Չորեքշաբթի, Դեկտեմբերի 07, 2022

Վերլուծական

Իշխանությունը, վախի մթնոլորտը եւ արտագաղթը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից անմիջապես հետո, երբ զոհերի վերջնական պաշտոնական թիվը տակավին հրապարակված չէր, Հայաստանում բավական տեսանելիորեն ի հայտ եկավ հետաքրքիր մի երեւույթ, որին կարելի է պայմանականորեն անվանել վախի գեներացման գործընթաց: Սոցիալական ցանցերում անընդհատ խոսվում էր մեծաթիվ զոհերի մասին, շրջանառվում էին դաժանություններ պատկերող տեսանյութեր եւ լուրեր: Դրանք հիմնականում չստուգված, մեծամասամբ ոչ հավաստի տեղեկություններ էին, թեպետ ազերի թուրքն իրականում ընդունակ է ամեն տեսակ վայրագության:

Իհարկե, կարելի էր ուշադրություն չդարձնել ասեկոսեներին, որոնք մշտապես եղել են բոլոր կարեւոր իրադարձությունների, մեծ ու փոքր անցքերի ուղեկիցները: Բայց խնդիրն այն է, որ «օդից վերցված», անստույգ տեղեկությունների, սահմռկեցուցիչ դրվագների տարածումն այսքանով չի ավարտվում: Երկրում վախի մթնոլորտը խտացնելու, բազում տագնապների ու ցավերի միջով անցած ժողովրդին ահաբեկելու միտումներ նկատվում են նաեւ իշխող ուժին հարող տարբեր շրջանակներում եւ, որքան էլ դա տարօրինակ հնչի, բուն իշխանական բուրգի ամենավերին շարակարգերում:

Վարչապետը հայտնում է, որ Ադրբեջանն ուզում է մեզ ոչնչացնել («Ադրբեջանը միջանցք կստանա միայն կռվի, մեզ ոչնչացնելու ճանապարհով, իսկ որ թուրք-ադրբեջանական տանդեմն իր առջեւ հենց այդ խնդիրն է դրել, դրանում ոչ մեկս կասկած չունի». Փաշինյան): Իսկ ԱԺ խոսնակը «Հ1»-ին տված հարցազրույցում ընդգծում է, որ մենք զենք չունենք («Միակ ռեալ կարիքը, որ ունենք, զենքի կարիքն է». Սիմոնյան): Այսպես՝ ամենաառանցքային ղեկավարներից մեկն ասում է՝ թշնամին ուզում է մեզ ոչնչացնել, մյուսն էլ թե՝ մենք զենք չունենք: Միակ տրամաբանական եզրակացությունն այն է, որ ազգը դատապարտված է ոչնչացման: Եվ սա արդեն ամենեւին ասեկոսեների «ժանրից» չէ:

Վախ սփռելու առումով հատկանշական է նույն հեռուստաընկերության հետ զրույցում ԱԺ խոսնակի արած մեկ այլ «անզգույշ» հայտարարություն, թե Հայաստանում որոնվում են մի քանի տեղ ՀՀ տարածք մխրճված 1-2 ադրբեջանական խմբեր։ Նա գոնե չի հստակեցրել, թե կոնկրետ որ հատվածներում են թշնամու խմբերը ներթափանցել մեր տարածքը, որպեսզի խուճապը «տեղայնացվի», չտարածվի ողջ երկրով մեկ: Սիմոնյանի խոսքը մեծ իրարանցում էր առաջացրել բոլոր սահմանամերձ բնակավայրերում, նույնիսկ՝ Երեւանում: Սա այն դեպքերից է, երբ պաշտոնատար անձը, ինչպես ասում են, «խոսքը քամուն է տալիս»՝ առանց հետեւանքների մասին հոգալու:

Ամիսներ առաջ նույնկերպ էր վարվել նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հայտարարելով, որ ընդդիմադիր գործիչներին պետք է ընդգրկել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներում, տանել առաջնագիծ եւ այլն: Հետագայում այդ «թեզը» շրջանառության մեջ էին պահում ՔՊ-ական ալեքսանյանները, որոնք ժամանակ առ ժամանակ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ իրենց չսիրած գործընկերներին սահմանով էին սպառնում: Այսինքն՝ բանակը դարձրել էին պատժամիջոց, գրեթե կառափնարանի հոմանիշ՝ առանց իրենց հաշիվ տալու, թե այդքանից հետո ո՞ր մեկ 18 տարեկանը կցանկանա գնալ բանակ: Ներողություն՝ կառափնարան:

Հարց է ծագում՝ ո՞րն է հասարակության մեջ ահ ու սարսափ տարածելու իմաստը, ինչում, ըստ էության, իշխանությունների շահագրգռվածությունն ակներեւ է: Կարծում ենք՝ իմաստը հանրության ուշադրությունը իշխանական ամենաթողությունից, պետությանը սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերներից շեղելն է, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական դժգոհություններով պայմանավորված՝ զանգվածային միջոցառումների կանխակայումը: Ինչ ասել կուզի, ցանկացած ձեւով՝ լինի թշնամու կերպարով, պատերազմի կամ բնական արհավիրքի խրտվիլակով վախի մթնոլորտի գեներացումը սեփական իշխանությունը պահելու կամ այն երկարաձգելու փորձված միջոցներից մեկն է: Այլ հարց է, թե պետության համար ինչպիսի աղետալի հետեւանքներ դա կարող է ունենալ:

Վախն ինքնին բարոյահոգեբանական լուրջ ցնցում է: Ի՞նչ կկատարվի այն մարդու հետ, որին պարբերաբար վախեր ներշնչես: Առաջին միտքը, որ ծնվի նրա գլխում, արտագաղթը կլինի` վտանգավոր միջավայրից տեղափոխվել ավելի անվտանգ միջավայր՝ ֆիզիկական ոչնչացումից փրկվելու եւ իր ընտանիքը փրկելու համար: Վերը բերված օրինակներում պետության բարձրագույն իշխանավորները քաղաքացիներին այլ ելք չեն թողնում. նրանց մնում է լքել հայրենիքը, հեռանալ եւ, եթե բախտը ժպտա, ապահով ապրուստ գտնել օտար ափերում:

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա միայն առաջին կեսին ՀՀ-ից մեկնածների թիվը շուրջ 40 հազարով գերազանցում է վերադարձածների թվին: Ընդհանուր առմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից գնացել եւ այլեւս չի վերադարձել ավելի քան 73 հազար քաղաքացի: Որքան էլ իշխանությունները, մյուս կողմից, մերկախոս կոչերով ճամարտակեն, թե ապագա կա, նրանց գործերից ու մտադրություններից ակնհայտ է, որ ներկայիս տեմպով շարունակվելու դեպքում արտագաղթը կարող է իսկական ազգային աղետ դառնալ փոքր, պատերազմներից հյուծված եւ անբարեհաճ հարեւանների միջեւ աքցանված հայկական զույգ պետությունների գլխին: Մանավանդ՝ այսօրվա ժողովրդագրական խիստ անբարվոք պատկերի հենքին:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչու ՀՀ քաղաքացիները պետության ու ժողովրդի համար այս ծանր ժամանակներում նախընտրում են բռնել արտագաղթի ճանապարհը, ընդ որում՝ բավական հոծ խմբերով:

Ըստ որոշ դիտարկումների՝ մարդիկ հեռանում են ոչ այնքան ներկայի դժվարություններից, որքան ապագայի անորոշությունից: Եվ հեռանում են ոչ միայն իշխանությունների վարած ապազգային քաղաքականության դեմ ընդվզողները, այլեւ նրանք, ովքեր 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատվությունը տվեցին Փաշինյանին ու նրա թիմին։ Ընտրեցին, բայց հիմա թողել-գնում են, որովհետեւ, հակառակ ՔՊ-ական վերնախավի հավաստիացումների, այստեղ չեն տեսնում իրենց երեխաների եւ անձամբ իրենց ապագան։ Հետաքրքիր է՝ տեսնես գոնե զղջո՞ւմ են, որ անխոհեմ քայլով ծանր փորձանք բերեցին բոլոր նրանց գլխին, ովքեր որոշել են ամեն դեպքում մնալ, ապրել Հայրենիքում ու պայքարել հանուն նրա բարօրության։

Դատելով մեկնելու շարժառիթների մասին քաղաքացիների որոշ արձագանքներից, պարզվում է, որ թեեւ վախի գործոնը արտագաղթի պատճառներից ամենաառաջնայինը չէ, բայցեւայնպես, իր բացասական կնիքն է թողնում երկրից հեռանալու վերաբերյալ ոմանց որոշումների վրա: Եվ դա բնական է՝ պետության պաշտպանունակությունը, անվտանգային համակարգի ամրությունը ժողովրդի ապահովության կարեւոր երաշխիքներից են: Երբ դրանց բացակայությունից խոսում են երկրի առաջին դեմքերը, շատերի համար անիմաստ է դառնում վախի ու սեփական անզորության զգացողությամբ ապրել այդպիսի երկրում:

Հասկանալի է, որ 1915-ին ահասարսուռ Եղեռն ու Հայրենազրկում վերապրած ժողովրդի հետնորդների համար առավել եւս դժվար է ապրել երկու ցեղասպան պետություններով օղակված՝ առանց պաշտպանության հուսալի պատվարի: Բայց հասկանալի է նաեւ, որ նման պայմաններում յուրաքաչյուր հայի պատվավոր պարտքն է տեր ու զորավիգ կանգնել նախապապերից ժառանգություն ստացած այդ մի կտոր սրբություն-հողին, ստեղծել այն հուսալի պատվարը եւ մոտեցնել արդար հատուցման ժամը, որն անպայման գալու է:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: