Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Հայ-ռուսական հարաբերություններ. մենք ունենք միմյանց կարիքը

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում, ինչը առնվազն տարօրինակ է թե´ ռազմավարական գործընկերության կապերի տրամաբանության ծիրում եւ թե´ երկու ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության համատեքստում: Այդ լարվածությունն արտահայտվում է հասարակական կյանքի ու կենսագործունեության ամենատարբեր մեծ ու փոքր գործընթացներում` սկսած կենցաղային-առօրեական թվացող գազի թանկացումից, վերջացրած Պուտին-Փաշինյան պաշտոնական հանդիպման չեղարկման վերաբերյալ ժամանակ առ ժամանակ նորացվող խոսակցություններով: Կա տեսակետ, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացումը, որպես կանոն, կատարվում է Մոսկվայի նախաձեռնությամբ: Երեւանը, ըստ էության, միշտ հակադարձող կողմի դերում է:

Ամեն դեպքում փոքրիկ, տնտեսապես թույլ եւ ծովի ելք չունեցող Հայաստանը, որն աքցանված է մահմեդական Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում, պարտավոր է հաշվի առնել տարածագոտում իր դիրքը, ամբարիշտ հարեւանության գործոնը, գիտակցել, որ Ռուսաստանի հետ գժտությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մեր ներկա իրավիճակին, իսկ ավելի ճիշտ` գոյավիճակին համարժեք պահվածքը ռազմավարական դաշնակցի նկատմամբ ճկուն, դիվանագիտորեն հավասարակշռված քաղաքականություն վարելու կարողությունն է, որը կբացառեր միջպետական հարաբերություններում «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքի կիրառումը: Ռուսաստանին հակադրվելուց Հայաստանի ինքնիշխան կարգավիճակը ոչ թե շահում է, ինչպես կարծում են «թավշյա» իշխանության որոշ դեմքեր, այլ հակառակը` տուժում: Պետության ինքնիշխանության շահը իրականում երկրների միջեւ փոխադարձ հարգանքի ու հորիզոնական կապերի վրա հիմնված համագործակցության մեջ պետք է փնտրել:

Հակառակ դեպքում վատթարագույնից խուսափել, հնարավոր է, չհաջողվի: Այն մասին, թե Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով ինչ կատարվեց Ուկրաինայում եւ Վրաստանում`վերջիններիս համար անցանկալի ավարտով, բազմիցս խոսվել է: Եվ իսկապես` երկուստեք հարաբերություններում չափի զգացումը չպահպանելու, ավելորդ հավակնություններ դրսեւորելու գինը այս երկու դեպքում էլ փոխհատուցվեց տարածքային կորուստներով` Ուկրաինան կորցրեց Ղրիմը եւ իր տարածքից էլի մի քանի «համեղ պատառներ», իսկ Վրաստանը զրկվեց Հարավային Օսիայից, Աբխազիայից ու Աջարիայից: Արցախի չկարգավորված խնդիր ունեցող Հայաստանի համար սա պետք է լուրջ մտորումների տեղիք տար: Բայց` ավաղ…

Հակառուսական տրամադրությունների սրացման ամենաթարմ դիպվածը հուլիսի սկզբին էր, երբ սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեի օրը` հուլիսի 1-ին, հայկական «Հ1»-ով եթեր հեռարձակվեց մոտ 3 րոպե տեւողությամբ մի ռեպորտաժ, որում ներառված էր նաեւ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաուղերձից մի հատված` ընդդեմ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետի երկարաձգման: Տեսաուղերձում մասնավորապես ասվում էր. «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեծ հորինվածք է, որը ծածկում է գլխավորը` Պուտինի ժամկետի զրոյացումը։ Փոփոխությունների շրջանակում ամեն ինչի մասին գովազդում են, նույնիսկ` կատուների իրավունքների, բայց ոչ Պուտինի ժամկետի զրոյացման։ Եթե ուզում եք ձեր քաղաքացիական քայլով օգտակար բան անել, ոչ թե գնացեք քվեարկության, այլ պատմեք մարդկանց ճշմարտությունը, թե իրականում ինչ է տեղի ունենում»։

Անշուշտ` խոհեմ չէր հայ-ռուսական հարաբերությունների ոչ նպաստավոր զարգացումների համապատկերին ամբիոն տրամադրել ազգայնական եւ, մանավանդ, հակահայ էությամբ հայտնի գործչին: Մամուլում եւ համացանցում երկար ժամանակ բուռն բանավեճ էր ընթանում այդ խնդրի շուրջ: Ոմանք գտնում էին, որ Նավալնիին եթեր տալը հակապետական քայլ է եւ նպատակ ունի խորացնելու երկու երկրների միջեւ անվստահության ու հակակրանքի վիհը, ինչն առաջին հերթին վնասելու է Հայաստանի շահերին: Իսկ մյուսներն արտառոց ոչինչ չեն տեսնում ընդդիմադիր գործչի տեսակետը հնչեցնելու մեջ` համարելով, որ պետք չէ «լուն ուղտ դարձնել» կամ ոչնչից մեծ աղմուկ սարքել: Չէ որ, ի վերջո, ռուսական պետական ալիքներով Հայաստանին պակաս չեն քլնգում: Բայց անկախ նրանից, թե ով է ում քլնգում` շահում է թուրք-ադրբեջանական տանդեմը, որը չի հրաժարվել հայկական պետականությունը կազմալուծելու ծրագրից: Եվ դա մի ավելորդ անգամ հաստատեցին Տավուշի սահմանային միջադեպերի հետ կապված վերջին գործընթացները:

Ռուսաստանի հանդեպ առկա անբարյացակամ վերաբերմունքը մի շարք անկախ փորձագետներ պայմանավորում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական շահերով ու քինախնդրությամբ: Այդ մասին քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը Նավալնուն եթեր է տրամադրում` փորձելով «վրեժխնդիր» լինել Պուտինից այն բանի համար, որ Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող ռուսաստանյան խոշոր հեռուստաընկերությունները բավական ուշադիր են իր թշնամի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ եւ բազմիցս անդրադարձել են նրա հետ կապված խնդիրներին»:

Ի դեպ` 2019 թվականին ՀՀ վարչապետը եւս մեկ անգամ Պուտինին «կսմթելու» փորձ էր արել` նեղսրտելով այն հանգամանքից, որ Կրեմլը չէր պատրաստվում Երեւանին արտահանձնել Փաշինյանի որոշ թշնամիների, որոնք պատսպարված էին ՌԴ-ում: Իր հերթին Փաշինյանն էլ որոշել էր ՀՀ-ում քաղաքական ապաստան կամ փախստականի կարգավիճակ տալ Ռուսաստանից Հայաստան փախած Վիտալի Շիշկին անունով հակահայ մի թափթփուկի, ով ներկայացել էր քաղաքական հալածյալի քղամիդով: Ըստ երեւույթին, հակառուսական բոլոր գործողությունները Փաշինյանին պարտադրում են այն ուժերը, որոնք մեծ դեր են խաղացել նրա` իշխանության գալու գործում եւ 2018-ի գարնանը տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության կազմակերպման մեջ: Նրանք այսօր էլ վարչապետի ամենամերձավոր շրջապատն են հանդիսանում եւ բարձր պաշտոններ են զբաղեցնում Կառավարությունում, ՏԻՄ-երում եւ օրենսդիր մարմնում:

Հայ-ռուսական փոխառնչությունների թեմայի արձագանքում ուշագրավ դիտարկում է ներկայացրել ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նկատում է. «Երբ իշխանության էր գալիս մի մարդ, որն օրինագիծ էր բերել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ՀԱՊԿ-ը համարել էր անիմաստ կառույց, իսկ Ապրիլյան քառօրյա պատերազմի մեղավոր հռչակել էր Ռուսաստանին, արդեն պետք էր գիտակցել, որ Նավալնու նման հայատյաց նացիոնալիստը մի օր էլ հայտնվելու է Հանրայինի եթերում»։ Պատգամավորի խոսքով` սա ոչ միայն ռազմավարական գործընկերոջ, այլեւ մեր ազգային ու պետական շահի նկատմամբ արհամարհանքի դրսեւորում է, ընդորում՝ հաշվարկած դրսեւորում, որը դեռ ընդամենը «ծաղիկներն» են։ Եվ իսկապես` թե ինչ ողբալի վիճակում են հայ-ռուսական պաշտոնական հարաբերությունները, կարելի է դատել վարչապետի «դաբրո»-յով Նավալնիին եթեր տրամադրելու իրողությունից:

Թող չստեղծվի տպավորություն, թե Ռուսաստանի ընկալումը ՀՀ-ում միանշանակ է: Պատմական հիշողությունը դեռ պահպանում է այդ երկրի բացասական ընկալման պատառիկներ, որոնք գալիս են մեկդարյա անցյալից` 1921 թվականից, երբ Մոսկվայի համաձայնագրով Հայաստանը կիսվեց ու նվիրվեց Թուրքիային, իսկ Արցախն ու Նախիջեւանը ընծայվեցին Ադրբեջանին: Երկրորդ` երբ 1924-1937 թվականներին բոլշեւիկների ձեռամբ գլխատվեց հայ մտավորականության սերուցքը, իսկ ավելի ուշ` Արցախա-ադրբեջանական պատերազմի ընթացքում, «Կոլցո» գործողությամբ դարձյալ հայկական տարածքներ նվիրվեցին Ադրբեջանին: Այդ շարքում են նաեւ «Գույք` պարտքի դիմաց» բանաձեւով ՀՀ ռազմական արդյունաբերության զարգացման հնարավորության խափանումը, մեր թշնամու ակտիվ զինումը, հայաստանյան մի շարք ռազմավարական ոլորտների տիրապետումը եւ այլն:

Բայց հայը հավաքականորեն հիշաչար չէ: Մենք ունենք Ռուսաստանի կարիքը, ինչպես որ վերջինս` Հայաստանինը: Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, ամենախոշոր առեւտրատնտեսական գործընկերը, հարյուր հազարավոր հայ քաղաքացիներ աշխատում են այդ երկրում, հարկ են մուծում բյուջե, պահում իրենց ընտանիքները: Եվ, ի վերջո, մենք պայմանագրային հիմունքներով գտնվում ենք նույն անվտանգային համակարգում` ՀԱՊԿ-ում, ինչպես նաեւ անդամակցում ենք Եվրասիական տնտեսական միությանը: Իսկ այն, որ մեզանում ռուսական կապիտալով հազարավոր ընկերություններ են գործում, պակաս կարեւոր արձանագրում չէ: Սա նշանակում է տասնյակ հազարավոր աշխատատեղեր` դրանից բխող տնտեսական եւ սոցիալական շահավետությամբ: Իսկ ինչ վերաբերում է անվտանգային բաղադրիչին, ապա այդ շրջանակում դժվար է թերագնահատել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմահենակետի կարեւորությունը: Թերեւս այս գործոնն է, որը զսպում է դեռ 2000-ական թվականներից Հայաստան ներխուժելու ծրագիր մտմտացող Թուրքիայի ախորժակը:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: