Եթե փորձենք պատահականության սկզբունքով Հայաստանի քաղաքացիներից հարցնել վերջին շրջանում բավականաչափ թմբկահարված` Անցումային արդարադատության մասին, շատերը դժվար թե կարողանան հստակ պատասխանել, թե որն էր այդ նախաձեռնության բուն էությունը: Ոմանք միգուցե այդ նախաձեռնության նպատակը հանգեցնեն անկախ դատական համակարգի ստեղծմանը (ինչն ընդամենը պետք է կոչվեր դատաիրավական բարեփոխումների նախագիծ), ուրիշներն էլ, հնարավոր է, պարզաբանում տան, թե դրա բուն էությունը թալանված փողերի վերադարձն է «ժողովրդին»: Բացառված չէ, որ հնչեն նաեւ այլ, ավելի յուրահատուկ պատասխաններ։ Բայց դա չէ կարեւորը:
Այդպիսի հարցերում փորձ ու հատուկ գիտելիքներ չունեցող մարդկանց պետք չէ մեղադրել չիմացության կամ մակերեսային պատկերացումների համար: Մեղադրել պետք է իշխանության եկած խմբին, որ չի կարողացել հանրությանը հասցնել այդ նախաձեռնության իրական իմաստն ու նպատակը։ Չի բացառվում, որ անգամ այդ գործընթացի նախաձեռնողներն իրենք էլ չեն ընկալել, թե ինչ ասել է Անցումային արդարադատություն եւ ինչ նպատակ է այն հետապնդում։
Հեղափոխական Հայաստանի հիմնական խնդիրը
Սեփականությանն առնչվող իրողությունը հանրային հարաբերությունների այն կենտրոնական հիմնախնդիրն է, որի կարգավորումից է կախված պետությունների ճակատագիրը։ Այն հասարակությունները, որոնց հաջողվում է շտկել այդ խնդիրը, կարողանում են կառուցել իրավական հարաբերություններ ու անկախ դատական համակարգ եւ, որպես արդյունք, զարգանալ։
Հետխորհրդային երկրներում խոշոր սեփականությունը, ըստ հանրային կայուն կարծիքի, ունի կրիմինալ ծագում։ Դա կամ նախկին պետական ունեցվածքի յուրացման, կամ կոռուպցիայի ու արհեստական մենաշնորհների արդյունք է։ Սեփականության ձեռքբերման գործում կարեւոր դեր էր կատարում իշխանության հովանավորչությունը։ Այս պատճառով ձեւավորվել էր մի հսկայական խավ, որի համար իշխանության փոփոխությունը նշանակում էր լավագույն դեպքում զրկվել այդ ամենից, իսկ վատագույն դեպքում հայտնվել ճաղավանդակներից ներս։
Եթե այս ամենն ավելի պարզ ձեւակերպենք, կստացվի հետեւյալը. հանրությունը խոշոր սեփականությունը համարում է ոչ լեգիտիմ, որի հետեւանքով կապիտալի եւ իշխանության սերտաճման պահպանումը դառնում է կենացմահու խնդիր, իսկ նման պայմաններում անկախ դատական համակարգի, արդար ընտրությունների մասին խոսելը ֆանտաստիկայի ժանրից է՝ դատական համակարգի դերը հանրության «ոտնձգություններից» այդ սեփականությունը պաշտպանելն է։
Մյուս կողմից՝ արդեն անցել են տասնամյակներ, եւ ողջ տնտեսական համակարգը կառուցվել է այդ իրականության հիման վրա, ուստի ցանկացած բոլշեւիկյան լուծում կարող է կոլապսի հասցնել այդ երկրներին։
«Ոչ բռնի, թավշյա հեղափոխության» համար պարարտ հող էր հանդիսանում այն պատկերացումը, թե մեզ «թալանել են», իսկ «հեղափոխականների» հիմնական թեզը թալանվածը ետ բերելն էր: Սակայն իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը հասկացավ, որ բոլշեւիկյան կուլակաթափության դեպքում ողջ տնտեսությունը կփլուզվի, իսկ ներդրումների սպասումները սին կլինեն։
Հոգեբանական առումով հանրությունն իրեն խաբված է զգում. «թալանի» վերադարձը զուտ քարոզչական բնույթ է կրում՝ ցուցադրական կերպով տարբեր մարդկանց «ասֆալտին պառկեցնելով» եւ մեկ «քավության նոխազի»՝ ՀՀ երկրորդ նախագահի ձերբակալությամբ։
Այս ընթացքում «լրատվական շուկա» նետված՝ Անցումային արդարադատության նախաձեռնությունը հանրության համար մնում է անհասկանալի, իսկ նախաձեռնողները, իրենց հերթին, չեն ընկալել դրա բուն նպատակը։ Մինչդեռ դա որոշակի միջոցառումների ուղիով հանրության տարբեր հատվածների հաշտեցումն է եւ սեփանակության անձեռնմխելիության ինստիտուտի ստեղծումը, որի երաշխավորը պետք է լինի անկախ դատական համակարգը։
Մագնա Կարտա
Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումների ժամանակ թագուհու հպատակների մեծամասնությունը Անգլիայի պատմության ամենանշանակալի իրադարձությունը համարել է Մագնա Կարտայի կամ Ազատությունների մեծ խարտիայի ընդունումը։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք բոլորն ունեն խորքային պատկերացում այդ փաստաթղթի էության մասին։
Բրիտանական ամենահեղինակավոր դատավորներից լորդ Դենինգը ասել է. «դա բոլոր ժամանակների սահմանադրական փաստաթղթերից մեկն է`բռնատիրության դեմ անձի ազատությունների հիմնաքարը»: Պատմաբան Դեվիդ Սթարկին այլ կարծիքի էր, որ այդ փաստաթղթից են ծնվել ամերիկյան Սահմանադրությունն ու, առհասարակ, մարդու ազատությունների մասին ժամանակակից տեսլականները։ Իսկ ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր կոնվենցիայի ստեղծման համար ձեւավորված հանձնաժողովի նախագահ Էլեոնորա Ռուզվելտը ասել է, որ այդ կոնվենցիան մի նոր Մագնա Կարտա է ողջ աշխարհի համար։
1215 թվականին Անգլիայի թագավոր Հովհան Անհողինը ապստամբ լորդերի պահանջով Թուղթ (Խարտիա) է ստորագրում, որը պատմության մեջ է մտնում Ազատությունների մեծ խարտիա (լատիներեն՝ Մագնա Կարտա) անվանումով։ Խարտիան բաղկացած էր 63 հոդվածներից, որոնցից 30-ը պաշտպանում էր հոգեւորական եւ աշխարհիկ ֆեոդալների շահերը, 7-ը՝ ասպետների, 3-ը՝ քաղաքացիների։ Սահմանափակվում էին թագավորի իրավունքները ֆեոդալական հարկերի հաստատման եւ դրանց հավաքման մեջ։ Եթե այժմ ընթերցենք 800 տարի առաջ գրված այդ փաստաթուղթը, կզարմանանք դրա կենցաղային շարադրանքից։ Փաստաթղթում նշվում են կոնկրետ մարդկանց անուններ, որոնց անօրինական կերպով՝ առանց դատաստանի, զրկել են սեփականությունից, խախտվել է ժառանգության իրավունքը եւ այլն։
Փաստաթղթի ոգին հասկանալու համար մեջբերենք հիմնական հոդվածներից երկուսը.
- Եթե կոմսը կամ բարոնը կամ որեւէ այլ մարդ պատերազմի մասնակցության համար թագավորի կողմից պարգեւատրվել է հողերով, մահանա եւ իր ժառանգորդը ժառանգությունը ստանալիս` դառնա չափահաս, ապա կտիրանա ողջ ժառանգությանը՝ մուծելով բոլոր հարկերը: Ամբողջ բարոնության համար հարկը կազմում է 100 ֆունտ, ասպետի ժառանգորդը կմուծի 100 շիլինգ, իսկ նրանք, ովքեր ավելի փոքր ժառանգություն կստանան, ավելի քիչ կմուծեն:
- Ամուսնու մահից հետո այրին կարող է ստանալ ամուսնու ժառանգությունն ամբողջությամբ եւ անհապաղ։Եվ ոչինչ նա չպետք է մուծի օժիտից, իրեն հասանելիք փայաբաժնից կամ էլ հասանելիք ժառանգությունից, որը նա ամուսնու հետ միասին ձեռք է բերել մինչեւ վերջինիս մահվան օրը։ Ամուսնու մահվանից հետո նա կարող է 40 օր մնալ նրա տանը, եւ այդ ժամանակահատվածում ժառանգությունը պետք է նրան հատկացվի։
Այդ փաստաթղթի ստորագրումից անցել է մոտ 800 տարի, եւ մի շարք սկզբունքային հոդվածներ մինչեւ այժմ մնացել են Բրիտանիայի օրենսդրության մեջ անփոփոխ։
Մագնա Կարտայի ողջ էությունը սեփականության իրավունքի անձեռնմխելիությունն է, առանց որի չեն կարող կայանալ ոչ իրավական հարաբերություններ, ոչ էլ կարող է տնտեսություն զարգանալ։ Պատահական չէ, որ արդեն փաստաթղթում առաջ է գալիս հաջորդ գաղափարը, իսկ ով է այն անձը, որը կարող է այդ հարցերում դատավորի դեր կատարել։ Բնականաբար, խոսքը անկողմնակալ դատական համարգի մասին է։ Նման դատարանի պահանջը, առաջին հերթին, ի հայտ է եկել սեփականության խնդիրները կանոնակարգելու համար։ Ինչպես տեսնում ենք, առանց սեփականության անձեռնմխելիության գաղափարի, չի կարող լինել անկողմնակալ դատական ինստիտուտ, ինչպես նաեւ չենք կարող խոսել մարդու իրավունքների մասին։
Հայ «հեղափոխականները» եւ սեփականության խնդիրը
Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունը հեղափոխություն կոչելու համար անհրաժեշտ էր, որ հիմքում լիներ մի նշանակալի տեսություն։ Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, սեփականության օրինականության հարցն է։ Հանրությունը չի ճանաչում խոշոր սեփականության լեգիտիմությունը` համարելով, որ դրանք ձեռք են բերվել ժողովրդին «թալանելու» միջոցով։ «Հեղափոխության» ժամանակ այդ գաղափարը շահարկում էին «հեղափոխականները», սակայն այդպես էլ չկարողացան խնդրի լուծումն առաջարկել հասարակությանը։
Պարզ է, որ մենք չենք կարող զարգանալ, կառուցել իրավական հարաբերություններ, ունենալ ուժեղ պետություն, եթե հանրությունը չճանաչի մարդու սեփականության անձեռնմխելիությունը, իսկ պետությունը` ի դեմս դատարանների, չպաշտպանի դա։ Հանրության հաշտեցման, սեփականության անձեռնմխելիության մեխանիզմների ստեղծումն էր այն հիմնական գաղափարը, որին կոչված էր ծառայելու Անցումային արդարադատությունը։ Այստեղ այդ գործընթացի անվանումը կարեւոր չէ, այն կարելի էր այլ կերպ անվանել։ Սակայն խնդիրը նման կերպ դնելն ու դրա լուծումը թույլ կտային իշխանափոխությունն անվանել հեղափոխություն, որի համար սերունդները շնորհակալ կլինեին մեզանից։
Հայկական «հեղափոխությունն» ունի նաեւ միջազգային նշանակություն, որովհետեւ նմանատիպ հանրային հարաբերություններ են ձեւավորվել նաեւ հետխորհրդային մյուս երկրներում, եւ տարրական կուլակաթափության ճանապարհը կոգեւորի մյուս երկրների հասարակություններին, իսկ նրանց իշխող խավի համար Հայաստանը կարող է վերածվել «դասակարգային» թշնամու եւ վատ օրինակի, ինչը վտանգավոր է մեզ համար՝ հատկապես Արցախի խնդրի առկայության պատճառով։ Մյուս կողմից՝ եթե մենք կարողանանք գտնել հանրությանը հաշտեցնելու յուրօրինակ բանաձեւ, կարող ենք դրական օրինակ ծառայել այդ երկրների համար։
Ստեփան Դանիելյան