Հավանաբար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ ինքնորոշման իրավունքի համար արցախահայության երեսնամյա պայքարի պատմության ընթացքում հայկական փոքրիկ երկրամասն ավելի ծանր ժամանակներ՝ որքան այսօր, երբեք չի տարել: Չհաշված, թերեւս, Արցախի առաջին պատերազմի դժնդակ, բայցեւ հաղթանակի փառքով պսակված երեք տարիները: Անորոշության զգացումն ու արժանապատվության նվաստացման ցավը երբեք այսքան ուժգին չեն կեղեքել ազատաբաղձ, հերոսական արցախցու հոգին, ալեկոծել նրա ներաշխարհը:
Արցախում ամեն ինչ, կարծես, գլխիվայր շուռ եկավ այն օրվանից, երբ 2018-ին ՀՀ-ում, այսպես կոչված, «թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխության» արդյունքում իշխանության եկավ «քայլարականների» ՔՊ կուսակցությունը, որի առաջնորդը քիչ հետո պիտի հայտարարեր, թե ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունները սկսելու է իր սեփական կետից: Այդ օրերին ոմանք հեռատեսորեն կանխագուշակեցին, որ «ուսապարկերի» այս խումբը եկել է Արցախն Ադրբեջանին հանձնելու հատուկ առաքելությամբ: Բայց նման որեւէ ազդակ կամ նշան դեռ չկար:
Առաջին նախանշաններն ի հայտ եկան հայոց բանակի քայքայման, սպայակազմի ու հրամանատարական կազմի վարկաբեկման, ատելության ու թշնամանքի հողի վրա հասարակության պառակտման ժամանակահատվածում, ինչպես նաեւ հայագիտական ժառանգության՝ մասնավորապես «Հայոց պատմության» եւ «Հայ եկեղեցու պատմության» ձեռնարկների նենգափոխված վերաշարադրման գործընթացներում: Դասագրքերում կատարվող հակահայ կեղծարարությունների հեղինակները մեծամասամբ Թուրքիայում հատուկ մեթոդաբանական դասընթացներ անցած ՔՊ-ականներ էին:
Հետո հերթը հասավ պատերազմի հրահրմանն ու ամոթալի պարտությանը, մի շարք կարեւոր ոլորտների կազմաքանդմանը, կադրային ջարդերին, իսկ ամենավերջում՝ Թուրքիայից ու Ադրբեջանից ստացվող «դրական ազդակներին»: Բայց շեղվեցինք մեր թեմայից: Վերադառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգին՝ կա՞ արդյոք Մինսկի խումբը, գործո՞ւմ է, թե՞ դադարեցրել է իր գործունեությունը, ինչպես պնդում է Ադրբեջանի նախագահը, իսկ վերջերս՝ նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Մի՞թե իրոք արցախյան խնդրի լուծման գործընթացն այլեւս թողնված է բախտի քմահաճույքին:
Ինչպես հայտնի է, Մինսկի խումբը Արցախի հարցով 1992 թվականին ձեւավորված եւ միջազգային մանդատով օժտված միակ կառույցն է՝ համանախագահությամբ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի: Այդ ձեւաչափի շրջանակներում էլ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բանակցային բավական երկար ու դժվարին ճանապարհ է անցել մինչեւ 2018-ի գարուն: Այդ ճանապարհն էր անտեսել նոր-նոր իշխանության եկած եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ծիրում խնդրի խաղաղ կարգավորման մանրամասներին չտիրապետող Նիկոլ Փաշինյանը, որը մեծամտաբար հայտարարեց, թե բանակցությունները սկսելու է զրոյից:
Հակիրճ հիշեցնենք հակամարտության լուծման այն տարբերակները, որոնք անցած մոտ 30 տարում կողմերին առաջարկում էին համանախագահները: Այդպիսով՝ Արցախի առաջին պատերազմի հրադադարից հետո, մինչեւ 2020թ.-ի պատերազմը, բանակցային սեղանին եղել է կարգավորման 7 հիմնական տարբերակ՝ փաթեթային եւ փուլային առաջարկները (1997), «Ընդհանուր պետության» (1998), Քի Ուեսթյան (2001), Մադրիդյան սկզբունքները (2007), Կազանյան փաստաթուղթը (2011), որն, ըստ էության, Մադրիդյան սկզբունքների որոշակի փոփոխված տարբերակն է, եւ Լավրովյան պլանը (2015):
Ամենաառաջին՝ փաթեթային տարբերակով առաջարկվում էր, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում եւ լայն ինքնավարությամբ: Այս տարբերակի ամենադիպուկ ձեւակերպումը տվել էր Վարդան Օսկանյանը. «Դե ֆակտո՝ անկախ, դե յուրե՝ Ադրբեջանի կազմում»: Փուլային տարբերակով Արցախի կարգավիճակի հարցը չէր դիտարկվում՝ դա թողնվում էր ապագային: Հետագայում բանակցությունների սեղանին դրվեցին «Ընդհանուր պետության» գաղափարը, տարածքային փոխանակման առաջարկը, Մադրիդյան սկզբունքներն ու դրա տարբերակները, որոնք գերազանցապես Ադրբեջանը մերժում էր:
Չնայած այդ երկրի առավելապաշտական նկրտումներին, փուլային տարբերակից մինչեւ Մադրիդյան սկզբունքներ ու դրա ենթատարբերակներ (մասնավորապես՝ Կազանյան փաստաթուղթ եւ այլն) նկատելի առաջընթաց էր արձանագրվել բանակցություններում՝ հօգուտ հայկական կողմի: Բավական է հիշեցնել Ադրբեջանի կառավարության նիստում Իլհամ Ալիեւի դժգոհության հայտնի փաստը, թե փակ դռների հետեւում իր նկատմամբ ճնշում են գործադրում՝ ստիպելով ճանաչել ԼՂ անկախությունը: Դա 2017-ին էր, եւ ստիպողները, բնականաբար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էին:
Ի՞նչ է ստացվում. եթե Փաշինյանը մի փոքր խելամիտ գտնվեր ու բանակցությունները շարունակեր հենց այն կետից, որտեղ ընդհատվել էին Սերժ Սարգսյանի հրաժարականի պատճառով, այլ ոչ թե սկսեր զրոյից, ինչպես գոռոզաբար հայտարարեց դրանից մեկ տարի անց, հաստատ չէր զրոյացվի կամ ջուրը չէին թափվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հայկական դիվանագիտության կողմից ավելի քան երկուսուկես տասնամյակի ընթացքում գործադրված ջանքերը: Կարծես թե նորից եկանք նույն հարցին՝ Արցախի համար Մինսկի խմբի կարեւորությանը, որի չգոյության մասին 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար հայտարարում է Ադրբեջանի նախագահը:
Եվ այսպես՝ կա՞, թե՞ չկա Մինսկի խումբը: Հանրային խոսույթում ոմանք այն կարծիքին են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անունը կա, ամանումը՝ չկա: Կառույցի գործունեության մասին հակասական հայտարարություն են անում ՌԴ-ն ու ԱՄՆ-ը՝ միմյանց մեղադրելով խմբի աշխատանքները խաթարելու համար: Չնայած Վաշինգտոնից հնչող պնդումներին, թե ԱՄՆ-ը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ-ում շարունակել Մոսկվայի հետ համագործակցությունը, Ռուսաստանի ԱԳ նախարարը հունիսի 24-ին Բաքվում պնդեց, թե բանակցային այդ ձեւաչափն այլեւս գոյություն չունի։ «Ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների նախաձեռնությամբ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ առանց որեւէ հիմնավորման։
Հունիսի 27-ի իր առցանց ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լինել-չլինելու հարցին, ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը, ի զարմանս շատերի, առաջին անգամ հայանպաստ մոտեցում դրսեւորեց՝ նշելով, որ ՄԽ բոլոր 3 համանախագահներն էլ ԼՂ խնդրի մասով հաստատել են իրենց հանձնառությունը։ «Մինսկի խումբն ինքը չի հայտարարել իր չգոյության մասին»,- ասել է Փաշինյանը։ Ավելին՝ նա տարօրինակ է համարել Բաքվում Լավրովի հնչեցրած դատողությունները եւ, իբրեւ հակափաստարկ, ներկայացրել Մոսկվայում ապրիլի 19-ին ստորագրված՝ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունը, որի կետերից մեկը նվիրված է ղարաբաղյան կարգավորման շուրջ հայ-ռուսական համագործակցության եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներուժի օգտագործման անհրաժեշտությանը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան:
Ի դեպ, Ադրբեջանի առաջնորդը վերջին շրջանում նկատելիորեն նյարդայնանում է՝ տեսնելով, որ իր հայացքները շատ քչերն են կիսում: Հունիսի 30-ին Բաքվում հանդես գալով Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի համաժողովի բացմանը, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի եւ մի շարք այլ երկրների կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերն անարդյունավետ են եւ կործանարար հարավկովկասյան խաղաղ գործընթացի համար։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա, մենք նրան հրաժեշտ ենք տվել։ Իսկ Հայաստանը եւ մի շարք ուրիշ երկրներ ցանկանում են վերականգնել, բայց դա անհնար է, այն մեռած է»,- իր ելույթում նշել է Ալիեւը:
«Մի շարք երկրներ» ասելով՝ Բաքվի բռնապետը նկատի ունի, նախեւառաջ, Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որոնք մի քանի անգամ տարբեր առիթներով հավաստել են Մինսկի խմբի համանախագահության գործընթացին իրենց աջակցության մասին: Միացյալ Նահանգները նույնիսկ ՄԽ-ում նոր համանախագահ ունի՝ ի դեմս Պետդեպարտամենտի Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոչլայի, ով արդեն հասցրել է զրուցել իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: «Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարեւոր ձեւաչափ է՝ հատկապես ԼՂ հարցում»,- «Ազատությանն» ասել է Պետքարտուղարության պաշտոնյան։
Ալիեւի համար պետք է որ «սառը ցնցուղ» լիներ նաեւ ՌԴ-ի պաշտոնական արձագանքն իր հերթական սադրիչ հայտարարություններին, որոնք Արցախի եւ, այսպես կոչված, Արեւելյան Զանգեզուրի հասցեին հնչեցին հունիսի վերջին Աշգաբադում տեղի ունեցած՝ Կասպյան գագաթաժողովում: «Ադրբեջանը սկսել է լայնածավալ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի վերականգնման եւ Արեւելյան Զանգեզուրում միջազգային տրանսպորտային կապերի զարգացման գործում։ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում»,- իրեն հատուկ լպիրշությամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ որոշ կծու ակնարկներ նետելով նաեւ Ռուսաստանի ուղղությամբ, որի առաջին դեմքը նույնպես ներկա էր նիստին:
Եվ միանգամայն բնական են գագաթաժողովի բացման արարողությունից հետո Պուտին-Ալիեւ հանդիպման վերաբերյալ Կրեմլի կայքէջում հրապարակված հաղորդագրության շեշտադրումները: Ըստ այդմ՝ պաշտոնական Մոսկվան ընդգծում է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, այսինքն՝ մատնացույց է անում դրա կարգավորված չլինելու խնդիրը: Հաղորդագրության մեջ, ընդհանրապես, «կարմիր թելով» անցնում է երեք առանցքային միտում՝ ա/ ԼՂ խնդիրը լուծված չէ, բ/ Արցախում Ադրբեջանը ներկայություն չունի եւ գ/ տարածաշրջանի կապուղիների բացման հարցում առանցքային դերակատարը ՌԴ-ն է, քանի որ այդտեղ նրա խաղաղապահ ու սահմանապահ զորքերն են տեղակայված:
Ակնհայտ է, որ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին պաշտոնական որեւէ հայտարարություն չեն արել ոչ միայն համանախագահ երկրները, այլեւ միջազգային ոչ մի կառույց՝ ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը եւ այլք: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի «մահվան» մասին Ադրբեջանի տարածած լուրերը, փաստորեն, խիստ չափազանցված են:
Գեւորգ Բրուտենց