Մամուլի հաղորդմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 14-ին կայանալիք ԱԺ նստաշրջանին եւ քաղաքական աշնան մեկնարկին ընդառաջ հանդիպումների շարք է սկսել ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Շաբաթասկզբին մեկնարկած մարզային այցերն այժմ ընթացքի մեջ են: Տարածքային կառույցների պատասխանատուները նախօրոք կուսակցության ղեկավարին ներկայացրել էին այն խնդիրները, որոնք ժողովուրդը բարձրացրել էր համայնքներում հանդիպումների ժամանակ, դրանք են` համավարակի առաջացրած մարտահրավերներ, գործազրկություն, ուսման բարձր վարձեր, կրթության նոր չափորոշիչներ, գյուղատնտեսական խնդիրներ, վարկեր, բնակարանաշինություն եւ այլն: Գագիկ Ծառուկյանը լսել է բոլոր հարցերը եւ վերահաստատել, որ ԲՀԿ-ն ժողովրդին հուզող խնդիրները կբարձրաձայնի ԱԺ-ում: Իսկ մինչ այդ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է անցկացնել մեծ հանրահավաք: Այդ մասին Կոտայքում հանդիպման ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
Որոշ լրատվամիջոցներ ու քաղաքական վերլուծաբաններ չեն բացառում, որ «թեժ աշնան» կանխատեսումները կարող են իրականություն դառնալ: Դրա հիմքերն ակնհայտ են: Մարզային հանդիպումների ծրագրեր է մշակել ոչ միայն ԲՀԿ-ն առանձին, այլ նաեւ ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակը, նույնիսկ` մերժված ՀՀԿ-ն, որը մարզերում կարգի է բերում կուսակցական գրասենյակները: Կոնսոլիդացվելու նշաններ են ցույց տալիս ինչպես ընդդիմության մի շարք հատվածներ ու գործող իշխանության երբեմնի դաշնակիցներ, այնպես էլ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ցույցերի դուրս եկած մի քանի ՀԿ-ներ: Եվ սա դեռ բոլորը չէ: Լուրեր են պտտվում, որ սեպտեմբերի վերջին երթեր անելու իրազեկում են քաղաքապետարան ներկայացրել «Սասնա ծռերը», որոնք փողոցային պայքարի կոչ են հնչեցնում ընդդեմ Ամուլսարի շահագործման: Մի խոսքով` հակաիշխանական տրամադրությունների գեներացման տարրապատկերը, կարծես թե, ուրվագծվում է։
Գալով կոնկրետ Գագիկ Ծառուկյանի խոստացած «մեծ հանրահավաքին»` պետք է նկատել, որ դրա անցկացման ժամանակամիջոցի ընտրությունը պատահական չէ: Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգում բավական աղմկահարույց նախագծեր են ներառված, որոնցից մեկն էլ Ստամբուլյան կոնվենցիան է: Դեռ «չմարսած» «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կամ, այլ կերպ, Լազարոտեի կոնվենցիայի վավերացումը, իմքայլական պատգամավորները ստիպված են լինելու նորից կուլ տալ հանրության «թուքումուրը»: Կառավարող քաղաքական ուժին այդ օրը եւս մեկ փորձություն է սպասվում` «Իմ քայլին» հրահանգված է սեպտեմբերի 14-ի նիստում քննարկման դնել ԲՀԿ խմբակցության առանցքային անդամներից մեկին` ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին անվստահություն հայտնելու հարցը եւ նրան հեռացնել հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից:
Կգնա՞ արդյոք Ծառուկյանը իշխանությունների հետ հարաբերությունների նոր սրացումների` դժվար է ասել: Բայց միանշանակ է, որ «մեծ հանրահավաքին» ԲՀԿ-ականներից ոմանք բաց չեն թողնի հանրությանը դուր գալու պատեհությունը եւ կփորձեն շահարկել արդիական մի շարք ցավոտ թեմաներ` կրթական ապազգային ծրագրեր, գործազրկություն, վատ կառավարում, covid-19-ի առաջացրած խնդիրներ, կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության անկատարություն, վատ կառավարում եւ այլն: ԲՀԿ առաջնորդն ինքը այդ առումով խիստ անկանխատեսելի է: Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Կառավարության հրաժարականը պահանջող Գագիկ Ծառուկյանը մեկ ամիս անց նկատելիորեն մեղմացրեց իր հռետորաբանությունը եւ նույն կառավարությանն արդեն հորդորում էր խոհեմություն դրսեւորել եւ աշխատել: «Պետք է վերջ տալ բոլորին բոլորի դեմ թշնամացնելուն, անգրագետ պաշտոնյաներին պետք է փոխել բանիմացներով, պետք է գործ անել»,- ասում էր Ծառուկյանը` ակնարկելով կառավարությանն աջակցելու իր պատրաստակամության մասին:
Կուսակցության Կոտայքի մարզի տարածքային կառույցի պատասխանատուների եւ ներկայացուցիչների հետ օգոստոսի 29-ի հանդիպման ժամանակ եւս Ծառուկյանը մնաց չափի մեջ: Թե´ ելույթում, թե´ իրեն ուղղված հարցերին պատասխանելիս` նա զուսպ էր եւ որեւէ հրաժարականի պահանջ չդրեց: Կարելի է ասել` դուրս չեկավ հասարակության եւ իշխանության միջեւ յուրահատուկ «բուֆերի» դերակատարի` ավանդաբար իրեն վերապահված կարգավիճակից, որն իշխանության համար միշտ անվնաս է եղել, իր համար` անվտանգ: Ռոբերտ Քոչարյանին Ծառուկյանը խոնարհաբար ծառայում էր մինչեւ վերջ եւ իրեն թույլ չտվեց որեւէ ավելորդություն: Սերժի դեմ մեկ անգամ ըմբոստացավ, բայց ուժգին հակահարված ստանալով` մի կողմ քաշվեց եւ որոշ ժամանակ անց կրկին կարողացավ գտնել երկրորդ նախագահին մերձենալու բանալին ու այլեւս այն չկորցրեց:
Նիկոլ Փաշինյանի պարագայում սկզբում ոչինչ չէր ստացվում` նկատվում էր Փաշինյան-Ծառուկյան լուռ դիմակայություն: Հետո, կարծես թե, չհասկացվածության պատը նրանց միջեւ քանդվեց, Ծառուկյանը հրավիրվեց վարչապետի նստավայր, կողմերը հանդիպեցին, ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերեցին, տեսախցիկների առջեւ միմյանց ժպտացին ու ջերմորեն իրար ձեռք սեղմելով` բաժանվեցին: Սակայն այդ ջերմությունը երկար կյանք չունեցավ: Նորացված լուռ հակամարտությունն իր լարվածության կիզակետին հասավ այս տարվա հունիսի 5-ին, երբ ԲՀԿ առաջնորդը` շատերի համար անսպասելի, հանդես եկավ կառավարության 100% հրաժարականի պահանջով: Ծառուկյանը հայտարարեց, որ գործադիրը ձախողել է ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները, այլեւ սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտների գործունեությունը: Այս կոչին Փաշինյանն արձագանքեց շատ կոշտ` հիշեցնելով Ծառուկյանի քրեական անցյալը, եւ սպառնաց նրան ու նրա ղեկավարած քաղաքական ուժին դուրս թողնել քաղաքականությունից:
Այդպիսով` հրաժարականի պահանջի «պատուհաններից» մեկը փակվեց, սակայն վտանգը չվերացավ, քանի որ մյուս «պատուհանները» տակավին բաց են: Խոսքը մասնավորապես Արթուր Վանեցյանի եւ ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի շրջապատի մասին է: Ավելին` դրանք այսօր լուրջ սպառնալիք են համակարգի համար: Ծառուկյանին չեզոքացնելն իշխանությանը հեշտ տրվեց, եւ դա հասկանալի է` վերջինս մի ողջ բիզնես-կայսրությություն ունի, որից կարող է զրկվել, եթե իրեն «խելոք» չպահի: Մյուսները` Վանեցյանը եւ Մինասյանը, այսպես ասած, «բռնելու տեղ» չունեն, եւ հենց դրանով են գլխացավանք իշխանությունների համար, որոնք անհանգստանալու պատճառներ ունեն, քանզի չափից դուրս շատ են նրանց խոցելի տեղերը` փորձի ու արհեստավարժության պակաս, բարձիթողություն, ապակառուցողական քայլեր, քննադատություն լսելու անկարողություն, կադրային աճպարարություններ եւ այլն:
Ներհայաստանյան քաղաքական զարգացումներում որոշ քաղաքագիտական շրջանակներ արտաքին հետք են տեսնում: Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ Մոսկվան ՀՀ-ում իշխանափոխության հող է նախապատրաստում, ուստի «իշխանությունը պետք է հակաքայլեր անի, ոչ թե անխոհեմ քայլերով ջուր լցնի այդ ուժերի ջրաղացին»։ Թե ով ում «ջրաղացին» ջուր կլցնի` թողնենք իր խղճին: Տվյալ դեպքում կարեւոր է հասկանալ, թե իշխանության հրաժարականի պահանջի կարգախոսով համախմբվող ուժերն ինչ փաստաթուղթ են ներկայացնում մեր քաղաքացիներին` այլընտրանքային նախագի՞ծ, թե՞ ռեւանշիստական ծրագիր։ Կամ` ո՞ւմ պատվերն են կատարում` հանրությա՞ն, թե՞ արտաքին ուժերի: Եվ ըստ այդմ էլ որոշեն իրենց անելիքը: Իհարկե, եթե «թեժ աշունն» այդ հնարավորությունը տա:
Գեւորգ Բրուտենց