար ենթադրում է սեւ-սպիտակի բաժանում: Ըստ այդմ՝ հակառակորդը ներկայացվում է որպես «սեւ ուժ», յուրայինների թիմը՝ «սպիտակ», ինչը 2018-ին «Քայլարականներին» հաջողվեց, իսկ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ պարզապես այդ սկզբունքի վրա կառուցեցին ընտրական ողջ գործընթացը՝ նախընտրական քարոզարշավից մինչեւ քվեարկություն:
Ներկայիս ընդդիմությանը չի հաջողվում իշխանությանը ներկայացնել իբրեւ միակ «սեւ»։ «Քայլարականները», ընդհակառակը, կարողացել են գործող ընդդիմությանը կապակցել «Սեւ-թալանչիներ»-ի, իսկ ընդդիմությունն իշխանությանը՝ «Սեւ-դավաճաններ»-ի հետ: Այսինքն՝ բաժանումն, ըստ էության, «սեւ»-ի ու «սեւ»-ի միջեւ է։
Նախկին «սպիտակները» հաջողությամբ վերածվել են «սեւերի», իսկ «սեւերը» մնացել են նույնը՝ «սեւեր»։ «Սպիտակ»-ի տեղը մնացել է թափուր ու դրա համար հանրության մեծ մասն անտարբեր է դարձել քաղաքական գործընթացների հանդեպ: Ընդդիմությանը չի հաջողվում պայքարը տեղափոխել «սեւ»-ի ու «սպիտակ»-ի դաշտ, որտեղ պայքարի տրամաբանությունն ավելի հստակ է:
Պատերազմ-խաղաղություն
«Քայլարականների» քարոզչության մյուս «ձիուկը», որին հեծել են, դա իրենց «Խաղաղությանը» ընդդիմության «Պատերազմի» այլընտրանքն է: Եթե այս միտքն ավելի պարզեցնենք, կստացվի, որ «Պարտությունը խաղաղություն է, չպարտվելու ձգտումը՝ պատերազմ»։ Այս բանաձեւը լուսահոգի Օրուելին պետք է հուշեին, որպեսզի ավելացներ իր հայտնի՝ «1984» գրքում: Սա գործող իշխանության քարոզչության մյուս հնարքն է, որն մարդկանց ուղեղների վրա ազդեցություն է գործում: 90-ական թվականներին նման մի պետական գործիչ կար, ով ասում էր, որ մեզ բանակ պետք չի, քանզի «Մեր ուժը մեր թուլության մեջ է»: Հիմա վերադարձել ենք այդ կարգախոսին:
Ընդդիմությունը պետք է ձեւակերպի Խաղաղության իր համոզիչ բանաձեւը, որը չլինի Պարտություն, այսինքն՝ կարողանալ Happy End խոստանալ, ինչը ընդդիմությունը չի կարողանում ձեւակերպել։
Պարզաբանման փոխարեն՝ հարձակում. հասկացությունների փոխատեղում
Գործող վարչապետը ոչ մի մեղադրանքի, ըստ էության, չի պատասխանում, ցանկացած մեղադրանքի դեպքում սկսում է հարձակվել «նախկինների» վրա՝ հասկացություններն ու դեպքերը այլափոխելով ու խեղաթյուրելով: Դա քարոզչության հայտնի հնարքներից է, ինչն իրեն լավ է հաջողվում: Մինչդեռ եթե նախկինները վատն են, ապա դա սեփական ձախողումների, պարտության ու սխալների արդարացում չէ: Ամեն ոք պատասխանատու է իր արածի համար, սակայն հանրությունը հեշտությամբ մանիպուլյացիաների է ենթարկվում: Իսկ ընդդիմությունը չի կարողանում իշխանական մանիպուլյացիաներին հակազդել համոզիչ ու պարզ փաստարկներով:
Այս ցուցակը կարելի է երկար շարունակել, բայց դա չէ մեր նպատակը, ուղղակի ուզում էինք ասել, որ ցանկացած քաղաքական պայքար ենթադրում է գրասենյակային աշխատանք, այն է՝ ռազմավարության, մարտավարության ու մեթոդաբանության մշակում, այսինքն՝ փաստաթղթերի հետ տարվող աշխատանք ու մի քանի frontman՝ առաջին պլանում, պատրաստված back vocal-ներով՝ ետին պլանում:
Դանիել Աթանեսյան