Ըստ երեւույթին՝ Ադրբեջանը նոր պատերազմի եռանդագին պատրաստություններ է տեսնում: Թիրախը, բնականաբար, Հայաստանն է: Բա էլ ո՞վ. հարեւան պետություններից Վրաստանի հետ խնդիր չունի, Իրանի հետ համարձակությունը չի հերիքի, Թուրքիան էլ ախպեր տղա է: Տակը մնում է Հայաստանը: Պատերազմի կանխանշանները նույնքան տեսանելի են, որքան մեծ ու փոքր Մասիսները գարնան պարզկա լուսաբացին: Որո՞նք են այդ նշանները՝ փորձենք թվարկել մի քանիսը: Այսպես՝ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը.
- զգալիորեն մեծացրել է ոչ միայն իր ռազմական բյուջեն, այլեւ զինծառայողների թվակազմը, ձեւավորել է երկու տասնյակի չափ նոր զորամասեր՝ այդ թվում հատուկ նշանակության երեք ստորաբաժանում, որոնք հիմնականում տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի, Գեղարքունիքի եւ ամենակարեւոր այլ հատվածներում.
- ձեռք է բերել մեծաքանակ նոր արդիական զենք-զինամթերք, ռազմաքաղաքական համագործակցության ու փոխօգնության համաձայնագրեր է ստորագրել մի շարք երկրների՝ մասնավորապես Թուրքիայի, Ռուսաստանի, Պակիստանի հետ.
- պարբերաբար՝ ամիսը առնվազն երեք անգամ, զորավարժություններ է անցկացնում լեռնային պայմաններում մարտեր վարելու հմտություններին տիրապետելու նպատակով.
- կիրառում է հոգեբանական ազդեցության մանիպուլյատիվ մի հնարք, որով փորձում է հակառակորդի տարածք ներթափանցելու օրինակարգություն ստանալ. շաբաթը 2-3 անգամ Պնախարարությունը «օդից վերցված» հայտարարություն է տարածում, թե հայկական կողմը սահմանի այսինչ ուղղությամբ խախտել է հրադադարի պայմանակարգը եւ այլն: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը, բնականաբար, ստիպված է լինում հերքում տալ՝ նշելով, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Բայց փույթ չէ՝ «տեղեկատվությունն» իր գործն արդեն արել է, հայկական կողմի նախահարձակ վարքագիծը զանգվածաբար տպավորվում է մարդկանց գիտակցականում, ինչը մյուս կողմին իրավունք է տալիս հարմար պահին «համարժեք» պատասխան տալ «ագրեսորին»:
Սրանք են փաստերը: Եվ եթե այս ամենին հավելենք՝ մի կողմից Ադրբեջանի ղեկավարի լպիրշությունն ու գրեթե ամենօրյա ռեժիմով նրա բարձրաձայնած հոխորտանքները, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի կրավորական դիրքորոշումն ու բանակաշինության գործում տիրող դալուկ անդորրը, ապա ակնհայտ կդառնա պաշտոնական Բաքվի ու Երեւանի վարքագծերում առկա գործողությունների անհամաչափությունը՝ ասիմետրիան: Ասել, թե ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, մյուս պատկան մարմինները չեն գիտակցում իրավիճակի լրջությունը, ճիշտ չէր լինի: Ամեն ինչ բոլորի համար ավելի քան պարզ է:
Հունիսի 27-ի իր առցանց «մենախոսության» ընթացքում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը տեղեկացրեց, որ Ադրբեջանը չեղարկել է Գրիգորյան-Հաջիեւ հանդիպումը եւ չի արձագանքել արտգործնախարարների հանդիպման առաջարկին. «Նրանք փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն ձեւավորել»,- եզրակացրել է Նիկոլ Փաշինյանը եւ պատերազմի անխուսափելիության մասին իմանալու, սակայն դրան չպատրաստվելու մեղադրանքից հետագայում խուսափելու համար սկսել է մանիպուլացնել պատերազմի հավանականության ժամկետը: Ենթադրյալ պատերազմը, ըստ նրա, կարող է լինել 3 ամսից, 3 տարուց կամ 30 տարուց հետո:
Ի՞նչ է սա նշանակում: Նպատակը միանգամայն հասկանալի է. ստեղծելով անորոշության պատրանք՝ Գերագույն գլխավորը մեր բանակի անպատրաստությունն արդարացնելու պատուհան է թողնում: Սակայն անպատրաստությունը տվյալ պարագայում չի կարող արդարացում ունենալ: Երկու թշնամական երկրների արանքում աքցանված Հայաստանը պետք է միշտ վառոդը չոր պահի: Հանձնվողական, ապազգային իշխանությունների օրոք դա հնարավոր չէ, հետեւաբար՝ իշխանափոխության խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում, հակառակ դեպքում Արցախի, Սյունիքի եւ ողջ Հայաստանի ճակատագիրը կմատնվի բախտի քմահաճույքին:
Այս պահի ամենավճռական գործոնը ժամանակն է, որը մենք ուղղակի փոշիացնում ենք: Ժամանակի արժեքը նույնիսկ Իլհամ Ալիեւն է հասկացել, որը մատ է թափ տալիս մեզ վրա, շտապեցնում է օր առաջ, ժամ առաջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ ձեռնամուխ լինել սահմանագծման-սահմանազատման աշխատանքներին: Նա գիտի, որ ուզածը կստանա, քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին անինքնասեր ու անհայրենիք մեկն է, ով պատերազմի առաջին օրը ժողովրդի ընտրյալներին կոչ էր անում խոստանալ. «ինչ էլ որ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարի»: Մեկ այլ առիթով էլ,- սա արդեն՝ պատերազմից ամիսներ անց,- հայտարարում էր, որ հպարտ է մեր պարտությամբ:
Պարտությամբ հպարտացող անձը՝ մանավանդ եթե դա երկրի ղեկավարն է, կարող է չարիք դառնալ պետության եւ ժողովրդի համար, ինչի ականատեսը եղանք մոտ երկու տարի առաջ եւ ինչի ականատեսն ենք նաեւ այսօր, երբ մի նոր աղետ է կախվել Արցախի ու Հայաստանի գլխին՝ պայմանավորված Լաչինի միջանցքի՝ «կյանքի ճանապարհի» վերահաս արգելափակմամբ եւ մեկ այլ, մեկուսի ճանապարհով դրա փոխարինմամբ, որի կառուցումն ադրբեջանական կողմը այս օրերին արագացված թափով առաջ է տանում: Ժամանակի գինը հասկանալի պատճառով Ալիեւի համար դարձյալ խիստ կարեւոր է:
Անտարակույս՝ Փաշինյանը համաձայնվել է հանձնել 5 կմ լայնությամբ միջանցքը, ինչը նշանակում է ոչ միայն Արցախի լիակատար «անկլավացում», այլեւ Բերձորից, Աղավնոյից եւ հարակից մյուս գյուղերից հայ բնակչության բռնի տեղահանում: Սա, ի դեպ, նաեւ Թուրքիայի նախագահի պահանջն էր՝ ուղղված ՀՀ ղեկավարությանը: Նիկոլը ցանկացած զիջում արդարացնելու ձեւը գիտի: Նրա համար դժվար չէ «պողոսներին» պատերազմով վախեցնել, թե չհանձնելու դեպքում Ադրբեջանը կհարձակվի, եւ այդժամ կորուստները շատ ավելին կլինեն: Այդ հնարքն այսօր նա օգտագործում է նաեւ իր հրաժարականի պահանջով պայքարի ելած ընդդիմության դեմ՝ հայտարարելով, թե «Դիմադրություն» շարժման պայքարի այլընտրանքը պատերազմն է:
Դուք նկատե՞լ եք, որ վերջին ժամանակներս բանակը վերազինելու, հայկական զինուժի երբեմնի մարտունակությունը վերականգնելու մասին խոսք անգամ չկա: Իշխանական աղբյուրները քար լռություն են պահպանում, իբր՝ ռազմական գաղտնիքի չլուսաբանման կարգ գոյություն ունի: Բայց գոյություն ունեն նաեւ ռազմական գաղտնիք չպարունակող եւ բաց մամուլում հրապարակման ենթակա բազմաթիվ տվյալներ, որոնց պետք է հասու լինի հասարակությունը: Կա մեզանում Զինված ուժերի խնդիրը լրջորեն, մասնագիտական բարձր մակարդակով արծարծող հայրենասեր մի գործիչ՝ Ավետիք Չալաբյանը, որին շինծու մեղադրանքի հիմքով կալանավորեցին՝ լռեցնելու համար նրա ձայնը:
Վերը մենք նկարագրեցինք, թե ինչպիսի միջոցառումներ է հետպատերազմյան մեկուկես տարում ձեռնարկել Ադրբեջանն իր զինուժը մարտական բարձր պատրաստության վիճակի բերելու համար: Բավական տպավորիչ ցանկ է: Իսկ ի՞նչ է արել կամ ի՞նչ է անում հայկական կողմը: Թերեւս՝ ոչինչ կամ շատ աննշան բաներ, որոնք բարեփոխումներ չես անվանի, ինչպես փորձում են մեզ հրամցնել: Համենայն դեպս՝ տեղեկատվական բաց աղբյուրներից հայտնի չեն տվյալներ, ասենք, առաջնագիծ կահավորելու, զենք-զինամթերք ձեռք բերելու, զորավարժություններ անցկացնելու, նոր զորամասեր կառուցելու մասին եւ այլն: Ավելին՝ Ալիեւը հայտարարում էր, որ «Հայաստանին բանակ պետք չէ», եւ մնում էր անպատասխան:
Հետեւաբար՝ կան հիմնավոր կասկածներ, որ Փաշինյանն անաղմուկ կատարում է Բաքվի բռնապետի կամքը: 2020թ. նոյեմբերի 9-ից մի քանի օր անց թաքստոցից նոր-նոր դուրս եկած կապիտուլյանտը հրապարակեց 6 ամսում բանակում, իբր, բարեփոխումներ անելու ճանապարհային քարտեզ, որը, սակայն, քարոզչական փուչիկ դուրս եկավ՝ ոչ ավելին: Իրականում հետպատերազմյան մեկուկես տարին բանակը քայքայելու շրջան էր, ինչին, ըստ ռազմական փորձագետների, հանգեցրել են սպայական ու հրամանատարական կազմերի անվերջանալիորեն կատարվող կադրային փոփոխությունները:
«Պատերազմին մեր բանակի անպատրաստության հիմնական պատճառը՝ դա անընդհատ կատարվող կադրային փոփոխություններն են»,- համոզված է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: Նրա հիշատակմամբ՝ ՔՊ-ի իշխանության գալու օրվանից մինչեւ 44-օրյա պատերազմ՝ երկուսուկես տարում, մենք ունեցել ենք ԶՈՒ գլխավոր շտաբի երեք պետ, ինչն անթույլատրելի է նախապատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի դեպքում: Առավել եւս անթույլատրելի է, որ աճող սպառնալիքների այս իրադրությունում Հայաստանը չունի ԳՇ պետ արդեն 4 ամիս: Այսինքն՝ պատերազմից «հինգ րոպե պակաս» երկրում բանակն այդքան ժամանակ չունի ռազմական հրամանատար:
Իշխանության հավաստմամբ՝ բանակը ԳՇ պետ կունենա նախատեսված օրենսդրական փոփոխությունից հետո: Բանն այն է, որ հունիսի 9-ին Կառավարությունը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» ու հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին՝ խոստանալով, որ այն ԱԺ կներկայացվի առաջնակարգության ռեժիմով: Փոփոխությամբ նախատեսվում է ունենալ ՀՀ պաշտպանության նախարարի երկու առաջին տեղակալ, որոնցից մեկը համատեղությամբ կհանդիսանա նաեւ Գլխավոր շտաբի պետ, սակայն առանց նախարարին փոխարինելու լիազորության, ինչը բավական արտառոց ձեւակերպում է:
Ամեն դեպքում՝ Կառավարության հավանությունը ստանալուց մեկ ամիս անց օրինագիծն այս շաբաթ նոր-նոր հասավ խորհրդարան եւ միայն իշխանական 58 պատգամավորի ձայնով անցավ երկրորդ ընթերցման փուլը: Իշխանությունը շատ «դանդաղ» է շտապում: Եվ չափից դուրս զգուշավոր է Գլխավոր շտաբի պետի հարցում: Չլինի՞ նախկին պետերից մեկի՝ Օնիկ Գասպարյանի հետ կապված՝ 2021-ի փետրվարի 12-ի վատ հիշողությունը դեռ իրեն զգալ է տալիս: Եվ դրանից ելնելով՝ Նիկոլ Փաշինյանն իր անձնիշխանությունը ավելի ամրապնդելու համար պատրաստ է «գլխատել» անգամ պետության անվտանգային համակարգի ամենակարեւոր օղակներից մեկը: Դե, իհարկե, ինչպես ասում են՝ չկա Գլխավոր շտաբի պետ՝ չկա «ռազմական հեղաշրջման» փորձ:
Գեւորգ Բրուտենց