Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Իշխանությունը, ՀայաՔվեն, Օսկանյանի առաջարկը եւ մերօրյա Ցռան վերգոները

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Ներկա իրավիճակում, երբ իշխող քաղաքական մեծամասնության հանդեպ հանրային վստահության կտրուկ նվազում է նկատվում, ինչն արձանագրվեց նաեւ սոցիոլոգիական տարբեր հարցումներին զուգահեռ ընթացող ՀայաՔվեի առաջին շաբթում, իշխանությունն ու նրա «արբանյակները» դարձյալ շրջանառության մեջ դրեցին պատերազմով ժողովրդին ահաբեկելու փորձված հնարքը: Այս անգամ հասարակությանը վախի ու անզորության զգացում ներարկելու մանիպուլյացիաների թափանիվը գործի դնելու անշնորհակալ հանձնառությունը վիճակված էր ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀԿ երիտթեւի անդամ Գեւորգ Պապոյանին:

Ըստ երեւույթին՝ վերջինս խնդիր ուներ թիմի վերնախավին եւս մեկ անգամ ապացուցելու իր անսասան հավատարմությունը ՔՊ գաղափարներին: Եվ նրան, կարծես թե, հաջողվեց գոհացնել այժմյան տերերին՝ ֆեյսբուքյան գրառման մեջ հմտորեն կիրառելով «երկսայր» ձեւակերպումներ, որոնցից մեկով խոցում է ընդդիմությանը, մյուսով՝ ժողովրդի մեջ գեներացնում վախ, տագնապ եւ անկարողության զգացում: «Ինչո՞ւ ԱԺ ընդդիմությունն ուղղակի չի ներկայացնում «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնող օրինագիծը»,- հարցնում է եւ ինքն էլ պատասխանում. «նման նախագծի ընդունման հաջորդ վայրկյանին Ադրբեջանը ՀՀ-ի ու ԼՂ-ի դեմ լայնածավալ ռազմական հարձակում կսկսի՝ դրանից բխող հետեւանքներով»։

Ուստիեւ՝ խորհրդարանական ընդդիմությունը, ճամբարափոխ ՀՀԿ-ականի դիտարկմամբ, նոր պատերազմի պատասխանատվությունն իր վրայից փորձում է գցել ժողովրդի վրա։ Իսկ նոր պատերազմը, նրա կարծիքով, ընդդիմությանը շատ է հարկավոր, որովհետեւ «միայն այդ դեպքում իրենք կարող են ծանր մարդկային ու տարածքային կորուստների գնով գալ իշխանության»։ Պապոյանն այստեղ խոցում է եւս մեկ թիրախ՝ գրելով. «ՀայաՔվեն ունի միայն մեկ քաղաքական հետեւանք՝ կարձակի Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի հերթական ռազմական ագրեսիան լինի Ադրբեջանի կողմից, իսկ նա, ով ստորագրում է այդ թղթի տակ, իր գործողությամբ անուղղակի առիթ է տալիս Ադրբեջանին՝ պատերազմ հայտարարելու Հայաստանին եւ Արցախին»:

Այս երիտասարդը մեր ազգային դյուցազնավեպի Ցռան Վերգոյին է հիշեցնում, բայց սրա խուճապը ոչ այնքան թշնամու ահից է, որքան փողաբեր պատգամավորական մանդատը կորցնելու վախից: Անշուշտ, ՀՀ իշխանական բուրգում նմանօրինակ Ցռան վերգոների պակաս չկա, որոնք սեփական իշխանության սիրույն՝ բացահայտ կերպով սպասարկում են հարեւան երկու ցեղասպան պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կարիքները, դրանց նկատմամբ ստորադասելով ու զոհաբերելով Հայաստանի պետական շահը եւ ազգային արժանապատվությունը:

Պապոյանի գրառումը՝ հատկապես «ՀայաՔվեն պատերազմ է բերելու» թեզի մասով, անպատասխան չմնաց: «Կեղծ, դեմագոգիկ հայտարարություններ են»,- հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ պատերազմը բռնկվեց այս իշխանության օրոք, երբ Փաշինյանը վիժեցրեց բանակցային գործընթացը, կազմաքանդեց բանակն ու ԶՈՒ կադրային զինանոցը: Իր հերթին՝ ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը «պատշաճ» ուշադրության արժանացրեց ՔՊ-ական իշխանակարգի՝ պատերազմով հանրությանը վախեցնելու թեզը, որը, նրա կարծիքով, սնանկությամբ ու պարզունակությամբ չի զիջում ավելի վաղ շրջանառված թեզերին:

Այն ժամանակ «պատերազմի հրձիգ» էին ներկայացվում նախկինները, հետո՝ ռուսները, միջազգային հանրությունը եւ այլք, այժմ դրանց շարքը համալրվեց ՀայաՔվեով, որը, ըստ «ցռանվերգոների», խորհրդարանական ընդդիմության նախագիծ է: «Պայմանավորված պատերազմ բերողները, երկիրը պատերազմի մեջ պահողները, 120 հազար մարդուն սովի մատնողները հիմա էլ Հայաքվեին են մեղադրում պատերազմ հրահրելու մեջ»,- հեգնել է Սողոմոնյանը:

Փաստ է, որ ՀայաՔվեն լրջորեն անհանգստացնում է իշխանությանը, եւ անհանգստանալու հիմք նա իսկապես ունի: Ստորագրահավաքի առաջին շաբաթվա 5 օրում մոտավորապես 15 հազար ստորագրություն է հավաքվել, իսկ առջեւում դեռ վեց շաբաթ ժամանակ կա: Ցռան վերգոների սիրտը մի կողմից պատերազմի ահուսարսափն է պատել, մյուս կողմից՝ ՀայաՔվեի վախը, եւ ձեռուոտ են ընկել: Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրինագծի օգտին ստորագրած քաղաքացիների մեջ մեծաթիվ հանրաճանաչ դեմքեր կան, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Լրագրողների հարցերին պատասխանելիս՝ բազմափորձ դիվանագետը հնչեցրեց Նիկոլ Փաշինյանին ուղղված իր հայտնի առաջարկը:

Հիշեցնենք, որ ԱԳ նախկին նախարարն օրերս հանդես եկավ ուշագրավ առաջարկով եւ հայտարարեց, որ, եթե 100 տոկոս լիազորություն տրվի իրեն, ապա ինքը կարող է մի խումբ դիվանագետների հետ մեկտեղ շատ կարճ ժամանակում՝ 2-3 ամսվա ընթացքում, էական փոփոխություններ մտցնել բանակցային գործընթացում ի շահ Հայաստանի։ Օսկանյանը միաժամանակ նախապայման է ներկայացրել այդ հարցում, որ Փաշինյանը 3 ամիս պետք է լռություն պահպանի՝ ձեռնպահ մնալով հրապարակային որեւէ հայտարարություն անելուց: Առաջին կետով, ըստ նրա, պետք է բանակցային օրակարգում ներառել ԽՍՀՄ շրջանում Արցախի ինքնավար մարզ լինելու հանգամանքը, ինչը չափազանց կարեւոր է:

Սա մեկն է դիվանագիտական այն նրբերանգներից, որ կարող է, Օսկանյանի համոզմամբ, կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցային տրամաբանության ու պատմույթի մեջ եւ նոր հնարավորության պատուհան բացել հայանպաստ լուծման համար։ Այս հանգամանքը 1991թ.-ին թույլ էր տվել ԼՂ ժողովրդին ձգտել ինքնորոշման եւ անցկացնել հանրաքվե. միջազգային հանրության համար խնդիրն ընկալելի էր դարձել հենց այն փաստի գոյության շնորհիվ, որ Արցախն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ։ Օսկանյանի խոսքով՝ այդ փաստը դարձյալ պետք է դրվի բանակցային սեղանի վրա, եւ միջազգային հանրությունը չի կարող դա հաշվի չառնել քաղաքական ու իրավական ինչ-որ լուծումների համատեքստում:

Կարելի է սխալվելու չնչին հավանականությամբ պնդել, որ Փաշինյանն «ականջի հետեւ» կգցի նախկին արտգործնախարարի առաջարկությունը՝ որքան էլ այն թելադրված է իր հայրենիքի համար մտահոգ քաղաքացու ազնիվ մղումներով: Նախ՝ Փաշինյանը 3 ամիս չէ, անգամ 3 օր չի կարող լուռ մնալ եւ հանրությանը զվարճացնող որեւէ արտահայտություն չգցել մեջտեղ: Երկրորդ՝ նա հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցությունների հունը փոխելու նպատակ չունի, այլապես չէր շտապի Արցախը հանրորեն ճանաչել իբրեւ Ադրբեջանի մաս: Ավելին՝ հիմքեր կան եզրակացնելու, որ ի սկզբանե հենց դա է եղել նրա վարչապետության իմաստը, որին հետեւողականորեն, քայլ առ քայլ հասել է:

Բայց որտեղից որտեղ հայտնված ՀայաՔվեն, կարծես թե, սպառնում է ձախողել ՔՊ-ական իշխանության հետագա հանձնվողական ծրագրերը՝ Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում, Հայոց ցեղասպանության ուրացում, Թեհլիրյանի արձանի ապամոնտաժում եւ, առհասարակ, թուրք-ադրբեջանական բոլոր պահանջների ի կատար ածում, ինչը, մերօրյա Ցռան վերգոների կարծիքով, թույլ կտա հանգիստ, անգլխացավանք ապրել ու ըմբոշխնել իշխանական վայելքները: Այդ նկատառումներից ելնելով՝ նրանք խոչընդոտում են ՀայաՔվեի շրջանակներում թափ առած ստորագրահավաքի աշխատանքները, կեղտոտ քարոզչություն են ծավալում ընդդեմ քաղաքացիական ազգաշահ նախաձեռնության:

Հասկանալի է, որ իշխանավորները խանդով են վերաբերվում հանրության համախմբման ցանկացած գործընթացի՝ դրանում տեսնելով իրենց լիազորությունների, պաշտոնեական դիրքից բխող առանձնաշնորհների սահմանափակման լրջագույն սպառնալիք: Ով չգիտի, որ իշխանական լիազորությունները փողոցից եկած խաժամուժի համար ոչ թե ազգային վսեմ առաքելություն իրականացնելու գործիքակազմ են, այլ, նախեւառաջ, նեղ անձնական, շահադիտական նպատակները կյանքի կոչելու, իրենց «յոթ պորտին» ապահովելու միջոց, հանուն որի պատրաստ են ծառայել անգամ մամոնային՝ էլ չասած Արցախը հանձնող եւ Հայաստանը ծվատող անհայրենիք խաբեբաների մասին:

Իր տեսակի մեջ եզակի եւ բովանդակային առումով աննախադեպ ՀայաՔվեն շատ ավելին է, քան՝ զուտ օրենսդրական նախագիծ: Այն հայության ինքնության պահպանման, ազգի արժանապատվության վերականգնման առհավատչյան է: Ժողովրդի առողջ հատվածը դա լավ է հասկացել՝ որքան էլ մերօրյա «վերգոները» փորձեն հակազդել, նսեմացնել կամ վատաբանել միջոցառման նշանակալիությունը: ՀայաՔվեն իր օրինական իրավունքների մեջ է, եւ ամեն հայի քաղաքացիական պարտքն է մասնակցել ստորագրահավաքին եւ, դրանով իսկ, իր քվեն տալ հանուն Հայրենիքի ու սերունդների ապագայի:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: