Ներքաղաքական եւ ներհայաստանյան իրավիճակը՝ պայմանավորված գլխավորապես իշխանությունների անխոհեմ հղացումներով ու ապազգային գործողություններով, ծայրաստիճան խճճվել է, իսկ վերջին օրերին՝ ուղղակի հասել լարման իր կիզակետին: Հանրությունն ալեկոծած առաջին ցնցումը օգոստոսի 14-ին էր՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկած խոշոր հրդեհի ու պայթյունների բերումով, որոնց զոհ դարձավ 16 մարդ, մի քանի տասնյակ քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ: Ողբերգական միջադեպի շուրջ տարակարծությունները, աղմկոտ բանավեճերը երկար ժամանակ չէին հանդարտվում:
«Սուրմալու»-ի արյունոտ պատմությանը հետեւեցին Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի հայաթափումը եւ այդ համայնքների անօրինական հանձնումը Ադրբեջանին՝ բազմատանջ մեր հայրենակիցների համար դրանից բխող ցավալի հետեւանքներով: Սա, Աստված գիտի, բանավոր պայմանավորվածության հիման վրա թշնամուն արվող արդեն որերորդ զիջումն էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Այդ ընթացքում Ադրբեջանը՝ օգտվելով մեր իշխանությունների թուլությունից, հասցրեց սպառնալիքով, պայմանավորվածությամբ, ռազմական սադրանքով տիրանալ այն ամենին, ինչի վրա «աչք ուներ»՝ ռազմավարական բարձունքներ, դիրքեր, ճանապարհներ, ջրակունքներ եւ այլն:
Երկրում տիրող ընդհանուր իրադրության նկարագրությունն ամբողջական չի լինի, եթե շրջանցենք բարձրաստիճան զինվորականների աղմկահարույց ձերբակալությունները: Պատերազմի ավարտից գրեթե երկու տարի անց Արցախի պաշտպանության բանակի երկու նախկին հրամանատարներին՝ Ջալալ Հարությունյանին եւ Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքները, ռազմական փորձագետների մեծամասնության կարծիքով, նպատակ են հետապնդում պատերազմում կրած պարտության եւ, մասնավորապես, Շուշիի անկման մեղքը բարդել զինվորականության վրա՝ գլխավոր պատասխանատուին եւ մեղավորին «ջրից չոր» հանելու համար:
Քանի որ խոսք բացվեց բանակի մասին՝ կարճ անդրադառնանք ներհասարակական հույզեր ու տագնապներ հարուցած օրենսդրական մի նախաձեռնության, որն օրեր առաջ հեղինակել էր Պնախարարությունը: Դա հանրային քննարկման դրված՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագիծն է: Այն զորակոչիկին թույլ կտա պետբյուջե 24 մլն դրամ մուծելու դեպքում երկու տարվա փոխարեն բանակում ընդամենը 4,5 ամսվա ուսումնական փուլ անցնել եւ ծառայությունն ավարտած՝ վերադառնալ տուն: Ռազմական փորձագետների ու հանրության մեծամասնության կողմից օրինագիծը գնահատվեց իբրեւ բանակը ջլատելու, զինծառայությունը զուտ չունեւորների մենաշնորհը դարձնելու, երկրում սոցիալական նոր ջրբաժան առաջացնելու ծրագիր:
Եթե վերոնշյալ նախագիծը միտված է պետության հիմքերի թուլացմանը, ապա վարչապետի հղացած մեկ այլ գաղափար, որն այս օրերին ամենաշատ քարկոծվողներից է, սպառնում է փլուզել առանց այն էլ անմխիթար վիճակում գտնվող բուհական համակարգը: Բանն այն է, որ Կառավարությունը մտադիր է գնալ բուհերի խոշորացման, ինչի արդյունքում կունենանք 8 պետական բուհ՝ ներկայիս 16-ի փոխարեն, որոնք Երեւանից կտեղափոխվեն Աշտարակ՝ ակադեմիական քաղաք: Մասնագետների պնդմամբ՝ բուհերի տեղափոխմամբ ուսուցման որակի խորքային խնդիրները չես լուծի: «Դա նույնն է, ինչ քննարկել, թե առանց շարժիչի մեքենան ինչ գույն ներկել, որ լավ ընթանա»,- դիպուկ նկատել է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:
Լարվածության՝ ՀՀ-ում բարձրակետին հասած պատկերի նկարագրությունն այսքանով չի ավարտվում: Ցանկը կարելի է շարունակել. մարդիկ անհանգստացած են սաստկացող սահմանային միջադեպերով, անիշխանությամբ, չդադարող տարածքային կորուստներով, հաճախացած քրեածին վիճակագրությամբ ու տեխնածին աղետներով, անվտանգային մարտահրավերներով, մի խոսքով՝ ներկայում եւ ապագայում պետությանն ու ժողովրդին սպառնացող վտանգներով՝ թե՛ ներսից, թե՛ դրսից: Այս իրողությունների համապատկերին էլ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը, որն ամեն դեպքում հույսի մի շող էր համատարած անորոշության մշուշում:
«Հայաստանը Նիկոլից հետո». այսպես էր վերնագրված այն բանաձեւը, որի շրջանակում ընդդիմությունը, ըստ հավաքը համակարգող Իշխան Սաղաթելյանի, պատրաստվում է հանրությանը ներկայացնել բոլոր ոլորտներում եւ ուղղություններով «Դիմադրություն» շարժման ծրագիրն ու ռազմավարությունը, որպեսզի մարդիկ տեսնեն եւ համոզվեն, որ ելք կա իրավիճակից, բայց՝ առանց Նիկոլ Փաշինյանի: «Կա ծրագիր, կան պատասխանատու մարդիկ, ովքեր ի զորու են գալ ու երկիրը դուրս բերել այս վիճակից»,- հանրահավաքի իր ելույթում հավաստիացրեց Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ կուտակված մարտահրավերներն այնքան մեծ են, որ որեւէ անհատ կամ քաղաքական ուժ միայնակ անկարող է ամեն ինչ իր տեղը դնել, ուստի արդյունքի հասնելու համար պետք է համախմբել ողջ ժողովրդի ներուժը:
Ներկայացնելով ուժեղ Հայաստան կերտելու՝ «Դիմադրություն» շարժման տեսլականը, ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը բոլոր կարող ուժերին կոչ արեց դուրս գալ պայքարի եւ կենտրոնացնել ուժերը, քանի որ այս չարիքի իշխանությանը հեռացնելու այլ տարբերակ չկա: «Ամենակարեւորը՝ լինի միասնական նպատակ՝ չարիքի իշխանության հեռացումը»,- հայտարարեց Սաղաթելյանը: Նա իշխանություններին հեռացնելու երկու ճանապարհ է տեսնում. ա/ հրաժարական, բ/ պաշտոնանկություն ԱԺ-ի միջոցով: Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ այս ճանապարհով հաջողության կարելի է հասնել սոսկ համահայկական լայն ճնշման միջոցով:
Պարզ է, որ Փաշինյանը երբեք ինքնակամ հրաժարական չի տա. դա կենացմահու խնդիր է նրա համար: Հիմա փորձենք հասկանալ, թե որքանով է իրականանալի խորհրդարանի միջոցով նրա պաշտոնանկությունը: Դրա համար նախ անհրաժեշտ է պատգամավորների մեկ երրորդի քվեն՝ 36 ստորագրություն, որպեսզի ԱԺ-ում վարչապետի հրաժարականի գործընթացը շրջանառության մեջ դրվի: Երկու ընդդիմադիր խմբակցություններն ունեն 35 մանդատ, մեկ ձայն չի հերիքում, բայց այդ պակասը, թերեւս, հնարավոր լինի լրացնել, ասենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը շուրջ 2,5 ամիս առաջ լքած Թագուհի Թովմասյանի ստորագրության հավելմամբ:
Բուն պաշտոնանկության խնդիրը, որտեղ վճռորոշ դերակատարը պատգամավորների քվեարկությունն է, շատ ավելի բարդ է: Ցանկալի ելքի համար պահանջվում է 50+1% կամ թվով 54 պատգամավորի ձայն: Քանի որ ընդդիմադիրներն ԱԺ-ում, ընդհանուր առմամբ, ունեն 35 ձայն՝ նշանակում է խնդրի լուծման համար պահանջվում է եւս 19 ձայն, որը իշխող ուժի ներկայացուցիչներից ակնկալելը, բնականաբար, անիմաստ է: Մնում է մի ճանապարհ՝ հանրահավաքին վարչապետի հրաժարականի պահանջով հնարավորինս մեծաքանակ քաղաքացիների մասնակցություն, որոնք կարող են ՔՊ-ական պատգամավորների՝ իրենց ընտրյալների վրա ճնշում գործադրել եւ ստիպել քվեարկել հօգուտ ազգուրաց առաջնորդի դեմ պայքարի ելած ժողովրդի:
Դատելով հանրահավաքում հնչած ելույթներից, կազմակերպիչների հավաստիացումներից, ընդհանուր մթնոլորտից եւ հռետորաբանությունից, պետք է նկատել, որ «Դիմադրություն»-ը փորձում է հստակության ու ճկունության որոշակի տարրեր մտցրել իր մարտավարության մեջ՝ միգուցե մեղմացնելու համար օգոստոսյան կրավորականությունն ու անբացատրելի նիրհը: Շարժումն այս օրերին ՀՀ հասարակական-քաղաքական կառույցների, փորձագետ-վերլուծաբանների, մտավորականների, բոլոր կարող ուժերի եւ առանձին անհատների հետ խորհրդատվությունների շարք է նախաձեռնել երկու հիմնական ուղղությամբ՝ «Հայաստանը Նիկոլից հետո» ծրագրի եւ Շարժման ծածկույթի ընդլայնման համատեքստում: Միեւնույն ժամանակ շարունակվում են «Դիմադրության» անդամների մարզային այցելությունները։
Սաղաթելյանը պարզաբանեց, որ Սահմանադրությամբ նախատեսված է եւս երկու պայման՝ պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի առկայությունը եւ նոր վարչապետի թեկնածուի առաջադրումը։ Ըստ նրա, առկա իրավաքաղաքական հիմքերն ավելի քան բավարար են ցանկացած կարգին երկրում վարչապետի պաշտոնանկության համար։ «Երբ կարողանանք ապահովել 36 ստորագրություն, գործընթացը տեւելու է 48-72 ժամ։ Այդ ընթացքում մեզ աջակցելու համար պետք են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ 24-ժամյա ռեժիմով, ընդամենը 72 ժամ։ Եվ մենք այդ երեք օրում ժողովրդի կամքը թելադրելով, ժողովրդի թեկնածուին ներկայացնելով՝ միասին հեռացնելու ենք այս իշխանությանը»,- համոզված է շարժման համակարգողը:
Կհաջողվի՞ արդյոք ընդդիմությանը՝ հասնել իր պայքարի ցանկալի վերջաբանին, թե՞ ոչ, ցույց կտան կազմակերպիչների իմաստնությունն ու ժողովրդի վճռականությունը: Մի բան, սակայն, հաստատ է՝ այլընտրանքը Արցախի եւ Հայաստանի գոյաբանական աղետն է լինելու: Մտածելու բան է:
Գեւորգ Բրուտենց