Երկուշաբթի, Հոկտեմբերի 07, 2024

Վերլուծական

Իլհամը Հայաստանին «բմբլահան անելու» նոր ծրագի՞ր է մտմտում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Բոլոր նախանշանները մատնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների խորհրդաժողովի 29-րդ նստաշրջանը, ավելի կարճ՝ COP-29-ը, դարձնել լավ բեմականացված թատերական ներկայացում: Փորձ է արվելու աշխարհին ի տես կերպավորել Ադրբեջանը՝ իբրեւ քաղաքակիրթ պետություն, իսկ Իլհամ Ալիեւին՝ իբրեւ համաշխարհային առաջնորդի: Թե որքան կհաջողի շոուն՝ կախված է սցենարի հեղինակի ստեղծագործական երեւակայությունից եւ գլխավոր դերակատարների ջանադրությունից:

Միջոցառման մեկնարկի օրը, ինչպես նախատեսված է արարողակարգով, Ադրբեջանը հանդես կգա ողջ աշխարհում կրակը դադարեցնելու կոչով (ախր, շա՛տ խաղաղասերն է): Այդ մասին «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է այդ երկրի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը: Նրա խոսքով՝ կոնֆերանսում քննարկվելիք կարեւոր հարցերից է Փարիզի համաձայնագրի 6-րդ հոդվածով ածխածնի առեւտրի խոչընդոտների վերացումը։ Օրակարգում են նաեւ կլիմայի ֆինանսավորմանը, որը հարցերի հարցն է, էներգետիկային, գյուղատնտեսությանը, ջրային պաշարներին, զբոսաշրջությանը, թվայնացմանը, կանաչ քաղաքներին ու մարդկային գոյամիջոցներին վերաբերող խնդիրներ։

Սոլթանովը, որին պայմանականորեն կարելի է անվանել վերոնշյալ սցենարի հեղինակ, հպարտանում է, որ Ադրբեջանը COP-29-ին կհյուրընկալի մոտ 80 հազար մարդ։ «Մենք ունենք ենթակառուցվածք, որը թույլ է տալիս օրական ընդունել մոտ 40 հազար հյուր։ Աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին հրավեր է ուղարկվել։ Հայաստանը նույնպես հրավիրված է»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ Առաջ ընկնելով՝ ասենք, որ Երեւանն իր համաձայնությունը առայժմ չի տվել, բայց դրա համար ժամանակ դեռ կա: Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կգնա Բաքու եւ ճիշտը միգուցե գնալն է, ընդ որում՝ արհեստավարժ, թեմային քաջատեղյակ պատվիրակության կազմով:

Բնապահպանական թեքումով այդ հավաքին մեր երկրի մասնակցությունը հատուկ իմաստ ունի Ադրբեջանի համար: Դա լավ առիթ է, ու Ալիեւն այն բաց չի թողնի թե՛ Փաշինյանին եւս մեկ անգամ նվաստացնելու, թե՛ նրա առջեւ նոր պահանջներ դնելու համար՝ այս անգամ բնապահպանական «աստառով»: Օրինակ՝ կարող է հայտարարել, թե ՀՀ-ն 30 տարի ապօրինաբար շահագործել ու կողոպտել է ադրբեջանական ընդերքը՝ մեծ վնասներ հասցնելով բնությանը: Կարող է անգամ դատական հայցեր ներկայացնելու հող նախապատրաստել՝ Հայաստանին խոշոր գումարի նյութական պատասխանատվության ենթարկելու մեղադրանքով: Պետք է պատրաստ լինել համարժեք արձագանքի:

Փաշինյանի թուլամորթության պատճառով Ալիեւը Հայաստանին նայում է որպես կիսով չափ «փետրած սագի», որը դեռ փետտելու տեղեր ունի, ուստի մտմտում է շարունակել ու լիակատար ավարտին հասցնել «բմբլահանման» գործընթացը: Չի բացառվում, որ COP-29-ը այդ գործընթացի մի բաղադրիչն է, որի մասին, սակայն, Բաքվի գալիք նոյեմբերյան շոուի հեղինակները չեն շտապում բարձրաձայնել, որպեսզի Հայաստանը կանխավ չիմանա եւ հակընդդեմ քայլեր չձեռնարկի: Ընդամենը կեսբերան հայտնեցին, որ խորհրդաժողովի շրջանակներում կքննարկվեն նաեւ «ազգային, տարածաշրջանային եւ համընդհանուր հիմնախնդիրներ», ինչից դատելով՝ ենթադրելի է, որ Հայաստանը կարող է ինչ-որ կերպ թիրախավորվել:

Մինչ Հայաստանը, կարծես թե, կամուկացի մեջ է, ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում համաժողովի նախաշեմին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել. «Ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկել դեպի կայուն եւ հարատեւ խաղաղություն: Ադրբեջանը պետք է օգտագործի COP-29-ի խթանը՝ Հայաստանի հետ խաղաղություն ստորագրելու համար»,- Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի խոսքերը մեջբերել էր EUobserver կայքը: Հորդորում, հաշտության կոչ են հնչեցնում բոլոր կողմերից, սակայն խաղաղ գործընթացը, թվում է, դեմ է առել պատի եւ առաջ չի գնում: Այո, առաջ չի գնում, եւ պարզ է, թե ինչու՝ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ:

Իլհամը, ըստ Փաշինյանի, իր երեսին է ասել. «Դուք 30 տարի մեզ տանջել եք, այժմ հերթը մերն է, մենք 30 տարի ձեզ օր ու արեւ չենք տալու»: Այնպես որ, խաղաղության թեման աչքակապություն է, Ադրբեջանն այն՝ որպես ավելի շուտ «բմբլահանման» համաձայնագիր, կօգտագործի Երեւանից ավելին պոկելու համար: Նախագծի վերջին՝ 10-րդ տարբերակը օգոստոսի 31-ին էր ուղարկվել Երեւանից Բաքու: Ալիեւի վստահեցմամբ՝ պայմանագիրն, իբր, 80%-ով պատրաստ է, եւ փաստաթղթի 17 կետերից 3-ի շուրջ է, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել: Մինչդեռ հանրությունը տեղյակ չէ, թե ինչ է գրված այդ 17 կետերում, չնայած մոտավորապես պատկերացնում է:

Իրականում Հայաստանի թիվ մեկ խնդիրը, որը նաեւ ամենացավոտն է, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու առեւանգված անձանց իրավունքների հարգման եւ նրանց վերադարձի հետ կապված բարձիթողի վիճակն է: Բաքվի բանտերում այսօր խոշտանգումների ենթարկվող հայ քաղաքացիների հանդեպ պետության գլխավորի վերաբերմունքից դատելով՝ կարելի է անսխալ եզրակացնել, որ ՀՀ իշխանությունը ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել գերիների հարցից: Ավելին՝ կա հիմնավոր փաստարկ, որ Նիկոլ Փաշինյանը հիմք է նախապատրաստում, որպեսզի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում նոր մեղադրանք առաջադրվի:

Հիշենք, թե օգոստոսի 31-ին տված մամլո ասուլիսում ինչպես էր ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ատելության մաղձ թափում Վարդանյանի վրա՝ նրա գործունեության եւ անվան շուրջ ձեւավորելով Ռուսաստանից հատուկ առաքելությամբ Արցախ գործուղված, կասկածելի անձնավորության տիպար, որով այժմ «զբաղվում են»: Որքան պետք է երկրի ղեկավարը բարոյապես նեխված լինի, որպեսզի նման կերպ արտահայտվի թշնամական բանտում տառապող հայրենակցի մասին: Եթե նույնիսկ նրա մեջ պաշտոնում իրեն փոխարինողի վտանգ է տեսնում: Իսկ այդպիսի վտանգ Փաշինյանն իրոք տեսնում է:

Պատահական չէ համառորեն շրջանառվող այն հարցադրումը, թե ինչպես եղավ, որ Հակարիի կամրջի անցակետը ԼՂՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք կարողացան հանգիստ, անխոչընդոտ անցնել, իսկ ոմանց էլ ձերբակալեցին, տարան Բաքու: Ակնհայտորեն «ջոկողական» այս մոտեցումից երկու կողմերի ստվերային փոխգործակցության հոտ է գալիս: Նույն տրամաբանության ծիրում է նաեւ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հայտնի դեմքերի՝ ԱՀ երեք նախկին նախագահների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչպես նաեւ զինծառայողների ու քաղաքացիական անձանց կալանքի տակ պահելը՝ ի խախտումն ՄԻ եվրոպական կոնվենցիայի եւ միջազգային իրավական ակտերի:

Հատկանշական է, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել համախմբվել եւ մեդիաարշավ ձեռնարկել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ի դեմ՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։ Նա հայտարարել է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ COP-29-ն անցնի Բաքվի բանտերում տասնյակ հայ գերիների առկայության պայմաններում, մենք պետք է հայ գերիների խնդիրը կենտրոնական հարց դարձնենք»:

Ի դեպ, իրավապաշտպանների տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում 55 հայ է պահվում, 41 ռազմագերի, Արցախի նախկին ղեկավարության 8 ներկայացուցիչ եւ 6 քաղաքացիական անձ։

Տեւական ժամանակ թշնամական գերության մեջ գտնվող հայրենակիցների ճակատագրով խորապես մտահոգ է նաեւ աշխարհի հայությունը: Միջազգային իրավունքի փորձագետ, Փարիզի Պանթեոն-Ասսաս համալսարանի դոցենտ Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանը էլ ասում է. «Ոչ մի խաղաղ պայմանագիր կամ համաձայնագիր չպետք է կնքվի՝ մինչեւ մեր բանտարկյալները չվերադառնան: Սա ազգային արժանապատվության հարց է... Սա նաեւ ընդունված պրակտիկա է պետությունների մեծ մասում: Դուք երբեք չեք տեսնի, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իսրայելը եւ մյուս երկրները խաղաղության համաձայնագիր կնքեն թշնամական կողմի հետ այն պարագայում, երբ իրենց քաղաքացիները պատանդառված են»:

Պետք է զգուշանալ՝ եթե պատանդ հայերը ազատ չարձակվեն, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անտեսվի COP 29-ին մասնակցող պատվիրակությունների կողմից, Ալիեւը հզոր պատրվակ է ձեռք բերելու առաջ տանելու համար ամբողջ Հայաստանը գրավելու իր աշխարհաքաղաքական փառասիրությունը:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: